ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՆԱ ԽԱՂՈՒՄ Է ՄԵՆԱԿ

ՆԱ ԽԱՂՈՒՄ Է ՄԵՆԱԿ
23.10.2009 | 00:00

Այն, որ հայ-թուրքական զարգացումներին հայաստանյան ոչ մի ինստիտուտ` դիվանագիտական-քաղաքական-քարոզչական-վերլուծական, պատրաստ չէր, ակնհայտ է: Էլ չենք ասում հակառակ գործընթացի մասին, երբ պատրաստներն էլ սկսեցին քաղաքական կոնյունկտուրայի ենթարկել այդքան կարևոր ազգային-պետական հարցը: Այո, նկատի ունենք ՀԱԿ-ին, որը հայտնի արջի նման «մեղրի» ու լեգիտիմության մասին «երգում ու երգում» է, երբ իրականում հայ-թուրքական հարցը նրա օրակարգի «ալֆա-օմեգաներից» է:
Եվ երբ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի նախագահական ընտրությունների օրերին խփում էր «քիրվայական» իր հայտնի մեխերը, ցանկանում մի հարվածով երկու «մեյիդ» փռել, Սերժ Սարգսյանին հասկացնել, որ չի կարելի անել նման բան (ով-ով` Քոչարյանը շատ լավ գիտեր, թե նախագահ ընտրվելու դեպքում ինչ քայլերի է գնալու Սարգսյանը` հայ-թուրքականի հաշվով), երկրորդ հարվածով էլ փորձում էր «ջնջել» Լևոնենց` օգտագործելով հայ ժողովրդի չհաղթահարված բարդույթները:
Ինչո՞ւ ենք այս մասին խոսում. այն պարզ պատճառով, որ այսօր իր սկսած խաղում Սերժ Սարգսյանը մենակ է, շուրջը եղած թիմերը, ինստիտուտները չեն կարողանում տեղի ունեցողին համաքայլ ընթանալ` նախ և առաջ կարծրատիպերը սեփական գործունեությունում չհաղթահարելու պատճառով (ի դեպ, մի խոր նրբություն էլ կա. Սերժ Սարգսյանն այս խաղի մեջ է «գլխով» և ոչ գենեսիզով-ներքին բջիջներով, ինչն էլ իր արտածումն է գտնում նրան սպասարկող ինստիտուտների վարքագծում): Երբ կարելի էր գտնել բանաձևը, թե ինչպես ընդդիմության ինտելեկտուալ-պատրաստի պոտենցիան օգտագործել (տեսանելի է, չէ՞, համ էլ` հայտնի, որ ՀԱԿ-ի առջև այս փուլում փակ են միջազգային ուժային բոլոր կենտրոնների դռները, որպեսզի ՀԱԿ-ը պրոցեսին չխանգարի), ուստի, կարելի էր և պետք էր «ներսի» դուռը բացել նրանց առաջ` հաճելին օգտակարի հետ համակցելով: Չկար և չկա նման գիտակցում։
Իսկ երբ դիտարկում ես թրքական խաղը, այնտեղ դերակատարումներն այնքան բազմակոմբինացիա ու գրագետ են, որ արժանին պետք է մատուցել թրքական դիվանագիտությանը։ Գյուլը «աղավնու» կերպարի մեջ է, Էրդողանը` հարձակվող արծվի: Իսկ Դավուդօղլուն «աքլոր» է, նա «փայ» է մտնում բոլորի խաղի մեջ: Խորհրդարանում քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը խոսում է 15 թվին թուրքերի իրագործածի մասին, ընդդիմադիրները լքում են դահլիճը... և այդպես շարունակ:
Մեզ մոտ մի քիչ «պլանավորված» գործում է դաշնակցությունը, և լավ է, որ 301 հոդվածին համարժեք օրենք են ուզում նրանք, լավ է, որ «Ժառանգությունը» Արցախի միացում է ուզում, բայց այդ ամենն այնքան «անտաղանդ» է արվում, որպես խաղի բաղկացուցիչ, որ մտածում ես` խաղի ինչ-որ պահից սրանք, մեկ էլ տեսար, Ռուսաստանի կամ Քոչարյանի «տակ» մտան:
Ինչ վերաբերում է հայոց վերին էշելոններում դերաբաշխությանը, ապա նման բան մեզանում ընդհանրապես` չիք։ Վարչապետը նույնն է ասում, ինչ նախագահը, ԱԺ խոսնակն ամենա-ամենասկզբում մի կեսբերան ասաց` հա, բա ո՞նց, պառլամենտը կանի վավերացում, էլ չի խոսել` «լռություն է` խորունկ-խորհրդավոր»: Դե, Նալբանդյանն էլ միայն մեկ անգամ ելավ ու «խարակտեր» ցույց տվեց։ Ցյուրիխում։ Երեք ժամ շարունակ չէր ստորագրում արձանագրություններն ու` պըրծ: Խաղ չկա։ ՈՒղղագիծ ինչ-որ բան է:
Չեն տիրաժավորում, ինչպես կասեր Հրանտը, «փողոցում թափված վեպերը»` նույնպես: Ասենք, Ադրբեջանում պետական մակարդակի հասցված` ա) թրքական դրոշների հավաքման (և դա` նույն օրը Գյուլ-Ալիև հեռախոսազրույցի-փոխպայմանավորվածությունների ֆոնին), բ) Թուրքիա «ուղարկվող» գազի թանկացման, գ) Ադրբեջանում գործող թրքական կամպանիաներում սկսված ստուգումների և, վերջապես` դ) ազգությամբ թուրքերին պարտադրանքի` առ այն, որ կա՛մ դեմ դուրս գան Թուրքիո իրականացրած քաղաքականությանը և բողոք բարձրացնեն, կա՛մ լքեն Ադրբեջանը։
Երբ կա փայլուն առիթ` փայլուն «ցուցանմուշներով», ցուցանելու համայն աշխարհին, միջազգային հանրությանը` ադրբեջանական անհանդուրժողականությունն ու ճչացող այլատյացությունը, ինչը, ի դեպ, դրսևորվում է յուրայինի, մեծ եղբոր, հարազատի նկատմամբ։ Բա էլ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը խոսել այլ ազգի` հայի հետ համատեղ ապրելու, «ինքնության ամենաբարձր ձևի` ինքնավարության ապահովման մասին»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ