Անհերքելի է, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին քաղաքական ասպարեզում հայտնվում էին առավել ինտելեկտուալ, արհեստավարժ գործիչներ: Այս միտումը գնալով նվազեց, ու հիմա քաղաքականությամբ զբաղվում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ ժամանակին կողմնորոշվել ու ճիշտ կուսակցության թևի տակ «ծվարել»: «Դեռ 2008-ից մենք նպատակ ունեինք քաղաքական դաշտում սերնդափոխություն իրականացնելու, այդ պատճառով էլ ստեղծեցինք «Քաղաքական դաշտի սերնդափոխության ակումբ»: Մինչդեռ, այսօրվա գերշուկայական հարաբերությունները, որոնք գերիշխում են նաև քաղաքական դաշտում, ենթադրում են նյութական մեծ ծախսեր: Չնայած քաղաքական դաշտը որակապես փոխելու անհրաժեշտությանը` հիշյալ գործոնը բավականին բարդություններ է ստեղծում»,- մեզ հետ զրույցի սկզբում իր մտահոգությունը հայտնեց «4-րդ» խոսափողը ժամանակին «սեփականաշնորհած», նախկին պատգամավոր, ազգային ժողովրդավարների կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ:
-Արմատական, լուրջ փոփոխություններ պետք է արվեն,- շարունակեց պարոն Սադոյանը: -Ներքին աշխատանքների կազմակերպման, կառավարման ոլորտում շատ անելիքներ ունենք: Երբ հետևում եմ այսօրվա Ազգային ժողովի աշխատանքներին, տեսնում, թե ինչպիսի քաղաքական ակտիվություն են ցուցաբերում գործող քաղաքական կուսակցությունները, ակտիվություն, որը չի անցնում նեղ կուսակցական, անձնական շահերից, հասկանում, որ այդ ամենը պարզապես պաշտոնակռիվ է, բնական է, որ չեմ կարող դժգոհ չլինել այսօրվա քաղաքական դաշտում տիրող իրավիճակից: Այս իսկ պատճառով ԱԺԿ, ԱԺՄ, ԱԺԴ, «Ազգային համագործակցություն», «Քաղաքական դաշտի սերնդափոխության ակումբ» հասարակական կազմակերպություններն ու այլ քաղաքական ուժեր փորձում են իրականացնել մի ծրագիր, որի հեռահար նպատակն ազգ-կազմակերպություն ստեղծելն է, որն աշխարհասփյուռ հայ ժողովրդի համախմբվածությանն է միտված: Սրա համար հարկավոր է, որ Հայաստանում հեռահաղորդակցման ոլորտը կարգավորվի, համացանցը մատչելի լինի բոլորին: Այս նպատակով ենք ստեղծել կայքէջը՝ «Ազգային համագործակցություն» խորագրով, որը պետք է ներազգային համագործակցությունն ընդլայնի, ոչ հայաստանաբնակ հայերին ուղղորդի օգնելու Հայաստանի տնտեսությանը և այլն:
-Խորհրդարանական ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, բայց այսօր շատ ուժեր արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները: ԱԺԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին և ի՞նչ ձևաչափով:
-Մեզ համար քաղաքական դաշտում սերնդափոխությունը թիվ մեկ խնդիրն է: Քաղաքապետի ընտրության ժամանակ մեր ակումբն ավագանու տեղերի համար փորձեց ընդգրկել երիտասարդների, ցավոք, կրկին գումարի հետ կապված բարդություններ առաջացան: Ի դեպ, «Քաղաքական դաշտի սերնդափոխության ակումբի» աշխատանքներին մասնակցելու համար ընտրել էինք հետևյալ լոզունգը՝ ակումբի աշխատանքներին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր մինիմում ուզում են ԱԺ պատգամավոր, եթե ոչ նախագահ դառնալ, այսինքն` երիտասարդներ, որոնք իրենց մեջ ուժ ու կորով են տեսնում` քաղաքականություն մտնելու համար: Բնական է, որ մենք նպատակ ունենք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին և՛ ԱԺԴ, և՛ «Ազգային համագործակցություն», և՛ «Քաղաքական դաշտի սերնդափոխություն ակումբ» հասարակական կազմակերպությունները կմասնակցեն ու կփորձեն որոշակի դերակատարում ունենալ:
-Քաղաքական դաշտում դերակատարում ունեցող այսօրվա ուժերին, Ձեր դիտարկմամբ, կհաջողվի՞ կրկին մնալ «ջրի երեսին»:
-Թերևս տեղին է Չեռնոմիրդինի արտահայտությունը՝ ուզում էինք լավ լինի, բայց եղավ այնպես, ինչպես միշտ: Իհարկե, դժվար կլինի պայքարել արմատացած վատ սովորույթների դեմ, որոնք առկա են Հայաստանի ընտրական համակարգում: Ընտրությունները մեզանում վերածվել են նկարչության: Քանի որ իշխանական համակարգում լուրջ որակական փոփոխություններ չեն կատարվել, ուստի կրկին այս ուժերը կփորձեն վերարտադրվել: Դեռևս ժամանակ կա, որ քաղաքական խմբերը փորձեն նոր որակով, մոտեցումներով պատրաստվել ընտրությունների, ոչ թե այսինչ հայտնի քաղաքական գործչին նորից ասպարեզ բերել: Պետք է ներգրավել նոր կարող ուժեր: Ցավոք, Հայաստանում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության ջանքերով քաղաքականությամբ զբաղվելը հեղինակազրկվել է: Նախ և առաջ պիտի ջարդել արմատացած այս տեսակետը:
-Այսօր արդեն որոշ կանխատեսումներ են ներկայացվում, թե ովքեր կլինեն ապագա խորհրդարանում, նշվում է նաև ՀԱԿ-ը: Ձեր մոտեցումը:
-Որակական լուրջ տարբերություն չեմ տեսնում նախկին և ներկա իշխանությունների միջև: Կարծում եմ՝ երբեք չի կարելի վստահել մի քաղաքական ուժի, որը կոնյունկտուրային, կարիերիստական նկատառումներից ելնելով՝ տասը տարի մի կողմ է քաշվել ու հայտնվելու հարմար պահի սպասել, երբ երկիրը սարսափելի վատ վիճակում կլինի: Նույնն է՝ երբ ընտանիքում դժվարություններ են լինում, հայրն ասում է՝ լավ, մի տասը տարի թողնենք, տեսնենք էս ջահելներն ինչ են անում, հետո նոր միջամտենք: Այս մոտեցումն անընդունելի է: Ավելին, տասը տարվա լռությունից հետո ապաշխարելու, մեղքն ընդունելու փոխարեն ասում են՝ ի՞նչ խավարի, ցրտի, մթության տարիներ՝ հիմքում դնելով ուղեղներ լվանալու նպատակ: Համոզված եմ՝ և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ մյուսները գիտեին, որ հեշտ ու հանգիստ ոչ մեկն իշխանություն չի զիջի, որ նախագահական ընտրություններում ռեալ արդյունք չեն ունենալու, ուստի նրանց բուն նպատակը ոչ թե արմատական փոփոխություններն էին, իշխանական ախոռները մաքրելը, այլ քաղաքականություն վերադառնալը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գոնե 10-12 տեղ ունենալն ու իշխանական լծակներից օգտվելը: Նոր խոսք, նոր թռիչքի հնարավորություն չունի այն ուժը, որն իրեն այսօր արմատական ընդդիմություն է համարում, ում վրա մեր ժողովուրդը հույս չի դնի, քանի որ շատ լավ գիտի՝ ով ով է:
-Դուք նաև Հանրային խորհրդի անդամ եք: Սկզբից ևեթ հասարակությունը թերահավատորեն էր մոտենում այդ կառույցի ստեղծմանը, և այդ անվստահությունը շարունակվում է մինչև այսօր: Ի՞նչ եք կարծում, Հանրային խորհուրդն ինչ-որ չափով կատարո՞ւմ է այն գործառույթը, որի համար կազմավորվեց:
-Որոշ ընդդիմադիր ուժերի կողմից արհեստականորեն սևացնելու գործողություններ են իրականացվում Հանրային խորհրդի նկատմամբ: Բնական է, խորհուրդը վտանգ էր ներկայացնում և՛ Ազգային ժողովի, և՛ իշխող առանձին քաղաքական կուսակցությունների համար, քանի որ անկախ, ոչ մի ազդեցության չենթարկվող մարմին պիտի ձևավորվեր:
-Այսօր այդ վտանգը վերացե՞լ է:
-Ոչ, քաղաքական երկու ճամբարից էլ շարունակվում է սքողված հարձակումը: Հանրային խորհուրդը, որպես խորհուրդ-մարմին, չի կարող բռունցքը խփել սեղանին ու պահանջել, բայց որոշ հարցեր լուծելու փորձերն ակնհայտ են: Հասարակությունը տեսնում է, որ էս մարդիկ չարչարվում են:
-ՀԽ-ի առնչությամբ իշխող տեսակետն այն է, որ ինչ նախագահը որոշում է, խորհուրդը համաձայնում է, այսինքն` ոչ անկախ, նախագահականին ենթակա կառույց է ձևավորվել:
-Բոլորովին էլ այդպես չէ: Նույնիսկ ինձ համար զարմանալի է, որ, ունենալով ազդեցության որոշակի լծակներ, գործող նախագահը չի փորձում իրեն ավելի ենթարկեցնել ՀԽ-ն, այլ լայն հնարավորություններ է տալիս վերջինիս:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ