ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ` ՎԵՐՋՈՒՄ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ` ՎԵՐՋՈՒՄ
18.03.2011 | 00:00

Այն բանից հետո, երբ հաղորդագրություն ստացվեց, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի առաջին և երրորդ էներգաբլոկներում հովացման համակարգի խափանման պատճառով ռեակտորի միջուկն սկսել է հալվել և ճառագայթային արտազատում է տեղի ունեցել, բջջային կապը Շանհայում, ինչպես ասում են, «պայթեց»։ Ի դեպ, Ճապոնիայից ստացվող նորությունները հսկայական մեգապոլիսում հաղորդվում են մշտապես և ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև մետրոյում, ցուցահանդեսների հսկայական էկրաններին։ Իսկ այդ օրը քաղաքի բնակչության մեծ մասը բջջային հեռախոսներով հաղորդագրություններ ստացավ այն մասին, որ Ճապոնիայի կառավարությունը հաստատում է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած ճառագայթային արտազատումը, և մարդիկ պետք է ապահովության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն։ Նշվում էր, որ եթե անձրև տեղա, ապա անհրաժեշտ է մնալ շենքերի ներսում, փակել դռներն ու պատուհանները, պարանոցի վահանաձև գեղձի շրջանում յոդախառն հակաբորբոքիչ քսել, քանի որ ճառագայթահարումն առաջին հերթին ներգործում է վահանաձև գեղձի վրա։ Ընդգծվում էր, որ անձրևաջրերի մեջ կարող են լինել ռադիոակտիվ մասնիկներ, որոնք կարող են այրվածքներ առաջացնել, մազաթափություն կամ նույնիսկ քաղցկեղ։ Նկատենք, որ մենք, ինչպես քաղաքի բնակիչների մեծամասնությունը, ամուր փակեցինք դռներն ու պատուհանները և շտապեցինք դուրս` «հետախուզելու» քաղաքը։ Բարեբախտաբար, այդ օրը Շանհայում լավ եղանակ էր, սակայն փողոցներում ու զբոսայգիներում, ի տարբերություն այլ օրերի, երեխաներ չէին երևում։ Չէր նկատվում նաև որևէ խուճապ, անգամ դեղորայքի ձեռքբերման հարցում իրարանցում չկար` ի տարբերություն հարևան Սինգապուրի և Ֆիլիպինների, որտեղ մարդիկ սկսել էին գրոհել դեղատները, իսկ Սախալինում ու Հեռավոր Արևելքում` սրբել-տանել եղած ամբողջ յոդն ու կարմիր գինին։
Թե ով էր կազմակերպել տեքստային հաղորդագրությունների այդ ալիքը տարածաշրջանի բոլոր երկրներում, պարզ չէ, բայց վկայակոչվում էր ԲիԲիՍի-ի նորությունների ծառայությունը։ Սակայն շուտով սկսեցին հաղորդել, թե բրիտանական ընկերությունը նման «կայծակ» հաղորդագրություն չի թողարկել, և դա ինչ-որ մեկի դաժան կատակն է։ Ավելին, Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրների և ԱՄՆ-ի համակարգչային միջադեպերի արագ արձագանքման խումբն օգտվողներին նախազգուշացրել էր զգույշ մնալ հնարավոր խաբեբաներից, ինչպես նաև հակավիրուսային կեղծ գրոհներից, որոնք քողարկվում են Ճապոնիայում տեղի ունեցող երկրաշարժի ու ցունամիի մասին տեղեկության ներքո։ Պաշտոնական աղբյուրները տեղեկությունն անհեթեթ էին համարում, իսկ մասնագետները սկսել էին խոսել, թե քամին ամպերը քշում է օվկիանոսի կողմը։ Ընդ որում, առաջարկում էին ձեռնպահ մնալ ծովամթերքներ օգտագործելուց։ Չգիտենք, թե այդ կոչին ինչպես են արձագանքել այլ երկրներում, բայց Շանհայի կենտրոնական շուկաներից մեկում, համարձակվում ենք հավաստիացնել, ծովի բարիքներն առաջվա նման լիուլի վաճառվում էին, և դրանց երկրպագուները կարծես առանձնապես չէին անհանգստանում։ Այդուամենայնիվ, Չինաստանը, Սինգապուրը, Մալայզիան և Հարավային Կորեան այն երկրների մեջ էին, որոնք հայտարարել են, թե կհսկեն թարմ մթերքներում թունավորման ախտանիշների առկայությունը, այն դեպքում, երբ Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ իրենք պատրաստ են ստուգելու ճապոնական բոլոր մթերքները, եթե դա անհրաժեշտ լինի։ Բացի այդ, բնապահպանները և օդերևութաբանները կազմել են քարտեզներ, թե ուր կարող է հասնել ռադիոակտիվ ամպը։ Այսպես, Ավստրալիայի ճառագայթային ծառայությունը կանխատեսում է, որ վեցերորդ օրը ռադիոակտիվ ամպը կհասնի Ալյասկայի ափերը, իսկ մարտի 22-ին ճառագայթային լարված պատկեր կլինի Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ամբողջ առափնյա շրջանում` Ալյասկայից մինչև Մեքսիկա։
Ռադիոակտիվ տեղումներ են սպառնում Բրիտանական Կոլումբիային (Կանադա) և ԱՄՆ-ին` Վաշինգտոնի, Օրեգոնի, Նևադայի, Արիզոնայի, Կալիֆոռնիայի և մի շարք այլ նահանգներում։ Եվս մեկ հանգամանք, որի վրա կցանկանայինք առանձնակի ուշադրություն հրավիրել։ Ինչպես հայտնի է, թեև Չինաստանի ու Ճապոնիայի փոխհարաբերությունները վերջին ժամանակներս նկատելիորեն բարելավվել են, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների ագրեսիան և երկրի հին մայրաքաղաք Նանկինում կատարված զանգվածային կոտորածը դեռևս ազդում են երկու երկրների հարաբերությունների վրա, համենայն դեպս, կենցաղային մակարդակում։ Այնուամենայնիվ, Շանհայի շատ բուհերում ողբերգության մասին առաջին հաղորդումներից անմիջապես հետո սկսվեց միջոցների և օգնության տարերային հանգանակությունը Ճապոնիայի համար։ Չինաստանի կառավարությունն արդեն Ճապոնիային տրամադրել է 30 մլն յուան (մոտ 4,57 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ մարդասիրական օգնության բեռներ։ Ներկայումս Ճապոնիայի աղետի գոտում աշխատում է չինական մեկ փրկարար ջոկատ։ Իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ Ճապոնիայի կառավարության խնդրանքով Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել հզոր երկրաշարժից ու դրա պատճառով առաջացած ցունամիից տուժածներին շտապ կարգով տրամադրել 10 հազար տոննա բենզին և 10 հազար տոննա դիզվառելիք։ Այստեղ ինչպես չվերհիշես Սպիտակի երկրաշարժը, մեր հարևանների գազանաբարո արձագանքը, մարդ արարած կոչման հետ անհամատեղելի մակագրություններն Ադրբեջանի տարածքով դեպի աղետի գոտի ընթացող վագոնների պատերին։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր թերթի հատուկ թղթակից

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ