ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ՃԱԽՐԸ

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ՃԱԽՐԸ
14.01.2011 | 00:00

Զարմանալիորեն իրար շատ են նման աշխարհի մեծերը. ամբողջ կյանքում հայրենիք են որոնում, հայրենիք են կերտում ու վերջում, որն սկիզբ է դառնում, սուզվում են իրենց կերտած հայրենիքների թանձրածոր կապույտներում, ճխում, ճախրում, շարունակում մոլորակին հավերժականչ շունչ ու ոգի հաղորդել։ Հավերժական թռիչքից առաջ, որը ճախրանք չէ, այլ ճախր, Աստծո մի շշնջումի չափ կանգ են առնում մոլորակի զավակները, տիեզերական շշուկներն առնում իրենց մեջ, չափում երկնքի կապույտ խորքերը, սուզվում էության գաղտնիքների ծալքերում, հիշում մայրենին, որով աղոթել են ու... Հրա՜շք ես դու, հնչյունների հավերժական ակնթարթ...
Ամբողջ մի ակնթարթ-կյանք մեղեդիների հրաշք լեռներում ու ծովական աշխարհում դերվիշեց ու բազում ժողովուրդների կախարդեց Օհան ոսկեձեռիկ-ոսկեմաղ Դուրյանը։ Ով մեղեդի-հնչյուն ունի, նա հայրենիք ունի։ Հպարտացավ, որ աշխարհի մեղեդիների ձուլածո հայրենիքների շարակնոցում մի հին ու նոր ու հզոր հայրենիք էլ ինքն ունի, տարբեր հայրենիքներում ինքը ոչ թե չափաբերում է հանճարների երկունքները, այլ ամեն մի համերգով հայրենիք է նորոգում նրանց համար մեղեդիների նվիրաբեր լեզվով, ասել է` Աստծո տվածը Աստծուն է տալիս մեծն Թումանյանի նման։
Մեր կախարդաբախ մոգը իր ղեկավարած բազմաթիվ նվագախմբերով տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ոչ թե այս ու այն հանճարի անմահ ստեղծագործությունն էր մեկնաբանում, այլ սովորեցնում էր հանճարեղ այդ գործերում տեսնել մարդու ժամանակը, տեսնել հայրենիք, լեզու, ճանապարհ։ Մոցարտը աշխարհինն է, ու աշխարհինն է Կոմիտասը։ Հայաստանը Մոցարտն ավելի հայրենիք է դարձնում, Կոմիտասն աշխարհը դարձնում է հայաստանոտ հայրենիք, եթե հնչյունների բարեբեր շարմաղ անձրևների տակ կանգնած է 20-րդ դարի ու արդեն եկող դարերի մեր դերվիշը` Օհան մեղեդիների ոսկեձեռիկ ճարտարագործ Դուրյանը։
Նա իր երկրի, իր Հայաստանի, հայ ժողովրդի ազատության զինվորն է, նրա շեփորահարը։ Ազատ, անկախ հայրենիք ունենալը մեծասքանչ ստեղծագործություն է, որի հեղինակն ամենուր մնում է ժողովուրդը։
ՈՒ այսօր` մասունք-նշխար էս պահին, խոնարհվելով մեր դասական ՈՒսուցչի հիշատակի առջև, խոնարհաբար սեղմում եմ ազնիվ տիկին Ալիսի, բժշկուհի Սյուզաննա Մելիքյանի, աներրորդելի մաեստրոյի նվիրյալ բարեկամ Վահան Վարդապետյանի, դուրյանապաշտ, ազատատենչ մեր ժողովրդի ձեռքը, երանի ասում բոլոր նրանց, ովքեր հեռու-մոտիկ երկրներում ու Հայաստան դրախտավայր երկրում կնքվել-ողողվել են մեծասքանչ մաեստրո Օհան Դուրյանի անկրկնելի, փառապսակ արվեստով։
Նա արդեն ճախրում է իր իսկ կերտած Հայաստան-հայրենիքի ու աշխարհի բազմաթիվ հայրենիքների կապտաշուրթ երկնքում։ Եկող սերունդները վայելելու են Օհան Դուրյանի հավերժական ճախրը, նրան, ով հայրենիք ունեցողներին դուրյանական հայրենիք նվիրեց։ Առաջինը` մեզ։
Այսօր և ընդմիշտ մեր ճանապարհին փրկարար Դուրյաններ են հարկավոր։
Փառք Դուրյանին և երիցս փառք Օհան Դուրյան ծնող ժողովրդին։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ