Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉԷ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉԷ
13.01.2012 | 00:00

Մինչ հայաստանյան մամուլը վայելում էր ամանորյան հանգիստը, աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները չէին դադարում Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին անդրադառնալուց:
Իրենց բնույթով առանձնացան ամերիկյան հրապարակումները, որոնցում անթաքույց է դժգոհությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշման հանդեպ: Հայ-թուրքական արձանագրությունների կնքահայր ԱՄՆ-ն, անշուշտ, մտահոգված է: Արձանագրությունների վերակենդանացման հարցում մեծ հույսեր փայփայող Սպիտակ տունն անհանգիստ է` օրինագիծը կարող է դառնալ հայ-թուրքական արձանագրությունների վերջնական տապալման պատճառ: Քաղաքական մտահոգություններն իրենց արձագանքը գտան նաև ամերիկյան մամուլում: Այսպես, «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականն իր` «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականում շտապեց արձանագրել, թե «Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է: Հրեական ողջակիզումը փաստ է: Սակայն ամերիկացիներն ազատ են հերքելու որևէ իրականություն՝ առանց պետության կողմից պատժվելու վտանգի, մինչդեռ Ֆրանսիայի բնակիչները չեն ունենա նման հնարավորություն, եթե երկրի Սենատը քրեականացնի Հայոց ցեղասպանության հերքումը»: Պարբերականը գրում է. «Թուրքիայի զգայունությունը «ցեղասպանություն» բառի նկատմամբ նորություն չէ, նորություն չեն նաև Թուրքիայի կողմից այս բառն օգտագործելու դեպքում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին սպառնալիքները: Սակայն դա օրինագծի դեմ հանդես գալու պատճառը չէ: Ֆրանսիայի կառավարության կողմից քննարկվելիք օրինագծի` քննադատության արժանի լինելու պատճառն այն է, որ այն խոսքի ազատության կոպիտ խախտում կդառնա»: Ըստ պարբերականի, Ֆրանսիան եվրոպական միակ պետությունը չէ, որտեղ խոսքի ազատությունն ավելի սահմանափակ է, քան Միացյալ Նահանգներում, սակայն «պատմության վերաբերյալ որևէ կարծիք, նույնիսկ սխալ կարծիք հայտնելու քրեականացումը կանխարգելիչ գրաքննության օրինակ է»:
Փաստորեն, ամերիկյան կողմը ցեղասպանությունների ժխտման քրեականացումը փորձում է տեղափոխել մեկ այլ հարթություն` այն դիտարկում խոսքի ազատության տեսանկյունից և հայտարարում իբրև այդ ազատության սահմանափակում: Անշուշտ, նման մոտեցումը ոչ միայն վիրավորանք է` ուղղված ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին ու նրանց ժառանգների հասցեին, այլև մերժելի հենց իրավական տեսանկյունից: Քանի որ, Ցեղասպանության կոնվենցիայի որոշ հոդվածների համաձայն, խոսքի ազատությունն ինքնին ենթակա է իրավական սահմանափակումների, հակառակ դեպքում կստացվի, որ խոսքի ազատության լոզունգի տակ կարող է արդարացվել ցանկացած վայրագություն:
Հակադարձելով ամերիկյան պարբերականին` Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամի նախագահ Սասուն Հովհաննիսյանն իր հրապարակման մեջ գրում է. «Խոսքի ազատության սահմանափակումը ցեղասպանությունների հերքման քրեականացմանը հակադարձելը անհամապատասխանելի է: Խոսքի ազատությունը չի՛ կարող ոչ մի կերպ արդարացնել պատմության կեղծումը և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սպանված միլիոնավոր հայերի ժառանգների ու զոհերի հանդեպ անարգանքը»: Ապա հավելում. «Անպատժելիության մթնոլորտը և ցեղասպանությունների դատապարտման բացակայությունը հող են նախապատրաստում նոր ցեղասպանությունների կրկնության համար: Ցեղասպանության զոհերի պատմությունը և տառապանքները ժխտելը համարժեք է նրանց կրկին զոհ դարձնելուն»:
Սասուն Հովհաննիսյանը նաև նկատում է, թե Թուրքիայում կան մարդիկ, հատկապես մտավորականներ, ովքեր ընդունում են, որ Թուրքիայում հարյուր տարի առաջ հայերի ցեղասպանություն է իրականացվել, բայց, մյուս կողմից, թուրքական քրեական օրենսգրքում դեռևս կա 301-րդ հոդվածը, որը կարող է պատժել յուրաքանչյուրին, ով կընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը: «Մի կողմից` Թուրքիան պահանջում է խոսքի ազատության հարգում (հասկանալով դրա տակ ցեղասպանության հերքում), մյուս կողմից` իր սեփական երկրում սահմանափակում է նույն խոսքի ազատությունը (այսինքն` ցեղասպանության ընդունումը), այսպիսով` գործելով երկակի ստանդարտներով խաղացողի դասական և պարզագույն օրինակով»: Իրողություն, որը զարմանալիորեն «վրիպել է» խոսքի ազատության ջատագով ամերիկյան պարբերականի աչքից:
«Լոս Անջելես Թայմս»-ի հրապարակմանն արձագանքեց նաև «Կալիֆոռնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Հրապարակումը կոպիտ սխալ որակելով, Սասունյանը նախ նկատում է, որ Ֆրանսիայում, ի տարբերություն ԱՄՆ-ի, խոսքի ազատությունը յուրովի է դիտվում, հետևապես, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը կքննարկվի՝ ելնելով այդ երկրում առկա օրենսդրական դաշտից: Հիշեցնենք, Ֆրանսիան մի երկիր է, ուր օրենքով արգելված է նաև Հոլոքոստի փաստի հերքումը, և կան նաև հակակրոնական կամ ռասայական խտրականությանը վերաբերող բազմաթիվ այլ արգելքներ: «Կալիֆոռնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիրը հարց է հնչեցնում. «Ինչո՞ւ է 15 երկրներում Հոլոքոստի հերքումը համարվում քրեական հանցագործություն, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը՝ ոչ: Հնարավոր չէ ասել՝ Հոլոքոստի դեպքում թող պատժեն, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Եթե մեկն իսկապես անկեղծորեն հավատում է խոսքի ազատությանը, այդ դեպքում օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի»,- նշում է Սասունյանը:
Վերջինս նաև վերհիշում է, թե տարիներ առաջ, երբ դարձյալ շրջանառվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքը Սասունյանին հայտնում է իր հետևյալ կարծիքը, թե` Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայի կողմից քրեականացնող օրենք ընդունելու դեպքում ինքն առաջինը կմեկնի այդ երկիր և կհերքի ցեղասպանությունը: Սակայն կարճ ժամանակ անց Հրանտը զանգահարում ու մեծ ափսոսանք է հայտնում իր կողմից նման արտահայտություն թույլ տալու կապակցությամբ: «Ես Հրանտին ասացի` մեծ տարբերություն կա Ֆրանսիայի և Թուրքիայի օրենքների միջև: Թուրքիայում քեզ կբանտարկեն, եթե ասես ճշմարտությունը, իսկ Ֆրանսիայում կբանտարկեն սուտ խոսելու համար»։
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ