ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՍԻՐԵԼԻ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
27.05.2011 | 00:00

Եվ ջանքերիդ համար և հոգսերիդ բազում
Բանաստեղծն իր սրտի վերջին խոսքն է ասում.
Որպեսզի հար մնան նաիրական ոգին,
Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին:

Համո ՍԱՀՅԱՆ
15.05.1984, Երևան


Պահպանել հիշատակը ներկա և գալիք սերունդների համար. այս է հիմնական նպատակը մեր նորագույն պատմության պետական, քաղաքական, ազգային խոշորագույն գործիչ Կարեն Դեմիճյանի թանգարանի, որը հիմնադրվել է 2001-ին` ՀՀ կառավարության որոշմամբ։ Թանգարանի հիմնական ցուցադրությունը պատմում է Կարեն Դեմիրճյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև նրա համախոհների, զինակիցների և, ընդհանրապես, նրա ժամանակաշրջանի մասին, իսկ տարբեր առիթներով կազմակերպվող թեմատիկ ցուցադրությունները հնարավորինս ամբողջացնում են նրա կերպարը։
Ինչպես հայտնի է, 1977 թվականից պաշտոնապես նշվում է Թանգարանների միջազգային օրը, որը դարձել է ավանդական և բազմաբնույթ միջոցառումների տոնահանդես։ Վերջին տարիներին Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվում է «Թանգարանային գիշեր» ակցիան, որին տրվում է թեմատիկ ուղղվածություն։ Այս տարվա թեման էր «Թանգարան և գրավոր հիշողություն»։ Կարեն Դեմիրճյանի թանգարանում կազմակերպված ցուցադրությունը` «Կարեն Դեմիրճյանը հեղինակների ընծայագրերում և նամակներում», մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում։
Այստեղ ներկայացված են տարբեր ժամանակներում Կարեն Դեմիրճյանին նվիրած գրքերը` հեղինակների ընծայագրերով, որոնք կարևոր արժեք են ներկայացնում։ Դրանք որքան բազմազան են, նույնքան հետաքրքիր և ուսանելի, բացահայտում են նրա գործունեության անհայտ էջերը։ Մակագրություններն ընդհանրապես կրկնօրինակներ չեն ունենում, պահվում են տվյալ անձի արխիվում կամ գրադարակներում և անհայտ են մնում շատերին։ Դա ցավալի կորուստ է, որովհետև բովանդակում են արժեքավոր տեղեկություններ, պատմական նշանակություն ունեցող փաստեր, դրվագներ, գնահատականներ, բնութագրումներ, հետևաբար, հաճախ ներկայացնում են պատմական, ճանաչողական լուրջ արժեք։ Ներկայացված է ընծայագրված գրքերի մի մասը միայն` տեղի սղության պատճառով։ Կա ավելի քան 450 այդպիսի գիրք, որոնք պահպանվում են թանգարանի ֆոնդերում։ Ափսոսանքով կարելի է նշել, որ բավականին գրքեր կորել են այն ժամանակ, երբ Կարեն Դեմիրճյանը պաշտոնաթող է եղել և հեռացել է, իսկ աշխատասենյակի հաջորդ տերերի դիտավորության, թե անփութության պատճառով նրա աշխատասենյակից և կենտկոմի գրադարանից անհետացել է գրքերի, ինչպես նաև փաստաթղթերի և նամակների մի մասը։
Ներկա ցուցադրության նյութերը մեր նորագույն պատմության ամենահետաքրքիր, բայց և բարդ ժամանակաշրջանի մասին են, ժամանակաշրջան, որը նշանավորվում էր աննախադեպ հաջողություններով, զարգացումներով, նաև բարդ հարաբերություններով ու հակասություններով և ոչ միանշանակ գնահատականներով։ Եվ այս ֆոնի վրա հատկապես ցայտուն է երևում, թե ինչպիսի միանշանակ դրական գնահատականներ էին հնչում Կարեն Դեմիրճյանի մասին` որպես մարդու, որպես քաղաքական և պետական գործչի, որպես երկրի ղեկավարի։ Տարբեր է այդ գրքերն ընծայագրած հեղինակների կազմը` գրողներ, գրականագետներ, գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, պետական, քաղաքական, ռազմական գործիչներ. տարածական է նրանց աշխարհագրությունը, բազմազան` ազգությունը։ Նրանց շարքում կան տարբեր դավանանքի, քաղաքական տարբեր հոսանքների պատկանող մարդիկ, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ։ Հեղինակների մեծ մասն անկախ մարդիկ են, կայացած մասնագետներ, իրենց բնագավառում ճանաչված հեղինակություններ, որոնք գովեստներ շռայլելու և իրենց նկատմամբ ուշադրություն հրավիրելու անհրաժեշտություն չեն ունեցել։ Այդպիսի ընծայագրերով գրքեր նա ստացել է և՛ այն ժամանակ, երբ դեռ կենտկոմի քարտուղար չէր, և՛ այն ժամանակ, երբ արդեն առաջին քարտուղար էր, նաև այն ժամանակ, երբ ազատված էր այդ պաշտոնից և չէր աշխատում։ Առանձնապես ջերմ են այս ժամանակ նվիրված գրքերի մակագրությունները և նրան հասցեագրված նամակները։
Բազմաթիվ են նաև Կարեն Դեմիրճյանի մահից հետո նրա կնոջը` Ռիմա Դեմիրճյանին, որդիներին` Սամվելին և Ստեփանին, թոռներին, ինչպես նաև թանգարանին նվիրված գրքերը` նրա հիշատակը հավերժացնող ընծայագրերով։ Մարդիկ նրան չեն մոռանում։
Երբեմն ընդարձակ, հաճախ համառոտ, կցկտուր մակագրություններում բացահայտվում է կերպարը մի ղեկավարի, որն անմնացորդ նվիրված էր իր ժողովրդին և երկրին, որի ճակատագիրը և ապագան նա իր կյանքի իմաստն ու նպատակն էր համարում։
Երբ 1998 թ. նա վերադարձավ մեծ քաղաքականություն, մենք բոլորս ականատես էինք, թե «հուսահատ», «հուսախաբ», «հավատը ճաք տված» ժողովուրդն ինչպիսի ոգևորությամբ և ջերմությամբ, նաև հույսով ու հավատով դիմավորեց նրան։ Բազմաթիվ են այդ ժամանակ նրան նվիրած գրքերն ու մակագրությունները, որոնք մի կարևոր ընդհանրություն ունեն` վկայում են, թե ինչպես էին հավատում և սպասում նրան` վստահ, որ կգտնի երկիրը օրհասական վիճակից դուրս բերելու ճանապարհը։
Ընծայագրերի համառոտ տողերի մեջ որքան ինքնատիպ բնութագրումներ ու գնահատականներ կան, նույնքան, գուցե և ավելի, հույսի և հավատի զգացումներ, սպասելիքներ, Հայաստանը նորից հզոր ու ծաղկուն հանրապետություն տեսնելու հեռանկար։ Նրա մեջ ժողովուրդը տեսնում էր ոչ թե նախորդ օրերի կարոտը, այլ ապագա լավ օրերի երաշխիքը։ Մարդիկ համոզված էին, որ նա իր կառուցողական ունակություններով, հնարամտությամբ, փորձով, ազգային պատվախնդրությամբ, իր անսահման նվիրվածությամբ` ժողովրդին ու երկրին, կգտներ ճանապարհը` վերադարձնելու կորցրածը։ Նրան անվերապահորեն հավատում էին, որովհետև տեսել էին նրան աշխատանքի մեջ, տեսել էին երկրի նվաճումները, երկրի առաջընթացը։ Նա ինքն այդ մասին գրում է. «Մարդիկ հիշում են, որ ես կենտկոմում պաշտոնավարության տարիներին արել եմ այն, ինչ խոստացել եմ, և արել եմ արժանապատվությամբ»։ Այո, այդպես է։
Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում Կարեն Դեմիրճյանին ժողովրդի հասցեագրած նամակները։ Դրանք հիացմունքի, երախտիքի, գնահատության նամակներ են, որոնք հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի։ Առանձնապես բազմաթիվ են մարզահամերգային համալիրի հրդեհի կապակցությամբ նրան ուղարկված նամակները, որոնցում հեղինակներն իրենց աջակցությունն ու օգնությունն են առաջարկում, խնդրելով թույլ տալ մասնակցել կառույցի վերականգնման աշխատանքներին։ Նամակներ են ստացվել ոչ միայն անհատներից, այլև աշխատանքային կոլեկտիվներից` պատրաստակամություն հայտնելով օգնելու և՛ ֆինանսներով, և՛ շինարարական, վերականգնողական աշխատանքներին մասնակցելով։ Թանգարանի կոլեկտիվը (տնօրեն` Վահագն Մամյան) հարուստ և բազմաբնույթ նյութերի շնորհիվ ներկայացրել է բովանդակալից և հետաքրքիր ցուցադրություն։ Վստահորեն կարելի է ասել, որ այցելուները գոհունակությամբ կդիտեն իր տեսակի մեջ եզակի այս ցուցադրությունը։
Լիլիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ