Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՄԻՆՉև Ե՞ՐԲ ՏԿԱՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ «ՅԱՆ»-Ը «ԹՈՓԱԼ», «ԲԻՇԱՐ», «ԽԶՄԱԼ», «ՅԱԼԱՆԴՈՒԶ» ՈՒ «ՓԱԼԱՆԴՈՒԶ» ԹՐՔԱՇՈՒՆՉ ԲԱՌԵՐՈՎ

ՄԻՆՉև Ե՞ՐԲ ՏԿԱՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ «ՅԱՆ»-Ը  «ԹՈՓԱԼ», «ԲԻՇԱՐ», «ԽԶՄԱԼ», «ՅԱԼԱՆԴՈՒԶ» ՈՒ «ՓԱԼԱՆԴՈՒԶ» ԹՐՔԱՇՈՒՆՉ ԲԱՌԵՐՈՎ
02.03.2012 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՐՔԱՑՈՒՄԸ` ՀԱՏՈՒԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատմական դաժան իրողությունների բերումով թուրք քոչվորը դարձավ մեր դրկից հարևանը, ու աչքներիս առաջ ականատես դարձանք, թե վերջինս ի՜նչ ապշեցնող ճարպկությամբ լծվեց ուրիշինը յուրացնելու ամոթալի գործին: Սրանց միտքն ունակ չլինելով արարելու, փոխարենը յուրացնելու բացառիկ ունակություն ունի: ՈՒ քանի որ որպես ազգ ձևավորման ընթացքը դեռ ավարտված չէ (թերևս երբեք էլ չավարտվի), ամեն ինչ սեփականելու սրանց մոլուցքն այսօր էլ նույն թափով ու հետևողականությամբ շարունակվում է:
Միատարր թուրքական պետության ստեղծման ճանապարհին եկվորն անհանդուրժող էր բնիկների ստեղծած բոլոր արժեքների հանդեպ։ Ամեն ինչ թրքացնելու քաղաքականությունը չշրջանցեց անգամ տեղանունները: Քոչվորը գիտակցեց բնակավայրերի կարևորությունը և խորշեց ամեն մի հայկականից, դրանք դիտելով որպես հայ ազգի հիշողության, մտածելակերպի ու պատմական իրականության, որպես երկրի` Արևմտյան Հայաստանի, իրական տերերի ներկայության ապացույց։
«Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն։ Այսպիսով՝ մեր երկիրը կներկենք մեր գույներով»: Սա թուրք զինվորական Հուսեյին Ավնի բեյի խոսքերն են, ասված Էնվերի` 1916 թվականի հայտնի հրամանագրից հետո, որով արգելվեց անգամ խոսել հայերեն: Դրա առաջին կետում գրված էր. «Օսմանյան տերության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները, ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը»: Այդ քաղաքականությունն ավելի համակարգված բնույթ ստացավ 19-րդ դարի կեսերին, և առավել խորացավ երիտթուրքերի տիրապետության ժամանակ։ Հիշյալ քաղաքականության տրամաբանական շարունակությունը 1957 թվականին տեղանունների փոփոխության պետական հանձնաժողովի ստեղծումն էր: Հանձնաժողովը գործեց մինչև 1978-ը, այդ ընթացքում անվանափոխելով մոտ 30000 տեղանուն: Թուրքիայի Միլի մեջլիսի որոշումով թրքացվեցին Արևմտյան Հայաստանի աշխարհագրական բոլոր անվանումները:
Հայի հայրենիքը բռնազավթած քոչվորը ոտնատակ տվեց ու ապականեց ամեն մի արժեք. հայոց պատմական բարեհունչ տեղանունները փոխարինվեցին ղզլ-ներով, չարդախ-ներով, Աղրի դաղ-ներով (Հայոց սրբազան լեռան թուրքերեն անվանումն է):
Անվանափոխության հարցում մեծ եղբոր օրինակին հետևեցին և մերօրյա թաթարները` ադրբեջանցիները: Իրենց սեփական գյուղն ու քաղաքը երբևէ չհիմնած ադրբեջանցու առաջին գործը եղավ զավթած հայկական բնակավայրի իրական անվանման փոփոխությունը, նպատակը դարձյալ նույնն էր` վերացնել տանտիրոջ հետքերը: Այդպես Գանձակը դարձավ Գյանջա, Գետաշենը՝ Չայքենդ, Քարհատը` Դաշքեսան, Բանանցը` Բայան, Խաչաղբյուրը՝ Խաշբուլաղ, Տավուշը՝ Թոուզ, Քարվաճառը` Քելբաջար, Քաշաթաղը` Լաչին, Ակնը` Աղդամ, Վարանդան` Ֆիզուլի, Կովսականը` Զանգելան, Սանասարը` Կուբաթլի, Ջրականը` Ջաբրաիլ և այլն, և այլն:
Հայկական տեղանունների փոփոխմանը զուգընթաց տեղի էր ունենում և հայերի անուն-ազգանունների թրքացում, որը թուրքական հակահայ քաղաքականության մի օղակն էր: Անվանափոխության պարտադրանքը Թուրքիայում սկսել է կիրառվել 19-րդ դարավերջից, իսկ 1934-ին այն ստացավ օրենքի ուժ: Սրանով է բացատրվում այն իրողությունը, որ այսօր էլ, մասնավորապես, արևմտահայության մեջ, զգալի թիվ են կազմում թուրքական ծագումով անուն-ազգանուն ունեցողները:
20-րդ դարի 50-ականներին Թուրքիայի իշխանությունները կրկին բարձրացնում են բնիկների անձնանունները փոխելու պահանջը, համաձայն որի` Թուրքիայում բնակվող հայերը, ինչպես նաև քրդերը, հրեաները, ասորիները, չերքեզները չեն կարող կրել իրենց ազգային ազգանունները: Ձայների մեծամասնությամբ վերահաստատվեց 1934-ին ընդունված օրենքը, որը գործում է առայսօր: Այդ երկրում ապրող հայերն այսօր հիմնականում կրում են թուրքական անուն-ազգանուն:

ՍԱ ՄԵ՛Ր ԱՄՈԹՆ Է
1990-ականների սկզբներին շատերս էինք ուրախությամբ արձանագրում, որ ազգային զարթոնքը հնարավորություն ընձեռեց մեր բազմաթիվ բնակավայրերի անուններ մաքրելու թուրքական ծագում ունեցող բառերից: Թուրք-թաթարները, որ մի քանի տասնամյակում եկել ու ցեցի պես տարածվել էին մեր լավաշաչափ հողում, նաև կարողացել էին տանտիրոջ հիշողությունից ջնջել իրենց զավթած հայկական բնակավայրերի պատմական անունները, դրանք փոխարինելով թրքալեզու անբարեհունչ անվանումներով: Կարողացել էին, որովհետև մենք, ինտերնացիոնալիզմի սիրույն գերի, հանդուրժել էինք: Այլ հարցերի թվում, այս հարցում ևս ազգային զարթոնքը բացեց մեր աչքերը, սկսվեց տեղանունների հայացումը: Բայց եթե տեղանունների հարցում քիչ թե շատ հետևողական գտնվեցինք, ապա ամբողջությամբ աչքաթող արեցինք մեր տոհմանունների հայացման գործընթացը:
Մենք անտեսեցինք, իսկ թշնամին` ոչ, ու վայրահաչոցը չուշացավ:
Երկու տարի առաջ ադրբեջանցիները հերթական սենսացիոն հայտարարությունը հնչեցրին, թե 400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուն «ադրբեջանական ծագում» ունի: Այս «բացահայտման» հեղինակները Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ազգային ակադեմիայի ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներն էին: Նրանց «հայտնագործությունը», սակայն, հայտարարությամբ չավարտվեց, այլ ընթերցողի սեղանին հայտնվեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչվորը նույնիսկ հեռուն գնացող հետևություն արեց` «սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների և այլ հարցերի վրա»:
Սա այն փաստերից է, որը պետք չէ մեծահոգաբար անտեսել, ինչպես հաճախ են վարվում հայ գիտնականները: Սակայն, ինչպես միշտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան այս անգամ էլ խնդիրն անհետևանք լռության մատնեց: Միայն մտավորականների մի նեղ շրջանակ, գիտակցելով հայկական ազգանուններում թաքնված օտարաշունչ արմատների վտանգը, ահազանգում է` հայկական ազգանունները պետք է սրբենք օտարաշունչ աղբից` թուրքական բառ-արմատներից:
Երբևէ ուշադրություն դարձրե՞լ ենք, թե մեր հայկական «յան»-ը որքա՜ն ենք տկարացրել օտարահունչ «ամիրա-բեկ-ռաշիդ-հասան-ջավադ-իսմայիլ»-ներով, թե մեր շրջապատում որքա՜ն շատ են ալավերդյանները, աղաբաբյաններն ու բաբուխանյանները, կարաքեշիշյաններն ու ամիրզադյանները, փալանդուզյաններն ու իսագուլյանները Տեղին է նկատել Գուսան Հայկազունը. «Չունենք գեթ մեկ Հայաստանյան, բայց կա հազար Իսրայելյան, չկա գեթ մեկ Երևանյան, բայց կա հազարավոր Ստամբուլցյան: Մեկ Իշխանյան, տասը Խանոյան, չունենք անգամ մեկ Աստվածյան, տեսեք ինչքան Ալահվերդյան »:
Համոզված կարող ենք ասել, որ հայերս չգիտենք էլ, թե ինչ բացատրություն ունեն մեր ազգանունների կազմության մեջ խցկված թուրքական բառ-արմատները: Հետաքրքիր է, եթե ամեն մի Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի որդի), Ղուլյան ու Ղուլանյան (ստրուկ, ծառա), Եորդակյան (բադ), Հաջաթյան (գործիք), Գյոդակյան (կարճլիկ), Էքմեքչյան (հացագործ), Թերլեմեզյան (չքրտնող), Չեքիջյան (կշռավար), Խզմալյան (անզուսպ), Նավալյան (ապուշ), Գավուկյան (խաբեբա), Համալմազյան (իրավազուրկ), Ղարաջյան (բամբասող) իմանա իր ազգանվան հիմնական մաս կազմող թուրքական բառերի այս բացատրությունը` կշարունակի՞ կառչած մնալ թուրքի կողմից իր տոհմին տրված արհամարհական մականվանը:
Մինչև ե՞րբ պիտի կրենք քոչվորի ծաղրը` չհրաժարվելով նրա կնքած վիրավորական մակդիրներից` չոփուռ (ծաղկատար), թոփալ (կաղ), չոլախ (կռնատ), բիշար (անխոհեմ), խզմալ (անզուսպ), չոփիկ (կեղտոտ), յալանդուզ (ստախոս), ղաթրջի (ջորեպան), ղամազ (բանսարկու)... Սա մե՛ր ամոթն է:
Ցանկացած հայ երբ առաջին անգամ լսում է սեփական ազգանունը փոխելու մասին, արձագանքը լինում է հակազդեցությունը: Եվ սա հասկանալի է. հայի համար դժվար է սերնդեսերունդ ժառանգված սեփական ազգանունից հրաժարվելը: Սակայն, երբ գիտակցենք, թե իրականում ինչ է կատարվել մեր պապենական անաղարտ տոհմանունների հետ, որ դրանց թրքացումը եղել է Թուրքիայի հակահայ քաղաքականության մի մասը, ապա թուրքի կնքած անվայելուչ մականուններից ազատվելն ու սեփական ազգանունը հայաշունչ դարձնելը կդառնան հոգու պարտադիր պահանջ:
Սակայն տարօրինակն այն է, որ այնուհանդերձ կան մտավորականներ, ովքեր շատ ծանր են տանում թուրքական կազմությամբ ազգանուններից հրաժարվելու միտքը` այն համարելով մեր պապերի հետ ունեցած հոգևոր կապից հրաժարում: «Ազգ» օրաթերթում մի հետաքրքիր հոդված կարդացի` Լևոն Սարգսյան ստորագրությամբ: Հեղինակը տեղին ու դիպուկ հակահարված է տալիս բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե թուրքական արմատներով ազգանունների հայացումը կխաթարի հայկական տոհմային հարաբերությունները. «Մենք ինքնադավ եղանք այնքան, որ 2000 տարի քրիստոնյա մեր ցեղում ալավերդյաններն ու թարիվերդյանները ավելի շատ են, քան աստվածատրյաններն ու տիրատուրյանները: ...օտար օղլին հանգիստ բազմեց հայոց... խաչ ու Խաչիկի կողքին»: Հոդվածագիրը ծաղրանքով գրում է. «Ինչպե՜ս կարող ենք հրաժարվել մեր հնամենի տոհմանուններից, եթե դարավոր բոստանջիներ ենք ու դալլաքներ, նաղդալներ ու փամբուկչիներ, թոփչիներ ու սնխչիներ, թաշչիներ ու փալանչիներ, բալաբեկներ ու աթաբեկներ, չոփուռներ ու չոլախներ, չոփիկներ ու թոփիկներ, թոփուզներ ու դադասներ, յալանդուզներ ու փալանդուզներ... Եվ բոլորը` թուրքերեն` օտար, անպատիվ»:
Էլ ինչո՞ւ ենք վատ զգում, վրդովվում, երբ ադրբեջանցի քոչվորը հայտարարում է թուրքական ծագմամբ բառերն իբրև ազգանուն յուրացնելու հայկական «հանդգնության» մասին: Արդյոք մենք մեր անհեռատեսությամբ չե՞նք քոչվորին իրավունք տվել այդքա՜ն հեռուն գնացող հայտարարություն անելու:
Պատմաբան Անահիտ Տերյանը, որը թրքաբառ ազգանուններից հրաժարվելու գաղափարի ջատագովներից է, նկատում է. «Ամոթ ու տխրություն ես զգում, երբ լսում ես թուրքական, հրեական, պարսկական, արաբական ծագում ունեցող հայի անուն-ազգանուն: Ցավ, քանի որ անմիջապես հիշում ես հայոց պատմության ցավոտ էջերը»: Պատմաբանը ժամանակակիցներիս սթափեցնելու համար հիշեցնում է այն հայ անվանի գործիչներին, ովքեր, բարձր գնահատելով հայ մարդու համար հայեցի անուն-ազգանուն ունենալու կարևորությունն ու խորհուրդը, սեփական օրինակով են դա հաստատել, ինչպես` Արամ Մանուկյանը հրաժարվել է իր նախկին Սերգեյ Հովհաննիսյան անուն-ազգանունից, Հովհաննես Քաջազնունին` Իգիթխանյանից, հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը հաճախ հանդես է եկել Վարդ Պատրիկ անունով, և այլն:
Եվ ուրեմն, մինչև ե՞րբ պիտի հայերը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում համառորեն շարունակեն կրել թուրքական անպատվությունն իրենց ազգանուններում: Ո՞Ւր մնաց մեր ազգային արժանապատվությունը, ժամանակն է վճռական լինելու և աղբը վանելու մեր տոհմանուններից: Ժամանակն է` մեր «յան»-ն ազատելու «խան»-երից, «բեկ»-երից, «սուլթան»-ներից, «փաշա»-ներից, և ինչո՞ւ ոչ, գուցե նաև մտածելու Թագավորյան, Նախարարյան ազգանուններ ունենալու մասին, ինչպես Իշխանյանը:
Այստեղ մեծ դեր ունեն ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինները, քանզի օտար` թուրքական, հրեական, պարսկական անուն-ազգանուններից հրաժարումը ոչ թե պետք է թողնվի հայ անհատի կամքին, այլ դառնա պետական ծրագիր: Բայց մինչ գործը պետական այրերին հասնելը, պատմաբան Տերյանն առաջարկում է` չսպասել դրան, թող յուրաքանչյուր հայրենասեր անհատ ինքը ձեռնամուխ լինի իր ոչ հայեցի անուն-ազգանվան փոփոխման գործընթացին: Պատմաբանն անգամ ճանապարհներ է առաջարկում. ա) ազգանունը թարգմանել, եթե հնարավոր է, բ) նախնիներից մեկի հայեցի անունը դարձնել ազգանուն, գ) եթե տվյալ անձը ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխել իր ազգանունը, ապա գոնե թող փոխի երեխաների ազգանունը:
Եվ ուրեմն, դիմում ենք բոլոր Քեշիշյաններին, Սուլթանյաններին, Ղասաբյաններին, Իսրայելյաններին, Փաշաբեզյաններին, Յալանուզյաններին, Չեքիջյաններին, Խզմալյաններին, Ղալթախչյաններին, Իսկանդարյաններին բոլոր օտար, մասնավորաբար, թուրքաբառ ազգանուններ կրողներին` ընտրեք ձեր տոհմի նախնիներից որևէ մեկի հայեցի անունը` լինի Մեսրոպ, Արամ, Հայկ կամ Արա, Դավիթ, Վիգեն, Վահե կամ Գոռ, Գեղամ, Գագիկ ու Գարեգին... մեկը մյուսից հայաշունչ ու հարազատ, ու մեկընդմիշտ հրաժարվեք փաշաբեզից, փալանդուզից, իսկանդարից, բաբուխանից... Ազգանունն ազգային-մշակութային արժեք է, ուրեմն մաքրենք մեր տոհմանունները` հայանալով:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4039

Մեկնաբանություններ