Վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական դաշտում բավականին մեծ դերակատարում են ստացել սոցիալական ցանցերը, բլոգները, YouTube վիդեոկայքը: Լրատվական դաշտը մի տեսակ փոփոխության է ենթարկվել. մարդիկ սկսել են ավելի շատ ինֆորմացիա ստանալ հենց այս՝ ոչ ավանդական, այսպես կոչված, քաղաքացիական լրատվամիջոցներից։
Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ այս փաստն առաջին հերթին պայմանավորում է համացանցի զարգացմամբ։ Բլոգներն ու սոցցանցերը, ըստ նրա, ավելի օպերատիվ են. «Ո՛չ խմբագրի կարիք կա, ո՛չ թարգմանության։ Նորությունը միանգամից տեղադրվում է։ Այն դարձել է այլընտրանքային լրատվամիջոց, ընդ որում՝ շատ արագ զարգացող ու բավականին պոպուլյար։ Facebook-ից Հայաստանում արդեն մոտ 100 հազար մարդ է օգտվում, բլոգերները, իհարկե, այդքան էլ շատ չեն, սակայն դրանք Facebook-ից հիմնականում տարբերվում են նրանով, որ պարունակություն են ստեղծում։ Բացի այն, որ բլոգերները մրցակցում են լրատվամիջոցների հետ, կա նաև համագործակցություն։ Լրատվամիջոցները բավականին հետաքրքրված են բլոգերների գրառումներով և հակառակը»։
Քաղաքացիական լրագրություն է ձևավորվում՝ նույն բլոգների ու սոցցանցերի տեսքով, սակայն խմբագրման, սրբագրման կարիք չունեցող այս նոր լրատվամիջոցն արդյոք չի՞ իջեցնում լրատվության մակարդակը գրագիտության տեսանկյունից։ «Գուցե փոքր-ինչ իջնի,- կարծում է Տիգրան Քոչարյանը,- սակայն եթե դիտարկենք ամենահայտնի բլոգերների տեղադրած նյութերը, կտեսնենք, որ դրանք ոչնչով չեն զիջում, նույնիսկ հաճախ գերազանցում են ավանդական լրատվամիջոցների նորությունները։ Տեղեկատվական դարում ենք ապրում, ամեն րոպե ինֆորմացիան փոխվում է, և ով առաջինն է տեղադրում նյութը, նա էլ հաղթում է։ Բլոգերները շատ լավ հասկանում են, որ եթե թեկուզ մեկ անգամ ոչ արժանահավատ տեղեկություն հրապարակեն, ապա կկորցնեն և՛ վստահությունը, և՛ ընթերցողների թիվը։ Իսկ բլոգերների, ինչպես նաև ցանկացած լրատվամիջոցի գերակա խնդիրը հնարավորինս մեծ լսարան ունենալն է, որպեսզի կարողանան ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցվել։ Բլոգերներն ունեն այդ պատասխանատվության զգացումը։ Կան նաև սենսացիաների հետևից ընկած, դեղին մամուլ հիշեցնող բլոգներ, բայց դրանք բավականին քիչ են, և դրանց այնքան էլ չեն վստահում»։
Սոցիալական ցանցերն ու բլոգներն ավելի ազատ են, վերահսկողությունից դուրս, և հայաստանյան իրականությունում նոր ձևավորվող այս լրատվական ցանցն իրական այլընտրանք է մշտապես տարբեր ուժերի կողմից վերահսկվող ավանդական լրատվամիջոցներին, հատկապես հեռուստատեսությանը։ Պատահական չէ, որ բլոգների բումը Հայաստանում 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո էր, երբ լրատվությունը սահմանափակվեց, և մարդիկ տեղեկատվական վակուումի մեջ էին։ «Պարզ է, որ երբ մարդն ինֆորմացիա է փնտրում, գտնում է այդ աղբյուրը, և բլոգերները, որ չէին ենթարկվում այդ սահմանափակումներին, մոտ 20 օր ապահովում էին տեղեկատվական հոսքը։ Այդ ժամանակ ձևավորվեց բլոգերական դաշտը։ Քսան օրը քիչ ժամանակ չէր, և լրատվական դաշտն ազատականացվելուց հետո էլ մարդկանց մի մեծ զանգված շարունակեց հետևել բլոգներին։ Բլոգները, սոցցանցերը բավականին գործուն են ճգնաժամային իրավիճակներում, երբ մամուլը լուրջ վերահսկողության տակ է, և լրատվական դաշտում զգացվում է իշխանական ու հակաիշխանական ինֆորմացիայի սահմանափակումը։ Իսկ բլոգերը մի օր կարող է իշխանության դեմ լինել, մի օր՝ կողմ։ Նրան ոչ ոք չի կարող սահմանափակել»։
Բլոգերների պատասխանատվությունը հրապարակած նյութերի նկատմամբ զուտ անձնական հարթության վրա է։ Հայաստանում դեռևս չի արձանագրվել դեպք, որ բլոգերը պատասխանատվության ենթարկվի, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նույնիսկ բլոգերներ ազատա-զրկվեցին։ «Պարզ է, որ կան պատվերով գրող բլոգերներ, սակայն դա չի բացահայտվում։ Բացահայտվելու դեպքում, բնականաբար, կորչում է վստահությունը տվյալ բլոգի նկատմամբ։ Ընթերցողը բլոգներում և սոցցանցերում գնահատում է հենց անկախությունը, ազատ արտահայտվելու իրավունքը»,- նշում է Տիգրան Քոչարյանը։
Բլոգների, սոցցանցերի նկատմամբ ճնշումներ իրականացնելն էլ սկզբունքորեն բավականին դժվար է։ Իշխանություններին ուղղակի մնում է փակել համացանցը, այդ դեպքում 100- տոկոսանոց արդյունք կապահովվի։ Իսկ ընդհանրապես որևէ բլոգ փակելը բավականին դժվար է, քանի որ յուրաքանչյուր բլոգի հետևում առանձին մարդ է կանգնած։ Արգելափակելու դեպքում կարող է նոր անունով նոր բլոգ բացել։ Իշխանությունն առավելագույնը կարող է մոնիթորինգի ենթարկել (և ենթարկում է) նաև բլոգներում զետեղված նյութերը։ Եվ կարելի է տեսնել, որ իշխանության շատ ներկայացուցիչներ կա՛մ իրենք են բլոգ բացել, կա՛մ առկա են սոցիալական ցանցերում։ Փաստորեն, նրանք էլ են հասկանում ինֆորմացիայի կարևորությունը, որովհետև անմիջապես ստանում են այն տեղեկությունը, որը չեն տրամադրում իրենց օգնականները։
Տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, և այդ համատեքստում ավանդական լրատվամիջոցները պետք է փոխեն, զարգացնեն իրենց ռազմավարությունը։ Մրցակցային դաշտը տեղափոխվում է համացանցային ոլորտ։ Արդյունքում կշահեն այն մեդիաները, որոնք նոր լուծումներ կառաջարկեն և նոր լույսով կներկայանան ընթերցողին։ Ընդ որում, շատ լրատվամիջոցներ արդեն իսկ փոխում են իրենց ռազմավարությունը։ «Կարծում եմ՝ շուտով տպագիր լրատվամիջոցները կվերանան, որովհետև արտասահմանում արդեն շատ խոշոր տպագիր լրատվամիջոցներ միայն համացանցային տարբերակով են հրապարակվում։ Ավանդական լրատվամիջոցները պետք է հետևեն շուկայի զարգացումներին, որովհետև եթե ուզում են արդիական լինել ու ընթերցվել, պետք է ժամանակակից շուկայի պահանջները բավարարեն։ Ես սիրում եմ թերթ կարդալ, բայց թերթ կարդալը ժամանակ է պահանջում։ Բացի այդ, թերթերը հիմնականում տպագրում են նախորդ օրվա նորությունները։ Թերթերն այսօր ավելի շատ պետք է շեշտը դնեն վերլուծությունների վրա։ Փոխարենը, բլոգներում ոչ ոք երկար նյութ չի կարդում։ Այստեղ տեղադրված հաղորդագրությունները շատ կարճ պետք է լինեն»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ