ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԲԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԲԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ
06.05.2011 | 00:00

Օրերս Վարշավայում տեղի ունեցավ «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ի հերթական նիստը, որն այս անգամ հիմնականում նվիրված էր ԵՄ-ՌԴ հարաբերություններին, էներգետիկ հարցերին:
Ըստ տեղեկատվության, ֆորումն անցել է Ռուսաստանի համար բարյացակամ մթնոլորտում, քանի որ չեն քննարկվել նավթի ու գազի խողովակաշարերի անցկացման այնպիսի նախագծեր, որոնք շրջանցում են Ռուսաստանը: Փոխարենը, հայտարարվել է այն մասին, որ ադրբեջանական նավթի ու գազի ծավալներն այնքան անբավարար են, որ Եվրոպայի համար նոր խողովակաշար անցկացնելը դառնում է ոչ շահավետ քայլ:
Քննարկումը, սակայն, միայն տնտեսական հարցերի շրջանակով չի սահմանափակվել, այլ տեղափոխվել է քաղաքական հարթություն, ներառելով, մասնավորապես, տարածաշրջանային հակամարտություններն ու դրանց կարգավորման գործընթացները:
Կրքերը սրվել են, երբ եվրոպական փորձագետները Կոսովոյի անկախության ֆոնի վրա Ռուսաստանին «խորհուրդ» են տվել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից: Վերջիններս, որոնք ավանդույթի ուժով փորձել են հերթական «ժողովրդավարության դասերը» տալ ռուս փորձագետներին, լուրջ հակազդեցության են արժանացել:
Քննարկման ժամանակ չի շրջանցվել նաև արցախյան հիմնախնդիրը: Եվրոպացի փորձագետներն այս հարցում ևս, ի ցույց դնելով իրենց, մեղմ ասած, անտեղյակությունը, կարծիք են հայտնել, թե արցախյան խնդիրը շատ արագ կլուծվի, եթե Ռուսաստանը Հայաստանից դուրս բերի իր ռազմական բազաները: Հայկական կողմից ֆորումի աշխատանքներին մասնակից ԵՀՄՖ-ի (Եվրոպայի հայկական միությունների ֆորում) ղեկավար Աշոտ Գրիգորյանը, ի պատասխան եվրոպացի փորձագետների, հայտարարել է. «Եթե Արցախի հարցի լուծում ասելով հասկանում եք Արցախի ընդգրկում Ադրբեջանի կազմի մեջ, ապա տեղեկացնեմ ձեզ, որ դա ամենևին կախված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵՄ-ի և կամ որևէ այլ երկրի կամքից»։ Նաև հավելել է. «Այցելեք Արցախ և կհասկանաք ձեր հարցադրման անհեթեթությունը, ավելին` մոռացեք նաև Ադրբեջանին ազատագրված տարածքներից թեկուզ մեկի վերադարձի մասին` առանց Արցախի Հանրապետության անկախության ճանաչման: Կոսովոյի անկախությունն ընդունելուց հետո Արցախի անկախության հարցը լուծված պետք է համարել: Քանի որ վերոհիշյալ հարցերի շուրջ չեն կարող գործել եվրոպական տարբեր ստանդարտներ»:
Խոսվել է նաև տարածաշրջան խաղաղապահ զորքեր մտցնելու մասին, բայց այս կարծիքները ևս հակադարձվել են այն փաստով, որ հակամարտության երեք կողմերն ու տարածաշրջանային երկրները, հատկապես, Իրանը, դեմ են այդ քայլին:
Ադրբեջանական կողմից ֆորումի աշխատանքների մասնակից, Միլի մեջլիսի պատգամավոր, «Դեմոկրատական ռեֆորմներ» կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն փորձել է եվրոպացիների աչքին Ադրբեջանը ներկայացնել իբրև տարբեր ժողովուրդների մշակութային արժեքները «պահպանող ու գնահատող քաղաքակիրթ» մի երկիր, հայտարարելով, թե իր երկիրը վերանորոգել է մի շարք սինագոգներ, կաթոլիկ եկեղեցին, նաև Բաքվի հայկական եկեղեցին: Չի ուշացել, սակայն, հայկական պատվիրակության ղեկավարի հիշեցում- հարցադրումը` իսկ ո՞ւր անհետացան հայկական մնացյալ եկեղեցիները, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով վերացվեցին Ջուղայի հազարամյա գերեզմանոցի հայկական խաչքարերը (Նախիջևան):
Հարցից անակնկալի եկած ադրբեջանցի պատգամավորը նախ կրկնել է ադրբեջանական կեղծարարության հորինովի թեզերից մեկը, թե Ջուղայի խաչքարերը հայկական չեն եղել, այլ աղվանական, այնուհետև, գլխի ընկնելով, որ ասածն անհեթեթություն է, կմկմացել ու վրա է բերել, թե` ամեն դեպքում լավ չեն արել, որ ոչնչացրել են: Դրան հաջորդել է Մոլազադեի մյուս անհեթեթությունը, թե հայերն էլ ոչնչացրել են բոլոր ադրբեջանական մզկիթներն Արցախում: (Հիշեցնենք, որ իսլամական հուշարձանների ոչնչացման մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ, նախ, թե՛ Արցախում, թե՛ հարակից տարածքներում իսլամական պատմամշակութային արժեքները պահպանված են։ Բացի այդ, դրանք հիմնականում թուրքմենական և պարսկական ծագում ունեն, մինչդեռ ադրբեջանցիներն իսլամական մշակույթի բոլոր կոթողները փորձում են վերագրել իրենց: Ինչ վերաբերում է ադրբեջանականին, ապա դրանք շատ փոքր թիվ են կազմում և վերագրվում են 20-րդ դարասկզբին։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ, Արցախում և հարակից տարածքներում գտնվող իսլամական հուշարձանները նաև հայկական մշակույթի հարստություններ են, քանի որ դրանք հիմնականում ստեղծել են հայ շինարարները` հայկական ճարտարապետության փորձի հիման վրա- Ա. Ս.):
Անտեսելով ադրբեջանցի պատգամավորի անհեթեթությունները, հայկական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Ջուղայում ոչնչացվել են համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող արվեստի եզակի նմուշներ, ինչն արվել է հատուկ նպատակով` մշակութային ցեղասպանության իրականացմամբ վերացնելու հայկական հետքերը Նախիջևանում և Ադրբեջանում: Բացի այդ, Աշոտ Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ Ադրբեջանին հաջողվել է կասեցնել վերոհիշյալ փաստի ուսումնասիրման նպատակով եվրոպական հանձնաժողովականների այցը տարածաշրջան. «Ադրբեջանը խաբել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և խոչընդոտել պատվիրակության այցը Նախիջևան»:
Ֆորումի ավարտին հայկական պատվիրակության ղեկավարը հայտարարել է. «ԵՀՄՖ-ն պահանջում է «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ից Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստի շուրջ քննարկում կազմակերպել ֆորումի 21-րդ նստաշրջանում, և նպաստել մասնագետների հանձնախմբի այցելությանը Նախիջևան»:
Հիշեցնենք, որ ֆորումի 21-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Կրինիցայում` 2011-ի սեպտեմբերին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ