ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Երանի՜ նրանց, ովքեր «ափսոս մարդու» պես ծառայում են հայրենիքին

Երանի՜ նրանց, ովքեր «ափսոս մարդու» պես ծառայում են հայրենիքին
18.05.2012 | 10:59

Երբ կարդում էի Աղվան Վարդանյանի «Ափսոս էր մարդը» վերտառությամբ անդրադարձը «Իրատես de facto»-ում մայիս ամսվա սկզբին հրապարակված իմ հոդվածին, մտածում էի` մեծ Կոբզարի՞ քառատողով, թե՞ Պուշկինի հանրահայտ դարձվածքով անդրադառնամ նրա մտքերին, երբ հանկարծ հասա նրա «Քծնանքը վատ բան է, Սոկրատ» խոսքերին։ Ակամա Աճառյանի կյանքից մի դեպք մտաբերեցի: Խթը-ի պադվալում (նկուղ բառը բնորոշ չի լինի այդ բառակապակցությանը) ծերուկին մշակում են` մեղադրելով մե՛կ անգլիական, մե՛կ ֆրանսիական լրտես լինելու մեջ, նա հասկանալի պատճառներով դրական պատասխան է տալիս (Աղվան Վարդանյանի պարագայում որոշել էի լսել և չպատասխանել), իսկ երբ ասում են, թե դու նաև թուրքական լրտես ես, շատ զգուշավոր Աճառյանը քաղաքավարի և ըմբոստ ձևով պատասխանում է` էդ մեկը չեղավ: Որ երկրի լրտես լինելս կուզեք ընդունեմ, բայց Թուրքիայինը` ո՛չ, մի՛ վիրավորեք:

Ընկեր Աղվա՛ն, էդ մեկը չեղավ: Էդ մեկը չեղավ, որովհետև առանց ամոթի ստում ես: Հիմնավորեմ: Եթե ես 20, 25, 35, 45, 55, 65 տարիքում որևէ մեկին չեմ քծնել, ինչպե՞ս կարող եմ 70 տարեկանում քծնել: Եթե ես քծնող լինեի... Բայց ավելի լավ է կոնկրետ օրինակով: 1996-ին, մինչև դատախազությունից ինձ հեռացնելը, գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանն ինձ առաջարկեց.

-Հոդվածներ մի գրի, ես քեզ շրջանի դատախազ կուղարկեմ:

Նրա առաջարկին հետևեց իմ հեգնական պատասխանը.

-Կաշառք ես առաջարկո՞ւմ, ընկե՛ր Գևորգյան:

Եթե ես քծնող լինեի, գլխավոր դատախազին իր պաշտոնում Թալեյրան չէի անվանի («Ավանգարդ», 1992 թ. դեկտեմբերի 14, «Իմ սուր գրչի, խուլիգան դատախազի և նրան հովանավորող «ազնիվ» գլխավոր դատախազի մասին»): Եթե ես քծնող լինեի, անհիմն քրեական գործ չէի շալակի (1988-ի դեկտեմբերին իմ նկատմամբ հարուցված քրեական գործը մեկ շաբաթ հետո կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով: Բայց դա չխանգարեց, որ ինձ ՀԽՍՀ դատախազության բաժնի դատախազից հանեն և ուղարկեն Ախուրյանի շրջան, որպես քննիչ), եթե ես քծնող լինեի, 1995 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցինիկաբար, անբարո ձևով փակեց դաշնակցություն կուսակցությունը և Մարուխյանին արտաքսեց երկրից, հաջորդ իսկ օրը «Երկիր Նաիրի» թերթում չէի սատարի ՀՅԴ-ին և նշավակի Լևոնին (իսկ դուք ձեզնից ներողություն չխնդրած անարժանի հետ ձեռք սեղմեցիք)։

Աղվա՛ն, ես, որ ունեմ մեկ ինստիտուտի և համալսարանի երկու դիպլոմ, Աստծուց տրված գրիչ, չքծնեցի Լևոն Տեր-Պետրոսյանին և չդարձա նախարար, այլ հեռացվեցի դատախազությունից և 2,5 տարի չաշխատեցի: Եվ այդ տարիներին, հաց հանապազօրյան աշխատելու, ուսանող երեխաներիս կերակրելու համար խոզ էի պահում, կովի տակ էի մաքրում, հող էի մշակում: Իսկ դու, Աղվան, երբևէ խոզ պահե՞լ ես, հող մշակե՞լ ես, ճակատիցդ թափված քրտինքը խառնե՞լ ես հողին: Աղվա՛ն, քրտինքով հողը ջրած մարդը չի կարող քծնել:

Շարունակե՞մ, ընկեր Աղվան, թե՞ բավական է։ Բայց վերջակետ դնելուց առաջ էլի պիտի հիշեցնեմ քո և քո ընկերոջ անազնիվ վարքագծի մասին: Երբ ակամայից հայտնվել էիք Քոչարյանի թիմում և սկսել էիք բարձրանալ դեպի երանելի պաշտոնները, ասա՛, խնդրեմ, ինչպե՞ս վերաբերվեցիք ձեզ համար, արդարության համար պայքարած և անարժանիորեն պատժվածիս հետ: Որքան էլ կոպիտ հնչի, կասեմ... (հարմար բառը դու ընտրիր): Պատահաբար հիշեցի Արմենակ Մնջոյանին, որին երբեք չեմ ճանաչել, բայց որի բաց նամակները շատ եմ կարդացել` ուղղված պարտայգենոսեին. ինչո՞ւ անտարբերությունն է լինում նրա խոսքի պատասխանը։ Նրա նամակներից կռահում եմ, որ նա ազնիվ նվիրյալ է եղել, թերևս խաբված նվիրյալ։ Երբևէ այցելե՞լ եք նրան մեկուսարան, անշուշտ, ոչ։ Այստեղ կասեմ` մեկնաբանությունն ավելորդ է։

Ես երբեք դաշնակցությանը չեմ փնովել, որովհետև այդ կուսակցության մեջ են եղել հայ ժողովրդի ազնիվ շատ նվիրյալներ, ովքեր...

Ինչո՞ւ Անդրանիկը, Նժդեհը, Շահեն Նաթալին հեռացան կուսակցությունից: Բացատրությունը ինքդ քեզ համար կտաս:

Այն էլ ասեմ, Աղվա՛ն, որ ինձ համար չկան լավ և վատ կուսակցություններ, կան լավ և վատ կուսակցականներ, ովքեր պարզեցնում կամ մրոտում են իրենց կուսակցության ճակատը:

Եթե ես չեմ քծնել հանուն իմ կարիերայի, ասա, խնդրեմ, մարզպետն ո՞վ է, որ նրան քծնեմ: Ես Էդիկ Բարսեղյանին հարգում եմ որպես իմ լավ, արժանի, հայրենիքին ծառայություններ մատուցած ընկերոջ, որը հեռու է քծնանքից:

Կուզեի քեզ ուղղած խոսքս ավարտել «Երևակ» թերթի վերջին համարից մի քանի տող վկայակոչելով. «Կուսակցական պատկանելությամբ Սոկրատ Հովսեփյանը դաշնակցական է (սա սխալմունք չէ, սա շատերի համոզմունքն է, թեպետ ես երբեք դաշնակցական չեմ եղել- Ս. Հ.): Նրա անկոտրում հայրենասիրության ոգու մասին է վկայում գյուղապետարանի առջևի հրապարակում կանգնեցված դաշնակցական անվանի վրիժառու Արշավիր Շիրակյանի աղբյուր-հուշարձանը: (Ասեմ, Աղվա՛ն, որ այդ աղբյուր-հուշարձանը մի գյուղում, անունը չեմ ուզում տալ, իմ շատ լավ բարեկամ դաշնակցական ընկերները տարիներ շարունակ չէին կարողացել դնել (ինչ-որ մի պաշտոնյա արգելել էր- Ս. Հ.), իսկ ես այն տեղադրեցի, և այդ դաշնակցականի անմար ոգու կրակը ամեն վայրկյան ցայտող Գառնիի մաքուր ջուրն է): Նրա համար հայրենասիրությունը չի ճանաչում ոչ մի կուսակցություն»:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. -Քե՛զ, Աղվան Վարդանյան, հրավիրում եմ գյուղ, որ քո աչքերով տեսնես, թե ընդամենը երեք տարում այդ «Ափսոս մարդն» ինչեր է արել:

Իսկ դու, Աղվա՛ն, գոնե նախարար եղած ժամանակ քո գյուղում մի աղբյուր-հուշարձան դրե՞լ ես:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ