Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ժողովրդի և՛ լավ, և՛ վատ հատկությունները օբյեկտիվ իրականություն են

Ժողովրդի և՛ լավ, և՛ վատ հատկությունները օբյեկտիվ իրականություն են
10.06.2024 | 13:34

Մենք մեր ինքնաճանաչման հետ կապված բազմաթիվ չլուծված ու կնճռոտ պրոբլեմներ ունենք։

Այս ուղղությամբ հարցի լավագույն դրվածքը ենթադրում է, որ մեր ինքնաճանաչման պրոբլեմը խորապես գիտական պրոբլեմ է, որն էլ իր հերթին ենթադրում է դրա լուծման համար անհրաժեշտ գիտելիքների առկայություն և գիտական մեթոդի հետ ծանոթություն։

Բացի դրանից, քանի որ և՛ մեր երկիրը, և՛ հայությունն ընդհանրապես գիտական իմաստով համակարգեր են, ապա նրանց ուսումնասիրման մեթոդը պետք է լինի սիստեմային անալիզը, որը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն մոտենալ ուսումնասիրման օբյեկտին։

Սիստեմային գիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս համատեղ ներկայացնել ուսումնասիրման օբյեկտի ներքին օրինաչափությունները փոփոխությունների պայմաններում, խնդրո առարկա համակարգի նպատակները և այդ նպատակներին հասնելուն խանգարող դժվարություններն ու սահմանափակումները։

Տվյալ դեպքում, եթե խոսքը ինքնաճանաչման մասին է, որը նույնպես սիստեմային խնդիր է, բայց անալիզի տեսակի խնդիր է, որի նպատակն է մեր ժողովրդի, որպես համակարգի, առկա հատկությունների վերհանումը կյանքի շարունակականության և հարատևման տեսանկյունից։

Ի տարբերություն սիստեմային անալիզի խնդիրների, սիստեմային սինթեզի և օպտիմալացման խնդիրները լուծում են անալիզի հակառակ պրոբլեմը, այն է՝ ինչ հատկություններ պետք է ունենա ժողովուրդը տվյալ պայմաններում հարատևելու համար, կամ էլ ինչպիսի արտաքին պայմանների դեպքում տվյալ հատկություններով ժողովուրդը կարող է հարատևել։

Եթե վերադառնանք մեր ինքնաճանաչման հետ կապված սիստեմային անալիզի պրոբլեմին, ապա դրա արդյունքները կարող են պարունակել և՛ լավ հատկություններ, որոնք նպաստում են ժողովրդի կյանքի հարատևմանը, և՛ վատ հատկություններ, որոնք որոշակի պայմաններում չեն նպաստում նրա կյանքի հարատևմանը։

Բանն այն է, որ ժողովրդի և՛ լավ, և՛ վատ հատկությունները օբյեկտիվ իրականություն են, որոնց վերհանումը պարտադիր պայման է ճգնաժամային ժամանակներում լուծումներ փնտրելու ընթացքում։

Մեր պրոբլեմն այն է, որ կեղծ հայրենասիրական և քաղքենիական տեսանկյուններից, մանավանդ դրանք կրողների մոտ գիտելիքի կատաստրոֆիկ պակասի ու եռացող ամբիցիաների դեպքում, ժողովրդի վատ հատկության մասին խոսելը համարժեք է դավաճանության։

Մեր ներկա պրոբլեմներից մեկն էլ այն է, որ չիմացողների ձայնը ավելի բարձր է, քան՝ ինչ-որ բան իմացողներինը։

Ժողովուրդն ասում է, որ «եթե ոչխարի գլուխը շուռ ես տալիս, կաղն ու հիվանդը առաջ են ընկնում»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7954

Մեկնաբանություններ