Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՄԻ ՍՏԱԼԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՐՈՐՈՎ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ԱՊԱՇՆՈՐՀ ԳՈՐԲԱՉՈՎԸ` ԱՅՆ ՓԼՈՒԶԵԼ

ՄԻ ՍՏԱԼԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՐՈՐՈՎ ԵՐԿԻՐԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ԱՊԱՇՆՈՐՀ ԳՈՐԲԱՉՈՎԸ` ԱՅՆ ՓԼՈՒԶԵԼ
20.12.2011 | 00:00

Բոլորովին նոր, անչափ բարդ հարաբերություններ են ձևավորվում աշխարհում: «Չարիքի» կայսրության փլուզումից հետո չափազանց կարճ տևեց ՆԱՏՕ-Ռուսաստան սիրաբանությունը: Արևմուտքը չհասցրեց (բայց փորձեց) նույն ձեռագրով փլուզել Ռուսաստանը: Որքան էլ հարբեցող, աշխարհաքաղաքական գլոբալ հարցերում չըմբռնող լիներ Ելցինը (վերջերս ռուսական PTP ալիքով ցուցադրվող «ԽՍՀՄ-ի կործանումը» վավերագրական ֆիլմում Նիկոլայ Ռիժկովը 1987-ին Ելցինի նշանակումը Մոսկվայի քաղկոմի քարտուղարի պաշտոնում համարեց ճակատագրական սխալ), միևնույն է, նրա շրջապատում կային ուժեր (հատկապես զինվորականության մեջ), որ կանխեցին Ռուսաստանի տրոհումը:
Դժվար չէ պատկերացնել, թե չեչենական պատերազմում Ռուսաստանի պարտությունն ինչի կհանգեցներ: Չնայած տարած դժվար հաղթանակին, Ռուսաստանը տնտեսապես, բարոյապես, քաղաքականապես շարունակում էր գլորվել դեպի անդունդ: Եվ հանկարծ հայտնվեց մեկը (իսկ Ռուսաստանի պատմության մեջ եզակի չեն նման դեպքերը), որն անարյուն ճանապարհով եկավ իշխանության և սկսեց ոչ միայն կանխել երկրի կործանումը, այլև շատ կարճ ժամանակ (ընդամենը ութ տարում) Ռուսաստանը կանգնեցրեց ոտքի, և այն սկսեց աշխարհի ուժեղների հետ խոսել ինքնուրույն ռուսական նոտայով: Եվ այդ մարդու անունն է Վլադիմիր Պուտին, որն անցել է պետական, քաղաքական գործչի փառավոր ճանապարհը: Թող ոչ ոք չփորձի շահարկել նրա Խթը-ական կենսագրությունը: Աշխարհի ամենաուժեղ (Արևմուտքի գնահատականն է հիշյալ կազմակերպությանը) պետական անվտանգության պահպանման մարմինը հազարավոր փառահեղ գլուխներ է տվել հայրենիքին:
Եվ այդ փառավոր գլուխներից մեկն էլ այսօրվա Ռուսաստանի հզոր կառավարողն է: Արևմուտքը, տեսնելով օր օրի հզորացող, ինքնուրույն խաղացող ռուսական այդ անհատին և չկարողանալով իր ավանդական մեթոդներով, կեղծ ժպիտներով խաբել, սիրաշահել նրան, անցել է նրան վարկաբեկելու մեթոդին: Այդ անհատը կիսասահմանափակ, պետական մտածողությունից զուրկ Գորբաչով չէ: Այդ նույն վավերագրական ֆիլմում, չթաքցվող հպարտությամբ Գորբաչովն ասում է, թե 1989-ին մենք Լեհաստանից, ԳԴՀ-ից, Չեխիայից, Հունգարիայից հանեցինք վեց տանկային դիվիզիա և այլ ռազմական տեխնիկա, զինծառայողների: Տեղին է հարցնել` խորհրդային տանկերի փոխարեն ո՞ր երկրի տանկերը, իսկ ավելի կոնկրետ` հզոր հրթիռները գրավեցին, և ո՞ւր են ուղղված դրանք: Եթե խորհրդային տանկերը վեց ժամում կարող էին անցնել Լա Մանշը, այսօր ամերիկյան հրթիռները մի քանի րոպեում կարող են խոցել… Իհարկե, հակահրթիռային այդ կայանքները Ռուսաստանի դեմ չեն ուղղված (ինչպիսի՜ ցինիզմ), այլ… Այսօր Իրանը, որպես ռազմական տերություն, ի՞նչ է ներկայացնում իրենից ՆԱՏՕ կոչված ռազմական բլոկի դեմ: Իրանը երբևիցե Եվրոպային թշնամի համարե՞լ է:
Այսօր աշխարհում չկա այնպիսի ուժ (անգամ տնտեսական հզորությամբ, 1,5 միլիարդ բնակչությամբ Չինաստանը), որն ի զորու լինի զսպելու ԱՄՆ-ի ախորժակը։ Միակ ուժը, որ կարող է … ավելի լավ է մեջբերենք այդ նույն ֆիլմից Ռեյգանի խոսքերը. «Եթե ատոմային պատերազմ լինի, ԽՍՀՄ-ը մեզ կոչնչացնի 1:10 հարաբերությամբ»: Այդ հարաբերության մասին տեղին է հիշել Խրուշչովի խոսքերը: Ամերիկացիք ասում են, թե իրենք այնքան ատոմային զենք ունեն, որ խորհրդային յուրաքանչյուր քաղաքացու կարող են երեք անգամ սպանել: Ճիշտ է, մենք այնքան զենք չունենք, բայց յուրաքանչյուր ամերիկացու մեկ անգամ սպանելու հնարավորություն ունենք: Փաստորեն, Խրուշչովի կառավարումից քսան տարի հետո ԽՍՀՄ-ն այնքան հզոր էր, որ կարող էր պատերազմը շահել (եթե, իհարկե, պատերազմից հետո շահելու բան մնար) մեկին տասը հարաբերությամբ:
ՆԱՏՕ-ն առանց հոգեհանգստի արարողության թաղեց ԽՍՀՄ-ը: Այսօր նույն բանը նա չի կարող կատարել Ռուսաստանի հետ: Որքան էլ կոմունիստները փորձեն պատմություն կերտելու մեջ գերակայությունը տալ ժողովրդական զանգվածներին, խորհրդային պետության աղետալի կործանումը մեզ հստակ ասում է` անհատի դերը վճռորոշ է: Մի Ստալին կարողացավ արորով երկիրը դարձնել ատոմային գերտերություն, իսկ ապաշնորհ Գորբաչովը` այն փլուզել:
Եվ այսօր ՆԱՏՕ-ի դեմ հառնում է Ռուսաստանն իր հզոր անհատով` Պուտինով: Ամեն ինչ հերթով:
Բոլորովին վերջերս մամուլի ասուլիսում ՌԴ հեռացող նախագահ (բայց քաղաքականությունից ոչ ընդմիշտ հեռացող) Դմիտրի Մեդվեդևը պարզ հասկացրեց ԱՄՆ-ին (նաև դաշնակիցներին)` այսուհետ թույլ չենք տա մեր քթից բռնած արածեցնել ձեր շահերի ոլորտում:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության վերջին համագումարում ՌԴ նախագահական գալիք ընտրություններում թեկնածու առաջադրվեց Պուտինը։ Կարելի է ասել, որ Պուտինը փոքր-ինչ շտապեց իր թեկնածությունը գրանցելու հարցում, ինչն էլ կատաղեցրեց Արևմուտքին, և տեղի ունեցավ այն, ինչ կատարվեց` հետընտրական հանրահավաքներ, մեղադրանքներ իշխող կուսակցության հասցեին: Բանը հասավ նրան, որ առանց վերջնական արդյունքների տիկին Քլինթոնն ընտրությունները համարեց կեղծված: Արևմուտքը լավ գիտի, որ ընտրական գնացքը գնացել է, և այն հետ չես բերի: Բայց նրանց նպատակն ամենևին էլ անցած գնացքը չէ, այլ հարվածելը Պուտինի վարկանիշին և գալիք նախագահական ընտրություններում նրա հաղթանակը կասկածի տակ դնելը:
Պուտինի թեկնածության առաջադրումով ոչ միայն հստակեցվեցին Ռուսաստան-ՆԱՏՕ բոլորովին նոր հարաբերությունները, այլև շատ հստակ և կտրուկ պատասխան տրվեց Պուտինի ելույթում (նրա մեկ տասնյակից ավելի կառավարման տարիներին նման կոշտ դիրքորոշում երբևէ չէր դրսևորվել), որ Ռուսաստանն այլևս այսպես չի կարող շարունակել: Կոնկրետ անուններ չտրվեցին, բայց պարզից էլ պարզ էր, թե ում նկատի ուներ, թե ով էր Հուդան, ում էլ հենց մեղադրեց ԽՍՀՄ-ը քանդելու, Ռուսաստանի արդյունաբերությունը ոչնչացնելու, երկիրը թալանելու մեջ:
Քաղաքականությունից չհեռացող Մեդվեդևը ճիշտ և ժամանակին հնչեցրած կրակոցով (կասկածից վեր է, որ այդ կրակոցը պատրաստել էր Պուտինը) իր վրա վերցրեց ապագա սառը պատերազմի «մեղքը», որպեսզի գալիք օրերում (իսկ այդ օրերը սարերի հետևում չեն) Պուտինին անխնա չքարկոծեն: Այդ երկու գործիչների մեղքը (հատկապես Պուտինի) պարզապես այն է, որ նրանք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են իրենց երկիրը տեսնել այնպես, ինչպես եղել է միշտ` հզոր և անկախ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը դրվել էր զոհասեղանին: Ինչպես կոմունիստներն էին ապշահար նայում (ասում եմ ապշահար, քանզի 19-միլիոնանոց բանակը 1991-ին առանց կրակոցի հանձնեց երկիրը, մինչդեռ 1917-ին ընդամենը 200000-ով աշխարհի մեկ վեցերորդ մասի ժողովուրդներին ազատեցին ճորտությունից) հզոր երկրի փլուզմանը, այնպես էլ ռուսական կառավարող վերնախավը ոչ թե երկրի բախտով, այլ թալանով էր զբաղված, այսինքն` երկրի կործանմամբ:
Երկիրը վերջին տասը տարում ոտքի է կանգնել, բարձրացել է ժողովրդի կենսամակարդակը, ազատ խոսքը, մամուլը չեն ճնշվում Ռուսաստանում: Երկրում գործում է բազմակուսակցական համակարգը, ով երբ ցանկանում, հեռանում է երկրից. անգամ երկիրը թալանողներն են դրսում մսխում ռուս ժողովրդի ունեցվածքը, բայց դա քիչ է:
Այսօրվա Ռուսաստանը չի պատրաստվում հանձնվել: Եվ Պուտինը դա անում է վարպետորեն: Վերջին քսան տարում Ռուսաստանը շատ բան է կորցրել: Դարերով ձեռք բերած դաշնակիցներին Ռուսաստանը հեշտությամբ լքեց: Դրա վառ օրինակն է Սերբիան: Կրիտիկական պահին Ռուսաստանը տեր չկանգնեց նրան ոչ թե որ ի վիճակի չէր, այլ այդպես էր պետք Ելցինին:
Վերջերս Կոսովոյի քսան հազար սերբ դիմել էր Ռուսաստանի կառավարությանը ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Պատկերացնո՞ւմ եք, ազգաբնակչությունը Ռուսաստանում կտրուկ նվազում է, և Ռուսաստանը մերժում է սլավոն կրոնակցին: Դա արդեն այլ մերժում է, գիտակցական մերժում: Այդ քսան հազար սերբերը ապագայում պետք են ռուսներին: Պուտինյան Ռուսաստանը դարձյալ հզոր ատոմային տերություն է:
Կհաղթի Պուտինն ապագա նախագահական ընտրություններում, թե ոչ, կասեմ` և՛ այո, և՛ ոչ: Այո՛, որովհետև դա է պահանջում Ռուսաստանի շահը: Ո՛չ, եթե ռուս մարդը չգիտակցի իր հզոր երկրի շահը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ