«Այդ ինչպե՞ս է հրեան իր ունեցած-չունեցածը դնում, չի թողնում մի հավաքարար, մի կոշկակար, մի մուրացկան լինի իր ազգից։
Տունդարձի ճանապարհին մեր մեծահարուստը պիտի վիրավորվի աղբարկղերին ձեռք գցողների համար։
Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունն առաջ մղում»։
Լևոն ԽԵՉՈՅԱՆ
ԲԱՐԵՊԱՇՏ ԱՐՔԱՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
Իսկ մենք, պատվական Լևոն, կարելի է կարծել, մեր տնտեսությունը հե՞տ ենք մղում։ Իրատես չես, եղբա՛յր, թեկուզ և գրական տաղանդ ես։ Ըստ քեզ, մեր կարասները չե՞ն լցվում յուղով (թեկուզ` ձիթայուղով), մեր երեխաները տխրամա՞ծ աչքեր չունեն, ոնց Սելիմի լեռնանցքում կապ ընկած «Լամբորջինիի» վարորդի հայացքը։ Հասկացիր, ի՛մ ախպեր, մենք ո՛չ հրեա ենք, ո՛չ էսկիմոս, ո՛չ էլ, հազար ներողություն, «ազգությամբ բաքվեցի»։ Կենդանի, կարելի է ասել, համարյա դասագրքային դասական ես ու սովետահայ մանկավարժի «մի պա՜րզ ճշմարտություն» անտեսում ես. էդ ո՞նց է հնարավոր արգելափակել «մի հավաքարարի», «մի կոշկակարի» ու վրադիր «մի մուրացկանի» գոյությունը։ Լավ չէ, ամենևին ու բնավ։ Զի ժամանակ առաջ պատմության քառուղիները խոտորեցիր և Դրաստամատ ասպետի սքանչելի կերպն ու վարքը լուսաբանեցիր դարում քսանմեկերորդ:
Եվ անողորմ անփութությամբ անտեսեցիր հայոց հանճարի գերական` բարեպաշտությունը ամենուր, ամեն բանից վեր, ամենից սթափ ու ճշգրիտ։ Այո՜, ապրեցինք Թորգոմաց տան զարմերս բարեպաշտ արքաների «լծի տակ» և ըմբռնեցինք ճշմարիտն ու բարին, արդարն ու անարատը։ Այն է` ազատություն և ժողովրդավարություն։ ՈՒ մինչ հրեան հոգետանջանքի է ենթարկվում, մենք երկիր Նաիրին ենք կերտում 3-րդ հազարամյակի տեսիլքներով։ Վերջերս չէ՞ր, Եվրամիության բարեպաշտ սեղանապետներից մեկը ցնծագին ողջունեց Հայաստանի հորդառատ մղումներն առ եվրաընտանիք և ոգեշունչ տարփողեց` դուք (այսինքն` մենք)` հայերդ, զարմանալի հակում ունեք դեպի քաղաքակրթությունը, բարեկրթությունը և զանազան այլ բար... ություններ, ու չնայած Ասիայում եք աշխարհագրորեն, Եվրոպայում եք ֆիզիկապես։ Միայն թե քիչ ու միչ ջանքեր են անհրաժեշտ։ ՈՒ հիմա ջանքերը գործադրվում են։ ՈՒ անգամ նախաամանորյան գնային ծովահենությունը չի խանգարի մեր սիգարշավ ընթացքը։ Զի աշխարհագրորեն ենք միայն Միջին Արևելքում։ Եվրոպան պարմանուհու տենչով սպասում է մեզ։
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՅԼԵՎԱՅԼՈՒԹՅՈՒՆ
Կարապետիչին, մեղմ ասած, բլդուղ արեցին։ Եվ, իսկն ասած, նրան հասնում էր։ Այս ֆենոմենալ հեռուստաքրմին, քաղաքական բուժակին քիչ ու միչ կարոտել է պետք։ Թե չէ, գնալով նմանվում է զահլահան բարերարի։ Ոնց որ, օրինակ, էն մոլեռանդ սկաուտը (խորհրդային օրերի պիոները), որը ճանկն ընկած յուրաքանչյուր տատիկի բռնի բարեպաշտական ուժով «Այրարատ» տոնավաճառից թռցնում էր մանկավարժականի մայթ։ Սիրունատես տատիկը (ինչպես պարզվում է հետագայում, այսինքն` ոստիկանության Կենտրոն վարչական շրջանի բաժանմունքում) Վերին Խաթունարխ գյուղի բնակիչ էր, զզվել էր կողակից Վարազդատի ապառաժ անտարբերությունից, գյուղապետարանի կատարածու Սմբոյի հետապնդումներից և Երևան էր ժամանել Հանրապետության հրապարակի տոնածառից մի երկու խաղալիք ցրելու նպատակով։
Եվ ճշտով որ դրստենք, ոտն ի գլուխ այլակերպված է առհասարակ հեռուստամրցույթ ասվածը։ Էլ կապուղի ու փաթեթ, էլ եվրապահանջ ու Ամալյանի ջղեր։ «Ա1+»-ի փաթեթի հերթական ստուգումը նվազագույնը խոպան է «Մոնտե Քրիստոն` Ապարանից» սերիալ նկարահանելու համար։ Եվ հետո անհասկանալի էր, կապուղիների վերանվաճման մրցո՞ւյթ էր, թե՞ գեղասահքի ստուգատես` օժանդակ դպրոցների մարզասեր սաների մասնակցությամբ։ Հանձնաժողովականները էնպիսի կարգապահ ուշիմությամբ էին ցուցանակների վրա նախշված գնահատականները վեր ցցում, կարծես արհեստավարժվել էին մանկամսուրային տարիքից։ Մի խոսքով, մրցույթի արդյունքները պիտի անհապաղ վերանայել։ Եվ նոր մրցույթի նախապայման ու կանխավարկած հայտարարել բարոյագեղագիտական և կրթադաստիարակչական կվինտէսենցիան։ Այսինքն, Կարապետիչի «Շոգեքարշը» պիտի որ մրցի Դիանայի «Իմ չաղումաղ հարսանիքի» հետ։
Մի խոսքով, ընդհանրական հայոց հեռուստախցիկը ազգին և հանրույթին բարոյագեղագիտական հոգեթերապիայի է ենթարկում, ամոքում վշտերը, ապաքինում վերքերը։ Ապավինում ենք նրան։ Տեսախցիկը տեսնում, փաստում, հավաստում է` Տաշիրից Զանգիբասար և Վարդաշենից Նորագյուղ օրինապահ անդորր է։ Հավատավոր հայությունը, զանգվածային «հոպ-զիլինայից» անհատական ցնցակաթվածի մեջ, ապավինում է այլևս ու այսուհետ, ապավինում է` ուժասպառ ու թևաթափ, ապավինում է` ընդհանրական-համազգային մի հուժկու ումպով կուլ տալով գունազարդ թունահաբերի տարեվերջյան բաժնեմասերն ու շահադրույքները։
2010-ի նախաամանորի երեկո ու գիշեր։ 2011-ի տոնական վրաերթեր։ Հանգստացեք, չեմ կռռո՜ւմ, տոնական վրաերթեր` թունահաբերը չմարսած հանրային հոտի մի 20-30 տոկոսի (նաև իմ և ձեր, պատվարժան ու պաշտելի իմ ընթերցողներ) համար։ Այսպիսով, տոնական վրաերթեր` «բորդո» վարդի մատուցմամբ։
Ախր, ասացի՛նք, հուշեցի՛նք, համոզեցի՛նք։ Իզո՜ւր։ Հ1-ի բրենդը, դեմքը, կերպարն ու հավատո հանգանակը մնում է Ղազարյան Աշոտ հումորասպառ-երգիծասպանդը։ Եվ այստեղ, անշուշտ, առկա է ճշմարտության հատիկը (բլղուրի տեսքով)։ Հանրության ո՞ր հատվածն է խելքամաղ լինում նրա քյաբաբապլոճիկային զեղումներից։ Միանգամայն ճիշտ եք։ Տնային տնտեսուհիները, խորհրդարանական կոալիցիան և, բնականաբար, կոոպերատիվ բուհերի հարցազրիցների շեմը այդպես էլ չհաղթահարած դիմորդները։ Բայց չէ՞ որ նրանք երկրիս աղն են ու նախընտրական մատաղի աչառու սպառողները։ Ասել է թե` կազմում-ձևավորում են ընտրազանգվածի շուրջ 70 տոկոսը։
Էնպես որ, բավարարվենք ու մխիթարվենք։
ՓԱ՜ՌՔ ՔԵԶ, ԿՏԺ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Այսպիսով, բավ է բռնադատենք ընթերցողի լճիցլիճյան համբերությունը։ ԿՏԺ-ն ստուգաբանվում է որպես Կառավարական տան ժամացույց։ Անդուլ մի աշխատավոր, որի հոգնատանջ հայացքի ներքո Հանրապետության հրապարակում հերթական տոնածառն է փքվել ու զուգվել։
Ի դեպ, ով դեռ չի մասնակցել երկրի (համայն հայության) թիվ մեկ հրապարակի գլխավոր եղևնու շուրջ բռնած շուրջպարին, վստահաբար շատ բան է կորցրել։ Գներն այստեղ բնավ չեն զիջում մայրաքաղաքի ամենաթանկ սուպերմարկետին։ Դիցուք, նստում ես ձիակառքը ու մի պտույտ տալիս օվալաձև գորգի վրա։ Մի պտույտ և 300 դրամ։ Փուչիկն ու ադիբուդին, գաթան ու կարկանդակը ոչ միայն պարտադրաբար ժամկետանց են, այլև, առանց այլևայլության, մաքսանենգ։ Չկա որևէ դրամարկղային սարք։ Կազմակերպիչը քաղաքապետարանն է։ ՈՒ սա այս կառույցի Ամանորի գրդոնն էր։ Կես ժամը ՀՀ քաղաքացու վրա նստում է նվազագույնը 50-70 դոլար։ Այս Ամանորին, վստահաբար, շատ ավելի։ Կամ գուցե կարգ ու կանոնն իշխի այս շփոթում։
Մի խոսքով, ԿՏԺ-ն շարունակում է իր անվերջ-անսկիզբ շուրջպարը` այս տարի երկնագույն եղևնուն աչքը հառած։ Ի դեպ, անցե՞լ է մտքով ձեր, որ Հայաստանում վաճառվող Ձմեռ պապերն անվերապահորեն համասեռամոլի ժպիտ ունեն։
ԱՆՎԵՐՋ ՕՂԻ, ԲԼՐՈՎ ՄԱՆԴԱՐԻՆ
Վստահաբա՛ր, կեցցե նման Նոր տարին։
Եվ շնորհավոր հատկապես նրա Ամանորը, ով, իր կամքից անկախ, առկախվել է այս հրապարակաշարում։ Պատկերացնենք իրավիճակը, այսպես ասած, փուլային տարբերակով։ Մանուկ (նաև պատանի) հրոսակը պապիկ-տատիկի նյարդային համակարգը անեքսիայի ենթարկելով, հասնում է նպատակին, ձեռք է բերում մի փունջ պայթուցիկ։ Հետո անցնում է դիվային խաղալիքների գործարկմանը։ Պայթյուն, որոտ, թմբկաթաղանթների պատռումներ։ Զա՛նգ ոստիկանություն։ Պահակազորը գրոհում է։ Հրոսակներից ամենակատաղիների ականջներն ու պարանոցը թույլից չափավոր ուժգնությամբ բռնադատման են ենթարկվում։ Ավելին անհնար է։ Օրենքն արգելում է, և տերթոդիկյան դաստիարակության լիարժեք դասընթաց, իհարկե, չես անցկացնի։ Եվ պահակազորը պարտքի կատարման լիակատար ըմբռնումով լքում է մարտադաշտը։ Հրոսակները վերսկսում են գրոհները։ Հետո՞։ Հետո այն, որ պատանի խոյահարիչները տակտիկական նորույթ են կիրառում, հանգրվանում են շքամուտքերում, պատշգամբներում, տանիքներում և, բնականաբար, նկուղներում։
ԽՈՒՄՀԱՐԱԹՈՂՈՒՄ
Ազգային դիմադրողականության վսեմ հույսով առաջարկում եմ ազգային գիտակցություն և հասարակական պատվարժանություն ունեցող իմ ընթերցողին սույն Ամանորի խնդրականները։
Դոլման` առանց մսի։ Ասենք` մանանեխով, երազում ճշմարտախոս պաշտոնյա տեսած ոչխարի դմակով։
Տորթն ու գաթան` առանց ձվի։ Ասենք` ձվափոշով։
Իշխանն ու սիգը` դեկորատիվ։
Ձմեռ պապը` ինքնագործունեությամբ։ Ասենք, որպես Պապ` համատիրության փականագործ Վաղոն, գանձապահ Ֆլորն էլ` Ձյունանուշ։
Մի խոսքով, ողջ և առողջ։ Նախարարների փոփոխություններն այդպես հուզական մի ընդունեք։ Զի հայտնի է էն գլխեն` գումարելիների տեղերը փոխելիս գումարը մնում է անսասան։ Թե չէ, շարունակ դարդախորով ենք լինում, էդ երբ են, է՞, թռցնելու նախարար Բ.-ին։ Կարծես, Բ.-ն երևանյան արտադրության շամպայն գինու խցան է։
Մի խոսքով, առջևում Ամանորի հանգստյան տասնօրյակն է։
Առջևում դրամապանակների վերջնական ամայացման շրջափուլն է։ Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է անհամերաշխության սերմեր նետել մեր համերաշխության բոստանը։
Զուր և սնանկ ջանքեր։ Մենք միաբան ենք, միակամ և ֆիզիկապես իրար շատ նման։
Ա՛յ, բարոյանյութական տեսանկյունից քիչ տարբեր ենք։ Զի կառավարական շրջանակները մեզ պարգևել են տասը հանգստյան օր։ Հասկանալի է, պարապությունից կմաքրազարդենք սեղանն ու խոհանոցը և, վերալիցքավորվելու բնական մղումով կրկին խանութ ու մարկետ կսողոսկենք։ Զի մենք երեկ էլ, այսօր էլ, ճիշտը որ խոսենք, ընդամենը սպառող ենք։ Ո՛չ ավելի, ո՛չ պակաս։
Էնպես որ, եկեք տղամարդավարի դիմակայենք ու ծոմ պահենք։ Եվ արժանի հակահարվածով պատասխանենք 2010-ի շուկայական խարդավանքներին։
Կեցցե՛ք և ո՛ղջ լերուք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ