ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԻՏԻՆԳ, ՈՐ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ

ՄԻՏԻՆԳ, ՈՐ ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ
04.03.2011 | 00:00

Միամտություն է կարծել, թե հեղափոխություններն իսկապես տեղի են ունենում WikiLeaks-ի, Facebook-ի ու Twitter-ի «միջոցով»:
Վիկն ու սոցիալական ցանցերը (հետաքրքիր է, որ «քսանհինգերորդ կադրի» սկզբունքն այդպես էլ չի հնանում օրդենները թարմացնող, հնագույն օթյակներն էլիտափոխող աշխարհում. օրերս Օսկարի գլխավոր մրցանակի էր ներկայացված հենց ինքը կոդը՝ «Սոցցանց» ֆիլմի տիրաժավորմամբ) ընդամենը քողածածույթ են:
Իրական քաղտեխնոլոգիան բոլորովին այլ կերպ է ցանցավորվում:

«ՆԻՆԱՆ ՇԱ՞Տ ԽՆԴՐԵՑ»
Կոդային կարելի՞ էր համարել Մարի Յովանովիչի հայաստանյան «քաղցանցերին» վերաբերող համալսարանական հայտնի ելույթը:
Խրոնոլոգիական առումով՝ հաստա՛տ. Կարասինի, Իրանի ներկայացուցչի, Սթայնբերգի և Գորդոնի այցեր, Սերժ Սարգսյանի հանդիպում Մեդվեդևի հետ, Սոչիում սպասվելիք եռակողմ հանդիպում:
Հայտնի տիկինը (արդեն ասել ենք՝ նա սովորական տիկնանցից չէ) «տեսանողների» ցեղից է, որոնց խորթ չէ Արթյուր Ռեմբոյի «ըմբոստությունը»:
Այո, թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել՝ հեղափոխությունները չեն կատարվում Twitter-ի ու Facebook-ի միջոցով, հեղափոխությունները կատարվում են ուղտերի (որ մտել էին եգիպտական Թահրիրի հրապարակ) և ձիերի միջոցով (2005-ին՝ «կակաչների» հեղափոխության ժամանակ էլ՝ ղրղզական պառլամենտն էին ավերում ու «ազատություն» տարածում՝ գրեթե Կալիգուլայի հայտնի սենատոր-ձիու պես):
Տիկին Մարին, ինչպես 2005-ին Ղրղզստանում, մեր համալսարանում ևս կարևոր գործի էր: Ապահովում էր անհրաժեշտ ճակատներից մեկի՝ Հարավային Կովկասի, իրականում՝ Իրանի շուրջ սպասվելիք վերադասավորությունը:
Քաղաքագիտորեն ձևակերպած՝ նախապատրաստում էր Բայդենի, ապա և՝ Օբամայի այցը դեպ «Մոսքոու»: Մերձավորարևելյան «ճակատում» տեղի ունեցող զարգացումների առաջին փուլի ամփոփման «թեման» դեպ Իրան տարհանելու «բազարի» ֆոնին և հենքով:
Տիկնոջ մեզանում սկսած խաղը բազմապլան էր: Բայց և՝ չափավոր: Որովհետև Մեծ Մերձավոր Արևելքում «գունավոր» հեղափոխությունների սկսված երրորդ ալիքը դեռ ոչինչ չի ապացուցել՝ հաջող ու գունեղ լինելու առումով: Իսկ որ երկրորդ ալիքը՝ թե՛ ուկրաինական, թե՛ ղրղզական. նույնիսկ վրացական ուղղություններով (ընդ որում՝ վրացականն ավելի շատ, որովհետև առաջին երկիրը, որ փլուզվեց և հիմք դրեց երրորդ ալիքի հեղափոխությունների փիլիսոփայությանը, հենց Օսիան ու Աբխազիան կորցրած Վրաստանն էր) ընդհանրապես տապալվեց, նույնպես լրացուցիչ ապացույցների կարիք չի զգում:
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Տիկինն «ազդանշան» տվեց հայոց ընդդիմությանը: Խիստ առարկայական «քանակությամբ»: Որպեսզի խաղի բոլոր կողմերը հասկանան՝ ինչ պետք է անել, երբ և ումով: Այս փուլում: Մինչև մարտի 5 և հետո:
Տիկնոջ՝ ընդդիմության մասով սկսած պարտիան, սակայն, կարող է հետագայում «կիրառելի» դառնալ Ռուսաստանի համար: Ասել է՝ ինչ-որ պահից Ռուսաստանը տիկնոջ ձեռից վերցնի «քանակությունը» և ինքը դառնա խաղի տերը: Կախված Բայդենի վարած բանակցային գործընթացից: Հետո էլ՝ Օբամայի: Իսկ մինչ այդ ընդդիմությունը դեռ մի քիչ էլ հետ-առաջ կանի (այս մասին՝ ներքևում):
Ասենք շատ կարճ և «ազդո՛ւ». հեղափոխությունների մերձավորարևելյան երրորդ ալիքի ստարտը և ընթացքը հիմնականում համաձայնեցված-վերբեռնված էր երկու գլխավոր խաղացողների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից: Նախ և առաջ խիստ գերակա պատճառով՝ 1990-2030 թթ. աշխարհում մահմեդականների թիվը կկրկնապատկվի` 1,1-ից կդառնա 2,2 միլիարդ, իսկ սա արդեն մեծ վտանգ է ողջ քրիստոնեական աշխարհի համար:
Իսկ, ա՛յ, երրորդ ալիքի հեղափոխությունների հաջորդական փուլը դեռ բաց է: Ակնհայտ է՝ չկա պայմանավորվածություն այդ առնչությամբ: Այդ թվում և՝ մեր տարածաշրջանի, այն է՝ Իրանի, այն է՝ ադրբեջանա-իրանական ածխաջրերի, այն է՝ էներգետիկ դիվերսիֆիկացիայի, իսկ որ ամենակարևորն է՝ ո՞ւմ ուղտերն ու ձիերն են չոքելու տարածաշրջանի կոկորդին: Մի խոսքով՝ վերաձևվող տարածաշրջանն ո՞ւմ ազդեցության գոտում է հայտնվելու:
Հաջորդ հարցը. Ռուսաստանը Միացյալ Նահանգներին կտա՞ երբևէ Իրանը, հետևաբար Ղարաբաղի «հսկիչ» փաթեթը:
Պատասխան: Այո՛, կտա՛: «Լյա՜վ» «տորգի» դեպքում: Քանի՜ անգամ է Ռուսաստանը, ընդ որում նույն ինքը՝ գոսպոդին Պուտինը, Իրանի հաշվով «մոչիտ» արել ու Իրանը նետել Արևմուտքի, ԱՄՆ-ի բեռնաթափի ատամնանիվների տակ՝ էմբարգոների և այլնի տեսքով: Շա՜տ:
Այս անգամ էլ պետք չէ բացառել: Ասենք՝ նույն ՊՐՕ-ների տեղակայման կամ մեկ այլ լավ գործարքի արդյունքում (իսկ նկատեցի՞ք. Սուեզով առաջին անգամ անցած իրանական ռազմանավերին զուգահեռ Սիրիայի Բաշար ալ Ասադն աննախադեպ հայտարարություն արեց՝ պատրաստ է Իսրայելի հետ քննարկելու հաշտեցման «թեման»):
Ռուսաստան-ԱՄՆ «տորգում» այս անգամ կա մեկ շատ մեծ նրբություն. նավթի թռչող գները. ինչը Ռուսաստանին ահավոր շահեկան դիրքերով կարող է բանակցությունների նստեցնել նախ՝ Բայդենի, ապա՝ Օբամայի առաջ:
Իսկ եթե դա՞ էլ «լովուշկա» է հենց այդ նույն բանակցությունների համա՞ր (էնտեղ էլ Չինաստանին խաղի մեջ պահելու համար): Ամերիկյան «ցանցից» սարքվա՞ծ: Մտածելու բան է: Որովհետև հեչ էլ դժվար չէ Սովետի փլուզման ժամանակ կիրառված քաղտեխնոլոգիան գցել ձոր, խառնեցինք՝ գցել սոցցանցի մեջ, և նավթի ասեղի վրա նստած Ռուսաստանին մեկ գիշերում բանկրոտ պարտադրել՝ նավթի գինը մինչև մինուս անսահմանություն իջեցնելով:
Ամփոփելով՝ «ձիեր-ձիեր, անվերջ ձիեր. ես ձեր ցավը տանեմ, ձիեր» հայաստանյան «ցանցային» թեման, պետք է ասել, որ այս փուլում ընթանում են ընդամենը զորավարժանքներ, որոնց մասնակցում են խաղի բոլոր կողմերը:
ԳՆՈՒՄ ԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ` ԽԱՉՎԵԼՈ՞Ւ
Ասում են՝ նույնիսկ ՀԱԿ-ն է զարմացած եղել «քանակ»-միտինգի առնչությամբ: Կարգին անակնկալի է եկել:
Հազար ու մի պատճառով: Նախ՝ «կոնտինգենտի» փոփոխության: Ինչպես պատմեց շատ ակտիվ միտինգատերերից մեկը, լրիվ ուրիշ դեմքե՜ր էին. «Միշտ այնպիսի տպավորություն եմ ունեցել, որ բոլոր միտինգավորներին ճանաչում եմ, էս անգամ ուրիշ էր»:
Սոցբողոքավորների, իրապես ծանր ապրողների կողքին անչափ շատ են եղել հագած-կապած, «գալստուկավոր» միտինգավորները: Ասել է՝ «քանակություն ինսպեկտորներ» են եղել «ցանցերից» ուղարկված, որ ուշի-ուշով, խիստ աչալուրջ հսկողություն են իրականացրել՝ չափավոր ոգևորություն «պարգևելով» շարքերին (ինչ վերաբերում է ոստիկանների վրա արևածաղիկ թքողներին, ապա սա՝ «պլանավորումից» դուրս ու՝ «Քոչարյանի աչքը լույս» կոնֆիգուրացիայում էր. «ինսպեկտորները կանխարգելում էին նաև «մոմենտները»):
Բոլոր դեպքերում, ընդդիմությունն ինքն այս միտինգից հետո վերաձևավորման փուլում է («ֆուլում» չհասկանալ): Խաղն իրենը չէ, ավելի ստույգ՝ խոշոր հաշվով լիարժեքորեն իրենը չէ (ևս մեկ անգամ հիշենք՝ իրական քաղտեխնոլոգիան Facebook-ում և Մատենադարանի հրապարակում չի «ցանցավորվում»):
Կարողանալո՞ւ է ընդդիմությունն ադեկվատ արձագանքել այդ «շատացմանն» ու իր նոր կարգավիճակին: Դժվար է ասել: Ղարաբաղի ու սոցհեղափոխության նրանց «մշակումները» (թե կանենք այնպես, որ Ղարաբաղը չվնասվի, բայց հեղափությունն էլ լինի) ուղղակի չեն դիմանում քննադատության ոչ այն տրիվիալ պատճառով, թե` հեղափոխություններն ուտում են իրենց զավակներին, սկսվում են ոգևորությամբ, ավարտվում՝ արցունքով, այլ որ՝ երրորդ ալիքի հեղափոխությունների վերջնական ճակատագիրը. այն է՝ ո՞վ է, ի վերջո, «տրոնին» հայտնվելու, խիստ անհայտ է: Տես՝ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները:
Եվ հետո. սա այն ընդդիմությունը չէ, որ էր 2008-ին: Խաղի բոլոր պարամետրերը փոխվել են՝ թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային, թե՛ ներհայաստանյան:
Հանուն արդարության պետք է ասել, որ հայաստանյան վերջին մի քանի օրերի զարգացումների ընթացքում բոլոր կողմերն էլ չափավորության մեջ են, տիկին Մարին էլ, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ և նույնիսկ… Ռուսաստանը:
Ի դեպ, «թքելու և պատասխանատվություն» վերցնելու մասով:
Ընդդիմությունն ստեղծում է «ժողովրդական ֆորում»: Կարճ ձևակերպած՝ փորձ է արվում 1988 թ. ռեաբիլիտացիա իրականացնել՝ հրապարակում կայացվող որոշումների տեսքով: Բայց դա, հաստատ, անցած էտապ է: Եվ հետո, գունավոր հեղափոխությունների առաջին՝ սովետի փլուզման քաղտեխնոլոգիան խիստ ժամանակավրեպ, եթե չասենք՝ անհեթեթ է այսօրվա «ցանցի» մեջ գցելը: Չի աշխատի: «Error» կտա:
Նույնը՝ «թքելու» մասով. 2008-ի նույն մարտի մեկին ՀԱԿ-ը մի անգամ արդեն «թքել» է ու չի եկել Մյասնիկյանի արձանի մոտ, որովհետև «տնային կալանքի» տակ էր:
Այս անգամ նրան հաստատ ոչ ոք չի ձերբակալի ու պահի իր տանը (Քոչարյանը չկա): Այնպես, որ սկսել խաղը և ամեն բան թողնել ժողովրդի վրա…
Անցանք «միտինգ՝ բոլորի համար»-ի հաջորդ բաղկացուցիչին:
Այն նաև կարգին «ֆրոնտ» էր Սերժ Սարգսյանի համար: Որպեսզի վերջինս պահի Ստանիսլավսկու հանձնարարած պաուզան.
ա) կարողանա հարկ եղած դեպքում ցույց տալ Արևմուտքին ու Ռուսաստանին, որ երկրում շրջում է սոցհեղափոխության-«դաշնակցական տերտերը» և ապահովի «երգով նահանջ»՝ թե՛ Ղարաբաղի, թե՛ գերտերությունների հարցում:
բ) Սկսի լայնամասշտաբ բարեփոխումների (մեկն արդեն սկսել են նույն վայրկյանին՝ «Հայլուրով» երկու ռեպորտաժ ցույց տվեցին նույն միտինգին առնչվող, խիստ մանրամասն ցուցանելով միտինգն ու եկածների շատությունը՝ անսալով Յովանովիչի մատնանշած՝ «գաղափարների հասանելիության՝ քաղաքացիներն ինչքան շատ տեղեկատվություն ունենան, այնքան լավը կլինեն նրանց կայացրած որոշումները, ժողովրդավարության խորացման, քաղաքացիական հասարակության» թեզերին) իրականացումը:
գ) Ինչո՞ւ ո՛չ, ի անհրաժեշտություն, գնա արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների:
Մեկ-երկու խոսք էլ ընդդիմության միտինգի օգտակարության մասին՝ Ռուսաստանի «կտրվածքով»: Վարչապետի հրաժարականի մասին լսեցինք բոլորս: Չնայած դա ոչ այնքան արտաքին, որքան տեղական օգտագործման էր (հարկավորների ջաղացին մկան «էնիք» լցնելու համար):
Ընդդիմության սոցցանցումն ու հեղափոխականացումը, ասացինք, ինչ-որ «իքս» պահից կարող է «նոու-հաու» դառնալ Ռուսաստանի համար՝ «կանխարգելիչ պատերազմ» (այս մասին մեր հաջորդ՝ մարտի հինգի հանդիպմանը նվիրված նյութում) «սկսելու», ինչպես նաև ՀԱՊԿ զորամիրավորումները (որոնք նույն տիկին Մարիի «ձիերով» ավերած Ղրղզստանում վերջերս այդպես էլ «արտահայտչաձև» չգտան), մտնեն Ղարաբաղ՝ խաղաղապահության, ձեռի հետ «խաղաղապահելով» նաև հայաստանյան Facebookացվող պարտիայում՝ արևմտյան հեղափոխությունը կանխելու համար... Հայաստանում, թերևս, հարբած փղեր պետք լինեն (էդքան ձի դժվար գտնվի):
Ամերիկան ունի՞ հարբած փղեր:
Կունենա՜: Որովհետև էս աշխարհում կարևորը մենք ենք ու Ամերիկան:
Հա, Ավստրիան էլ:
Նալբանդյանին դրա համար էինք ուղարկել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ