Հայ ժողովրդի պատմությունն իր խայտառակ օրերն է ապրում։ Պատմաբաններին անգամ բարդ է ներկայիս իրադարձությունների ողջ ահավորությունը ներկայացնել հաջորդ սերունդներին։ Պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ անդամ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում խոստովանեց, որ բարդ է հաջորդ սերունդների համար այս օրերը ներկայացնելը, բայց որպես մեխ պետք է ընտրել հայ զինվորի անհավատալի քաջագործությունները։ «ՈՒ դրան զուգահեռ ղեկավարի դավաճանությունը»,- ակնարկին ի պատասխան ասաց. «Դա էլ կգրվի, ամեն ինչի մասին էլ կգրվի։ Եթե ելքը մեզ համար ցանկալի չէ, դա չի նշանակում, որ հայ զինվորը սխրանքներ չի գործել, մեր հերոսապատումը շարունակելու առումով իր առաքելությունը չի իրագործել»։
-Ի՞նչ օրեր է հայ ժողովուրդն ապրում։ Ի՞նչ է այս ամենը նշանակում մեր պատմության համար։
-Հերթական փորձությունը, մղձավանջը մեր ժողովրդի գլխին եկան։ Ցավոք, միշտ չէ, որ մենք մեր պատմությունից դասեր ենք քաղում։ 100 տարի հետո մեր պատմությունը կրկնվեց, հիմա էլ կարող ենք կանգնել 1920-ի նույն իրավիճակի առջև։ Բարեբախտաբար պետականության կործանում տեղի չունեցավ։ Ես այն մարդկանցից եմ, որ այս դժվարին պայմաններում դեռ լավատեսությունը չեն կորցրել, որովհետև Հայաստանի երկու պետականությունները դեռ կանգուն են։ Դրանք այն հենասյուներն են, որոնց վրա մենք մեր վաղվա օրը պիտի կառուցենք։
-Արցախը կանգուն համարելով՝ ի՞նչ նկատի ունեք, երբ շուրջբոլորը ադրբեջանական զորքն է, իսկ ներսում էլ ռուս խաղաղապահներն են տեղակայվել։
-Նկատի ունեմ, որ կան պետական ատրիբուտները՝ իշխանություն, զորք, որոնց կողքին կան նաև ռուս խաղաղապահները, որքան էլ վերջին հանգամանքը շատերի համար անընդունելի լինի։ Այսինքն, Ադրբեջանը չի կարողացել վերահսկողություն հաստատել այդ տարածքում, որի անվտանգության համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Սա մեզ համար կարևոր գործոն է։
-Դուք նմանություններ եք տեսնում 100 տարի առաջվա իրադարձությունների և այսօրվա միջև, բայց այսօր պետության ղեկավարին համարում են դավաճան, այն ժամանակ երկրի ներսում նման ղեկավարներ կայի՞ն։
-1920-ին մենք պետականություն կորցրինք, Արցախի տարածքը 1920-ի ապրիլի 25-ին հազիվ էր Հայաստանին միացել, երբ դրանից 3 օր հետո խորհրդայանացավ Ադրբեջանը ու, ստանալով Ռուսաստանի աջակցությունը, մայիսին ներթափանցեց Լեռնային Ղարաբաղ և խորհրդայնացրեց այն։ Այսօր դեռ պետականություն ունենք ու առաջնային խնդիրը պետականության խորհրդանիշներն ամուր պահելն է, իմա՝ բանակը և Արցախի պետական մարմինները։ Եթե 1991-ին ռուսները «կոլցո» օպերացիա էին անում և մեզ Գետաշենից հանում, այսօր նրանք ուղիղ հակառակն են անում, բնակչությանը Հայաստանից Արցախ են վերադարձնում, որովհետև իրենց ներկայությունն այնտեղ հիմնավորելու համար այլ կռվան չունեն։ Խաղաղապահների ներկայությունը Արցախում հիմնավորվում է միայն խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման հանգամանքով և հայ ժողովրդին վերահաս ցեղասպանությունից փրկելու հրամայականով։ Ինչ վերաբերում է դավաճաններին ու դավաճանությունների շարանին, դրանք կան, բայց այսօր պետք է մի փոքր շունչ քաշել, ավարտել խաղաղապահների տեղակայման գործընթացը մեր զինվորի շնորհիվ պահված մի թիզ հողի վրա, հետո անդրադառնալ դավաճաններին։ Միանշանակ է, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է քաղաքական ղեկավարությունը։ Չեմ կարծում, որ հնարավոր է խուսափել այդ պատասխանատվությունից։ Իսկ բուն դավաճանների խնդիրը ժամանակի հարց է, նրանց անունները պիտի մեկ առ մեկ տալ, բայց չպետք է ստացվի այնպես, թե հայոց բանակում համատարած դավաճանություն է եղել, այն դեպքում, որ այդ ամենի կողքին կան կյանքի գնով հող պահած զինվորներ, որոնց շնորհիվ մեր հսկողության տակ է Արցախի Հանրապետության մի հատվածը։ Եվ այդ հատվածը վաղվա օրվա համար ցատկահարթակ է լինելու, ամեն ինչ կորած չէ։
-Եռակողմ հայտարարությունը պատմական տեսանկյունից ի՞նչ փաստաթուղթ է։
-Դա ռուսական դիվանագիտության փայլուն հաղթանակն էր։ Ե՛վ Թուքիային, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, և՛ Արևմուտքին դիվանագիտական պայքարի ասպարեզից հանելու փայլուն քայլ։ Տարիներ շարունակ Ռուսաստանը քայլեր էր մտածում Ադրբեջան վերադառնալու համար, ու այս ճկուն դիվանագիտությամբ դա իրագործեց։ Պատահական չէ, որ Ռուսաստանն անընդհատ խոսում է խաղաղապահ զորքերի առաքելության մասին, այսինքն՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումից են փրկել։
-Սակայն Թուրքիան ևս տարածաշրջան է մխրճվել։ Ավելին, այս օրերին թուրքական զորք է կուտակվում Հայաստանի հետ սահմանին։ Փորձագետներն անընդհատ խոսում են Էրդողանի պանթուրքիստական նկրտումների մասին։ Ռուսաստանին կհաջողվի՞ այս տարածաշրջանում կանգնեցնել Էրդողանի ծրագիրը։
-Միայն Ռուսաստանը չէ, որ այդ ծրագրին դեմ լինելու պատրաստակամություն է հայտնել։ Այսօր այնպիսի երկրներ են Թուրքիայի դեմ ռազմաքաղաքական դաշինք կնքում, որ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել։ Խոսքը վերաբերում է Եգիպտոսին և Հունաստանին, որոնք ամեն վայրկյան Միջերկրական ծովում զգում են Թուրքիայի ռևանշիստական քաղաքականության շունչը։ Էլ չեմ նշում Իրանի խիստ անհանգստությունը, որ Թուրքիան այս տարածաշրջան է մտել, Ռուսաստանի դիրքորոշումն էլ ակնհայտ է։ Չեմ բացառում, որ դա Վրաստանին ևս ցանկալի չէ, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումը կարող է խնդիր դառնալ նրա համար, քանի որ իր տնտեսությունում նրանց ներկայությունը բավական մեծ է։ Սիրիան, Իրաքը ևս Թուրքիան չեն ընդունում։ Ժամանակին Թուրքիան երազում էր զրո տոկոս խնդիրներ հարևանների հետ, այսօր ստացել է 100 տոկոս վտանգներ ու խնդիրներ հարևանների հետ։ Հայաստանի հետ սահմանին Թուրքիան այսօր ավելի շատ ուժի ցուցադրում է անում։ Թեև Էրդողանի նման անհավասարակշիռ մարդուց չեմ բացառում, որ Հայաստանի հանդեպ ոտնձգություն կանի։ Չլինելով ստորագրված փաստաթղթի որևէ կետում, Թուրքիան փորձում է վերախմբագրումներ կատարել այնտեղ և ներթափանցել այս տարածաշրջան։
-Ելնելով այդ ցանկությունից՝ հնարավո՞ր է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սադրանքների գնա Արցախում, պայմանավորվածությունները խախտի։
-Դա չի բացառվում, բայց հաշվի պիտի առնել, որ ամեն մի սադրանք նշանակում է ոչ թե հայ-ադրբեջանական խնդիր, այլ ռուս-ադրբեջանական պատերազմ, որը ստիպելու է թուրքերին ու ադրբեջանցիներին լրջորեն մտածել նման քայլ անելուց առաջ։
-Պատերազմի ընթացքում հասկացանք, որ աշխարհը լուռ է անգամ մեր հանդեպ երկրորդ ցեղասպանություն իրականացնելու դեպքում։ Սա հաշվի առնելով՝ չպե՞տք է մեր արտաքին քաղաքականությունն արմատապես վերափոխվի։
-Որպես պատմաբան, կարող եմ բազում փաստեր բերել մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ, որոնք հակառուս ուժերի համար ուրախալի կլինեն։ Բայց մարդիկ պիտի սթափվեն, հասկանան իրողությունները, որոնք դեֆակտո և դեյուրե պիտի ընդունել։ Արևմուտքն այս ընթացքում ծպտուն չհանեց։ ԱՄՆ-ը զբաղվեց իր ընտրություններով, մեր «դաշնակից» Ֆրանսիան բավարարվեց մեկ հայտարարությամբ։ Մակրոնն առաջին օրը մի հայտարարություն արեց ու դրանից հետո որևէ ծպտուն չհանեց։ Հիմա էլ թե Սենատը նախագիծ է պատրաստում Արցախի անկախությունը ճանաչելու մասին։ Դա մեր աչքին թոզ փչելու համար է, քանի որ այդ որոշումը գործադիրի համար որևէ արժեք չունի։ Մենք միամիտ չենք ու դա լավ հասկանում ենք։ Հիմա ուշացած ԱՄՆ-ն և Ֆրանսիան շտապում են «անձրևանոցի» տակ իրենց տեղն ապահովել։ Եթե իսկապես կնպաստեն Արցախի անկախության ճանաչմանը, չեն խանգարի ռուսական խաղաղապահների գործունեությանը, թող մասնակցեն այդ գործընթացներին։ Այսօր հեշտ է ասել, թե Ռուսաստանը մեր ինքնավարությունը սահմանափակեց, սակայն պիտի իրատես լինել, սթափ նայել իրողություններին։ Այսօր պիտի պահել ամեն հնարավորը վաղվա համար։
-Այս պահին հայ-ռուսական հարաբերությունների վերանայում և խորացու՞մ է հարկավոր։
-Սորոսականները և կուրծք ծեծող արևմտամետները պետք է սթափվեն ու հասկանան, թե իրենց գործողությունները ինչի կարող են հանգեցնել։ Ես Հայաստանի 100 տոկոս ինքնավարության կողմնակիցն եմ, բայց մեր ոչ հեռատես քաղաքականության պատճառով կորցրինք ինքնավարության շատ լծակներ։
-Այսօր հայ մարդու առաքելությունը ո՞րն է, երբ ունի ծվեն-ծվեն եղած հայրենիքի մի մաս, վտանգի տակ հայտնված Հայաստան, որի դռանը նստած է թուրքը։
-Պետական մտածողությունը պետք է գա առաջին պլան, պիտի փայփայել դա, ամրապնդել։ Սա առաջին հերթին պիտի իրականացվի Արցախում։ Գոնե հիմա 100 տարվա սխալները չկրկնենք։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ