«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
05.11.2010 | 00:00

«Եթե մենք դուրս գանք փողոց, պիտի հասնենք մեր նպատակին։ Ոչ թե ամիսը, երկու ամիսը մեկ դուրս գանք փողոց ու առաջադրած նպատակին չհասնենք։ Ի՞նչ է, ուզում եք կրկնվի՞ մարտի 1-ը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց Հայաստանի կոմկուսի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` նշելով, որ առաջիկա ընտրություններին ՀԿԿ-ն կմասնակցի, սակայն եթե այնպես ստացվի, որ «ՀԿԿ-ն դրվի ՀՀԿ-ի կողքին և կարդան ՀԿԿ ու դնեն ՀՀԿ-ի վրա, իհարկե, անցնելը դժվար կլինի»։ Կոմկուսի ղեկավարին խիստ վրդովեցնում է, որ այսօրվանից իշխանական կուսակցություններն արդեն կանխորոշում են ընտրությունների արդյունքները։ «Արդեն ասում են, որ արտախորհրդարանական ուժերը գործ չունեն։ Անցնելու են Հանրապետականը, Բարգավաճը։ Հիմիկվանից ասում են, թե ինչպիսի դասավորություն է Ազգային ժողովում։ Եթե լինի այնպես, ինչպես հիմա է, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ է լինելու»,- եզրակացրեց բանախոսը։
«Իշխանությունը, հափշտակված սեփականությունը` ժողովրդին» կարգախոսով է պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին ՀԿԿ-ն։
Ի դեպ, նոյեմբերի 29-ին նախատեսված է կոմկուսի 38-րդ համագումարը, որտեղ հնարավոր է մայր կուսակցությունից առանձնացված թևերի վերստին միավորում։ «Համագումարից հետո ՀԿԿ-ն կնախաձեռնի այդ միավորման հարցը։ Իսկ թե ինչ ծրագրեր նրանք ունեն, մենք տեղյակ չենք։ Եթե կուսակցությունը միակը լինի, միավորվի, կունենա մեծ առավելություն»,- ընդգծեց Թովմասյանը, որը համարում է, թե իրենք միշտ էլ արմատական ընդդիմություն են եղել։ «Այսօրվա ընդդիմությանն էլ ենք մենք ընդդիմություն։ ՀԱԿ-ը և մյուսները ոչինչ չեն անում սոցիալական արդարությունը վերականգնելու համար։ ՀԱԿ-ն այս համակարգի շարունակությունն է լինելու` մի քիչ գունազարդված»,- հավելեց ակումբի հյուրը։ Ավելին, կոմկուսի ծանր հրետանին բացառեց ՀԱԿ-ի հետ երբևէ միավորումը, քանի որ ոչ մի հարցում նրանց նպատակները չեն համընկնում։
Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 93-րդ տարեդարձի առիթով կոմկուսը կազմակերպելու է երթ և տոնական միջոցառումներ։ Երթը մեկնարկելու է Մյասնիկյանի արձանի մոտից և կշարունակվի մինչև Շահումյանի արձան։ Նախատեսված է վետերանների խորհրդի նիստ։ «Հպարտ ենք, որ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունն իրագործվեց կոմունիստների ջանքերով։ Մենք շարունակելու ենք հոկտեմբերյան գաղափարներն ու ավանդույթները։ Այս հեղափոխության ողջ նպատակն այն է, որ ժողովուրդը փրկվի ֆաշիզմից, իշխանությունը տրվի ժողովրդին։ Հեղափոխությունից հետո Խորհրդային Հայաստանը դարձավ զարգացած երկիր»,- եզրափակեց Ռուբեն Թովմասյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ