ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆՈՐՈԳ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՉԱՐԻՔԸ

ՆՈՐՈԳ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՉԱՐԻՔԸ
01.03.2011 | 00:00

Խաղաղ, բարեկեցիկ ու ազատ ստեղծագործական կյանքով ապրելու իրավունք տրված է բոլոր ազգերին` անկախ կրոնական կամ ռասայական պատկանելությունից: Եթե սերունդներին ժառանգաբար չի փոխանցվում այդ իրավունքը, ապա նրանք անընդհատ պայքարում են այն ձեռք բերելու համար: Ապրել աշխատելու, ստեղծագործելու, սիրելու համար. սա է մարդկության արդարացված ու անբեկանելի պահանջը քաղաքակիրթ աշխարհից: Հայրենիքից բռնազատված, հարազատ հողում ազգային փոքրամասնության կարգավիճակում հայտնված Ջավախքն այս օրերին ընկրկում է իր պայքարից ու հայտնվում ժամանակի առաջադրած սպառնալի իրադարձությունների հորձանուտում:
Համահայկական թողտվության պատճառով Ջավախքը, ճակատագրի հեգնանքին դատապարտված, օտարվում է արմատներից, կորցնում ազգային նկարագիրը: «Քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ անցյալի հուշերով ապրող հասարակության և հոգևոր, մշակութային կյանք ասվածի միջև գոյացած վիհն ահագնանում է, վերածվում անդունդի: Հայրենի հողում ինքնադրսևորումը բացառվում է, (վրա՞ց) իշխանական նոր վարչակարգը, գերակա դարձնելով սահմանադրությունը, ամեն ինչ անում է երկրում միջազգային իրավունքն ազգային փոքրամասնություններին անհասանելի դարձնելու համար: Իրավիճակ, որտեղ հանդուրժողները բռնել են «ինքնակործանման», չհանդուրժողները` արտագաղթի ճանապարհը: Իսկ թե ի՛նչ նպատակով են Վրաստանի պետական նշանակության բոլոր ճանապարհները հիմնովին նորոգվում, արդեն պարզ է…
Ճանապարհաշինարարությո՜ւն. ակամա հիշեցի Պաուլ Ռորբախին (1), նրա «Բաղդադի երկաթուղի» աշխատությունը. որքա՜ն նմանություն և զազրելի ընդհանրություն կա նրա ու վրաց իշխանավորների դիվային ծրագրերի միջև: Առկա է միայն մի տարբերություն` վերջիններս «բավականին քաղաքակիրթ են». առանց արյունահեղության, մարդկային մեծաթիվ զոհերի ճանապարհ են «հարթում» երկրի էթնիկ բնակիչներից ձերբազատվելու համար: Դիվանագիտական զգուշավորությամբ, սորոսյան միջոցները չխնայելով, վրաց իշխանությունը «Ջավախքն առանց հայերի» ծրագրի խոչընդոտներն է «հարթում»: Գլխագիր նպատակը վրացերենը հայերենի կոկորդում խցկելն էր: Դա նրանց հաջողվեց: Մյուսը` հանդուրժողներին հասարակությունից «յուրովի մեկուսացնելը», մնացածներին` չհանդուրժողներին, երկրից հեռացնելը: Անցյալ տարի մեկնարկեցին և մինչև ուշ աշուն «միջպետական բարեկարգ ճանապարհներ» անվան տակ նորոգվում էին Վրաստանի սահմանամերձ ճանապարհները, որոնց անմիջական մասնակիցն ու կրողը Ջավախքն էր: Եթե ոչ շնորհակալ լինելու, ապա դժգոհելու առիթ թերևս չպետք է ունենանք` հիշելով Ջավախքը Հայաստանին, Ախալքալաքը Ախալցխային կապող անմխիթար ու անբարեկարգ մայրուղիները: Շինարարական կազմակերպությունները, կառավարության հանձնարարությամբ, տեղաբնակ հայերի հավանական դժգոհության ալիքը կանխելու համար, ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավեցին միայն բեռնատար մեքենաներ ունեցող հայերին: Այլ ելք չէր մնում` աշխատել վրացիների, հույների և Թուրքիայից բերված (Սամսուն) թուրքերի հետ, քանի որ չնչին վարձավճարով աշխատանքն անգամ ձեռքբերում է: Չունենալով արդյունաբերական, գիտատեխնիկական ձեռնարկություններ` Ջավախքի հույսը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն էր, որոնք վերջին տասնամյակներին այդպես էլ չունեցան զարգացման հեռանկարներ խոստացող ներդրումային ծրագրեր: Եկամտի հուսալի աղբյուր շարունակում է մնալ ռուսաստանաբնակ ազգականների օգնությունը, քանի որ սեփական միջոցներով անկարելի է դիմակայել կենսապահովման նվազագույն խնդիրներին: Ռուսաստանում աշխատանք ձեռք բերելը դարձել է անկատար երազ, իսկ Վրաստանում ղեկավար պաշտոնը ցմահ անհասանելի է ջավախքցու համար, բացառությամբ, եթե ազգանունը փոխում է` ազգանվան մեջ իսպառ բացառելով հայկական արմատը:
«Միջպետական» անվանում ստացած բարեկարգ ճանապարհները «ծառայեցին» իրենց նպատակին: Նորոգ ճանապարհների չարիքը սարերի հետևում չէր, իրեն սպասել չտվեց. աշնանն արդեն արդյունքն ակնհայտ էր` թուրքերի աննախադեպ շարժ նկատվեց Ջավախքում: Ո՞վ է հիշում, թե վերջին անգամ երբ են նրանք այստեղ երևացել: Թուրքիայից թուրք առևտրականներն ազատ, անկաշկանդ ելք ու մուտք են անում հայաշատ քաղաքներում ու գյուղերում, լեզվական խնդիրը` հայերեն չիմանալը, հաղթահարում են սակարկման թվերը թղթին գրելով: Թուրքիայից Ջավախքին «մատակարարվում» է հագուստ, տնտեսական արտադրության անհրաժեշտ ապրանքներ, իսկ Ադրբեջանից` սննդամթերք, որի որակի, պիտանիության ժամկետի մասին խոսելն անիմաստ է: Անորակ սննդի օգտագործման արդյունքում ի հայտ են գալիս նորանոր հիվանդություններ, որոնց ախտորոշումը բարդ է, բուժումը` թանկ (2):
Վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնվել է` Ադրբեջանը թմրաբիզնեսի տարանցիկ երկիր է: Փաստի վերահաստատումը թարմ է և այլևս` ոչ պետական գաղտնիք (3): Վրաստանի տնտեսական, քաղաքական հարաբերությունները Ադրբեջանի հետ գնահատվում են բավարար և «կառուցողական»: Վերջինիս «հրամցրած բարիքներից» անվերապահորեն օգտվում են մայրաքաղաք Թբիլիսիում, հարակից շրջաններում, քաղաքներում ու գյուղերում, թմրանյութի օգտագործումը երկրում տարածական ընդգրկում է ստանում: Նորոգ ճանապարհների չարիքը չուշացավ. թմրանյութը Ջավախք էլ հասավ: Մարդկային կամքին, բանականությանը բռնացող մեծագույն չարիքը, որ բառացիորեն, բոլոր առումներով, կործանում է մարդուն, դժբախտաբար, չշրջանցեց հայ երիտասարդներին: Մի բան, որ երբևէ չէր եղել: Սա մեծագույն ողբերգություն է Ջավախքի համար, որն ստվերում է մոնղոլ-թաթարների, սելջուկ թուրքերի ավերն ու բռնությունը, վրաց-թուրքական, վրաց-ռուսական պատերազմները, սովն ու համաճարակը: Մի՞թե սա Ջավախքի հայաթափման, «հայասպանման»` ազգային գենոֆոնդի խեղման ծրագրի մի մասը չէ: Իրավիճակ, որը հանդուրժողները բռնել են աշխատանք ու զբաղմունք չունենալու, անհանցանք ինքնադատաստանի` «ինքնակործանման» ճանապարհը:
Իսկ մե՞նք: Մենք շա՜տ ուշացանք…
Ճանապարհների նորոգումը Ջավախքի հայաթափման վերջի սկիզբն է. մայրենիից, մշակույթից, ազգային ավանդույթից, արվեստից, գիտությունից կտրելը ի՞նչ է ջավախքցու համար, եթե ոչ մշակութասպանություն` մահ: Աղջիկ փախցնելու դարավոր ավանդույթը փորձանք է դառնում ավանդապահ հայի համար. անհամաձայնության դեպքում տղայի հարազատները պարտավորվում են 2500 լարի տուգանք մուծել, իսկ սիրահարված ու մերժված պատանուն սպասում է հինգ տարվա ազատազրկում: Ջավախքի հայրենասեր ու կենսախինդ երիտասարդները հայտնվում են իրավապահների խիստ հսկողության ներքո, անհեթեթ մեղադրանքով անգամ կարող են գյուղի մեջտեղում (Ծալկայի գյուղերից մեկում), օրը ցերեկով ծեծել իրենց ընդդիմացող հայ երիտասարդին, ապա կիսամեռ թողնել գյուղի մեջտեղում և 7000 դո-լար պահանջել նրա հարազատներից կիսակենդան երիտասարդին իրավապահ մարմիններին չհանձնելու համար։ Չհանդուրժողները բռնում են արտագաղթի ճանապարհը:
Մենք նրանց ի՞նչ իրավունքով հետ դարձնենք:
Օրերս Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան հայտարարեց, թե պատրաստվում են Թուրքիային թույլատրել մզկիթ կառուցել Բաթումի քաղաքում, ևս մեկ թուրքական մզկիթ էլ բնիկ հայկական Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայում: Ժամեր անց իր ծանրակշիռ և հիմնավոր դժգոհությունը հայտնեց վրաց պատրիարքը: Հայաստանի պետական պատկան մարմիններից, անգամ Մայր աթոռի մամլո դիվանից մի ծպտուն դուրս չելավ, բացառությամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և ծագումով ջավախքցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի և Ազգային նոր պահպանողական շարժման, որը 27 հասարակական կազմակերպությունների անունից իր զայրույթն արտահայտեց վրաց իշխանություններին:
Եթե անգամ վրաց-թուրքական բանավոր համաձայնությունն իրականություն չդառնա (4), դա Հայաստանի արձագանքը ստուգելու աննշան փորձ էր: Իսկ մե՞նք: Մենք քարի պես լուռ էինք, բերդի պես` անառիկ, մեր զգացմունքները` անխոցելի: Չգործած մեղքի ու հանցանքի համար ջավախքցին արժանի չէ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից այս աստիճանի արհամարհական անտեսման:
Հարյուրամյակների ընթացքում արդար քրտինքով վաստակած ջավախքցու արժանապատիվ վեհությունը, կերտած փառահեղ անցյալը, ի դեմս մտավորականների ու արվեստագետների աստղաբույլի, ստեղծած լուսեղեն գոհարները, այն ամենը, ինչը հայկական է, Թուրքիա-Ջավախք-Վրաստան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհին ոտնատակ ու ոտնակոխ են լինելու: Մնում է հուսալ, որ իրականություն չի դառնա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կործանարար նախագիծը. դա կլինի «Բաղդադի երկաթուղու» վերջին կայարանը:
Նորոգ ճանապարհների չարիքը հղի է նոր սպառնալիքներով. թույլ չտանք, որ Ջավախքը դառնա մի նոր Նախիջևան։
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ
«ՈՒխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր


Ծանոթագրություններ
1. Ռորբախ Պաուլ, գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններ՝ նվիրված Մերձավոր Արևելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արևմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր և Միջին Արևելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա, ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես էլ Միջագետքին» («ԹՏռվՈ Ռ չպՐՎՈվրՍՈ տՏսՌՑՌՍՈ», 1915, ր.63): Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե՛ քաղաքական և թե՛ ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը, հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, էջ 62): Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ էր Արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին, իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախն առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ: Տե՛ս «ՈՒխտ Արարատի», թիվ 3(14), էջ 18:
Մեկ դար անց Ռորբախի մասամբ չիրականացված ծրագրին նորից ընթացք է տրվում. այս անգամ վրացական գործոնի միջոցով, թիրախ է ընտրված Ջավախքը:
2. Հայաստանյան բուժհաստատություններ դիմող ջավախքցիներն ընդունվում են որպես օտարերկրյա քաղաքացիներ, նրանց բուժօգնությունը, բուժզննումը և բուժումը, Հայաստանի քաղաքացիների համեմատ, կատարվում է կրկնակի արժեքով, այնքան թանկ է, որքան Վրաստանում: Մինչդեռ, նկատի ունենալով Ջավախքի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ՀՀ կառավարությունը համապատասխան հանձնարարական պետք է տա ՀՀ առողջապահության նախարարությանը, որ ջավախքցիները ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներով բուժում ստանան: Քանի որ հարցի լուծումն օրենքի ուժ չունի Հայաստանում, ապա Ազգային ժողովի հերթական նիստերից մեկում պետք է խնդիրը բարձրաձայնել և պահանջել, որ այն ամենասեղմ ժամանակում օրենքի ուժ ստանա և դառնա կիրառելի պետական բոլոր բուժհաստատություններում:
3. Օրերս դա վերահաստատեցին միջազգային կառույցներն ու կազմակերպությունները` Թմրանյութերի վերահսկողության ՄԱԿ-ի միջազգային կոմիտեն, Մաքսային միջազգային կազմակերպությունները, որոնք վերահաստատեց Wikileaks-ը:
4. Գիտենալով, թե որքան աստվածասեր ու աստվածապաշտ է վրաց ժողովուրդը, համոզված եմ` պատրիարք Իլիա Երկրորդը, թիկունքում ունենալով միլիոնավոր հավատացյալների աջակցությունն ու զորակցությունը, դա թույլ չի տա

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ