Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՍԵՐԺՆ ՈՒ ԼԵՎՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆ

ՍԵՐԺՆ ՈՒ ԼԵՎՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆ
17.05.2011 | 00:00

Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, գործում է պայմանավորվածությունների ինստիտուտը: Այլապես խաղը հիմնովին դուրս կգա ուղեգծից:
ՍԱԼՅՈՒՏԸ ՆԵՐՍԻ՞Ց, ԹԵ՞ ԴՐՍԻՑ
Պայմանավորվածությունները մեզանում գործել են ուրույն պարբերականությամբ և ամպլիտուդով: Սակայն` անվրեպ: Պահպանելով խաղի ամբողջական ցիկլը: Հայաստանյան ցիկլն ունեցել է տասը տարվա պարբերականություն. տասը տարի Կարեն Դեմիրճյանը մնաց «Հայէլեկտրոյում», Տեր-Պետրոսյանը` սև շենքում։ Անմիջապես մտածեցիք` որտեղ է մնում-մնալու Քոչարյա՞նը: Ոնց տեսնում եք` նա դեռ «չի մնում», և «ցիկլը» նրան առայժմ չի վերաբերում:
Բայց ամեն բան հերթով:
Երբ Լևոնենք իշխանությունը հանձնում էին, պայմանավորվածություն կար` Վանոյի և Վազգենի, ասել է` Լևոնի ու Քոչարյանի միջև, որ նախագահ է դառնալու Գագիկ Հարությունյանը: Նրա հետ հանդիպել-պայմանավորվել էին, սակայն վերջին պահին Գագիկ Հարությունյանը հրաժարվեց. Վազգենն էր համոզել: Սա հիշում ենք այն պատճառով, որ, փաստորեն, Հայաստանում «ցիկլային» է ոչ միայն տասը տարին, այլև, այսպես կոչված, Գագիկ Հարությունյան-ինստիտուտը: Նույնքան հետաքրքիր զուգադիպությամբ Գագիկ Հարությունյանը թե՛ Լևոնի, թե՛ Սերժի հետ բարեկամական կապեր ունի (երկուսի հետ էլ խնամի է): Ասում են, որ նա այսօր ներհայաստանյան երկխոսության մեջ որոշակի դերակատարություն ունի, ինչը հետաքրքիր ու նաև ողջունելի է:
Մի արտահոսք էլ ու անցնենք առաջ. իննսունականներին, երբ փոխնախագահի ինստիտուտը (այն զբաղեցնում էր Գ. Հարությունյանը) Սահմանադրության ընդունմամբ վերանում էր, մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցում Սահմանադրության «հայր» Էդիկ Եգորյանն ասաց. «Էնպիսի մի լավություն են ՀՀՇ-ն ու Լևոնն անում Գագոյին` ցմահ պաշտոն են տալիս, նշանակում ՍԴ-ի նախագահ, Լևոնը կգնա, մենք կգնանք, ինքը կմնա»։
Մնաց: Հիշենք, որ 2003-ին էլ Գագիկ Հարությունյանը կասկածի տակ դրեց Քոչարյանի ընտրության փաստը, ասաց` պետք է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն արվի ու Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացվի: Հիշում եք` Գագիկ Հարությունյանն ինչ «պրիցելի» տակ էր հայտնվել այդ օրերին. լավ է` Քոչարյանը նրա մասին չասաց` «տո, ա՛յ ով իմ տիրակալ», իմա` «իմ անհաջող կադր»: Բայց դե ի՜նչ Քոչարյան, որ հանդես չգար «հակընդդեմ» հայցով: Եկավ: «Ականջը քաշելու» մասին ԱԺ կանոնակարգային փոփոխությամբ: Անցանք առաջ:
Փաստորեն, այս պահին իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, որ պետք է հանգեցնի նաև ապագա պայմանավորվածությունների, կարծես թե, ստացվում է, չնայած հանգամանքին, որ դեռ միջնորդավորված է:
Հենց այդ «ստացվելն» է, որ ահավոր «նյարդացնում» է շատերին, նախ և առաջ նրանց «հայր» Քոչարյանին, որը շատ հստակ հասկանում է` եթե ինքն այս պահին չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել դրսի ու ներսի հետ` գոնե 2018-ի մասով, ապա մեկընդմիշտ թոշակ է ստանալու լուսանցքում (դեռ լավ է` գոնե իր ժամանակ ստեղծված կենսաթոշակային համակարգի խոր բացերն այս օրերին վերացվեցին):
Հետաքրքիր է, իսկ պայմանավորվե՞լ են Քոչարյանն ու Սերժը, ինչպես ժամանակին պայմանավորվել էին Կարեն Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը` տասը տարվա և մնացած հարցերի կտրվածքով:
Մարտի մեկը, կարծես, այդ փաստարկի օգտին չի խոսում: Քոչարյանը մտածում էր` կդառնա վարչապետ և, եթե ոչ 13-ին, ապա հաստատ 18-ին կվերադառնա որպես նախագահ:
Ասելով` չեմ դառնա երիտթոշակառու, Քոչարյանը հենց այդ պայմանավորվածությո՞ւնը նկատի ուներ:
Դժվար է ասել: Սակայն որ վարչապետի հաշվով չեն պայմանավորվել, դա հաստատ է:
Եվ դա, դատելով ոչ թե Հովիկ Աբրահամյանի անհարկի ու մշտական աշխուժությունից, այլ ելնելով (ինչպես արդեն տեղեկացրել ենք) մի նեղ շրջապատում Սերժ Սարգսյանի ասածից. «Չկա ու չի եղել նման պայմանավորվածություն իմ և Ռոբերտի միջև»:
Գլոբալ կենտրոնների, առավել ստույգ` Հայաստանի և նրա «շուրջ» շահագրգիռ խաղացողների միջև նույնպես չկա «նման» պայմանավորվածություն: Դրա համար էլ «դուրսը» որևէ կերպ չի արձագանքում Քոչարյանին: Հակառակը, անում է ամեն ինչ, որ նա չվերադառնա, և կայանա երկխոսությունն ընդդիմության ու իշխանության միջև:
Իսկ պայմանավորվե՞լ են Սերժն ու Քոչարյանը «առ այն», որ ինչպես Սերժն օգնեց Քոչարյանին` «երկու սրոկ նստելու», այդպես էլ Քոչարյանը «թողնի», որ Սերժն այդքան «նստի»:
Չի երևում:
ԾՈՎԻՑ ԵՎ ՑԱՄԱՔԻՑ
Ընդդիմություն-իշխանություն սկսված երկխոսությունն ու սպասվելիք պայմանավորվածությունները Հայաստանի նման երկրների պարագայում, այո, նաև գեոխաղացողների հետ նույնքան «ժոստկի» խաղի կանոնների արդյունքում են ֆիքսվում:
Եվ որքան էլ տիկին Մարին Ծաղկաձորում «նյարդանա» հարցից, թե արդյո՞ք ինքը չէ, որ գալու է, և որի քուղերը` երկխոսության առումով, պետք է շնորհակալաբար կապվեն, ասում է` «նետ», ինքը կապ չունի այդ ամենի հետ:
Աբսուրդ: Ինքն է: Նա՛և:
Ընդ որում, ինչպես երևում է ռուսական վերջին արձագանքներից, Ռուսաստանը ևս գոնե այս պահին առանձնապես դեմ չէ այդ երկխոսությանը:
Մինչ կանցնենք առաջ, մեկ ֆիքսում ևս:
Որքան էլ պարադոքսալ հնչի, 2012-ի ընտրությունները մեզանում այնքան էլ պառլամենտական չեն: Այս մասին ասել ենք հազար անգամ: Դրանք նույնիսկ 2013-ի նախագահականի ռելիեֆագրումը չեն: Որքան էլ վիճելի թվա: Դրանք 2018-ի նախագահական ընտրությունների շեմն են: Արձանագրենք, որ 2012-2013-ի վարչապետը համարվում է ապագա` 18-ի նախագահի պոտենցիալ թեկնածուն. այսպես են հաշվում Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը և ընդհանրապես մնացած «լավ հաշվետարները», ու դրա համար է վարչապետի աթոռի համար պայքարն այսքան անողոք ստացվում:
Ասում եք` փոփոխվող, փոքրացող, վիբրացիաների արագությանը չդիմացող աշխարհում աբսուրդին մոտ մի՞տք է 2018-ի վրա «բազարը»: Մանավանդ որ, հրեն` էս մայիսի 21-ին արդեն աշխարհի վերջն են կանխատեսում: Էլ չենք ասում, որ ամերիկյան և իրանյան պատրաստություններից երևում է, որ Իրանի հերթն ավելի շուտ է հասնելու, քան կարծում ենք, և Մերձավոր Արևելքում բացված պատուհանից ԱՄՆ-ը, եթե խարակիրիի գնով չթռչի ու փաթեթով չվերցնի Սիրիան ու Իրանը, ամերիկյան երազանքը կավարտվի անչափ արագ ու մեծ ֆիասկոյով` հզորացող Չինաստանի հենց պատուհանների տակ:
ՈՒստի ճի՞շտ են նրանք, ովքեր մտածում են, որ մինչև 2018-ը (նույնիսկ մինչև 2012-2013-ը) գլոբալ իրավիճակի փոփոխություն հաստատ կլինի, որն էլ իր հետ կբերի նոր կոնֆիգուրացիաներ` տարածաշրջանի երկրների արտաքին ու նաև ներքին օրակարգերի համար: Ճի՛շտ են։
Բա դե` առաջանում է բնական հարց` ի՞նչ 2018-ի ընտրությունների մասին է խոսքը:
Շատ պարզ. միևնույն է, թե՛ արտաքին, թե՛ ներքին խաղացողները գծագրում են իրենց կարճաժամկետ-երկարաժամկետ շախմատային պարտիաները, այդ թվում և` ցիկլային տասը տարվա կտրվածքով:
ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ
Ներքին և արտաքին մի շարք հարցերի:
Այս մեծ խաղում կա ևս մեկ կողմ: Դա ղարաբաղյան խնդիրն է: Բոլոր լուրջ հաշվարկներն առնչվում են հենց այս «խաղացողին»: Այս «խաղացողի» լավն այն է, որ նա նախագահ չի ուզում դառնալ: Վարչապետ էլ: Իրենը ֆորս մաժորն է: Ինչպես կլինի, կյանքը ցույց կտա:
Բոլոր դեպքերում, սկսվող երկխոսությունն այս հարցում կհանգեցնի հնարավոր կոնսոլիդացիայի, արտաքին մարտահրավերների լրջանալու դեպքում, ի տարբերություն իննսունականների, երբ Ղարաբաղում ահավոր մարտեր էին, դաշնակցությունը Երևանում «ռասկոլի» էր տանում Հայաստանը:
Եվ ընդհանրապես, ընդդիմություն-իշխանություն երկխոսության ամենամեծ հմայքն այն է, որ ունի գաղափարական բաղադրիչ, որքան էլ էս երկրում նման բանի մասին խոսելը մի քիչ ամոթ է ու «դուրնոյ տոնի» արտահայտություն:
Բայց իշխանություն-ընդդիմություն հստակ խաղը նույնքան հստակ գաղափարական այլընտրանք է պարտադրում: Այդ դաշտն այս պահին բաց է:
Բաց մնացած այդ սուրբ տարածքը երրորդ, կամ հազարերորդ ուժի կարգավիճակով զբաղեցնողների ցանկությունը մեծ է, բայց կազմակերպվածության առումով առայժմ զրոյականություն է (էս էլ մի ուրիշ դարդ է Քոչարյանի համար):
Ընդ որում, իշխանություն-ընդդիմություն երկխոսություն-պայմանավորվածությունը որքան էլ սուբյեկտիվ տարրեր ունենա` ապագա ընտրություններ, ապագա ֆավորիտներ, ընտրություններում տեղի ու դերի խնդիրներ, իր մեջ դրական մեծ պոտենցիալ ունի։ Երկրի համար: Ոչ միայն կանխատեսելիության, տասը տարվա ցիկլի և մնացածի առումով, այլև առաջին հերթին, ազգային համերաշխության, մթնոլորտի լիցքաթափման:
Եվ, ճիշտն ասած, էնքան էլ հասկանալի չէ երկու կողմերի սկսած «մուկն ու կատուն»: Սրանք թե` մենք ասինք, իրենք` արին: Նրանք թե` մենք որ անում էինք, դո՞ւք ուր էիք: Սրանք` էն որ մենք հեծանի՜վ ունեինք, դուք ծառերի վրա՜... Նրանք` էդ հեծանիվը դուք չեք հայտնագործել, այլ Ամերիգո դե Վեսպուչին… ՈՒ էդպե՜ս շարունակ:
Մեր խորհուրդը` ջրաղացադեմ կռվողներին.
-Թուլացեք և հաճույք ստացեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ