«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԲԱՔՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԽԱԽՈՒՏ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ «ԼՈՒԾՈՒՄՆԵՐ» ԱՍՎԱԾԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

ԲԱՔՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԽԱԽՈՒՏ ԵՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ «ԼՈՒԾՈՒՄՆԵՐ» ԱՍՎԱԾԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
11.02.2011 | 00:00

Խոսելով հակամարտությունների կարգավորման ուղիների մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ հայտարարում են, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական, իրավական առանձնահատկությունները, հետևաբար, տվյալ հակամարտության յուրահատկությունից ելնելով էլ, հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»:
Այս մոտեցումն ընդունելի կլիներ, եթե գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումներ» ասվածը փնտրել միայն սեփական շահերի տիրույթում:
Բանն այն է, որ շատ հաճախ է փորձ արվում հակամարտությունների կարգավորումը պայմանավորել զուտ սեփական տնտեսական ու քաղաքական շահերով, իսկ հետո «արդարանալ», թե դա է թելադրում տվյալ հակամարտության պատմական, իրավական, քաղաքական «առանձնահատկությունը»:
Ակնհայտ է, որ հենց միջնորդ երկրների ակտիվ ջանքերի «շնորհիվ» արցախյան հակամարտության բանակցային գործընթացն իրավականից մղվեց զուտ քաղաքական հարթություն, ու գրեթե «մոռացվեցին» միջազգային իրավունքի պահանջները: Այսօր էլ շրջանցվում ու անտեսվում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղին, ինչը, իհարկե, ձեռնտու է միայն Ադրբեջանին ու վերջինիս շահերի սպասարկու երկրներին:
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մեկ տասնյակից ավելի ձգվող անարդյունք բանակցային գործընթաց։ Իսկ որքան ձգձգվում է գործընթացը, այնքան նորանոր քաղաքական խաղաքարտեր են ի հայտ գալիս, որոնք առավելապես խճճում ու փակուղի են մղում հիմնախնդրի լուծումը:
2010-ին Հայաստան այցելած ԱՄՆ-ի Զինված հակամարտությունների ուսումնասիրության միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյան գերտերությունների շահագրգռությունների մասին զարմացնող անկեղծությամբ արտահայտվել էր. «Կա մի պետություն, որը տալու, առաջարկելու որևէ բան չունի (իմա` Հայաստան), և հարուստ պետություն (իմա` Ադրբեջան), որը նավթամուղի սկիզբն է։ Սա նշանակում է, որ այսօր աշխարհում շահերը նույնքան կարևոր են, որքան սկզբունքները», բացահայտ ակնարկել էր վերլուծաբանը:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը սկզբից ևեթ առաջ մղեց «տարածքային ամբողջականություն» կոչված սկզբունքը, այն հակադրելով ու գերակա հայտարարելով արցախահայության` միջազգային իրավունքով ամրագրված արդար պահանջին` ազգերի ինքնորոշման իրավունքին:
Ադրբեջանի իշխանությունները հրաշալի գիտակցում էին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց հիմքերը խախուտ են, որ գոյություն չունի որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող է հիմնավորել Արցախի Հանրապետության նկատմամբ իր հավակնությունները: Բաքվի իրավական փաստարկների փաթեթում չկա իրավական բնույթի որևէ հիմնավորում` Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջան» անունով աշխարհագրական տարածքի կամ այդ անունով որևէ ինքնիշխան պետության պատկանելու մասին:
Եվ ահա, բանակցային գործընթացի սկզբում Ադրբեջանը շրջանառեց` «տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքին»` միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն ու տգետ «փաստարկը», ինչի վրա էլ խարսխվեց Ադրբեջանի հետագա քաղաքական ուղենիշը:
Տարօրինակ է, որ նման անտրամաբանական «փաստարկը» լրջորեն ընդունեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման առաքելությունն իրենց ուսերին վերցրած, միջազգային իրավունքի գիտակ համարվող համանախագահողները: Ընդունելով Բաքվի հրամցրած «դեղատոմսը», փաստորեն, Ադրբեջանին հնարավորություն տրվեց խաղարկելու տարածքային ամբողջականության սկզբունքը, կեղծելու և գլխիվայր ներկայացնելու արցախյան հիմնախնդրի իրական բնույթը: Այն խաղաքարտ դարձավ նաև համանախագահների ձեռքում, որոնք նախընտրելի պահին, ուզածի չափ շարունակում են մանևրել երկու սկզբունքների մեջտեղում:
Ադրբեջանական քարոզչամեքենան, վարպետորեն նենգափոխելով պատմական, իրավական ու քաղաքական փաստերը, այսօր հասել է նրան, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները, ձայնակցելով Ադրբեջանին, արցախյան հակամարտության մասին հնչեցրած ցանկացած հայտարարություն սկսում ու ավարտում են «տարածքային ամբողջականության» սկզբունքին համակարծիք լինելու իրենց թյուրքահաճ հավաստիացումներով:
Ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան հաճախ էր սիրում կրկնել այն պնդումը, թե. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: Ադրբեջանի շահերի պաշտպան դիվանագետը, հրաշալի գիտակցելով իրավական հարթության մեջ Ադրբեջանի սնանկությունը, այդ կերպ ջանում էր իրավական փաթեթ խցկել ադրբեջանանպաստ ինչ-որ հիմնավորում:
Իրականում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն անհամատեղելի են, ու առավել ևս անհնար է փորձել արցախյան հակամարտությունը լուծել երկու սկզբունքները համադրելու ճանապարհով: Տեղին է նկատել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ասելով. «Մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքային ամբողջականության», ու քանի դեռ բանակցությունները շարունակում են կառուցվել երկու հակադիր սկզբունքների հիման վրա, Գ. Պետրոսյանի համոզմամբ, կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չեն կարող լինել:
Իրողությունն այն է, որ «տարածքային ամբողջականության» սկզբունք, որպես այդպիսին, գոյություն չունի: Հարց կառաջանա այդ դեպքում ինչի՞ շուրջ են տարիներ շարունակ բարբաջում Ադրբեջանն ու վերջինիս ձայնակից Մինսկի խումբը:
Կատարենք մի կարճ դիտարկում իրավական հարթության մեջ: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի 4-րդ կետը տարածքային ամբողջականության առնչությամբ ընդամենը հռչակում է. «ՄԱԿ-ի բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված Ազգերի նպատակների հետ»: Սա հենց այն կետն է, որից կառչում են Ադրբեջանն ու վերջինիս շահերի սպասարկուները: Սակայն իրավագիտորեն պետք է տգետ լինել (կամ ձևանալ)` չհասկանալու համար, որ այստեղ խոսքը ճանաչված պետությունների հարաբերությունների մասին է, բայց ոչ ազգերի ինքնորոշման:
Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության», այսինքն, պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Այն ընդամենը կոչ է` ուղղված երկրներին` ձեռնպահ մնալու «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետությունը գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:
ՄԱԿ-ի հռչակագիրը, միաժամանակ, հստակ սահմանում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի համարվում միջազգային իրավունքի սկզբունք: Այն ընդամենը կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները և կիրառելի է միայն այդ հարաբերություններում»: Հետևապես, պարզից էլ պարզ է, որ այն չի կարող կիրառվել արցախյան հակամարտության դեպքում, ուր առկա է ազգերի ինքնորոշման իրավունքը:
Միջազգային իրավունքի տարբեր մասնագետներ տարբեր առիթներով արձանագրել են, որ «Գործող միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման սկզբունքն ընդհանրապես գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ», և վերջապես. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի հակադրել ազգերի ինքնորոշման սկզբունքին և խոչընդոտել վերջինիս կիրառմանը»:
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ
Դեռ 1952 թ. ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»: Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված Ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքին»:
ՄԱԿ-ի կանոնակարգը հստակ սահմանեց ինքնորոշման սկզբունքը: Կանոնադրության 1.2-րդ, 55-րդ հոդվածները պարզորոշ ամրագրեցին, որ «Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար»: Իսկ սա նշանակում է, որ ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ը դիտեց որպես ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հիմք: Այդ սկզբունքի լիակատար ընդունումը նախադրյալ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման: Հետևաբար, մերժելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանն այսօր խոչընդոտում է տարածաշրջանում համընդհանուր խաղաղության հաստատմանը:
1970 թվականին ՄԱԿ-ի ընդունած մեկ այլ հռչակագրով սահմանվում են պետությունների համագործակցության 7 սկզբունքները: Դրանցում խոսվում է ուժի չկիրառման, ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին: Մինչդեռ այդ 7 սկզբունքներում բացակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Հստակ է` այն ներառված չէ միջազգային իրավունքի սկզբունքների շարքում:
Հիշեցնենք նաև, որ դեռևս 1960-ականներին ՄԱԿ-ն ընդունել է «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» Հռչակագիրը, որի 2-րդ պարբերությունը հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: Սրանով հաստատվում է 1988-91 թթ. ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից և ԼՂՀ անկախության ճանաչումը, որն արցախահայությունը ձեռք է բերել 1991-94 թթ. Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ:
Իրավական նմանատիպ փաստարկների շարքը կարելի է շարունակել: Եզրափակելով մեր խոսքը` արձանագրենք, որ իրավական փաստաթղթերը հստակ ու անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես միջազգային իրավունքի սկզբունք, որը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ երկրների համար: Ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է և, ըստ այդմ, միջազգային իրավունքի խախտում: Ի դեպ, ՄԱԿ-ի հռչակագրի այն կետը, որը հստակ սահմանում է ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ՄԱԿ-ի անդամ երկրների պարտավորությունները` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որևէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին կզրկի իրենց ինքնորոշման իրավունքից, ազատությունից, անկախությունից: Այդպիսի բռնի գործողությունների դեմ միջոցների կիրառման ժամանակ և դրանց դիմադրելիս այդ ժողովուրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս իրավասու են աջակցության ձգտելու», շատ կարևոր է արցախյան հակամարտության տեսանկյունից։
Այս դրույթն ապացուցում է, որ Հայաստանն այսօր լիովին գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, և այդ պահանջների համաձայն, օրինականորեն պաշտպանում իր ինքնորոշման իրավունքի հաստատման համար պայքարող արցախահայության շահերը:
Հետևապես սին են Հայաստանն «ագրեսոր» ճանաչելուն ուղղված ադրբեջանաթուրքական բոլոր փորձերը:
Այսպիսով, արցախյան հիմնախնդրի լուծումը քաղաքական շահերի տիրույթից հեռու պահելու միակ ուղին իրավական հարթությունն է. հայկական երկու պետությունները հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական փաթեթն առաջ մղելու, բանակցային գործընթացը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին համահունչ զարգացնելու համար:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ