Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՊԵ՛ՏՔ ՉԷ «ԿՐԱԿԵԼ»

ՊԵ՛ՏՔ ՉԷ «ԿՐԱԿԵԼ»
10.02.2012 | 00:00

Պաշտպանության նախարարության, իրապես, տպավորիչ նոր շենքում (լրագրողներից մեկը, թե` ի՞նչ պակաս Պենտագոն է որ) նույնքան տպավորիչ կոնֆերենս-դահլիճում Սեյրան Օհանյանի առաջին անգամ հրավիրած ասուլիսից առանձնացնելու ենք ընդամենը մեկ «դրվագ», որն առնչվելու է ՀՀ բանակի 20-ամյակի առիթով Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան այցելության շահարկումներին: Պաշտպանության նախարարը շատ կոռեկտ անդրադարձավ սպարապետի, բանակի հիմնադրի ավանդին, նրա ընտանիքի հետ իր մշտական կապին: Ձևակերպումները քաղաքական չէին, ենթատեքստում սպարապետի ընտանիքի նկատմամբ սիրո անպարտադրանք շարադրանքն էր:
Այնուհանդերձ, շատերիս մոտ, լրագրողի ձևակերպմամբ, «տարբեր շահարկումների» առնչությամբ հարցականներ մնացին:
Հարգելով բոլորի ազատ արտահայտվելու, ազատ տեղաշարժվելու, էլ առավել` իր նահատակությամբ իր կյանքը սրբագործած Վազգենի ընտանիքին այցի գնալու (հիշենք, որ վարչապետն էլ է «այցելել») փաստը, կորուստ ունեցող ցանկացած մեկի անտեսանելի-տեսանելի տառապանքը, այնուհանդերձ, շատերիս համար օդում հարցեր մնացին։ Որոնք այս օրերին հորդոր-հարցադրումներ անողները (լրագրողի ձևակերպմամբ` շահարկումներ անողները) պետք է որ նույնպես բարձրացնեին։ Որովհետև մարդկային-ընկերական արժեքները հատվածական չեն, համամարդկային են և նույնքան տարածվում են Տիգրան Նաղդալյանի` Վլադ Լիստևի սպանությունից հետո «կրակած» խոսքի վրա։ «Տառադարձմամբ»` մի՛ սպանեք սպարապետին, նրա մորը:
Որովհետև Վազգենն սպանվեց ավելի շուտ, քան Տիգրան Նաղդալյանը: ՈՒստի ու գուցե, մինչ «Հ1»-ից` Տիգրանի ընկերների վարքագծից ապշահար լինելը (չնայած էս դեպքում էլ լիքը այլ թեմաներ ու հարցադրումներ են առաջանում հոկտեմբերի 27-ի, նրանով անցնողների ու այլնի մասով), այնուհանդերձ, ապշահարության լիքը պահեր ու հարցադրումներ միշտ են եղել:
Ընդ որում, ավելի բարձր և ոչ միայն «Հ1»-ի մակարդակում: Ասենք.
ա) ինչո՞ւ 99-ի հոկտեմբերից կամ 2000-ից հետո Վազգենի ոչ թե ընկեր, այլ «եղբայր», «տան անդամ» Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ երբեք չգնաց Վազգենենց տուն:
բ) Չայցելեց Եռաբլուր:
գ) Գրետա մայրիկը 2003-ի ձմռանը քանի՞ օր նստեց Քոչարյանի` նախագահականի դռանը, Քոչարյանը գեթ մեկ անգամ իջա՞վ իր նախագահական բարձունքից, այցելե՞ց դրսում, ցրտին նստած «մորը». ասա՞ց` վիրավոր, սպանված սպարապետի մայր, էս ինչի՞ ես եկել-հասել էստեղ, որ եկել ես, ուրեմն, անկախ ամեն ինչից` «տեղ է ցավում», գոնե հավուր պատշաճը պահեմ, մի բառ քեզ ասեմ:
դ) Այդ ժամանակ «Հ1»-ն անդրադարձա՞վ այս «մոր» փաստին:
Իսկ գուցե ա՞յդ ժամանակ «Հ1»-ն առավ հարկավոր «դասը»` մայր ու ընկեր կատեգորիաների, թե` էն մոր սիրտը, որ սպարապետի էր, կարելի էր «սպանել», էս մեկը` չէ՛, չի կարելի. մանավանդ երբ առաջինի դեպքում ո՛չ պատվիրատուն պարզ դարձավ, ո՛չ կազմակերպիչը և ո՛չ էլ նույնիսկ «ֆինանսավորողը»:
Գլուխ չցավեցնենք. թիրախը պարզ է: Նպատակները` նույնպես: Վարչապետ, պաշտպանության նախարար (Վովան էս երկու օրը չի գնացել Վազգենենց տուն, նրա «հրաժարեցումն» այլ կոնտեքստում է). այլ կերպ ասած` մարդիկ, ովքեր կանգնած են երկրի, երկրի նախագահի կողքին, ինչն էլ, ոնց երևում է, շատերի սրտով չէ:
Մի հորդոր էլ մենք հղենք. մի՛ «կրակեք» ոչ մեկի վրա: Եթե անգամ դրանք վիրտուալ կրակոցներ են:
Մտքովը մարմնով է դառնում մի օր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ