Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՍՈԽԸ ՍԽՏՈՐԻՑ ՔԱՂՑՐ ՉԷ»

«ՍՈԽԸ ՍԽՏՈՐԻՑ ՔԱՂՑՐ ՉԷ»
20.12.2011 | 00:00

Այն հայտնի իմաստախոսությունը, թե ճիշտ ժամանակին հակառակ կողմն անցնելը ոչ թե դավաճանություն է, այլ իմաստուն կանխատեսում, Ադրբեջանում խիստ օրախնդիր է դարձել երկրի քաղաքական և տնտեսական վերնախավի շատ ներկայացուցիչների համար։ Չէ՞ որ այստեղ լուրջ պայքար է ծավալվել զորեղ կլանների միջև, սակայն առայժմ ամենևին պարզ չէ, թե ով կհաղթի «տիտանների գոտեմարտում»։ Այնպես որ, շատ հավանական է, մոտ ժամանակներս մեր հարևանները հավակնոտ արտքաղաքական պահանջների սիրտ չունենան, բանակը Հայաստանի և Ղարաբաղի սահմանագլխին սադրանքներ գործելու ժամանակ չունենա, որ ներքաղաքական համակարգում սկսվեն ամենալուրջ խմորումներ, իսկ ժողովուրդն ավելի ու ավելի անճար խարխափի միջնադարյան ավատատիրության «անհույս խավարում»։ Չէ՞ որ վաղուց արդեն աշխարհի լրատվամիջոցները լուրեր են տարածում, որ Ադրբեջանի «տնտեսական հրաշքը», որով մեզ մի գլուխ ահաբեկում էին, շատ հեռու է իրականություն լինելուց, որ գանձագողությունն ու ալան-թալանն Ադրբեջանում միլիարդավոր դոլարների են հասնում, և միջազգային իրավական կազմակերպությունները նույնիսկ կիրառության մեջ են դրել «ազերգեյթ» անպատվաբեր տերմինը, իսկ Ադրբեջանի առաջին պաշտոնատար անձանց կաշառքներ տալու մեղադրանքով տարբեր երկրներում մեղադրյալի աթոռին են հայտնվել օտարերկրյա գործարարներ։ Եվ որպես հետևանք` միջազգային ֆինանսական կառույցների այն հիմնական հետևությունը, թե նավթային «խրախճանքն» Ադրբեջանում, որը գրեթե կրկնապատկել է երկրի ՀՆԱ-ն, չի խանգարել ինֆլյացիայի աճին, էներգակիրների թանկացմանը, բոլոր ապրանքատեսակների ու սպասարկումների գների բարձրացմանը։ Միաժամանակ դանդաղել են տնտեսության մեջ օտար-երկրյա ներդրումների աճի տեմպերը։ Նշվում է, որ բավական բարդ է մնում սոցիալական իրադրությունը, հատկապես փոքր քաղաքներում ու գյուղական վայրերում։ Թեև Իլհամ Ալիևը շարունակ հայտարարում է, թե վերջին չորս տարում աղքատության մակարդակը 49 տոկոսից իջել է 16 տոկոսի, այդուամենայնիվ, երկրում կենսամակարդակն անկում է ապրում, նկատվում է հասարակության հրեշավոր շերտավորում։ (Այսօր Ադրբեջանում միլիցիոների միջին աշխատավարձը յոթ անգամ բարձր է պրոֆեսորի աշխատավարձից։ Եվ նման ընտանիքների ողբալի վիճակի առհավատչյան ադրբեջանցի մտավորականի բաց նամակն է նախագահի տիկնոջը, ուր կարելի է հանդիպել հուսահատի հոգու այսպիսի ճիչերի. «Պատեպատ եմ խփվում «լինել-չլինելու» միջև։ Մտածում եմ ինքնասպանության մասին։ Կրճատելով թոշակս, պետությունը եկամո՞ւտ է ստանում։ Միգուցե սկսեք մեր մասին էլ մտածել»)։ Եվ ինչն է ամենագլխավորը` ԱՄՀ-ի կարծիքով, կոռուպցիան համակել է իշխանական բոլոր կառույցները և սպառնում է ազգային անվտանգությանը, իսկ իրավիճակը մոտ է սոցիալական պայթյունին։
Եվ հենց այստեղ ուշադրություն դարձնենք, որ դեռ վերջերս «նավթի բուրմունքով» արբեցած աշխարհում չէին ուզում նկատել ո՛չ այն, որ Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առաջին երկիրն է, ուր տեղի ունեցավ իշխանության ընտանեկան փոխանցում, ո՛չ էլ այն, որ «միապետությունը», ընդ որում, ասիական, թելադրում է իր կանոններն ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական ոլորտում։ Բացի այդ, Բաքվում սահմանել են «ազգային առանձնահատկության» ևս մեկ յուրօրինակ ռեկորդ` երկրի խորհրդարանի ընտրություններին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությունը, և՛ այն, որ «վսեմափայլ տիկնոջ» դեմ ոչ մի այլ թեկնածու առաջադրված չէ, և որ նրա հարյուրտոկոսանոց ընտրությունը, փաստորեն, ապահովված է։ Ապա հաջորդում է արևելյան բռնապետության կանոններով իրոք մի տրագիկոմեդիա` շռայլ պարգևավճարների դիմաց ամբողջ աշխարհում «մեծ ու հզոր» Հեյդար Ալիևի արձանների արդեն սովորական դարձած տեղադրումների հետ, դեռևս կյանքի օրոք նույն բախտին արժանանում է նաև նրա հարսը։ Այսպես, կանադական Նիագարա-օն-տե-Լեյկ փոքրիկ բնակավայրում տեղադրվել է մի արտասովոր կոմպոզիցիա` «աստվածային մուսա» պատկերող Մեհրիբան Ալիևայի քանդակով։ Հասկանալի է, որ այդ նահանգի բնակիչները ոչ մի պատկերացում չունեն ո՛չ «չքնաղ ու հպարտ» Բաքվի, ո՛չ հենց Ալիևների կլանի մասին։ Այդ «գլուխգործոցի» հայտնությունը հերթական «քյալլագյոզությունն» է` դրանց անունն աշխարհով մեկ հավերժացնելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների շրջանակներում։
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մինչև երկրի նախագահի ընտրությունները երկու տարուց պակաս մնացած չլիներ, և եթե չլիներ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի շուրջ բարձրացած իրարանցումը, որտեղ նա հայտարարել է, թե դեռ չի որոշել` գալիք նախագահական ընտրություններում քվեարկվելո՞ւ է, թե՞ ոչ։ Հետևեցին այն ենթադրությունները, թե ընտանիքն ուզում է իշխանությունը պահպանել նախագահի աթոռը Մեհրիբան Ալիևին փոխանցելու միջոցով։ Ապա հետևեց նախագահին «նախիջևանյան կլանի» վերջնագիրը` «անպայման մասնակցել ընտրություններին, այլապես...»։ Ադրբեջանում շարունակվում են այն խոսակցությունները, թե Իլհամը վաղուց արդեն լուրջ տարաձայնություններ ունի քրոջ և ամբողջ տոհմի հետ։ Իսկ հիմնական չարիքի արմատն այն է, որ նախագահի տիկնոջ օրիորդական ազգանունը Փաշաևա է, և վաղուց են խոսակցություններ պտտվում, թե Փաշաևների կլանն Ադրբեջանի իշխանությանը տիրանալու ցանկություն ունի։
Փորձենք պատկերել իրադրությունը։ Զուտ Ալիևների կլանը, թրքական «Հուրիեթ» թերթի տվյալներով, որին դժվար է կասկածել Ալիևների հանդեպ կանխակարծության մեջ, կառավարման ընդամենը մի քանի տարում պետական գանձարանից իր օգտին իրացրել է ավելի քան երեք մլրդ դոլար։ Իլհամ Ալիևին պատկանող կարողությունն ու անշարժ գույքը գնահատվում են 35 մլրդ դոլար։ Նրա քրոջ անձնական կարողությունը 13 մլրդ դոլար է, իսկ մադամի կրած միայն ադամանդե զարդերը ինչպես գրում են, հինգ միլիոն դոլար արժեն։ Նրանցից համարյա հետ չեն մնում «Նախիջևանի կլանի» մեջ մտնող համերկրացիները։ Հիմնականում ընդդիմադիր կեցվածքի վերլուծաբանների գնահատականներում լայնորեն տարածված է այն տեսակետը, թե երկրի ամենահարուստ մարդիկ, ըստ էության, առայժմ միայն «Ալիևների կլանի» անդամներն են։ Սակայն «նախիջևանցիների» հետ հավասար իրավունքներով որդի Ալիևի օրոք ծավալվել է առաջին տիկնոջ ընտանիքը` «Փաշաևների կլանը»։ Ավելին, այս գործարար տիկնոջ նպատակասլացության շնորհիվ (ոչ մի նավթադոլար» չի «պլստում» նրա ճարպիկ մատներից) տեղի է ունեցել հին «ալիևյան գվարդիայի» ազդեցության ոլորտների վերաբաժանում։ Մի քանի ավելի վտանգավորները հայտնվել են ճաղերի հետևում։ Ավելին, անգամ նախագահի քույրը` Սևիլը, զրկված էր Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա ներգործելու հնարավորությունից։ Սակայն միայն նավթը չէ ընտանիքի եկամուտների աղբյուրը։ Դրանք գալիս են ադրբեջանական ամբողջ տնտեսությունից` բամբակ, սպիրտ, թառափ, սև խավիար, մետաղ, ծխախոտ, գյուղատնտեսություն։ «Ընտանիքը» սոսկ ողորմածաբար է ձեռնասուն գործարարներին թույլ տալիս փողեր «ֆռացնել», իսկ եկամուտի մեծ մասը մասհանվում է կլանին։ Ընդ որում, «նախանձ մարդիկ» ասում են, թե նախագահը թուլություն ունի կանանց և թղթախաղի հանդեպ, իսկ նրա գեղեցկուհի կինը` անզուսպ ճոխության։ 200 000-դոլարանոց ծխախոտատուփի գնման հետ կապված աղմկոտ պատմությունը, որ ներկայացրել էին թրքական լրատվամիջոցները, դեռ ամենախոսուն օրինակը չէ։ Տարբեր լրատվամիջոցների թղթակիցներն արդեն հաշվել են աշխարհի տարբեր խաղատներում Կրտսեր Ալիևի տանուլ տված փողերը, որոնք կազմել են աստղաբաշխական մի գումար` մոտ 11 մլն դոլար։ Պարզվում է` Ալիևների «գլխավոր գանձապահը» Ադրբեջանի պաշտպանության ներկա նախարար Սաֆար Աբիևն է, որը քաջ հայտնի է ոչ միայն որպես Աղդամի ճակատից փախած մեկը, այլև որպես նոր պատերազմի գլխավոր «ճուռակ» և «կռկռան ագռավ»։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ադրբեջանցիների 45-60 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնել, միայն Ռուսաստանում Ադրբեջանի ավելի քան երեք միլիոն քաղաքացի կա։ Բացի այդ, բնակչության գերակշիռ մասը կենտրոնացած է Բաքվի ու Ապշերոնի շրջանում, իսկ գավառներում մեկ միլիոնի չափ մարդ է մնացել։ Առավել խոշոր քաղաքներում համատարած գործազրկություն է, հակասանիտարական վիճակ, հանցավորություն, զանգվածային հոսանքազրկում, գազամատակարարման խափանումներ։ Ընդ որում, դժգոհության հնարավոր բռնկումները կլանը շատ հաջողությամբ պատճառաբանում է ղարաբաղյան թեմայով։ Այստեղից էլ թե՛ բնակչության զոմբիացումը թշնամու կերպարով, թե՛ հակահայ հիստերիան, թե՛ մշտական սպառնալիքները։ Թեև ադրբեջանական հանրությունը, կարծես, սովոր է ալիևյան «օդի մեջ» կռվին ու հաղթանակներին, այդուամենայնիվ, «հայրենասիրական չէ, պարկեշտ բան չէ դժգոհել սեփական կյանքից, երբ թշնամին կանգնած է դրանց շեմին»։ Համապատասխանաբար, հարաճուն դժվարություններն առայժմ չեն արտահայտվում երկրի շարքային բնակիչների սոցիալական դժգոհության պայթյուններով։
Եվ այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ կլանը դանդաղ ու անշեղորեն դեպի անդունդ է գլորվում։ Հարց է առաջանում. ինչո՞ւ հանկարծ հիմա «ընտանիքին» սկսեց լուրջ վտանգ սպառնալ։ Պարզվում է, որ եթե առաջ, «խորամանկ աղվես» Հեյդար Ալիևի կառավարման տարիներին, դժգոհ էին միայն փախստականներն ու գործազուրկները, այժմ դժգոհություն է հասունանում «բարձր կարգի» անձանց շրջանում (նկատենք, որ դեռ խորհրդային ժամանակներից «նախիջևանյան կլանը» չէր վայելում «Բաքվի կլանի», կամ, այսպես կոչված, «թաթյան» կլանային համակարգի համակրանքը։ Այդուամենայնիվ, ժամանակին շատերը, մոռանալով հին անվստահությունն ու վիրավորանքները, հայր Ալիևին իշխանության բերեցին։ Սակայն նրանք բոլորը, երևի, կասկածներ չունեին, թե ուխտադրժությունն Ալիևների գործունեության անբաժանելի մասն է։ Կարճ ժամանակ անց ոմանք ֆիզիկապես ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին, ուրիշները թաքնվեցին իշխանության ծալքերում, ուժային կառույցներում «մինչև լավ ժամանակների գալը»։ ՈՒ ևս մեկ, շատ կարևոր հանգամանք` ապակայունացնող գործոնների շարքից։ Վերջին տարիներին ադրբեջանական մամուլում շարունակ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ զանգվածաբար Ադրբեջան են ներգաղթում հազարավոր քրդեր, որոնք բնակեցվում են Նախիջևանի Հանրապետությունում և երկրի արևմուտքում։ Որպես կանոն, նրանք լավ ապահովված են և զբաղվում են բիզնեսով։ Բացի այդ, վերջին ժամանակներս սկսել են նորից արծարծել այն հարցը, թե Իլհամ Ալիևը, ինչպես նաև հանրապետության այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ, էթնիկ քրդեր են (որոշ տեղեկություններով` Ալիևների տոհմը սերում է քուրդ խաներից, որոնք Հայաստանից անցել են Նախիջևան)։ Այնպես որ, ընդդիմությունն ու մամուլը նորից սկսել են խոսել «ադրբեջանցիների դեմ քրդական դավադրության» մասին։
Ինչ վերաբերում է քաղաքական և, առաջին հերթին, ընդդիմադիր ուժերին, ապա այժմ նկատվում է հասարակական-քաղաքական գործընթացների լճացում։ Ներկայումս ընդդիմության վարկն այնքան ցածր է, որ նա ընդունակ չէ բողոքի զանգվածային գործողություններ իրականացնելու։ Ավելին, քաղգործիչներն առաջվա նման չեն կարող շփման եզրեր գտնել առաջիկա ընտրություններում արդյունավետ կոալիցիա կազմելու համար։ Ինչպես նշում են փորձագետները, վերջին երկու ամսում, չնայած մի ամբողջ շարք բարձրագոչ հայտարարություններին, նման միավորման գաղափարական և կազմակերպական ծրագիրը վերջնական տեսքի չի բերվել։ Ավելին, «շարունակվում է հրապարակային բանավեճը տարբեր խմբերի միջև, ընդ որում, այնպիսի աննշան առիթներով, որ ոչինչ, բացի զարմանքից, չի առաջացնում»։ Համապատասխանաբար, առայժմ փորձագիտական շրջանակներում ամրապնդվում է այն կարծիքը, որ «անիրավ իշխանության դեմ պայքարող մարտիկների» մեծամասնությունը պատկանում է «վերացական ընդդիմախոսների» կարգին, որոնք գործուն մրցակցություն են նմանակում և օգտվում են իշխանությունների բարեհաճությունից, որպեսզի այլընտրանքային ընտրությունների երևութականություն ստեղծեն։ Բաքվեցի այլախոհների հավակնությունն ու ամբարտավանությունը լիովին խրախուսվում են իշխանությունների կողմից, թեև, իհարկե, այնքան, քանի դեռ սին խոսքերից ինչ-որ լուրջ բան չի ծնվում։ Ի դեպ, «կանխիչ միջոցառումներն» իրականացվում են խիստ գործուն կերպով։ Այսպես, այն բանից հետո, երբ ադրբեջանական ընդդիմությունը ողջունեց Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունները, Բաքվի քաղաքապետարանի դիմաց «Մուսավաթ» կուսակցության անդամների բողոքի ակցիան կոպտորեն կասեցվեց ոստիկանության կողմից, տասնյակ մասնակիցներ ձերբակալվեցին ու ծեծի ենթարկվեցին։ Այնուհետև ուսանողական ակցիան` նվիրված նավթի ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի տարելիցին (այդ օրը 12 մարդ սպանվեց), ցրվեց ոստիկանության կողմից, թեև գլխավորը «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսն էր։ Ինչպես նշում է իրավապաշտպան Լեյլա Յունուսը, Ադրբեջանում կալանքի տակ է 57 իրավապաշտպան, միայն ապրիլին ձերբակալվել է 30 քաղաքացի։ Նրա ասելով, երկրում մի այսպիսի ավանդույթ է ձևավորվել. ընտրությունների տարիներին թափ են առնում քաղաքական բռնությունները, համատարած արգելք է դրվում փողոցային երթերի վրա։ Բացի այդ, քաղաքական պայքարը ուժային դիմակայության հարթություն տեղափոխելու իշխանությունների ձգտումը նկատվում է նաև այն բանում, որ ի հայտ են գալիս տեղեկություններ նախապատրաստվող մահափորձերի, ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսական աղբյուրների ստուգումների մասին։ Այսպես, «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քելիմլիի` «Վաշինգտոն փոստում» հոդվածի տպագրումից հետո, ուր նա ԱՄՆ-ին կոչ էր անում «բարոյապես աջակցել» ընդդիմությանը, իշխանությունները հայտարարեցին, որ կուսակցությունը ֆինանսավորվում է վերազգային թմրամաֆիայի կողմից։
Վիճակը բանի նման չէ նաև խոսքի ազատության հարցում։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տեղեկություններով, իշխանությունը վերահսկում և ճնշում է գործադրում ազգային էլեկտրոնային լրատվամիջոցների վրա, քաղաքական դատավարություններն օգտագործում է լրագրողների քրեական հետապնդման համար։ Կալանավայրերում լրագրողներ կան, իսկ 2005 թ. Էլմար Հուսեյնովի սպանությունը դեռևս բացահայտված չէ։ Որոշ քաղգործիչների կարծիքով` լրագրողները մշտապես աշխատում են «ականապատ դաշտում», լրատվամիջոցներում ներկա վարչախմբի և Ալիևի հասցեին ուղղված գովեստի խոսքեր են։ Ընդ որում, «թագավորական պատգամավորները» հայտարարում են, թե «քաղաքացիական հասարակության» կարիքների համար այս տարի հատկացվել է 2,7 մլն դոլար, որ գործում են 45 քաղաքական կուսակցություն, մոտ 300 ոչ կառավարական կազմակերպություն, 300 գրանցված ԶԼՄ։
Այս պայմաններում պատասխանել այն հարցին, թե կլինի՞, արդյոք, հեղափոխություն, ծայրաստիճան դժվար է, քանի որ շատ բաներ նկատելի և ակնհայտ են միայն իրավիճակը ներսից գնահատելիս։ Սակայն թվում է, որ թեև ադրբեջանական հասարակության ցավոտ խնդիրներն իրականում ոչ ոքի համար գաղտնիք չեն, մոտ ժամանակներս «ղրղզական սցենար» այստեղ չես սպասի։ Ավելի հավանական է, որ արտաքին ուժերն այս անգամ էլ սոսկ մի թեթև կվախեցնեն «չարաճճի Իլհամչիկին», կաշխատեն նրան «կառուցողական հունում» պահել և չնյարդայնացնել Մոսկվայի ու Վաշինգտոնի ավագ «հոպարներին»։ Չէ՞ որ, ինչպես ասում են, «սոխը սխտորից քաղցր չէ», վարչախմբի վրա ջանք ու միջոց շատ է ծախսվել, իսկ ոչ հեռու անցյալում իշխանության փոփոխությունը Բաքվում, ըստ էության, ոչինչ չփոխեց։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ