ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

9. ՔՈ ՀԱՐևԱՆԻ ԴԵՄ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ՏՈՒՐ

9. ՔՈ ՀԱՐևԱՆԻ ԴԵՄ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ՏՈՒՐ
18.05.2010 | 00:00

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
Առաջին սուտն աշխարհ մտավ բանսարկու օձի՝ սատանայի միջոցով, քանզի Աստված պատվիրել էր մարդուն. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, քանզի այն օրը, որ ուտես նրանից, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց Բ. 17): Բայց օձը խաբեց Եվային՝ ասելով. «Չեք մեռնի, այլ աստվածների նման կլինեք՝ բարին և չարը իմացող»:
Մենք արդեն գիտենք, թե այդ երկու խոսքերից որին ունկնդրեցին Ադամն ու Եվան, և ահա ամբողջ մարդկային սերունդը, իր բոլոր տառապանքներն ու, ի վերջո, մահը կրում է այդ ստությանը տրվելու պատճառով:
Տիրոջ այս պատվիրանը մեզ զգուշացնում է, որ նորից չխաբվենք բանսարկուի խոսքերից, որն այժմ այնպես է մոլորեցրել շատերին, որ հիմա էլ համոզել է, թե իբր մի քիչ սուտը, եթե կօգնի մարդուն փրկելու, կամ մխիթարելու, կամ էլ լավ ապրելու, ապա կարելի է: Անմեղ սուտ չկա. այսպես մտածողները և գործողները նորից են խաբվել, քանզի ամեն տեսակի սուտ Տիրոջ առջև մեղք է, ինչպես գրված է.
«Աստված ասում է.
«Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,
այն լեզուն, որ սուտ է խոսում,
այն ձեռքերը, որ արդար արյուն են թափում,
այն սիրտը, որ չար խորհուրդներ է հնարում,
այն ոտքերը, որ շտապում են չարիք գործել,
պիտի ոչնչանան:
Իսկ անիրավ վկան բորբոքում է ստությունը և կռիվ է գցում եղբայրների միջև» (Առակներ Զ 17-19)»:
Սուտ խոսող լեզուն ծածկում է կամ իր, կամ դիմացինի մեղքը, որ, ի վերջո, դատաստանի է տանելու, իսկ ճշմարտությունն ի հայտ է բերում այն և տանում զղջման ու ապաշխարության:
Հուդան՝ Հիսուսին մատնողը, ոչ միայն գող էր, այլև ստախոս, ինչի հետևանքը եղավ այն, որ նա, ի վերջո, հուսահատությունից կախվեց՝ ապաշխարություն չգտնելով: Ստախոս ու պղծաշուրթ էր նաև Իսրայելի թագավոր Աքաաբի կինը՝ Հեզաբել պոռնիկը, որն ուրիշի այգին զավթելու համար թագավորի անունից կեղծ նամակներ գրեց ու կնքելով` ուղարկեց ծերերին ու ազնվականներին, որ սուտ վկաներով այգու տիրոջը հանցավոր հանեն և քարկոծելով սպանեն: Այդպես էլ արեցին: Բայց Տերն անպատիժ չթողեց նրա այս և մնացած մեղքերը ու մարգարեի բերանով ասաց. «Հեզաբելին պարսպի մոտ շները պիտի ուտեն» (Գ Թագ. ԻԱ. 23):
ՈՒ այդպես էլ եղավ: Հեզաբելին սպանեցին ու պատուհանից դուրս նետեցին, և խրտնած ձիերը կոխկրտեցին նրա դիակն ու միայն գլուխն ու ոտքերի թաթերը մնացին, և դրանք աղբի նման թափեցին որպես շներին կերակուր:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսին նույնպես ուզեցին սուտ վկաներով դատապարտել և, ի վերջո, ճշմարտության համար խաչեցին, քանզի վկայեց, որ Ինքը Աստծո Որդին է:
Եվ վերջապես, ստի ու կեղծիքի հիմքի վրա էր կառուցված մեզ ծանոթ կոմունիստների հասարակարգը, ըստ որոնց` հիմա մենք պետք է ապրեինք կոմունիզմի անհոգ ու երջանիկ անաստված տարիներում: Այդ սատանայախորհուրդ պետությունը իր կազմավորման հենց օրերից առաջինը սկսեց ճշմարտության դեմ պայքարել, այսինքն` Աստծո ու նրա եկեղեցու դեմ, որ իր ստությունը քողարկի: Եվ այժմ մեզ վրա կրում ենք դրա հետևանքն ըստ Տիրոջ խոսքի, որն ասել է. «Ամբարշտությամբ ցանեցիք, անօրենություն հնձեցիք, ստության պտուղ կերաք» (Օվսե Ժ. 13), ու դարձյալ գրված է. «Նրանց ցավերը պիտի շատանան, ովքեր ուրիշ աստվածներ են նախընտրում» (Սաղմոս ԺԶ 8): Բայց ի՞նչն էր պատճառը, որ սուտը, թեկուզ ժամանակավոր, իր հաղթանակը տարավ, ու որի հետևանքը եղավ միլիոնավոր մարդկանց մահն ու տառապալից թշվառությունը: Պատճառը նույնն էր, ինչ ի սկզբանե էր. մարդը թողեց ճշմարտությունը, որն է Աստծո խոսքը, և ճշմարտությունը ստի հետ փոխելով` հրապուրվեց մոլորեցուցիչ ու փուչ գաղափարներով, ինչպես որ գրված էր. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պետք է հեռանան հավատից և իրենց ուշադրությունը դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա՝ տարածված ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է» (Ա Տիմ. Դ. 1-2):
Իսկ երբ մեր Տեր Հիսուսն իր արյունով գնված եկեղեցին էր հաստատում, բանսարկուն՝ սատանան, նորից իր հնարքներով ուզեց պղծել սրբությունը ստության մեղքի միջոցով: Ահա ավետարանական այդ դիպվածը. «Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ, մի ագարակ վաճառեց և նրա գումարից մի մասը կնոջ գիտությամբ թաքցրեց և մյուս մասը բերեց դրեց առաքյալների ոտքերի առաջ: Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն և վաճառելիս քո տնօրինության տակ էր. ինչպե՞ս եղավ, որ քո սրտի մեջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ Աստծուն»: Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ և շունչը փչեց, և մեծ վախ ընկավ բոլոր նրանց վրա, որ այս բանը լսեցին: Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին: Եվ շուրջ երեք ժամ անցավ. և նրա կինը, որ չգիտեր, թե ինչ էր եղել, ներս մտավ: Պետրոսը նրան դիմեց և ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»: Եվ նա ասաց. «Այո՛, այդչափ»: Եվ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մոտ են. քեզ էլ դուրս կհանեն»: Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ և շունչը փչեց:
Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտան. և հանեցին թաղեցին իր ամուսնու մոտ: Եվ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրա, որ այս բանը լսեցին» (Գործք Ե. 1-11):
Եթե քննենք մարդու կյանքը, մանկուց սկսած, ապա կհամոզվենք, որ ստության մեղքը առաջիններից էր, որ սկսում է գործել, մեզանում չնայած դա կոչվում է չգիտակցված մեղք, բայց այն ժանտախտի պես բույն է դնում մարդու հոգում և հետզհետե վարակելով, ապականում է մարդուն ամբողջությամբ:
Լսե՞լ եք, թե ինչպես են դեռ թոթովախոս մանկիկները «անմեղ» ստում, որ իրենց արարքի պատիժը չկրեն: Ո՞վ սովորեցրեց նրանց: Ո՛չ ոք, պարզապես բոլորս մեղավոր ադամորդիներ ենք: ՈՒ մեր ամեն մի սուտը սատանայի համար մի-մի ոտնահետք է, որ տանում է դեպի մեր սիրտը: Հովհաննեսի ավետարանում գրված է, որ Հիսուսի ձեռքից պատառը վերցնելուց հետո սատանան Հուդայի ներսը մտավ (Հովհ. ԺԴ. 27): Եթե գոնե մեկ օր ուշադրությամբ դիտենք մեր շրջապատը կողքից, և յուրաքանչյուր խոսք ու արարք ճշմարտությամբ լույսի տակ բերենք, ապա աշխարհի իրական ու ապականված պատկերը կտեսնենք, և կհաստատվեն Հիսուսի խոսքերը.
«Ինչո՞ւ դուք իմ խոսածը չեք հասկանում. որովհետև իմ խոսքը չեք կարող լսել: Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (Հովհ. Ը. 43-44):
Մեր ժողովուրդը մի խոսք ունի. «Մի սուտ ասելուց հետո յոթն էլ պատրաստի, որ այն ծածկես»:
Թե քանի-քանի անգամ ենք ստությամբ առաջնորդվել, մենք շատ լավ գիտենք, թե քանի անգամ ենք մեր ընտանիքի անդամներին ասել, եթե ինձ զանգեն, կասես տանը չէ և դեռ համեմել սուտդ հաստատող պատմություններով: Մանավանդ զգույշ պետք է լինեն մանկահասակ զավակներ ունեցող ծնողները, որոնք հենց իրենք են պատճառ դառնում սեփական երեխայի ստախոս դառնալուն:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Հիշի՛ր քանի-քանի անգամ ես վախեցրել փոքրիկիդ տարբեր տեսակի չեղած «բոբոներով» կամ այլ սարսափազդու մտացածին պատկերներով, մայրեր էլ կան, որ իրենց երեխաներին մի աման ճաշ զոռով կերցնելու համար այնքան սուտ խոստումներ են տալիս, որ այդ կերակուրը անեծքի է վերածվում: ՈՒ երբ նա մեծացել է, հասկացել է, որ իր ծնողներն ընդամենը սուտասան են, իսկ սուտն էլ թույլատրելի է ու երբեմն էլ՝ գովելի: Էլ ինչո՞ւ եք պայքարում մնացած կյանքում նրա ստախոսության ու չար արարքների դեմ. չէ՞ որ հիմքը դուք ինքներդ դրեցիք:
Հիշում եմ մի այսպիսի դեպք. բակի մի քանի մանկահասակ տղաներ լուցկիով ինչ-որ բան այրեցին, և անսպասելիորեն հրդեհը տարածվեց, ու մի կերպ հանգցնելուց հետո՝ վախեցած փախչելով եկան և պատշգամբի տակ թաքնվեցին, որտեղ ես էի կանգնած: Ինձ չնկատելով, նրանք սկսեցին քննարկել տեղի ունեցածը։ Մեկն ասաց. «Ես չարեցի հրդեհը»: Մյուսը նայելով նրան ինքն էլ ասաց. «Ես էլ չարեցի»: Երրորդն ավելացրեց. «Ես էլ չարեցի, ես լուցկի չունեմ»: Իսկ չորրորդը, որ զարմացած նրանց էր լսում, հարցրեց բոլորին. «Ինչպես թե, չէ՞ որ բոլորս արեցինք ու նախապես պայմանավորվել էինք, որ խարույկ անենք, ինչո՞ւ եք ասում, թե մենք չարեցինք»: Եվ երբ տեսավ, որ բոլորը ստությամբ ժխտում են եղելությունը, այդ ժամանակ հատ-հատ արտասանեց. «Դե որ դուք չարեցիք, ուրեմն ես նույնիսկ ձեզ հետ չեմ էլ եղել այնտեղ: Դե գնացեք: Եթե սուտ եք խոսում, ես ձեզնից ավելի լավ սուտ կասեմ»:
Այս դեպքը հետագայում ինձ խորհելու առիթ է տվել, քանի որ ես ականատես եղա, թե ինչպես է ապականվում դեռ անարատ խղճմտանքը, և ինչ ահավոր էր ստության մեղքը, որ այնքան աննկատ լլկում էր մանուկ հոգիները:
Իսկ մի կրոնավոր այս առիթով ասել է.՝ «Ստախոսը սատանային իր լեզվի վրա է կրում, իսկ լսողը՝ իր ականջներում»: Զգույշ լինենք և սեփական օրինակով պատճառ չդառնանք մեր ժառանգորդների հոգիների կործանմանը, ինչպես և Աստծո խոսքն է ասում.
«Ստախոս վկան առանց պատիժ չի մնա, և չի փրկվի նա, ով զուր տեղն է մեղադրում» (Առակներ ԺԹ. 5):
«Եվ ստախոս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Ա. 11):
Իսկ Անտոն Մեծը զգուշացնում է. «Հեռու ստությունից, որը վանում է Աստծու վախը»: Սրանից կարող ենք նաև հետևություն անել, որ ստախոս շրթունքներով մենք մեր ազգն ենք ապականում և Տիրոջ առջև բարկություն դիզում: Արժե, որ այս պատվիրանի մասին խոսելը ավարտենք Հովհաննես Երզնկացու հետևյալ խրատով. «Բոլոր ստախոսները, եթե հետ չդառնան ու չապաշխարեն, սատանայի հետ տանջանքի և կորստի պիտի մատնվեն, համաձայն այն խոսքի, թե «Տերը պիտի կորցնի բոլոր սուտ խոսողներին» (Սաղմոս Ե. 7): Ճշմարտախոս բերանը Սուրբ Հոգու դուռն է, իսկ ստախոս բերանը դժոխքի դուռն է և դևերի մուտքը: Հետևաբար, ձեր բերանը վարժեցրեք ճշմարտությանը, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի ձեր մեջ»:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ