Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԻՆԱԴՈՒ», «ՂԱՍՏԻ» ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԻՆԱԴՈՒ», «ՂԱՍՏԻ» ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ»
23.12.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Մազմանյան Արմենին նման վտանգ չի սպառնում։ Ոչ ոք ինձ չի կարող պարտադրել։ Շատ-շատ երեք ամիս տանեն նստացնեն, ինչն իմ կյանքում արդեն եղել է։ Իշխանությունների հետ պայմանը հենց սկզբից եղել է շատ ազնիվ։ Կուսակցական ոչ մի բջիջ իմ ինստիտուտում չի լինելու։ Մի երկուսը կային, արդեն հանել եմ։ Տարբեր կուսակցություններ փորձել են դոնորություն անել, բայց մերժվել են։ Կրթական շահը դարձնել քաղաքական, անիմաստ է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում այն դիտարկմանը, թե նախընտրական շրջանում մտավորականներն ու բուհերը կուսակցականացվում են, և արդյոք այդ վտանգն իր ղեկավարած բուհին չի՞ սպառնում, ասաց Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, մինչ այդ ընդգրկուն ներկայացնելով անցնող տարում հայաստանյան արտաքին ու ներքին քաղաքական նրբերանգները։
Արտաքին ձեռքբերումներն Արմեն Մազմանյանին համոզիչ են թվում, քանի որ այդ մասին են վկայում նաև երկրի նախագահի վերջին շրջանի «արտաքին վոյաժները», և այն, թե ինչպես է նա այդ երկրներում ընկալվում։ «Այս նախագահի գալով մեր արտաքին դիվանագիտությունը հիստերիկ, աջ ու ձախ ցնցումներից զերծ է, այսինքն, կա ներքին համաչափ շնչառություն։ Հայ գեոպոլիտիկ խաղաքարտն այսօր այնպես է շահարկվում, որը հօգուտ մեզ է»։ Ըստ մտավորականի, չունենալով գեոպոլիտիկ, ռազմաքաղաքական դաշտ, Հայաստանին մնում է խաղալ երկու դաշտում` ֆուտբոլ և մշակույթ, քանի որ արվեստը միշտ էլ եղել է մեր ազգի միակ այցեքարտն աշխարհում, որպես մեր էթնոսի, գենոտիպի ճանաչման առաջնորդ։ «Ֆուտբոլային դիվանագիտությամբ ենթագիտակցորեն գնացինք մի դաշտ, որով ձեռք բերեցինք տոլերանտի, ճկուն, դեմոկրատ քաղաքականություն վարողի համբավ,- նշեց ակումբի հյուրը` հընթացս անդրադառնալով Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որն ընդունել-չընդունելու հարցը վճռվելու էր երեկ։- Հայ-թուրքական հարաբերությունները սառեցված կմնան այնքան ժամանակ, մինչև հասկանան նախագահի արած հայտարարությունը, որ այս հարաբերությունները ոչ մի առնչություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Սա փակուղի է Թուրքիայի համար, որի լուծումը նրա ձեռքում է, ասել է` գնդակը Թուրքիայի դաշտում է։ Այս էտապում ունենք դիվանագիտական լավ ծուղակ ու ժամանակ»։ Ներքաղաքական հարթությունում ևս Արմեն Մազմանյանը հետաքրքիր շեշտադրումներ է տեսնում։ Իշխող կուսակցությունն այս տարի, ԵԿԹԻ-ի ռեկտորի հավաստմամբ, կարողացավ կարևոր խնդիր լուծել։ Ասել է` Լևոն Տեր-Պետրոսյանին խաղի մեջ ներքաշելուց հետո նոր լիդեր չծնվեց, ինչը միանշանակ ձեռնտու էր իշխող կուսակցությանը, ասել է թե` «փայլուն պրեֆերանս» խաղացին։ «Հայ ժողովուրդը գենետիկ իր հիշողությամբ չի ընտրում այն թագավորին, որը մի անգամ արդեն չի հաջողել։ Եթե մեր բողոքը հասներ 50 %-ից ավելիին, միանշանակ, Տեր-Պետրոսյանի պարագայում կլիներ ընդամենը 40, քանի որ այն 10 %-ը, որոնցից մեկը ես եմ ու իմ ընկերները, չեն մոռանալու և չեն ներելու նրա պաշտոնավարման տարիները։ Քաղաքականությունը, դիվանագիտությունը, մեր երկրի ապագան «ինադու», «ղաստի» քայլեր անելու տեղ չեն։ Նման բան ժամանակին արել ենք, ու մինչև հիմա մեջքներս չենք կարողանում ուղղել։ Վերջին հաշվով, նաև ընդդիմադիր դաշտը չունի այն լիդերը, որի հետևից կգնա։ Ընդդիմությունն իր մեջ շատ լավ ինքնատրոհման մեխանիզմ ունի, որտեղ պետք չէ օգնել նրան։ Ամեն մեկս մեր տանը մեր կուսակցությունն ունենք։ Ազգովին թագավոր արթնանում ու քնում ենք»,- ընդգծեց բանախոսը` միաժամանակ վստահեցնելով, որ սոցիալական բունտեր չեն սպասվում, իսկ ընտրություններից հետո քաղաքական գունապնակը մեծ փոփոխություններ չի կրի։
Ինչ վերաբերում է արվեստի «դաշտին», Մազմանյանն այստեղ բավականին լուրջ խնդիրներ է տեսնում` արժեհամակարգի խեղաթյուրումից մինչև կրթական չափորոշիչների անհամապատասխանություն։ «Այսօր ողջ միջոցները պիտի ներդնել կրթության ոլորտում։ Եթե հենց հիմա այս քայլը չանենք, վաղը դեմոկրատական երկիր, համապատասխան մասնագետներ ունեցող Հայաստանի մասին չենք կարող խոսել։ Լինելու ենք աբորիգենների, «բրիգադըչնի» մի ցեղ, որին ընդամենը վարձելու են կանաչի ցանելու համար։ Խոտ հնձելու ցեղ ենք դառնալու։ Սրան գումարենք նաև տոտալ արտահոսքը։ Մենք գենետիկորեն ինտելեկտ ստեղծող, արտադրող ազգ կարող ենք դառնալ։ ՈՒ ամենակարևորը` քաղաքացի պետք է կրթել, մեր սերնդի մեջ բացակայում է ներքին բարոյական, քաղաքացիական արժեհամակարգը, որի մեղավորը հենց կրթողներս ենք։ Շատ հեշտ է ասել` անպետք, ցինիկ, ստրիփ, պոռնո սերունդ է։ Այս կերպ մեր ուսերից բեռը գցում ենք»,- համոզված է ԵԿԹԻ-ի ռեկտորը։ Ազատությունը, որը հաճախ նույնացվում է սանձարձակության հետ, ժողովրդավարական մյուս արժեքները, ըստ Արմեն Մազմանյանի, այդ կերպ աղավաղվում են։ «Մոդան սարքում ենք վուլգար մերկություն, սեքսուալ ազատությունը` պոռնոգրաֆիա, այսինքն` դեֆորմացված ազատական-լիբերալ արժեքներ, որը ես անվանում եմ գլոբալ բիսեքսուալ լիբերալիզմ։ Մենք եվրոպական կուլտուրան, հոգևոր համակա՛րգը չենք ինտեգրում, այլ շատ կասկածելի քաղաքական լոժաներում ծնված գենդերային, լիբերալ արժեքները, որպեսզի կարողանանք իրար ճնշել։ Գիտակցությունը պիտի փոխվի»։
Ի դեպ, ակումբի հյուրը տեղեկացրեց, որ դիմել է պատկան մարմիններին` իր ղեկավարած բուհը Արվեստների ազգային համալսարան վերանվանելու առաջարկով. (հայ կինոյի ու թատրոնի խնդիրների շուրջ հարցազրույցը Արմեն Մազմանյանի հետ` արդեն Վիշապի տարում)։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ