«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՈՒԶԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒԶԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
11.02.2011 | 00:00

Աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ անցյալ դարում անխախտ թվացող Հելսինկյան պայմանավորվածություններն ու տարածքային ամբողջականության սկզբունքն օրեցօր ավելի շատ են դրվում կասկածի տակ։ Այժմ էլ տարածքների շուրջ լուրջ վեճ է բորբոքվել, երկու մեծ տերությունների` Ռուսաստանի և Ճապոնիայի միջև։ Տոկիոն արդեն տևական ժամանակ դժգոհություն էր հայտնում ռուսական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների` Կուրիլյան կղզիներ ձեռնարկած այցելությունների պատճառով, բայց վերջին կաթիլը դարձավ Մեդվեդևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը մտադիր է լրացուցիչ սպառազինություն տեղաբաշխել Կուրիլներում։ «Բոլորը պետք է հասկանան, որ Կուրիլյան կղզիները ՌԴ-ի տարածքն են, որոնց վրա տարածվում է նրա ինքնիշխանությունը։ Սպառազինությունն այնտեղ անհրաժեշտ է ու պետք է բավականաչափ արդիական լինի, որպեսզի ապահովի կղզիների` որպես ՌԴ-ի անկապտելի մասի, անվտանգությունը»,- ընդգծել է նախագահը։
Փորձագետներն իրենց հերթին չեն բացառում, որ կղզիներում կարող են հայտնվել հակահրթիռային պաշտպանության նորագույն համալիրներ, իսկ խաղաղօվկիանոսյան նավատորմը կհամալրվի ռազմանավերով և հրթիռավոր ռազմանավակներով։ Այս հայտարարությանն անմիջապես հետևեց ճապոնացիների պատասխանը։ «Կուրիլյան չորս կղզիները կմնան որպես վաղնջական ճապոնական հողեր` չնայած ռուսաստանցի պաշտոնյաների այցերին և վիճելի տարածքներում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի ծրագրերին»,- Տոկիոյի անփոփոխ դիրքորոշումը հերթական անգամ փաստեց երկրի արտգործնախարարության ղեկավար Սեյձի Մաեհարան։ Ի դեպ, նախարարը խոստացավ զսպել հույզերը։ Տոկիոն, սակայն, հայտարարեց, որ ակնդետ կհետևի ռուսաստանյան ռազմական ներկայությանը Հարավային Կուրիլներում։ Կուրիլների թեման, պարզ հասկանալ տվեց Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, կքննարկվի Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցություններում։ Ընդ որում, նախարարն ընդգծեց, որ տարածքային վեճը խանգարում է երկու երկրների համագործակցության ներուժի ծավալմանը։ Մաեհարան նաև ավելացրեց, որ տարածքային խնդրի շուրջ «երբեմն հուզական դիմակայություն է առաջանում երկու երկրների քաղաքացիների միջև»։ Առայժմ «հուզվում» էին բացառապես ճապոնացիները, որոնք իրենց վրդովմունքն էին հայտնում Մեդվեդևի Կունաշիր ձեռնարկած այցի առիթով։ Վերջերս Ճապոնիան տոնեց «Հյուսիսային տարածքների օրը», որի ժամանակ տեղի ազգայնամոլները անարգեցին Ռուսաստանի դրոշը, իսկ այնուհետև ծրարով փամփուշտ ուղարկեցին Տոկիոյում Ռուսաստանի դեսպանություն։
Հիշեցնենք, որ հյուսիսային տարածքների խնդիրը տարածքային վեճ է Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև, որը չկարգավորված է մնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ 1875 թվականին Պետերբուրգի պայմանագրով Հարավային Սախալինին տիրելու իրավունքի դիմաց Ռուսաստանը Ճապոնիային էր հանձնել Կուրիլյան բոլոր կղզիները, 1945-ին դրանք անցան ԽՍՀՄ-ի վարչական վերահսկողության ներքո, սակայն մի շարք հարավային կղզիներ` Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմային, վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության խնդիրը հիմնական խոչընդոտն է ռուս-ճապոնական հարաբերությունների լիակատար կարգավորման և հաշտության պայմանագրի ստորագրման ճանապարհին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ