Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ակտիվ ջանքեր» գործողությունը

«Ակտիվ ջանքեր» գործողությունը
04.05.2012 | 00:00

Բուլղարիան և Թուրքիան դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի գծով և սերտորեն համագործակցում են տնտեսական ոլորտում, շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ: Թուրքիայի և Բուլղարիայի միջև պահպանվում են Բալկանյան պատերազմից հետո մնացած վիճելի հարցերը. Թուրքիան պարտավորություն ունի փոխհատուցում վճարելու Արևելյան Թրակիայից հեռացած բուլղար փախստականներին և հակընդդեմ պահանջում է կատարել անցած դարի 80-ական թվականներին Բուլղարիայից վերաբնակվածների կենսաթոշակային վճարումները: Գյուլը հայտարարել է, թե Բուլղարիայում թուրք ազգային փոքրամասնությունը կարող է կամուրջ դառնալ երկու երկրների միջև, բայց, չնայած դրան, բուլղար հանրության շրջանում ավելի ու ավելի են անհանգստանում քաղաքականապես կազմակերպված թրքական փոքրամասնության ազդեցության մեծացմամբ և նրա վրա Անկարայի ազդեցությամբ, որը Բուլղարիայի հանդեպ վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն, այսինքն, փորձում է երկիրը ներքաշել Թուրքիայի ուժեղ ազդեցության ոլորտ:

Բուլղարիայի հակահետախուզության ներկայացուցիչները հսկայական տեղեկություններ ունեն Բուլղարիայի թուրք փոքրամասնության հետ Թուրքիայի կողմից կատարվող աշխատանքի մասին, բայց երկրի ղեկավարությունը, փաստորեն, ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ գործունեությունը խափանելու համար: Թրքական «ազգային կորպորացիան», որը քաղաքական կուսակցության դերով ներկայացված է խորհրդարանում, զբաղվում է անշարժ գույքի ձեռքբերման, ֆինանսական ու առևտրական ակտիվ գործունեությամբ, վարչակազմի ներկայացուցիչների, իշխանության տեղական մարմինների պաշտոնյաների կաշառմամբ, աշխատանքներ է տանում տարբեր քաղաքներից ու շրջաններից (ուր, փաստորեն, թուրք բնակչություն չկա) բուլղար գործարարներին դուրս մղելու ուղղությամբ: 2006 թ. ի հայտ բերվեց մի նորաստեղծ ցանցային կառույց, որը կազմակերպված է տարածքային կենտրոնացված սկզբունքով: Այն ներառում է տարբեր ծառայություններ. տեղեկությունների հավաքում և հաղորդում, դրամական միջոցների կուտակում, թրքական բիզնեսի խրախուսում, քարոզչություն և տեղեկությունների ու լուրերի տարածում, սադրանքների կազմակերպում, բարեգործություն, կրոնական գաղափարների ու կրոնական կենսականոնների տարածում և այլն: Միայն Սոֆիայում հայտնաբերվել է չորս այդպիսի խումբ: Քաղաքական ղեկավարությունը կարծում է, որ Բուլղարիայի արտաքին քաղաքականության մեջ «թրքական թեմայի» սրումը, ինչպես նաև թուրք-բուլղարական հարաբերություններում եղած խնդիրների արծարծումը կարող են հանգեցնել բուլղարական դիրքերի թուլացմանը եվրատլանտյան կառույցներում:

Բուլղարիայում ձևավորվել են որոշակի քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում թրքական գործոնի ուժեղացմանը դիմադրություն ցույց տալու օգտին: Չխոսելով հասարակական ու քաղաքական բնույթի տարբեր ոչ մեծ խմբերի մասին, այդ ուղղությամբ հատկապես ակտիվ են «Ատակա» և «Բուլղարական ազգային շարժում» (ԲԱՇ) կուսակցությունները: Ցավոք, այդ երկու կուսակցությունները, փաստորեն, հենվում են նույն ընտրազանգվածի վրա, սակայն, ըստ էության, քաղաքական մրցակիցներ են, թեև գաղափարախոսությամբ ու քաղաքական նպատակներով միմյանցից քիչ են տարբերվում: Գերմանիայի աջ կուսակցությունների (Հարավային Գերմանիայի ու Ավստրիայի), Ֆրանսիայի մի շարք քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, մասամբ նաև հայկական կազմակերպությունների ու առանձին խմբերի մի շարք նախաձեռնություններ` միավորելու նրանց ջանքերը, ոչ մի արդյունք չեն տվել: Այդ կուսակցությունները շարունակում են համարվել մրցակից ու հակառակորդ, նրանց առաջնորդները լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հանդես են գալիս փոխադարձ քննադատությամբ: «Ատական» հետևողական քարոզչություն է իրականացնում, երկրում կազմակերպում է կոշտ միջոցառումներ ոչ միայն ընդդեմ Թուրքիայի, այլև Բուլղարիայում թրքական փոքրամասնության, պայքար է մղում Հայոց ցեղասպանությունը Բուլղարիայի խորհրդարանում ճանաչելու օգտին։ ԲԱՇ կուսակցությունը լայն պայքար է մղում Թուրքիայի ազդեցության դեմ, որն աջակցում է Բուլղարիայում թրքական փոքրամասնությանը։ ԲԱՇ-ը երկրում լայն ստորագրահավաք է կազմակերպում Թուրքիայի մուտքը Եվրամիություն թույլ չտալու հարցի առթիվ:

Այդ կուսակցությունները խիստ քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանին, բայց համակրանք ունեն ռուս ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ, լավ գիտեն ռուսերեն և լինում են Ռուսաստանում: Բալկաններում Թուրքիայի գլխավոր նպատակն է հսկողության տակ առնել Բուլղարիան` դարձնելով իր արբանյակ երկիրը: Բուլղարիայի աշխարհաքաղաքական դիրքը առանցքային է Եվրոպայի հետ Թուրքիայի հաղորդակցության գործում: Թուրքիան կցանկանար Բուլղարիան ներքաշել իր տնտեսական տարածություն և ստեղծել հարաբերությունների մի այնպիսի մոդել, որ Բուլղարիան, ԵՄ այլ անդամների հետ մեկտեղ, Թուրքիան անցկացներ Եվրամիություն: Բուլղարիայի ներկա տնտեսական վիճակը նպաստում է երկրի` Թուրքիայի ազդեցության տակ ընկնելուն: Թուրքական «ազգային կորպորացիան» միշտ պատրաստ է խորհրդարանում համագործակցելու ամենաանսկզբունքային կուսակցությունների, նախ և առաջ` սոցիալիստական (նախկին կոմունիստներ) կուսակցության հետ, և իրեն բավականին վստահ է զգում Բուլղարիայի քաղաքական կյանքում:

Պետք է նշել, որ հակառուսական տրամադրությունները Բուլղարիայում հիմնականում անցյալ են, բայց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն առաջվանը չէ: Բուլղար քաղաքագետների գնահատմամբ, «հակառուսական ալիք» Բուլղարիայում չկա, թեև ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ճամբարների իրական քաղաքականության մեջ լուրջ դժգոհություններ կան Ռուսաստանի ներկա քաղաքականության առնչությամբ: Դրա հետ մեկտեղ, Բուլղարիայում հակաթուրք ուժերի քաղաքականությունն ամերիկամետությամբ չի առանձնանում, իսկ արևմտահակությունը հենվում է մայրցամաքային Եվրոպայի աջ և աջ-պահպանողական քաղաքական շրջանակների հետ համագործակցության վրա:

Բուլղարիայում հասկանում են, որ Ռուսաստանն աշխատում է դաշինքի նման մի բան ստեղծել Թուրքիայի հետ, բուլղար քաղաքագետները հաճախ նշում են, որ Ռուսաստանի ու Բուլղարիայի հարաբերությունների բոլոր փուլերում Մոսկվան բուլղարա-թրքական հակասություններն օգտագործել է Բուլղարիայի հանդեպ վերահսկողություն իրականացնելու համար: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Սև ծովում նախաձեռնել են «Ակտիվ ջանքեր» գործողությունը: Ռումինիան հայտարարել է, որ այդ նախաձեռնության շրջանակներում ինքը ամերիկյան չորս ռազմաբազա կտեղակայի սևծովյան առափում: Թուրքիան և Ռուսաստանը անթույլատրելի են համարում ոչ սևծովյան պետությունների ուժերի ներկայության ուժեղացումը Սև ծովում, բայց Սև ծովի առնչությամբ առկա միջազգային համաձայնագրերը լիովին հնարավոր են համարում ավազանում այնպիսի գործողության ծավալումը, ինչպիսին «Ակտիվ ջանքերն» է: Այսինքն, Բուլղարիան դարձավ «երրորդ ուժի» ռազմավարության հենարաններից մեկը, որը ծավալվում է անկախ, ի հակակշիռ Թուրքիայի և Ռուսաստանի: Բուլղարիան, ինչպես և Ռումինիան, Վրաստանը և ՈՒկրաինան հասկանում են, որ «երրորդ ուժի» ռազմավարությունը Սև ծով-կովկասյան տարածաշրջանում իրենց անվտանգության և Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործոն է:

Նշյալ կուսակցությունները մեծ անվստահությամբ են վերաբերվում Ռուսաստանին որպես հնարավոր գործընկերոջ, նկատի առնելով, որ Ռուսաստանն ինչ-որ դաշինք է ուզում ստեղծել Թուրքիայի հետ: Նրանք որոշակի հարաբերություններ են հաստատել այն եվրոպական քաղաքական շրջանակների հետ, որոնք հանդես են գալիս Թուրքիան Եվրամիություն ընդունելու դեմ, ինչպես նաև ձգտում են պարզել ամերիկացիների տրամադրությունները Բուլղարիան հակաթուրք քաղաքականության մեջ ներգրավելու հարցում: Վերջին ժամանակներս գերմանական կառավարությունը հատաքրքրություն է հանդես բերում այդ կուսակցությունների նկատմամբ, բայց, երևում է, առնչությունները տեղի են ունենում ոչ մեծ հասարակական և քաղաքական կազմակերպությունների միջոցով, որոնք օգնություն են ցուցաբերում այդ կուսակցություններին: Այդ ուղղությամբ առանձնապես ակտիվ է Ավստրիան, ուր ձևավորվել են Բուլղարիայի ազգայնական շրջանակների հետ հարաբերությունների հաստատման հատուկ կազմակերպություններ: Շատ ակտիվ է նաև Հունաստանը, միաժամանակ մեծ հետաքրքրություն են հանդես բերում ԱՄՆ-ի հունական հասարակական կազմակերպությունները, որոնք ամեն կերպ ձգտում են ամերիկացիներին շահագրգռել բուլղարների հետ հարաբերությունների հարցում` կապված «թրքական թեմայի» հետ: Բուլղարիան բավականին գոհ է Եվրամիությանն անդամակցությունից, բայց ՆԱՏՕ-ի հետ այլ հարաբերություններ են ձևավորվել, քանի որ դաշինքի հետ մեծ հույսեր էին կապում զինված ուժերում, թեև երկիրն այդպես էլ էական ոչինչ չի ստացել, իսկ երկիրն անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու հնարավորություն չունի: ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետևանքով անհասկանալի են դառնում Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ի նկատմամբ: Հույն-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման բացակայության կապակցությամբ Բուլղարիան չի կարող ուշադրության չառնել իրադրությունը Բալկաններում և Էգեյան ծովում, բայց ի վիճակի չէ որևէ կերպ արձագանքելու զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով, քանի որ սպառազինության սուր կարիք ունի: Թուրքիան բալկանյան պետությունների հետ հարաբերությունները կառուցում է, փաստորեն, իբրև մեծ տերություն, որն ունի անվերապահ և բացահայտ առավելություններ, հասկանում է իր առանցքային դիրքը:

Բուլղարիայում վաղուց մշակվել և ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցվել է պաշտպանական դոկտրինը, բայց բուլղար հանրությունն ու զինվորական շրջանակները հասկանում են, որ անհրաժեշտ է դոկտրինի մեջ մտցնել նաև զինված ուժերի կոնկրետ անելիքներն ու նպատակները` տարածաշրջանում ազգային քաղաքականության հաջողությունն ապահովելու համար: Ավելի ու ավելի է հասկանալի դառնում, որ դեռևս կարգավորված չէ Մակեդոնիայի խնդիրը, որտեղ սպասվում են ոչ միայն բախումներ` կապված ալբանացիների պահանջների, Ալբանական Կոսովոյի կամ այլ խնդիրների հետ, այլև Բալկաններում Թուրքիայի նվաճողամտության: Բուլղարիայում աճում է Բալկաններում նոր մարտահրավերների ու սպառնալիքների հնարավորության ըմբռնումը, ու երկիրն ամենևին պատրաստ չէ հնարավոր առճակատման իրադրությանը:

Թուրքիայի հետ կապված ներքին խնդիրների իմաստավորման փորձերի հետ մեկտեղ, ցանկություն կա Բալկանյան տարածաշրջանի տարբեր երկրների շահագրգիռ կուսակցությունների միջև նոր հարաբերությունների հաստատման: Թուրքիայի նվաճողամտության հետ կապված խնդիրների առթիվ ավանդաբար փոխըմբռնում է եղել բուլղարական և հունական կուսակցությունների ու կազմակերպությունների միջև: Ներկայումս փորձեր են արվում միավորելու բուլղարների ու սերբերի ջանքերը և հանգելու ընդհանուր շահերի ըմբռնման: Խոսակցություններ կան Բուլղարիայի, Հունաստանի ու Սերբիայի եռյակ դաշինքի մասին, հնարավոր է` Մակեդոնիայի, Չեռնոգորիայի ու Կիպրոսի մասնակցությամբ: Ընդ որում, այդ հղացումներն ըմբռնում են գտնում Գերմանիայի ու Ավստրիայի որոշակի շրջանակներում, ինչը վկայում է, որ առայժմ ենթադրական այդ դաշինքին կարող են միանալ Հորվաթիան և Սլովենիան: Իհարկե, այդ կառուցվածքը դեռ հեռու է իրականանալուց, բայց դրա ստեղծումը միանգամայն հնարավոր է, նախ հռչակելով սահմանափակ նպատակներ ու խնդիրներ, այնուհետև հայտարարելով նաև ավելի լայն հավակնությունների մասին: Արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տարբեր առաջարկություններ են ստացվում Հունաստանի, Սերբիայի ու Բուլղարիայի հատուկ ծառայությունների գործակցության շուրջ համաձայնություն կայացնելու վերաբերյալ: Առաջարկվում է նաև ռազմավարական գործակցության պայմանագրեր կնքել Բուլղարիայի և Մակեդոնիայի միջև: Այդ հղացումները քննարկվում են ոչ միայն ազգայնական շրջանակներում ու կուսակցություններում և ակադեմիական ու համալսարանական շրջանակներում: Կասկածից վեր է, որ բալկանյան տարածաշրջանի երկրների համերաշխության անհրաժեշտության վերաբերյալ այդ մտահոգությունն ու ըմբռնումը առաջացել են ոչ միայն ազգային բանավեճի շնորհիվ: Նշվում է, որ վերջին ժամանակներս Բուլղարիայում են զանազան փորձագետներ, որոնք այնքան էլ հայտնի չեն ատլանտյան շրջանակներում, և Բալկաններում աշխատելու փորձ չունեն, իսկ նրանց հրապարակումները գրեթե չեն ներկայացվել լայն հանրությանը: ԱՄՆ են սկսել հրավիրվել բուլղարացի տարբեր քաղաքագետներ ու փորձագետներ, ընդ որում` բավականին նոր ծրագրերով: Եթե նախկինում այդ հրավերները կապված էին ժողովրդավարության որոշակի խնդիրների և տնտեսական հարցերի հետ, այժմ նման ուղևորություններին մասնակցում են աշխարհաքաղաքականության և անվտանգության թեմաներով հրապարակումների հեղինակները: Հասկանալի է դարձել, որ ամերիկացիները հետաքրքրվում են ազգայնական կուսակցությունների դիրքորոշումներով ու մտադրություններով, և նրանց մեջ որոշ շահագրգռություն է առաջանում: Նշվում է, որ եթե առաջ այդ կուսակցությունների նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությունը կապված էր երկրում Ռուսաստանի ազդեցության սաստկացում թույլ չտալու խնդիրների հետ (օրինակ, գազամուղի և նավթամուղի կառուցման առթիվ), հիմա դրանց հանդեպ շահագրգռությունն առաջանում է «թրքական թեմայի» պատճառով:

Ներկայումս բուլղարական քաղաքագիտությունն ունի առավել հրատապ հետևյալ խնդիրները. որքա՞ն կարող է ԱՄՆ-ը շահագրգռված լինել Բալկաններում իր ազդեցությունը մեծացնելու Թուրքիայի ձգտմանը հակազդելու գործում Բուլղարիայի ակտիվացմամբ, և ի՞նչ կարծիքի են ամերիկացիները Բուլղարիայի մասին` որպես Բալկաններում որոշակի քաղաքականության առաջատարի: Որքա՞ն են Վաշինգտոնի փորձագիտական ոլորտում տեղյակ Բուլղարիայում տիրող իրավիճակին` Թուրքիայի խնդիրների տեսանկյունից, այդ թվում` ամերիկա-թրքական հարաբերությունների: Գոյություն ունե՞ն, արդյոք, ամերիկյան պաշտոնական կամ փորձագիտական գաղտնի նյութեր, որոնք արտացոլում են Բուլղարիայի քաղաքականությունը, այդ թվում` թրքական խնդիրների տեսանկյունից: Որքա՞ն է սպասելի թուրքական քաղաքականության ծավալումը Կովկասում, Հարավային ՈՒկրաինայում, Բեսարաբիայում և Իրանի ու Սիրիայի ուղղությամբ, ինչպե՞ս են գնահատում այդ ջանքերը Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Գոյություն ունե՞ն, արդյոք, պատկերացումներ, թե Եվրոպայում ինչ ազդեցիկ շրջանակներ են (Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա, Բելգիա, Շվեդիա) շահագրգռված «թրքական թեմայով» Բուլղարիայի քաղաքականության ակտիվացմամբ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ