ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ՞, ԹԵ՞ ԿՏԱՊԱԼՎԻ»

«ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ՞, ԹԵ՞ ԿՏԱՊԱԼՎԻ»
30.03.2010 | 00:00

«Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը երիտասարդ բեմադրիչ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ երկրորդ ինքնուրույն աշխատանքն է Երևանի կամերային թատրոնում։ Նա փորձում է բեմադրել հոգեբանական պիեսներ, հանդիսատեսին ներկայանալ երիտասարդական ուրույն ձեռագրով:
-Կամերային թատրոնն ունի իր բնորոշ մթնոլորտն ու ոճը, դերասանական կազմն ու խաղացանկը: Դուք, որպես երիտասարդ ռեժիսոր, որոշեցիք ստեղծագործել այլ ժանրի մեջ: Ձախողվելու մտավախություն չունեի՞ք։
-Առաջին ներկայացումը միտումնավոր բեմադրեցի այլ ժանրի մեջ, ինչը, իրոք, անսպասելի շրջադարձ էր և՛ դերասանների, և՛ հանդիսատեսի համար: Բայց եթե ընտրեի Կամերային թատրոնի խաղացանկին բնորոշ որևէ պիես, ապա կմտածեին, թե հայրս` Արա Երնջակյանը, բեմադրել է իմ փոխարեն, իսկ աֆիշի վրա գրել իմ անունը: Առաջին ներկայացման ոճն ինձ հետաքրքրեց, և ես, Լեոնարդ Հերշի պիեսի մոտիվներով, բեմադրեցի այդօրինակ մեկ այլ պիես` «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ»:
-Թեննեսի ՈՒիլյամսն ասում էր. «Այս քաոսում միայնությունից կտրվելու գրեթե միակ ելքը ֆիզիկական սերն է»: Քո երկու ներկայացումներում էլ բաց ենթատեքստով ընդգծված է կին-տղամարդ ֆիզիկական կապը, դրան զուգահեռ` մարդկային միայնությունը։ Շեշտադրումդ ո՞րն է։
-Որպեսզի հաղթահարեն միայնությունը` մարդիկ երբեմն ապավինում են կրքին, ֆիզիկական կապվածությանը, բայց դա ժամանակավոր սպեղանի է: Ընդհանրապես, պիես ընտրելիս ես գերադասում եմ այն գործերը, որոնցում մեր ժամանակի արձագանքն է։ Այսօր, հատկապես երիտասարդների շրջանում, մարդկային հարաբերությունների այլ ընկալում գոյություն ունի: Բոլորս դարձել ենք համակարգչի և ինտերնետի «գերի», և շփումն էլ միմյանց հետ դարձել է վիրտուալ ու անհասկանալի: Այս ներկայացումը երիտասարդներին է ուղղված, որպեսզի գնահատեն, սիրեն ու չկորցնեն միմյանց: Եթե ներկաներից գոնե մեկը նույն կերպ մտածի և դուրս գա դահլիճից ներկայացմամբ տպավորված, կհամարեմ, որ հասել եմ նպատակիս:
-Այսինքն, քեզ համար կարևոր է ստեղծագործել ոչ թե ինքդ քեզ համար, ինչպես կարծում են որոշ արվեստագետներ, այլ հանդիսատեսի։
-Բնականաբար: Ես չեմ ընդունում և չեմ հասկանում այն ստեղծագործողներին, ովքեր անտեսում են հանդիսատեսին: Չէ՞ որ հենց հանդիսականի միջոցով է հասկանալի դառնում, թե ինչ արդյունքի ես հասել որպես արվեստագետ:
-«Թիթեռներն ազատ են» պիեսը վերանվանել ես «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ»: Կարելի՞ է ենթադրել, որ ներկայացմանդ վերնագիրը բնորոշում է մեր դարը և մարդկային հարաբերությունները:
-Հուսով եմ, որ մեր երիտասարդներից դեռ հեռու է այս միտքը: Սակայն սա ազդակ է: Մարդիկ կարդում են վերնագիրը, գալիս թատրոն ու հասկանում, որ տարբերություն իսկապես կա:
-Այս ներկայացման մեջ խաղում են Լուիզա Ներսիսյանն ու Արշալույս Հարությունյանը: Փորձերի ընթացքում չէի՞ր վախենում, որ նրանք գուցե մասամբ իրենց հետ բերեն «Փնտրվում է տղամարդ» ներկայացման հերոսների` Բեատրիսի և Ժանի կերպարային ընդհանրությունը:
-Ես լավ գիտեմ նրանց դերասանական ունակության, տաղանդի մասին և վստահում եմ: Քանի որ կերպարային տեսակներն էլ այս ներկայացման մեջ տարբերվում են, վախենալու ոչինչ չկար:
-Բոլոր ներկայացումների ժամանակ, սկզբից մինչև վերջ, դու քո դերասանների հետ ես լինում, հետևում նրանց խաղին: Երբեմն ռեժիսորի ներկայությունը չի՞ կաշկանդում նրանց:
-Կարծում եմ` չեն կաշկանդվում: Երևի դա նորմալ է, երբ բեմադրիչը ցանկանում է տեղյակ լինել ու տեսնել` ինչպե՞ս են խաղում իր դերասանները:
-Ասացիր` ներկայացումը բեմ հանելուց առաջ ռեժիսորը պետք է հաշվի նստի հանդիսատեսի հետ: Ինչպե՞ս կարելի է թատրոնում «պահել» մեր օրերի հանդիսատեսին` պարտադրելով ցածր կրքերի կողքին տեսնել ու կարևորել բարձր արժեքները:
-Հանդիսատեսին որևէ բան չես կարող պարտադրել, բայց փորձում ես այնպես բեմադրել, որ գոնե նրանցից շատերը հասկանան քեզ, հավատան, որ թատրոնը չի մեռնում: ՈՒստի պետք է բռնել ժամանակի զարկերակը, աշխատել մանրակրկիտ և սիրով, ինչպես նաև փորձել հակադրությունների վրա կառուցել ներկայացումը` մարդկանց չհոգնեցնելու համար: Ժամանակն էլ, կարծում եմ, կարևոր խնդիր է: 21-րդ դարի արագ սնվող, արագ շփվող մարդկանց պետք է ներկայացնել որակյալ, բայց երկու ժամը չգերազանցող բեմադրություններ: Մատուցման եղանակից է կախված` ներկայացումը կընդունվի՞, թե՞ կտապալվի։
Զրույցը` Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ