Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Լռության օրվա շառաչը (Ծափ-ծլնգոց, մեջը զնգոց)

Լռության օրվա շառաչը (Ծափ-ծլնգոց, մեջը զնգոց)
04.05.2012 | 00:00

ՈՒսուցիչները` տխմար ու ինքնահավան։

Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ։

Վիճակավորները` հպարտ, դատարկապորտ։

Աշակերտները սովորելու մեջ` ծույլ,

սովորեցնելու մեջ` փութաջան:

Մովսես ԽՈՐԵՆԱՑԻ, «Հայոց պատմություն»

«ԼԼ» ՃԱՇԱՑԱՆԿԻՑ

(նախավարժանք)

Հոգեցունց էր պահը պատմական. պարկապզուկներն էին շառաչուն փչում, և դհոլներն էին ընտրության կանչում: Վաղը օրն է լռության, խոհի ու տրտմության, ո՞վ, ո՞ւմ, ինչպե՞ս և ինչո՞ւ: Զուգահեռաբար կանաչին շուկայում «մարմանդ» էժանանում է:

Նախընտրական խոստումների հեղեղներն ու դրանց իրականացման սպառնալիքների ջրհեղեղները էապես նպաստեցին խեցգետնի ձվադրմանը Սևանում: Սա ձեռքբերում է: Անկասկած:

Ոտն ի գլուխ ցնցեց կողոսկրերս գերօլիգարխի ինքնախոստովանանք-մահախոսականը` արևելքից արևմուտք և հարավից հյուսիս երկրում հայոց զարկ տալ մանր ու միջին բիզնեսի զարգացմանը: Այո, գերօլիգարխը կտրում է այն հաստաբեստ ճյուղը, որին բազմել է ահա քսան տարի: Չէ՞ որ մանր-միջին բիզնեսի զարգացումը մենաշնորհատեր-օլիգոպոլիկի հայտավորումն է կրպակատիրոջ կարգավիճակում:

Վերջապես կողոսկրային ցնցակաթվածիս բարձրակետը. շուրջ մեկ ամիս ուշի ուշով հետևում եմ ընկեր դաշնակների ամպոտ ոտնամաններին, երբ հերթական ազգապետականափրկիչ բայաթին են քոքում: Այս պարագայում, սակայն, քաղսադրանքի ազդեցությունը բնաշխարհի ու կենդանական աշխարհի վրա խիստ նպատակամետ էր: Արագածի փեշերին երեքգլխանի մի հորթուկ ծնվեց, ոսկեմորթ ու երկաթագիր երկնագույնով վրան դաջված` «Ալեքսանդրապոլի պայմանագիր»:

Նախավարժանքն ավարտեցինք: Անցնում ենք հույժ անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը: Եղեք զգոն: Նաև` քիչ անփույթ-անբռնազբոս:


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՄԻՋԱՆՑԱՀՈՎԻԿ» ՍՐՃԱՐԱՆԻՑ

(«Սկվազնյաչոկի» հովերն ու զովերը)

Ահա այն անկյունային նշանավոր սեղանի շուրջը կայացավ այս հիշարժան խոսակցությունը: Սեղանին արևելյան սուրճ էր, «Դվին» կոնյակի անավարտ շիշ ու մայրաքաղաքային բոհեմի երեք ասպետ. մեկը` մորուքազարդ մի նկարիչ, մյուսը` բոհեմի թղթակից անդամ, երրորդը` Մատենադարանի անշուք մի գիտնական այր:

Խոսակցության նյութն էր հայության դարձը յուր արմատներին: Հասկանալի է` արմատական-անվերապահ էին հնչող կարծիքները: Մայիսյան զովաշունչ օրը դեպի մայրամուտ էր ծորում, հընթացս շուլալվելով կոնյակի ոսկեծփանք խոյանքին:

Հիշեցինք ի մասնավորի, որ ունեցել ենք բարեպաշտ թագավորներ, որ կար ժամանակ, երբ «Արմենիա երկրում» ճամփեզրերի ուղեցույց սյուներն անգամ քաղաքակիրթ էին, որ թագավորությունը շարունակվում էր ոչ թե ավագ որդով, այլ ամենից խելացիով և այլն:

Եվ եկանք մի զարմանահրաշ եզրահանգման. ազգային կրթօջախից մինչև համազգային ակադեմիա հայ տեսակը պիտի նորովի ուսուցանվի: Եվ զանազանի թացն ու չորը:

Ծրագրային մի քանի դրույթ է պահպանվել անկախ պետականության տարիներին տանջահարված հիշողությանս բավիղներում: Սակայն, մինչ դրույթների դասակարգումը, հիշենք նշանաբանը. «Ով սովետահայ իմ ժողովուրդ, քո փրկությունը դասը սերտելն է»:

Դաս առաջին` մանկամսուր և մանկապարտեզ: Կսմթոցի, չամիչով բուլկուց զրկվելու սպառնալիքով սաները սերտում են «Կիկոսի մահը»: Սերտում են, հետո բեմականացնում այն: Եթե ամեն բան բարեհաջող է ընթանում, յուրացնում են երկրորդ դասը` «Մի կաթիլ մեղրը»: Բնականաբար, սա ևս բեմականացվում է և դառնում ականջի օղ:

Դաս երկրորդ` դպրոց և փողոց: Աքացիների և գարեջուր-պաղպաղակից զուրկ մնալու ահազանգը, այն էլ ամռան տապին, պարտադրում է բերանացի անել «Մահվան տեսիլն» ու «Տերը»: Բերանացի անելուց զատ, պարտադրաբար և աստիճան առ աստիճան, քայլ առ քայլ վերոնշյալ գրական մեծագործությունների խորհուրդը պիտի դարձնել վարքի նորմ: Թե չէ բարոյախոս-ճարտասանների մի ոհմակ կա, որ օրն ի բուն մեջբերումներ է կատարում դասականներից և ժամուկես անց, լքելով ակադեմիական ամբիոնը, հոշոտում է դասականների ուսմունքը, այսինքն` թերխաշ ուսանողին հատուկ խնամքի տակ է առնում, նրա փոխարեն սերտում և այլն: Անշուշտ, վասն թերխաշի քաշով մեկ ստակի:

Դաս երրորդ` իշխանություն և կառավարություն, իշխանամերձ թաղային թափթփուկի և կառավարական տան դրածո ֆինանսական դիլլեր-քիլլերների գերագույն սերտման նյութն են... այո, այո, «Մի կաթիլ մեղրն» ու «Կիկոսի մահը»:


Եվ ինչ ինքնաբուխ վայելչանքով դիմավորեցինք անկախությունը: Եվ թվաց, թե համազգային դասասերտումը կկանոնակարգի մեր վարքն ու բարքը: Սակայն դասերը սերտել դեռ չէր հաջողվել, ու երկրի մտավորականը Կիկոսի մահվան ճանապարհը բռնեց, և հանրապետության գործավորը մի կաթիլ մեղրի կռիվը տվեց, և իշխանավորաց դասը մահվան տեսիլը դարձրեց գոյության պայքարի տեսիլք և տեսլական:

Եվ անտեսեցին-անտերության մատնեցին Հրանտի «Տերն» ու նրա խոսքն ու խրատը (է՜, ախպեր, էդ քի՞չ բան էր, որ նրան` Հրանտ Մաթևոսյանին, շուքով-շնորհքով հանձնեցին մայր հողին):


ԼՌԵՆՔ ԵՎ ԽՈՐՀԵՆՔ

(վերջաբանի մթնշաղ)

Խորհենք և լռենք: Խորհուրդ խորի՞ն, թե՞ պատվիրան մոռացության:

Խորհեք` ձեռքներդ սրտներիդ դրած: Անշուշտ, որոշ խիստ անցողիկ թեկնածուների համար խորհելն անարգանքի վերջնափուլն է (է, ավելի լավ չէ՞ մի հարյուր դոլարով էս ցավից պրծնենք): Եվ նրանց ձեռքը սրտին է դրվում միայն ծոցագրպանի դրամակույտի առկայությունը ճշտելիս, նախընտրական հերթական ցփումից առաջ: Բայց չէ՞ որ կան (զի չէին կարող չլինել) բանականն ու բարոյականը վերջնականապես քամուն չտված այր ու կին անցողիկ մեծամասնականում և անցնելիք համամասնականում: Եվ ահա վերջաբանի մեղմանուշ այս մթնշաղում հենց նրանց ենք զբոսանքի հրավիրում: Զբոսանք` լռության օրվա ծառուղով, հավատամոլոր ընտրազանգվածի ծաղիկները ձեռքներիդ և պատգամները կրծքներիդ վրա: Ժպիտն անպատճառ քիչ հանելուկային է և մի քիչ էլ «դարդիման»: Այսինքն, ժողովրդավարական ժպիտ է: Քայլքը կայուն է, բայց շորորուն նաև, ասել է թե` ազատ-անկախ-միացյալ:

Չմոռանաք հագուկապի մասին: Եղեք զգոն, զբոսանքը ճակատագրական կարող է լինել ոմանց համար, զի հագուստն է, որ ենթատեքստային (հետևաբար, հզոր ու անկասելի) ազդեցություն է գործում մարդկանց (ընտրազանգվածի) ենթագիտակցության վրա և մղում ցանկալի գործողության: Էնպես որ, հագուստը պիտի լինի գլխավորապես սեքնդհենդային, առավել հարազատ հիմնական ընտրազանգվածի ճաշակին, որ ձևավորվել է նրա սեղմ հնարավորությունից:


Այս ամենը հրաշալի է: Բայց ինչպե՞ս կիրառել գլխավոր զենքը` հաղորդակցվելը, երբ օրն է լռության, և օրենքի օրհնությամբ արգելանք է դրված ճարտասանության, հռետորաբանության, մի խոսքով, լեզվաշրթունքային աճպարարության վրա:

Խորհում ենք ենթատեքստերով, խոսում պլակատի մունջ, բայց և այնպես գրոհիչ լեզվով: Այո՛, բարեկամներ, քարոզչական խոսքը պիտի լինի ոչ հողեղեն: Միայն հրեղեն: Ինչպես, օրինակ, կառավարության բացատրությունը հայկական շուկայի շորորավարգ ընթացքին: Ասենք, երբ երեք ամիս «սեռի» ալյուր չի ստանում երկիրը, բայց և այնպես, հանրապետությունում ծաղկում է «սեռի» հացի առևտուրը: Կամ, երբ մեր հայրենանվեր հավերն այնքան հավկիթ են ածում, որ կբավարարեր անգամ Մոսկով քաղաքի պահանջարկը, սակայն ձվի բազմապատկված գինն է հարաճուն թագավորում վաճառակետերում, կամ երբ, առհասարակ, հայոց ազատ-անկախ-ինքնիշխան շուկան ոստիկանական լրատուի եռանդով արձագանքում է միայն միջազգային շուկայի թանկացումներին: Երբ միջազգային շուկաներում Հայաստան ներկրվող ապրանքներն էապես էժանանում են, մեր հայրենի շուկայական տնտեսությունը նմանվում է գրպանահատության մեջ բռնված նախկին իրավապահի:

Բայց շեղվեցինք: Վերադառնում ենք ելման կետ: Ձեռքներդ վերցրեք ճերմակ պաստառներ և վրան գրեք ցանկալի քարոզները, որոնք նախ պիտի գլխավոր հակառակորդի ընտրազանգվածում ցանկալի ճեղքեր առաջացնեն, այնուհետև կոծկեն ձեր թերին, ապաշնորհը, այպանելին:

Անշուշտ, քարոզչական գրերը պիտի լինեն ներազդեցիկ վառ գույներով: Օրինակ, «բորդո» կարմիր, յոնջայագույն կանաչ, հավկիթադեղնուցային դեղին: Խուսափեք կասկածելի, ոչ ցանկալի եզրահանգումների մղող գույներից:

Ոչ մի դեպքում չկիրառեք չինական ավտոբուսների գույնը: Մի խոսքով, ահա մի քանի նմուշ լռության օրվա չգունազերծված քարոզներից. «Կիկոսի մահը»` ահա ներկա իշխանությունների բնութագիրը»: Սա ընդդիմության կարգախոս-պաստառն է: «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է»: Սա իշխանության պատասխանն է` հատու և նպատակային:


Բավականին դժվար է իշխանության մեջ ընդդիմություն, ընդդիմադիր դաշտում էլ իշխանություն խաղացողների գործը:

Կարգախոսները նահանջում են, նշանաբանները` կարգազանց արվում: Սակայն ելքը կա: Օրինակ, կարելի է միջանկյալ մի կարգախոսով հանդես գալ. «Կիկոսի մահը վրա հասավ, երբ աղվեսի դունչը խաղողին չհասավ»: Պարզ է և մատչելի:

Մի խոսքով, թող որ գալիք խորհրդարանում բազմեն, օվալաձև դիրք ընդունեն նրանք, ովքեր թեկուզ կիսով չափ հավատում են սեփական նախընտրական խոստումների իրականացմանը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ