«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՄԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՄԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԸ
02.11.2010 | 00:00

Վերջին տարիներս Մերձավոր Արևելք կատարած իմ յուրաքանչյուր այցելությունից նոր տպավորություններ եմ ստանում արաբական պետությունների առնչությամբ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Թուրքիան տվյալ տարածաշրջանում սկսել է վարել նոր քաղաքականություն, որը նաև նոր քարոզչություն է պահանջում։ Առհասարակ արաբական միջավայրում քարոզչական խնդիրներ լուծելը բարդ ու անշնորհակալ գործ է։ Արաբական բոլոր երկրների հասարակությունը քարոզչության հարցում միամիտ չէ, հատկապես «Ջազայիր» բարձրակարգ լրատվական գործակալության ի հայտ գալուց հետո։ Արաբական աշխարհը միշտ ուշադրության կենտրոնում է, չկա մի թեմա, որ փակ մնա արաբական հասարակության համար։ ՈՒստի ինչպես թուրքական, այնպես էլ ցանկացած այլ քարոզչություն կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ դրան սպասում են և ընդունում հավուր պատշաճի։
Թուրքիան ջանում է հարաբերությունները բարելավել ոչ միայն արաբական պետությունների, այլև Իրանի հետ, սակայն և՛ արաբների, և՛ իրանցիների հետ հարաբերություններ հաստատելն այնքան էլ հեշտ բան չէ։ Իրանը մեծ զգուշավորությամբ է հետևում Թուրքիայի փորձերին` դառնալու արաբական երկրների առաջատար ուժ, քանի որ ինքն էլ է հավակնում այդ դերին։ Իրանին հատկապես նյարդայնացնում է հարաբերությունների բարելավումը Սիրիայի և Թուրքիայի միջև, չնայած այդ հարաբերությունների զարգացումը ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին։ Արաբական պետություններն ավանդաբար մեծ անվստահությամբ են վերաբերվում արաբական աշխարհում Իրանի նախաձեռնություններին, չնայած ի հակակշիռ Իսրայելի պաղեստինցիներին ու լիբանանցիներին աջակցելու հարցում Իրանի ունեցած խոշոր ծառայությունների։ Պակաս բարդ չեն արաբա-թուրքական հարաբերությունները, երբ և՛ արաբները, և՛ թուրքերն ավելի շատ ձգտում են այդ հարաբերություններն օգտագործել ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ երկխոսություններում։ ՈՒշադրության առնելով Մերձավոր Արևելքում առկա ներկա հարաբերությունները, պետք է հիշել ուժի չորս (Թուրքիա-Իրան-արաբներ-Իսրայել) բևեռների առկայության մասին` քրդական գործոնի հարաճուն դերի հետ մեկտեղ։ ՈՒստի այդ տարածաշրջանում թուրքական քաղաքականությունը երբեմն ավելի հաջող է թվում, քան իրականում է։ Այսպես, եթե 2003-ին Իրաքում պատերազմն սկսվելուց հետո արաբական երկրների հայկական թերթերը սկսեցին սահմանափակել Թուրքիայի քննադատությունը, որը թույլ չտվեց, որ ԱՄՆ-ի զորքերն իր տարածքով մտնեն Իրաք, ապա հիմա, թերևս առաջին անգամ, արաբական որոշ պետություններ հայկական գործոնն ընկալում են Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման սխեմայի շրջանակներում։ Դինամիկան ակնհայտ է։ Ինչպես հայտնի է, Թուրքիան սկզբունքային փոփոխության է ենթարկել համաթուրքականության (պանթուրքիզմի) դոկտրինը, հիմա նրան հաղորդելով նոր գծեր ու գաղափարախոսական բովանդակություն, ինչը թույլ է տալիս խոսել նոր դոկտրինի, այսինքն` նոր համաթուրքականության (նեոպանթուրքիզմ) մասին։ Դա նշանակում է, որ չկարողանալով շահագրգռել թուրքախոս պետությունների գործուն վերնախավերին, Թուրքիան սկսել է գործի դնել ամբոխահաճո մեթոդներ և վերնախավի փոխարեն սկսել է աշխատել բնակչության լայն զանգվածների հետ։ Ի տարբերություն համաթուրքականության, նոր օսմանականության դոկտրինը հենց սկզբից ենթադրում էր այն ժողովուրդների ու երկրների հետ լայն աշխատանքի իրականացում, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության «հմայքի» ներքո։ Նոր օսմանականության դոկտրինը գործադրվել է ոչ միայն Հյուսիսային Կովկասի ու Բալկանների փոքր ազգերի, այլև Մերձավոր Արևելքի բավականաչափ մեծ ու միջին պետությունների նկատմամբ։ Ընդ որում, Թուրքիան շեշտը դնում է բոլոր ուղղությունների վրա, ձգտելով վերաձևել անգամ կոնկրետ տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների պատմական կողմերը, հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունը։ Օրինակ, դա հիմա արվում է մերձավորարևելյան խնամարկյալների հետ։ Առայժմ հիմնականում գործի է դրվում արաբների «գիտահետազոտական կարողությունը» (հետազոտողներ, հետազոտական կենտրոններ և այլն), որոնց նյութեր են նետվում այնպիսի թեմաներով, թե, իբր, ոչ թե մենք ենք ձեզ մի ժամանակ ստրկացրել ու ապրել սովորեցրել, այլ, նույնիսկ, ընդհակառակն, շատ բաներ ձեզնից ենք սովորել։ Մենք ձեզ չենք էլ ստրկացրել, ամենևին, պարզապես պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք մի քիչ իշխել ենք ձեզ։ Այսպիսով, ինչպես ներկայացվում է, սկսվել է սուր անկյունների հարթման և երկար ժամանակ արաբա-թուրքական դիմակայության հիմքում ընկած այլ հարցերի համաձայնեցման տևական մի աշխատանք։ Արաբական շրջաններում բավականին հեղինակավոր մի մարդ` «Թուրք-արաբական երկխոսություն» հանդեսի գլխավոր խմբագիր թունիսցի Մուհամմեդ Ադելը, օրինակ, ակտիվորեն առաջ է տանում այն գաղափարները, համաձայն որոնց.
-շատ հետազոտություններ կանխավ նպատակ են հետապնդում բացասական հետևություններ սերմանելու թուրքերի նկատմամբ, թեև արաբա-թուրքական հարաբերություններում դրական բան արդեն շատ կա, և ավելացել է բազմազանությունն այդ հարաբերություններում։
-Արաբներն ու թուրքերը միասնական ապագա ունեցող մեկ ընտանիք են, որն ընդունակ է հաղթահարելու առկա տարաձայնությունները.
-Պետք է վերացնել (հենց վերանայել) արաբա-թուրքական հարաբերությունների պատմությունը` առաջնորդվելով ազգայնականությունից և կրոնական տարաձայնություններից զերծ գիտական սթափ մտածողությամբ։
-Շատ բաներ, որ գրված են արաբա-թուրքական հարաբերությունների զարգացման մասին, սխալ են։
-Այն վարկածը, որ թուրքերն օսմանների օրոք արաբական մի շարք երկրներում վարել են արաբների «թուրքացման» նպատակամիտված քաղաքականություն, իրականությանը չի համապատասխանում։ Իբր, Օսմանյան կայսրությունը, իրոք, արաբներին պարտադրել է թուրքերեն սովորել, սակայն մինչև հիմա էլ շատ արաբներ են թուրքերեն խոսում։ Ավելին, թուրքերի, հատկապես բարձրաստիճան թուրքերի վրա արաբների ազդեցությունը լեզվական, մշակութային և լուսավորչական առումով շատ ավելի ուժեղ է եղել, քան թուրքերինը` արաբների վրա, և տարածվել է անգամ բուն Ստամբուլի վրա։
-Եվ հետևություն է արվում, որ արաբական աշխարհում իրենց լեզուն ու մշակույթը սերմանելուն ուղղված թուրքերի քաղաքականությունն ամենապարզ ձևով ձախողվել է։
Ընդհանուր առմամբ, թվում է, այս վարկածին մասամբ կարելի է համաձայնել, առավել ևս, որ մենք արաբներ չենք։ Սակայն իմ ընկերներից շատերը, որ փորձագետներ են արաբական երկրներում, հակված են այս ամենում ծուղակ տեսնելու և համարում են, որ ընդհանուր առմամբ արաբներին «սատկած կատու» են նետում, և նրանք էլ հաճույքով ուտում են։ Եվ դա արվում է ոչ թե մեկ անգամ, այլ շարունակաբար և հետևողականորեն, թափանցելով ժամանակակից չափանիշներով դատող երիտասարդության մտքի մեջ։ Մի խոսքով` արաբա-թուրքական արդի հարաբերությունների այսպիսի մի պատկեր։ Իմ կարծիքով, այն ուշադրության է արժանացել մահիկի վարքագծի և իրենց խնդիրներով զբաղված շատ արաբ քաղաքական գործիչների կողմից այդ երևույթի անտեսման պատճառով։ Արաբական ասպարեզում Թուրքիայի այդ խաղում շատ բաներ հիշեցնում են, ի դեպ, այն իրադարձությունները, որ այսօր տեղի են ունենում թուրք-հայկական հարաբերություններում։
Արաբական երկրների շատ փորձագետներ նախընտրում են հետևյալ գնահատականները.
-արաբա-թուրքական հարաբերությունները հսկայական վերելք են ապրում, ինչը կարող է հանգեցնել որակապես նոր ռազմավարական դաշինքի կազմավորմանը։ Դա սպառնում է տարածաշրջանի շատ գործընթացների փոխակերպմամբ, և առաջին հերթին առկա կոնֆլիկտային սպառնալիքի էական նվազեցման ոլորտում,
-դրանով հարված է հասցվում մեծ Մերձավոր Արևելքի, մերձավորարևելյան տարածաշրջանն առանձին կղզյակների ու երկրների խմբերի տրոհելու ամերիկյան ծրագրին,
-չեզոքացվում է ազգայնական, տարածքային, կրոնական և պատմական հարցերում արաբների ու թուրքերի միջև պառակտում առաջացնելու քաղաքականությունը։
Աշխույժ բանավեճեր են տեղի ունենում այն մասին, թե արաբներն ինչ արդյունավետությամբ կարող էին գործադրել նավթային գործոնը` ավելի մեծ խթան հաղորդելով թուրքերի հետ մերձեցմանը, և ապագա ունի՞, արդյոք, այդ մտահղացումը։ Ընդ որում, համարվում է, որ եթե արաբները կարողանային իրենց «նավթային» հնարավորությունները միավորել Թուրքիայի արդյունաբերական ու արտադրական կարողությունների հետ, ապա երկու կողմի համար էլ տնտեսական ու քաղաքական շահն ակնհայտ կլիներ։ Սակայն, ինչպես ասում են, տեսանելի հեռանկարում դա չի լինի։ Իսկ իրենք արաբները խոստովանում են, որ առաջվա նման զբաղված են իրենց ներքին խնդիրներով, և չեն ուզում տեսնել ակնհայտը։ Դրա հետ մեկտեղ սպասվում է, որ Անկարան ու թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որոնք առանձնակի նշանակություն են տալիս արաբների հետ մերձեցմանը, կկարողանան այս առումով օգտագործել արաբ ղեկավարների գլխապտույտը Մերձավոր Արևելքում Թուրքիայի ընտրած կուրսի առթիվ։
Կարծիքներ են արտահայտվում, թե թուրք-արաբական մերձեցման հիմքում ընկած է երկու կողմերի շահագրգռությունն ազգային անվտանգության ապահովման հարցում։ Թուրքերը հասկանում են, որ շրջապատված են արաբական իսլամական պետություններով և սկսել են արաբական երկրների ներքին կայունությունը շաղկապել անմիջականորեն իրենց հայրենիքի անվտանգության հետ։ Դրա օրինակ է այդ հարցում Սիրիայի հետ ձեռք բերված փոխըմբռնումը։ Հանկարծ արաբների շրջանում սկսեցին ի հայտ գալ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների հետևյալ բնույթի գնահատականներ (չեմ բացառում, որ նույն թուրքական խաղն է)։ Իբր արաբական մեծ թվով հետազոտություններ Թել Ավիվի հետ Անկարայի հարաբերությունները համարում են ռազմավարական գործընկերություն։ Սակայն պարզվում է, որ ամենևին էլ այդպես չէ։ Արդեն երկար տարիներ նրանց հարաբերություններում փոխըմբռնում չկա։ Ավելին, թուրքերը (ղեկավար մակարդակում) ի դեմս Իսրայելի տեսնում են իրենց անվտանգությանն սպառնացող իրական վտանգ։ Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ Անկարան սևեռուն հետևում է հրեական պետության կողմից Իրաքում ցուցաբերվող ակտիվությանը, մասնավորապես, քրդական պետության ստեղծման գործին Իսրայելի քողարկված աջակցությանը։ Ընդ որում, հասարակ թուրքերն ավելի հաճախ են սկսել Իսրայելին նայել որպես պաղեստինյան ժողովրդի կեղեքիչների։ (Այս ամենին խիստ համահունչ է Գազայի արաբներին մարդասիրական օգնություն փոխադրող «Խաղաղության նավատորմի» վրա զինված հարձակումը և նրա կալանումն Իսրայելի իշխանությունների կողմից- խմբ.)։
Արաբները համարում են նաև, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության գալով Թուրքիայում ավարտվեց զինվորական հեղաշրջումների դարաշրջանը։ Վարչակարգը կայուն է, քանի որ, չնայած իսլամական հակումն իրատեսական է և՛ քաղաքականության, և՛ տնտեսության մեջ, հենվում է նույն հայացքներն ունեցող գործիչների վրա։ Այլ շահեր չկան։ Բացի այդ, պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում վարչակազմի կատարած բարեփոխումները սասանում են հին կոփվածքի զինվորականների ոտքի տակի հողը, որոնք գուցե և կցանկանային մեկ-մեկ «չարաճճիություն» անել, բայց, ավաղ, արդեն ի վիճակի չեն։ Իշխանության մեջ իսլամականների և աշխարհականների հակամարտության վերաբերյալ կարծիք կա, որ մինչ օրս էլ բախման հնարավորությունը չի վերացել, սակայն այդ գործընթացները հիմնականում տեղի կունենան օրենսդրական դաշտի շրջանակներում` առանց խաթարելու ներքին կայունությունը։
Կարծիք է հայտնվում (հարց է, թե ում հուշած), թե մոտ ապագայում մենք կդառնանք Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև ջրային պաշարների բաժանման խնդրի կարգավորման վկաներ։ Համարվում է, որ թուրքական նոր ղեկավարությունը հրաժարվել է նախորդների բախումնային մոտեցումից, որոնք կտրականապես դեմ էին ջուր ստանալու Բաղդադի և Դամասկոսի փորձերին, և հակվում է ջուր խմելու բոլորի իրավունքի ընդունմանը։
Արաբների շրջանում համոզմունք կա, որ նոր Անկարան արաբների և աֆրիկացիների հետ հարաբերությունների զարգացումը համարում է բացարձակ ճիշտ ուղի։ Ընդ որում, նրանց մի մասը կարծում է, թե թուրքերն ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Չինաստան բազմանկյան շահերի շրջանակում հավասարակշռության ներդաշնակ ու կշռադատված քաղաքականության կուրս են վերցրել։ Իսկ արաբների հետ, նրանց կարծիքով, գործընթացն սկսվել է 2003-ից` նպատակ ունենալով այդ սխեմայի մեջ ներգրավել ամբողջ Մերձավոր Արևելքը։ Հետո ծնվեց Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը գլխավորելու, Արաբական պետությունների լիգայում և Աֆրիկյան միությունում որպես դիտորդ ներկա գտնվելու ձգտումը։
Իհարկե, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում թուրք-սիրիական հարաբերությունները։ Սիրիայի արտգործնախարարությունում խորաթափանց տղաներն արդեն նշել են հետևյալ նվաճումները. այնտեղ հավատում են, որ Դամասկոսն Անկարային համոզել է, թե թուրքական պետության ազգային անվտանգությունը մեծապես կախված է սիրիական վարչակազմի կայունությունից։ Հաջողվել էր Անկարային որպես միջնորդ ներգրավել Թել Ավիվի հետ բանակցություններում, որտեղ, սակայն, ոչ մի առաջընթաց չկա։ Դա, իբր, թույլ է տվել ամրապնդել թուրք-սիրիական մերձեցման ռազմավարական բնույթը և հիմքեր ստեղծել Սիրիայի շրջափակումը ճեղքելու համար։ Այսպիսով, սիրիացիները կարողացել են այդ գործի մեջ (որ նախկինում ԱՄՆ-ը վարում էր բացարձակապես ի շահ Իսրայելի) ներքաշել տարածաշրջանի ազդեցիկ խաղացողի` ի դեմս Թուրքիայի, որն արդյունավետ կապեր ունի ԱՄՆ-ի, Իսրայելի, ԵՄ-ի հետ, ինչը, իբր, մեծացնում է Սիրիայի հնարավորություններն այդ գործում, իսկ եթե ոչ այդ, ապա այլ հարակից հարցերում հաջողության հասնելու համար, հարցեր, որոնք հուզում են վերը հիշատակված բոլոր կողմերին։ Բացի այդ, սիրիացիներն այս կերպ էապես կաշկանդել են հրեաներին, որոնք երկար ժամանակ հաջողությամբ թույլ չէին տալիս Թուրքիային մասնակցելու մերձավորարևելյան խնդիրների լուծմանը և նրան իրենց շարքերում էին պահում ընդդեմ արաբների։ Դամասկոսը սրանով կարողացել է խախտել ոչ իր օգտին եղած ուժերի հավասարակշռությունը և Անկարային համոզել է, որ սիրիա-իսրայելական բանակցություններին արդյունավետ մասնակցելու միջոցով Թուրքիան էապես կնպաստի Մերձավոր Արևելքի տարածքում դիրքերն ամրապնդելու իր իղձերի հաջող իրականացմանը։
Թուրքիան ձգտում է պատմության մեջ երկրորդ անգամ զավթարշավ իրականացնել Մերձավոր Արևելքում։ Սա չի կարող չշոշափել այնպիսի տերությունների շահերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։ Սա չի կարող չանհանգստացնել Եգիպտոսին, որն իրաքյան աղետից հետո չի կարող չհավակնել արաբական աշխարհի միակ առաջնորդի դերին։ Թուրքական գործոնը քչերից մեկն է քաղաքականության մեջ, որ կարող է Իրանին և Իսրայելին ստիպել միմյանց հանդեպ լինել հանդուրժող գոնե լռության ու մարտավարության նկատառումներով։ Թուրքիայի այդ քաղաքականությունն ըմբռնում չի գտնում իսլամական քաղաքական շրջանակներում, մտավորականության շրջանում։ Իրանն ու Սիրիան հիանալի հասկանում են, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակներից մեկը Իրան-Սիրիա-Լիբանան դաշինքի ստեղծման կանխումն է։ Թուրքիան ձգտում է դեպի հարավ, բայց նրան շատ դժվարություններ են սպասում։ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այն հարցին, թե այս իրավիճակում ինչ են մտադիր անելու տարածաշրջանի փոքր երկրները, պատասխանել է. «Սպասել ու համոզվել, որ շատ բաներ սովորական հուն են վերադառնալու»։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ