ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ՓՆՋԵՐ»

ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ՓՆՋԵՐ»
22.03.2011 | 00:00

«Աշխարհաքաղաքական հեռանկարներ» հասկացությունը խիստ տարակուսելի բառակապակցություն է, քանի որ աշխարհաքաղաքականությունը, որպես քաղաքական կատեգորիա, ունի տարբերիչ առանձնահատկություններ և իրենից ներկայացնում է համաքաղաքական գլոբալ գործընթացի մետաֆիզիկա։ Աշխարհաքաղաքականությունը, որպես կառավարման և տարածությունների վրա ազդեցության եղանակ, ոչ միայն խոշոր տերությունների շնորհն է, այլև նրանցից առաջատարները միայն կարող են հանդես գալ որպես համաշխարհային աշխարհաքաղաքականության սուբյեկտներ։ Անգամ բարձր զարգացած, հզոր տնտեսություն, արդիական և զգալի զինված ուժեր ունեցող խոշոր պետությունները, որոնք, այսպես թե այնպես, ազդեցություն են գործում համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության վրա, բայց հանդես չեն գալիս որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտներ, հիմքեր չունեն մտնելու ուժի համաշխարհային կենտրոնների «ակումբ»։ Չնայած տնտեսական հզորությանը, հազիվ թե կարելի լինի ժամանակակից Գերմանիան և Ճապոնիան համարել ուժի համաշխարհային կենտրոններ։ Այս իմաստով առայժմ ոչ մի հեռանկար չունեն համաշխարհային էկոնոմիկայի ու քաղաքականության նոր հսկաները, օրինակ, Բրազիլիան և նույնիսկ Հնդկաստանը։ Ավելին, Եվրոպական Միությունն այնքան անտարբեր է և այնքան անհետևողական արտաքին քաղաքականություն է վարում, որ խոսել ինչ-որ եվրոպական աշխարհաքաղաքականության մասին` ուղղակի ծիծաղելի կլիներ։ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնք շատ դիրքեր են կորցրել ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Եվրոպայի հարևան տարածաշրջաններում, կարող են հավակնել ինքնուրույն աշխարհաքաղաքականության առկայության, թեկուզ և սահմանափակ շրջանակներում։ Իսկ ահա այնպիսի մի պետություն, ինչպիսին Իրանն է, որ մեծ խնդիրներ ունի քաղաքականության և տնտեսության մեջ, փաստորեն, մեկուսացման մեջ է աշխարհում, անկասկած, ակտիվ աշխարհաքաղաքականություն է վարում և բառացիորեն իր հարևան բոլոր ընդարձակ տարածաշրջանների վրա ազդեցություն գործող աշխարհաքաղաքական սուբյեկտ է։ Թուրքիան հասկանում է, որ ինչքան էլ հաջողությամբ զարգանա իր տնտեսությունը, ինքը «քրոնիկապես» գտնվում է արմատական աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ, և կառավարող ցանկացած վարչակազմի գերխնդիրն է լինելու հաղթահարել այդ մեկուսացումն ու անվիճելի աշխարհաքաղաքական սուբյեկտի կարգավիճակ նվաճել։
Նախկին Խորհրդային Ռուսաստանն ուներ մի քանի նշանակալի քաղաքական ու պաշտպանական ռեզերվներ, որոնք, սակայն, քայքայված ու կազմալուծված էին։ Այդուամենայնիվ, այդ երկիրը շարունակում էր մնալ համաշխարհային աշխարհաքաղաքականության սուբյեկտ և ջանում էր իր մասին հիշեցնել տարբեր իրավիճակներում ու տարածաշրջանային խնդիրների առիթով։ Արևմտյան ընկերակցությունը, ներառյալ նաև Եվրոպայում Ռուսաստանի, այսպես կոչված, «ռազմավարական բարեկամները», միշտ փորձել է ոչ միայն թուլացնել նրան, այլև աշխարհաքաղաքական առումով մեկուսացնել, կասկածի տակ դնել նրա աշխարհաքաղաքական սուբյեկտ լինելու հանգամանքը, հասցնել Գերմանիայի ու Ճապոնիայի վիճակին։ Ռուսաստանը, որպես նախկին կայսրություն, շարունակում է գտնվել ոչ լավագույն տնտեսական և սոցիալ-քաղաքական դրության մեջ, նրա արտաքին քաղաքականությունը մեծապես կրում է «անկայուն» և «փորձառական» բնույթ, նա «պատեպատ է խփվում»` ձգտելով աշխարհում հայտնաբերել քիչ թե շատ հուսալի ու վստահելի դաշնակիցներ ու գործընկերներ, ստեղծել տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական բլոկ։ Տեսնելով, որ հույսեր չկան Արևմուտքում, Ռուսաստանը փորձեց գործընկերներ ձեռք բերել ի դեմս Չինաստանի և իսլամական խոշոր պետությունների, բայց պարզելով, որ դա իր քաղաքականության համար այնքան էլ անվտանգ վեկտոր չէ, նորից վերադարձավ Արևմուտք և նորից «բարեկամաբար պարզված» ձեռք չտեսավ։ Ներկայումս Ռուսաստանը ոչ մի հեռանկար չունի իր ազդեցությունը Հեռավոր Արևելքում տարածելու համար, որտեղ նա տարածքային քաղաքական խնդիր ունի Ճապոնիայի հետ, Հյուսիսային Կորեան չի կարող հանդես գալ որպես աշխարհաքաղաքական գործընկեր, իսկ տարբեր ուղղություններով Չինաստանի հարաճուն էքսպանսիան մոտ ապագայի համար Ռուսաստանին ոչ մի հույս չի թողնում որևէ ներկայություն ունենալու Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում։ Ընդհանուր առմամբ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանի դերը չի կարող մնալ ներկա ավելի քան համեստ մակարդակում։ Այստեղ Ռուսաստանը երկար ժամանակ և, ամենայն հավանականությամբ, ընդմիշտ կմնա խոր պաշտպանության դիրքում։ Այդ ընդարձակ շրջանը Չինաստանի ու ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ է, և ոչ ոք չի կարող այստեղ պատվավոր տեղ ունենալ։ Կովկասում, ավելի ճիշտ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ավելի ամուր են, բայց և բավական բարդ։ Ռուսաստանը դեռևս հեռու է Վրաստանի և Ադրբեջանի հետ ավելի վստահելի հարաբերություններ ունենալու պատրանքից, նրանք վաղուց և ամուր կերպով «պաշարվել են» ԱՄՆ-ի ու Եվրոպական ընկերակցության կողմից, երբ Թուրքիան և Իրանը, ինչ-որ չափով էլ արաբական պետությունները, փորձեր էին անում այստեղ ձեռք գցելու ավելի ուժեղ դիրքեր։ Չնայած ԱՄՆ-ի ուշադրությունը Հարավային Կովկասից անցել է Կենտրոնական Ասիային, Կովկասյան տարածաշրջանը մնում է սևեռուն ուշադրության շրջանակներում և դիտվում է որպես նրա և ատլանտյան համալիրի նշանակալի շահերի առարկա։ ԱՄՆ-ը սահմանափակել և ժամանակավորապես արգելակել է իր ներկայության ուժգնացումը Սև ծովում, բայց դրա համար հիմքեր վաղուց ստեղծված են, և այդ ուղղությամբ պլանները դարձյալ օրախնդիր են։ Ռուսական աշխարհաքաղաքականության արևմտյան ուղղությունը նույնպես ավելի քան խնդրահարույց է։ Ռուսներին չի հաջողվել համեմատաբար ամուր դիրքեր ստեղծել անգամ ՈՒկրաինայում և Բելառուսում, էլ չենք խոսում Բալկանների կամ Կենտրոնական Եվրոպայի մասին։ Այդ հսկայական ու բարդ տարածաշրջանը, չնայած Ռուսաստանի հետ սերտ կապերին, շարունակում է մնալ որպես գլխավոր խոչընդոտ նրա ազդեցության ընդլայնման ճանապարհին, կլանում է անչափ շատ տնտեսական ու քաղաքական ռեսուրսներ, լուրջ սպառնալիքների շատ օջախներ ունի։
Իր աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու և ծավալելու համար Ռուսաստանին գործընկերներ են պետք, որոնց բնորոշ լինեն ներդաշնակությունն ու հավակնությունները, որոնք որպես բազային հիմք կարողանային դիմակայել ԱՄՆ-ի և անգլոսաքսոնական բլոկի որոշակի նպատակներին, ունենային տնտեսական և ռազմաքաղաքական էական կարողություն, որոշակի ազդեցությամբ օժտված լինեին մի շարք տարածաշրջաններում և միջազգային քաղաքական կազմակերպություններում։ Արևմտյան ուղղությամբ Ռուսաստանը ձգտում է իրականացնել Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ մերձենալու ավանդական գաղափարը, որոնք, նրա պատկերացմամբ, հիմնական գործընկերներ են Եվրոպայում։ Ելնելով դրանից, Ռուսաստանը կառուցում է խոշորածավալ աշխարհատնտեսական, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր։ Գերմանիան ու Ֆրանսիան, անշուշտ, նույնպես շահագրգռված են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ընդ որում, ոչ միայն տնտեսական, այլև մասամբ աշխարհաքաղաքական նպատակով։ Գերմանիան խիստ շահագրգիռ է Կենտրոնաարևելյան և Հարավարևելյան Եվրոպայում ուժեղ արտաքին ազդեցություններից «զերծ» տնտեսական տարածության ստեղծմամբ, ինչը հնարավոր է և իմաստ կունենա Ռուսաստանի հետ համագործակցությամբ միայն, նպատակ ունենալով դիմակայել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որոնք առաջատար դիրքեր ունեն Բալթյան-սևծովյան տարածքում։ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում արդեն լուրջ նախադրյալներ են ստեղծվել դաշինքի կամ դաշինքի նշանակության բլոկի ձևավորման համար։ Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակում են պնդել, թե Ռուսաստանի հետ ոչ մի դաշինքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ դա առաջ կբերեր ոչ միայն լուրջ աղմուկ, այլև անդրատլանտյան հարաբերությունների որոշակի կազմալուծում։ Դրան զուգընթաց, այդ մեծ «եվրոպական եռյակը» ներկայացնում է հարաբերությունների մի մոդել, երբ ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից փոքր-ինչ կտրված հնարավոր են պարտավորեցնող աշխարհաքաղաքական «փնջեր»։ Այդ մոդելը լիովին կարող է տարածվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Ի՞նչ կարող է տալ Ռուսաստանին հարաբերությունների զարգացումը Թուրքիայի հետ, և ի՞նչ հեռանկար ունեն այդ ծրագրերը ռազմավարական նշանակության առումով։
Թուրքիան ոչ միայն քաղաքական մեկուսացման մեջ է միջազգային և աշխարհաքաղաքական ասպարեզում, այլև այդ մեկուսացումն ուժեղանում է և դառնում Արևմուտքի և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների մշտական քաղաքականություն։ Թուրքիայի մեկուսացմամբ շուտով, հնարավոր է, էապես շահագրգիռ կլինի նաև Չինաստանը։ Թուրքիան սկզբունքային առաջարկություններով ու նախաձեռնություններով դիմել է հարևան տարածաշրջանների շատ երկրների, բայց ոչ մի դրական պատասխան չի ստացել իր հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու հարցում նրանց պատրաստակամության առումով։ Ռազմավարությունների մասին շատ է խոսվում` տարբեր երկրների առնչությամբ, բայց խոսքը սոսկ հարաբերությունների սովորական զարգացման մասին է` այս կամ այն մարտավարական մոտեցմամբ կամ շահագրգռությամբ։ Ռուսաստանը Թուրքիայի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Անկարայում շատ լավ են հասկանում, որ Ռուսաստանը թուրք գործընկերոջ կարիքն ունի, ընդ որում` աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում։ Թուրքիայի հետ համագործակցությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն լայն առևտուր ծավալելու մերձակա վճարունակ պետության հետ։ Թուրքիայի հետ ձեռք բերելով սկզբունքային բնույթի պայմանավորվածություններ, Ռուսաստանը հույս ունի Պովոլժիեի և Հյուսիսային Կովկասի շրջաններում հարաբերական կայունության, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, ինչպես նաև Ղրիմում և Բալկաններում լարված ու թշնամական գործունեության բացակայության երաշխիքներ ստանալու։ Հարկ է նշել, որ այս բոլոր տարածաշրջանները ներկայացնում են բավականին բարդ խնդիրների մի ամբողջություն, ներառում են հակամարտությունների շատ օջախներ և կոշտ հակասություններ, և հուսալ, թե Թուրքիան ընդունակ կամ պատրաստ է այդ տարածաշրջանների հանդեպ բռնել շատ թե քիչ փոխզիջումային դիրք, և նրանից սպասել զիջումներ ու շատ խնդիրների ըմբռնում, անհնար է։ Թուրքիան այն բանի համար չի արմատապես փչացրել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, կասկածի տակ դրել իր միաբանությունը ՆԱՏՕ-ի հետ, որ հրաժարվի հավակնություններից և այդ տարածաշրջանների նկատմամբ նվաճողական նկրտումներից։ Թուրքիան շարունակում է լայն հետախուզական և քայքայիչ գործունեություն ծավալել Ռուսաստանի նկատմամբ, նրա տարածքում և այլ շրջաններում, և առայժմ ոչ մի հիմք չկա պնդելու, թե այդ աշխատանքը կդադարեցվի։ Թուրքիան բացահայտորեն հայտարարում է տարածաշրջանային քաղաքականության մեջ իր մտադրությունների, բոլոր հնարավոր ուղղություններով նվաճողական քաղաքականության իրականացման մասին։ Երբ Հյուսիսային Կովկասում և Ղրիմում արաբական խմբավորումների անհամաձայնեցված գործողությունները այս կամ այն չափով ճնշվեցին, պարզվեց, որ Թուրքիայի դիրքերն այդ խնդրառատ տարածաշրջաններում է՛լ ավելի են ամրապնդվել։ Փաստորեն, Ռուսաստանի հատուկ ծառայությունները երկրի շատ տարածքներ մաքրել են Արևմուտքի և Արևելքի ազդեցությունից, ինչը հանգեցրել է Թուրքիայի համար «կանաչ ճանապարհի» բացմանը։ Թուրքիան և Ռուսաստանը ստեղծում են կայսրություններ այդ բառի բուն իմաստով, և հովվերգական կամ անխռով գոյակցության հույսեր փայփայելը, երբ առկա են իրենցից անկախ բազմաթիվ գործոններ ու հանգամանքներ, միամտություն կլիներ։
Մոսկվայում բավական միարժեք կարծիքներ ու գնահատականներ են ձևավորվել Ռուսաստանի և Թուրքիայի կողմից նոր պայմանավորվածությունների ձեռքբերման առթիվ, որոնք ստորագրել են Դ. Մեդվեդևն ու Թ. Էրդողանը 2011 թ. մարտի 16-ին։
Ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները, պատկերավոր ասած, շնչահեղձ են լինում հաճույքից և այդ հաջողությունը գրանցում Ռուսաստանի ներկա նախագահի և ԱԳՆ-ի «ոսկե բագաժում»։ Իրոք, դա հաջողություն է, բայց միանգամայն կանխատեսելի և լավ սարքված հաջողություն, նկատի առնելով փաստաթղթերի ստորագրման սցենարի ու մեկնաբանման բուռն ընթացքը։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ԱԳՆ-ի փորձագիտական ընկերակցության, հետախուզական ընկերակցության մի ամբողջ շարք աշխատակիցներ և առանձին վերլուծաբաններ շատ հոռետեսորեն են վերաբերվում ռազմավարական ձևաչափով Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման հնարավորությանը։ Ռուսաստանն առայժմ արևմտյան գործընկերներին ցուցադրում է Թուրքիայի հետ «նոր» հարաբերություններ ձևավորելու իր ընդունակությունը, երկիր, որի շուրջ ավելի ու ավելի է տարածաշրջանային խարդավանք հյուսվում։ Տարբեր, ավելի առարկայական նախագծերը հասկանալի են, բայց գլխավոր խնդիրը, այսինքն` Ռուսաստանի աշխարհաքաղաքական ճեղքումը դեպի Մերձավոր Արևելք, հնարավոր է նաև դեպի Բալկաններ, մնում է չպարզված, և հազիվ թե փոքրիշատե իրատես փորձագետները կարողանային հուսալ, թե Թուրքիան կդառնա Ռուսաստանի գործընկերը տարածաշրջանում կատարվող տարանման ճեղքումներում։ Բանն անգամ այն չէ, որ Թուրքիան սկզբունքորեն շահագրգռված չէ տարածաշրջաններում Ռուսաստանի ուժեղացմամբ, նա ինքը նման հնարավորություն չունի, քանի որ մինչ օրս էլ հասկանալի չեն նրա սեփական տարածաշրջանային հեռանկարները։ Որոշակի իմաստով, Ռուսաստանի և Թուրքիայի արդի հարաբերությունները կարելի է պատկերավոր ներկայացնել այսպես` «սոսկ հանդիպեցին երկու մենություն»։ Իհարկե, սա չափազանցված պատկեր է, բայց, համենայն դեպս, Ռուսաստանը չի կարող չհասկանալ Թուրքիայի հնարավորությունների սահմանափակությունը որպես տարածաշրջանային գործընկերոջ, էլ չենք խոսում նվաճողական պետության նրա դերի մասին։
Ռուսաստանը ձգտում է օգտվել Թուրքիայի հետ գործընկերությունից, նախ և առաջ ԱՄՆ-ին Սև ծով-կովկասյան և այլ տարածաշրջաններից դուրս մղելու գործում, և վերջին տարիների իրադարձությունները վկայում են, որ Թուրքիան կարող է հանդես գալ որպես այդպիսի գործընկեր, քանի որ ԱՄՆ-ի շահերը լուրջ հակասության մեջ են թուրքական արմատական շահերի հետ։ ՈՒստի Ռուսաստանի ու Թուրքիայի ցանկացած մերձեցում սպառնալիք է տարածաշրջանային շատ երկրների, առաջին հերթին Հայաստանի ազգային շահերին, որը հերթական աղետի եզրին կհայտնվի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Սև ծովում և Կովկասում իր դերակատարումից, իսկ տարածաշրջանի պետությունները, նախ և առաջ Իրանը և բալկանյան երկրները, նախընտրեն քաղաքականության մեջ ակտիվ դիրքորոշում չդրսևորել։ Մոսկվայում իր արտասանած ճառում Էրդողանը նշեց Կովկասն ու Բալկանները` որպես Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության և կոոպերացիայի բաժանարար գոտիներ, ինչը տարածաշրջանների համար շատ վտանգավոր հեռանկարի նախադրյալ է։ Դեռ չէին հասցրել ռուսներն ու թուրքերը հայտարարել «ռազմավարական համագործակցության» մասին, Հայաստանը հասկացավ, որ իրեն սպասում է իր շահերի դաժան ոտնահարման ժամանակաշրջան։ Մնում է պաշտպանել սեփական դիրքերը` սպասելով ռուս-թուրքական հերթական նախագծի ձախողմանը, իսկ որ այն կձախողվի, կասկածից վեր է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ