ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՕՐԵՆՔՆ ՕՐԵՆՔ ՉԷ

ՕՐԵՆՔՆ ՕՐԵՆՔ ՉԷ
13.03.2012 | 00:00

Հայաստանում 70-ից ավելի կուսակցություն կա, ու թե իրենց հարցնեք՝ ամեն մեկը նվազագույնը 100 հազար անդամ ունի: Ստացվում է՝ Հայաստանում ավելի շատ կուսակցական կա, քան բնակչություն: Այնինչ, իրողությունը լրիվ այլ բան է ասում. կա ընդամենը երկու, քարը «տրաքի»` երեք խոշոր կուսակցություն, մյուսները պարզապես «դամ» են քաշում: Դրանց գերակշիռ հատվածը «մարդ կուսակցություն» է կամ «մի «Նիվայի» ուղևոր», որոնք ամեն ընտրությունից առաջ կենդանության նշաններ են ցույց տալիս: Ավելին, բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի խոշորների «պոչից կպնեն», խցկվեն ցուցակ ու պատգամավորի ցանկալի մանդատ «շահեն»: Մյուսներն էլ, որ անգամ գրասենյակ, հեռախոսահամար ու հասցե չունեն, շարունակում են պետռեգիստրում համարվել գրանցված ու գոյություն ունեցող քաղաքական ուժ: Հետաքրքիր է, որ «Կուսակցությունների մասին» օրենքում ոչ մի սահմանափակում չկա այն մասին, որ, օրինակ, համապետական երկու ընտրությունների չմասնակցած կուսակցությունը պետք է լուծարվի կամ քաղաքական դաշտում «իզգոյ» համարվի: Փաստորեն, անգամ 10 համապետական ընտրությունների չմասնակցելուց հետո էլ իրավունք ունեն «գործող» կուսակցություն համարվելու: Ինչևէ:
«Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունները վերաբերում են միայն ֆինանսական կողմին, ինչից էլ մշտապես դժգոհում են մանր-մունր կուսակցությունները՝ պատճառաբանելով, թե ընտրական գրավը չափազանց մեծ է: Չենք վիճում, սակայն, եթե տվյալ կուսակցությունն ունի, ասենք, 80 հազար անդամ (շատերը հավաստիացնում են, թե իրենց անդամների թիվն ավելի մեծ է), ապա յուրաքանչյուր կուսակցականի 100 դրամ անդամավճարն էլ բավական է, որպեսզի հավաքվի սահմանված գրավը:
Այնպես որ, Հայաստանում սնկի պես աճող կուսակցությունների «դեմն» առնելու համար օրենքը պիտի հստակ չափորոշիչներ սահմանի, այլապես քաղաքական դաշտի դեգրադացիան շարունակվելու է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ