«Մեծ Բրիտանիան թող իր հանքերը շահագործի. Հայաստանի հետ գործ չունի»
06.09.2019 | 00:54
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Վարչապետն էլ հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:
Ամուլսարի ծրագրի հետ կապված ՀՀ իշխանությունների վերջին դիրքորոշումները բավարարու՞մ են բնապահպաններին։ Այս հարցով դիմեցինք «Հայաստանի Կանաչների միության» նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ։
«Հանքարդյունաբերության վերաբերյալ ՀՀ նոր կառավարության մոտեցումները հուսադրող են. խոստացել են մետաղական նոր հանքավայրեր չշահագործել, սակայն պետք է ասեմ, որ այդ ոլորտում օրենքի ոտնահարումն ու պետության ունեցվածքի կողոպուտը շարունակվում է առանց որևէ փոփոխության: Ամուլսարի հարցում կառավարությունը կարող էր որոշում կայացնել առանց «Էլարդի» միջամտության և հանքի շահագործման հարցը համարել փակված, քանի որ այդ ամենի համար կան իրական նյութեր և իրավական հիմքեր: «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ի հարյուրավոր էջերում ներկայացված են մեր երկրի հողին, ջրին, բուսականությանը, կենդանական աշխարհին հասցվելիք անդառնալի կորուստները, իսկ ՇՄԱԳ-ին բնապահպանության նախարարության տված դրական եզրակացությունում այդ մասին որևէ խոսք չկա։ Այսինքն, եթե կառավարությունը լիներ թեկուզ կիսապրոֆեսիոնալ, այդքանը բավարար կլիներ, որպեսզի, առանց միջազգային որևէ կազմակերպության միջամտության, տեսներ, որ ամեն ինչ սխալ ճանապարհով է ընթանում, և կասեցներ «Լիդիանի» գործունեությունը, որը հանդես է եկել որպես ոչ հուսալի, փաստերը թաքցնող գործընկեր»,- ասում է պարոն Սանասարյանը։
Հակոբ Սանասարյանը նշում է, որ իր համար անհասկանալի է Մեծ Բրիտանիայի դիվանագիտական կորպուսի հայտարարությունը, որով սատարում է «Լիդիան Արմենիային». «Դա ուղղակի սպառնալիք էր։ Մեծ Բրիտանիան թող իր հանքերը շահագործի։ Դիվանագետներ եք ուղարկում Հայաստան, թող որպես դիվանագետ աշխատեն և ոչ թե լրտես, որ հոտոտելով պրպտեն, թե երկրում ինչ կա, որպեսզի կողոպտեն-տանեն»։
Հասարակության մի հատվածը քննադատում է բնապահպաններին, նշելով, թե վերջիններս խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Օրինակ են բերում ժամանակին ատոմակայանի, «Նաիրիտի» փակումը, ինչը մեծ հարված հասցրեց ՀՀ տնտեսությանը։ Նույն հարցն այսօր է առաջանում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված։ «Կանաչների միության» նախագահը նշում է. «Ես կողմ եմ եղել և ջանք եմ թափել, որպեսզի ատոմակայանը փակվի, հիմա էլ նույնն եմ մտածում։ Ես կողմ եմ եղել, որպեսզի «Նաիրիտը» փակվի, իմ այդ կարծիքն այսօր էլ չի փոխվել։ Երկուսն էլ խիստ վտանգավոր օբյեկտներ են։ Իհարկե, դրանք էլեկտրաէներգիա և առանձնահատուկ կաուչուկ են արտադրում, բայց դրանց արտադրածը աննշան ու փոքր է այն վտանգի համեմատ, որ կարող է սպառնալ հայ ժողովրդին։ Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակն աբսուրդային է. եկել են, ուզում են մի 10 տարով գործ անել և մեր երեք գետերը ոչնչացնել՝ աղտոտել ծանր մետաղներով ու ռադիոակտիվ տարրերով՝ այն էլ հազարավոր տարիների կտրվածքով, նույն աղտոտիչներով հողերը դարձնել անօգտագործելի, բնակավայրերը ամայացնել, և դա համարվում է տնտեսական գործունեությու՞ն, շահութաբեր ներդրումային քաղաքականությու՞ն։ Ես կոպիտ բաներ չեմ ցանկանում ասել որոշ տնտեսագետների, պատգամավորների հասցեին, բայց ա՜յ երեխա, եթե դու տնտեսագետի դիպլոմ ունես, բայց չգիտես, թե ինչ բան է տնտեսությունը, գոնե սուս մնա։ Տնտեսությունը քանդող գործոնը այդ մարդիկ համարում են տնտեսության բարգավաճում։ ՈՒրեմն մենք, ունենալով սպառնալիք 100 հազարավոր հեկտար հողերին, Սևանա լճի, գետերի, Ջերմուկի հանքային ջրերի նկատմամբ, պետք է շահագործե՞նք Ամուլսարի հանքը։ Կա՛մ սրանք դիվերսանտներ են, որոնք մտել են Հայաստանի կառավարություն, Ազգային ժողով և տնտեսության համապատասխան օղակներ ու թքած ունեն Հայաստանի վրա, կա՛մ տգետներ են։ Երկուսից մեկը»։
Պարոն Սանասարյանը նշում է, որ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի մասին իր դիտարկումները 2018 թ. օգոստոսի 29-ին ուղարկել է ՀՀ կառավարություն, սակայն ոչ մի պատասխան առայժմ չի ստացել։ Նման եզրակացություններ են ուղարկել նաև վարչապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի մյուս անդամները, վերջիններս նույնպես որևէ արձագանք, կարծես, չեն ստացել։ Ըստ նրա՝ ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Արթուր Գրիգորյանի հեռանալուց հետո կառավարության հետ որևէ շփում չկա։
Բնապահպանը նկատում է, որ Ամուլսարի հանքում ռադիոակտիվ տարրեր կան՝ ուրան, թորիում, ռադիում, և առանց հանքը շահագործելու էլ այնտեղ ֆոնային խտացումը մեծ է։ Պատահական չէ, որ «Էլարդն» ասել է, թե «Լիդիանը», չափումներ անելիս, ֆոնային կոնցենտրացիաները չի գումարում այդ տվյալներին, ինչը կոպիտ խախտում է։ «Էլարդը» հսկայական աշխատանք կատարեց, մենք դժգոհում էինք այս կազմակերպությունից, բայց իրականում նա ցույց տվեց բոլոր այն մտավախությունները, որ ունեին Հայաստանի փորձագետները, բացի այդ, տվեց նաև հավելյալ նյութեր, քանի որ բավականին պրոֆեսիոնալ կազմակերպություն է։ Նրանց հետ տեսակոնֆերանսն ապացուցեց այդ փաստը, փոխարենը շատ ամոթալի էր մեր մասնագետների մանկապարտեզային մակարդակը։ Միայն կարելի էր կարմրել այդ օրվա մեր կառավարության պահվածքի, հարցերի համար։ Բայց կարևոր էր, որ շատ ու շատ հարցեր պարզաբանվեցին»,- ասում է պարոն Սանասարյանը։
Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեկնաբանություններ