«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՆՑՅԱԼԸ, ԱՍՏԱՆԱՆ ԵՎ ԳԱԼԻՔԸ

ԱՆՑՅԱԼԸ, ԱՍՏԱՆԱՆ ԵՎ ԳԱԼԻՔԸ
07.12.2010 | 00:00

Նորից ալեկոծվում ենք մենք` հայերս, նորից մեր մասին խոսում է, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որը մեր ցավին տեղյակ է ընդամենը 1 տոկոսով, այսինքն` 99 տոկոսով սպասարկում են իրենց ազգային շահերը մեր` հայերիս հաշվին, ինչպես դա տեղի է ունեցել հարյուրամյակներ առաջ և հատկապես Հայոց մեծ եղեռնի ժամանակ: Այն ժամանակ էլ այս նույն միջազգային հանրությունը ոչ թե նպաստեց հայոց ցեղասպանության կանխմանը, այլ, իրենց երկրների շահերից ելնելով, հանգիստ հետևեց, թե ինչպես են թուրքերը հայերին հայրենազրկում և ենթարկում ցեղասպանության: Այժմ այս փաստը, դարձյալ իրենց շահերից ելնելով, օգտագործում են այսօրվա Թուրքիայի դեմ:
Իսկ մենք` հայերս, փոխանակ հույսներս մեզ վրա դնենք, համախմբվենք, միակամ դառնանք և մեր պահանջները ներկայացնենք այդ համաշխարհային հանրությանը, գլուխ ենք կոտրում այս կամ այն վայրում կայացած գագաթնաժողովներում և նմանատիպ այլ նիստերում ու հավաքներում արված հայտարարությունների ու ընդունված կամ ստորագրված որոշումների վրա:
Արցախյան ազգային ազատագրական պայքարի սկզբից մինչ այսօր մենք չկարողացանք միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի հարցի պատմաիրավական անվիճելի ճշմարտությունը: Նախ` հարցի խեղաթյուրմանը մասնակցեցին Ռուսաստանի ջրաղացին ջուր լցնող հայ կոմունիստները, առաջ քաշելով «փոխզիջում» հիմար բառը: Ապա, այսպես կոչված, լիբերալները, չնայած «հաղթեցին» ճակատամարտում, որը մեզ պարտադրել էր Ադրբեջանը (ճակատամարտը շահել է ողջ հայ ժողովուրդը, թող ոչ ոք չտիրանա այդ դափնուն), նրանք շփոթվեցին և կիսատ-պռատ զինադադար ստորագրեցին, որը խնդրել էր պարտվող կողմը: ՈՒ փոխանակ զբաղվեին Արցախի վերաբնակեցումով, հատկապես նախկին արցախցիներով, Ադրբեջանի կազմակերպած ցեղասպանությունից մազապուրծ սումգայիթցիներով, կիրովաբադցիներով, բաքվեցիներով, շարունակեցին կոմունիստների տխրահռչակ գործը կամ նրանց անգործությունը:
Հետագայում, այսպես կոչված, ազգային ուժերը, որոնք երկիրը ղեկավարեցին շուրջ 11 տարի, Արցախի հարցը քնեցրին (ըստ իս, մենք` հայերս, Արցախի վերաբերյալ ունենք մեկ օրախնդիր հարց` օր առաջ վերաբնակեցնել և շենացնել պատմական Հայաստանի այդ չնաշխարհիկ մարզը) կամ թողեցին նույն միջազգային հանրության օրակարգում: Իրենք շարունակեցին կրկնել իրենց նախորդների սխալները, դեռ մի բան էլ ավելի` նպաստեցին Արցախի հայաթափմանը (օրինակները շատ են):
Հայերիս հարցը պետք է լուծենք հայերս: Հողը նրանն է, ով նրա վրա ապրում է: Մեր պատմական հայրենիքի վերականգնման ու շենացման համար այսօր կա մոտ 10 միլիոն քրիստոնյա և մոտավորապես 5 միլիոն ծպտյալ հայ, որոնք պատմական հայրենիքի իսկական տերերն են: Ահա այն ներուժը, որի համախմբումով ու միասնական ջանքերով պետք է վերականգնվի պատմական ճշմարտությունն ու շենացվեն պատմական Հայաստանի տարածքները: Հարցի լուծման անհրաժեշտ պայմաններից է պետականորեն մշակված ներգաղթի կազմակերպումը: Եթե հույսներս մեզ վրա չենք դնում (իհարկե, օգտվելով և՛ ժամանակի, և՛ բարեկամների ծառայություններից), մեղքը մեր մեջ չենք փնտրում, ուրեմն դատապարտված ենք մեր հին ասույթին` որտեղ հաց, այնտեղ կաց։
Հ. Գ. -Հոդվածը գրելուց հետո` դեկտեմբերի 2-ին, Աստանայում ելույթ ունեցավ ՀՀ նախագահը: Կարելի է ասել, ՀՀ առաջին ղեկավարն էր, որն այդպիսի ներկայացուցչական հավաքում բարձրաձայնեց ճշմարտությունը և միջազգային հանրությանը պարզ տեքստով մատուցեց ԼՂ հարցի իրավապատմական ճշմարտությունը: Այդ կոռեկտ և չափավոր ելույթով ՀՀ նախագահն ազդակ տվեց ողջ հայ ժողովրդին միասնականանալու և դիմակայելու իրեն նետված մարտահրավերներին։ Եթե չհամախմբվենք, ոչ մեկից նեղանալու պատճառ չունենք:
Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
60-ականներից անկախական

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ