Սեպտեմբերի 21-ից սկսած․
1․Արցախի Հանրապետության վարչական մարմինը գտնվում է ֆորս-մաժորի մեջ:
2․Հայության իրավաքաղաքական ներուժը գտնվում է ճգնաժամի մեջ:
3․Արցախահայությունը գտնվում է քաղաքական անտերության մեջ։
2023 թվականի սկզբներին «Վերածնվող Արցախ» շարժմանը հաջողվեց միավորել 30-ից ավելի կազմակերպություններ և Ստեփանակերտում ձևավորեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» գործողությունների նոր հարթակ։
2023 թվականի մայիսի վերջին Արցախի Ազգային Ժողովին, կառավարությանը և նախագահին փոխանցվեց «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորման առաջարկը՝ Արցախը ճգնաժամից դուրս բերելու և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու ծրագիրը, որը տեղադրվեց ԱԺ կայքի նամակների բաժնում։
Մենք ցանկանում էինք իշխանական համակարգին ահազանգել առ այն, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է կործանման եզրին։
Սակայն իշխանական համակարգը որևէ նպատակային քայլ չկատարեց Արցախի կործանումը կասեցնելու համար։
Որպես «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար և «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորման համակարգող՝ դիմում եմ Արցախի Հանրապետության իշխանություններին, Ազգային Ժողովին և հարցնում եմ՝
1․ինչու՞ արցախահայության վերադարձը իր բնօրրան՝ Արցախ, քաղաքական ուժերի համար չեք դարձնում կենսական օրակարգ:
2․Ինչու՞ իշխանությունների անգործության պատճառով հայ ժողովուրդը և մասնավորապես արցախահայությունը տասը ամիս ենթարկվեց քաղաքական շրջափակաման, զրկանքների և սովամահության, որից հետո բռնահանվեց իր մի քանի հազարամյա բնօրրանից, իսկ բնօրրանը բռնազավթեց թշնամին։
2. Ինչու՞ խմբակցությունների ղեկավարները, պատգամավորները և բոլոր շահագրգիռ կողմերը չհրավիրեցին ԱԺ արտակարգ նիստ, շրջանցելով, որ Ազգային Ժողովը ձևավորված է Արցախի Հանրապետության ժողովրդի քվեի միջոցով և այն կարող է իր աշխատանքները դադարեցնել միայն ժամկետը լրանալուց կամ մանդատները վայր դնելուց հետո:
Ելնելով ստեղծված իրավիճակից, հիմք ընդունելով ներկա իրողությունները՝ «Վերածնվող Արցախ» շարժումը և «Արցախ-Հայաստան-Սփյուռք» միավորումը շարունակում են իրենց աշխատանքները ֆորս-մաժորի պայմաններում՝ իրավական, մարդասիրական և լրատվական ուղղություններում, հիմք ընդունելով Եվրոպական Խորհրդարանի 04.10.2023թ. «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման առաջարկ»-ը (2023/2879(RSP):
Արցախի Հանրապետության բնակիչների իրավունքները պաշտպանելու նպատակով նախապատրաստվում է միասնական հայց՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բնակիչների բռնի տեղահանման, Արցախի տարածաշրջանի բռնազավթման, մասնավոր սեփականության, ժառանգական իրավունքի, աշխատանքի, գործունեության, կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքների արգելափակման դեմ։
Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆ