Վաղ գարնանը՝ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա համապատասխան գումարը, և շուտով սկսելու են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը: Գրեթե նույն ժամանակամիջոցում իրավապահ համակարգից հայտարարություն տարածվեց, որ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ոչ այն է մեղադրյալի, ոչ այն է վկայի կարգավիճակով հրավիրվել է ՝հիսուն միլիարդ դրամի գործով չարաշահման և խոստացել է կամաց-կամաց մարել այդ գումարը: Ավելի ուշ նման հայտարարություն տարածվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի վերաբերյալ: Վերջինս մեղադրվում էր այդ ճանապարհի շինարարության հետ կապված ահռելի գումարների յուրացման մեջ: Չենք կարող ենթադրություններ անել, թե Նիկոլ Փաշինյանը ինչ հանգամանքներից ելնելով այդքան վստահորեն ասում էր, որ առաջիկայում ահռելի թափով կսկսվի ճանապարհի շինարարությունը, արդյոք անհրաժեշտ գումարը կա՞ր, թե՞ ակնկալվում էր նշված հայտնի մարդկանցից այն մուտք անել բյուջե և սկսել ճանապարհի շինարարությունը: Ինչևէ, այս խոստումն առայսօր մնում է օդից կախված, առաջիկայում էլ պիտի հույս չունենանք այն պարզ պատճառով, որ ձմռան շեմին ենք: Մնում է հուսալ, որ հաջորդ գարնանից կիրականացվեն այս գարնանը տված խոստումները: Բայց մինչ այս ընթացքում պետական պաշտոնյաներն այդ ճանապարհի շինարարության հետ կապված կոռուպցիայից, չարաշահումներից, հովանավորչությունից են խոսում և գործնականում որևէ հետևողականություն չեն ցուցաբերում, Հյուսիս-հարավ ճանապարհի չշահագործված այդ հատվածները պատճառ են դառնում հարյուրավոր ավտովթարների և տասնյակ մարդկանց մահվան:
Ճանապարհի՝ հատկապես Կոշից Կաթնաղբյուր ձգվող հատվածը, որը պետք է շահագործվեր անցյալ տարի և միանար Ն. Բազմաբերդից մինչև Կաթնաղբյուրի մոտ գտնվող հատվածին, վերածվել է մահվան ոլորանների: Նշված հատվածում, նոր նախագծված ճանապարհի սլացիկությունն ապահովելու նպատակով, ժամանակավոր երթևեկության համար կառուցվել են այդ ոլորանները, որոնք բազմաթիվ են և զուրկ են տեսադաշտ ապահովելու պայմաններից: Նշված լաբիրինթոսները բոլոր չափանիշներն ապահովում են, որպեսզի այս գոտին լինի խիստ վտանգավոր և պատճառ դառնա գրեթե ամենօրյա ավտովթարների: Ոչ ոք չի հաշվել, թե այս երկու տարվա ընթացքում քանի մարդ է զոհվել դրա պատճառով, քանիսը՝ վիրավորվել, հաշմանդամ դարձել, ու քանի մեքենա է լրացրել Հայաստանում չեղած կամ պայմանական մեքենաների գերեզմանոցների տարածքները:
Մոտ տասն օր առաջ Կոշի հատվածում ճանապարհի եզրերի բետոնե սալիկները պատճառ դարձան քսանչորսամյա երիտասարդի մահվան: Մոտավոր հաշվարկներով՝ միայն այս հատվածում զոհվել է շուրջ քսան մարդ: Վթարները հիմնականում տեղի են ունենում գիշերվա ժամերին, մեքենաներն ավելի հաճախակի բախվում են բետոնապատնեշներին:
Ռազմավարական կարևոր նշանակության այդ ճանապարհի շինարարության փողերը թալանողները կպատժվեն կամ չեն պատժվի, վնասները կվերականգնվեն կամ չեն վերականգնվի, ինչքան էլ վերականգնվեն, մնացած գումարները, կարծում ենք, կբավարարեն թալանի հեղինակներին իրենց մնացած կյանքը բարեկեցիկ անցկացնելու համար: Բայց այս անդառնալի կորուստները, որոնք նույնպես պայմանավորված են ավանդական դարձած թալանով՝ անդառնալի են և ոչ մի կերպ՝ չփոխհատուցվող: Սակայն դա չի նշանակում, որ այս հանգամանքը պետք է անտեսվի: Աշխարհի զարգացած, անգամ ոչ այնքան զարգացած երկրներում հաշվի են առնվում ապահովության բոլոր չափանիշները, ենթադրենք՝ անորակ անվադողի պատճառով տեղի է ունեցել ավտովթարը, ու եթե ապացուցվի, ապա ավտոդողեր արտադրող տվյալ ձեռնարկությունը պարտավոր է փոխհատուցել պատճառված վնասն ամբողջությամբ: Իսկ մեզանում ընդամենը խոսում են մսխված գումարներից, որոնց հեղինակները երկրում կամ երկրից դուրս ազատ թափառում են, և ավանդույթը շարունակելով՝ ձու գողացողին դատում են, ձի գողացողին՝ ոչ:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ