Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Աշխարհն ու հայերը

Աշխարհն ու հայերը
26.04.2013 | 12:00

Չնայած վերնագիրը խոնարհաբար համեմեցինք մանրապատում հավելագրով, բայց խոսքը կարևոր իրադարձության մասին է, որը տեղի է ունեցել դարեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում, այն էլ անձամբ նրանց թագավորի՝ Լյուդովիկոս XV-ի հետ, Վերսալի պալատում։

Այս փաստական պատմությունը քաղված է տասնյոթերորդ դարի ակնեղենի հայտնի վաճառական Հովհաննես Թովմաճանի գրից։
Լինում է այնպես, որ նա իր առևտրական գործերով հայտնվում է Փարիզում, ու տեղի հայերից մեկը՝ Աստվածատուրը, ով արդեն քսան տարի այդ երկրում էր բնակվում, իմանալով, որ Հովհաննես Թովմաճանը մինչ այդ եղել է հաբեշների թագավորի գանձապետը, մի գրություն է ուղարկում պալատական Տյուք Շուեզոյին, և տեղեկացնում, որ իրենց քաղաք է եկել ակնեղենի հայ վաճառականը, ով մինչ այդ շատ երկրներ է այցելել ու եղել է նաև հաբեշների թագավորի գանձապետը, ու այժմ էլ իր հետ բերել է թանկագին ակնեղեն, որ վայել է միայն թագավորական ու մեծապատիվ անձերին։
Պալատականը, կարդալով տեղեկությունը, հաջորդ օրն իսկ իր անձնական կառքն է ուղարկում Հովհաննես Թովմաճանի հետևից ու պալատ հրավիրում նրան։ Անձնական տեսակցության ժամանակ նա, լսելով ու համոզվելով, որ իր առջև լուրջ անձնավորություն է, իսկ ունեցած ակնեղենն էլ` հազվագյուտ, նախ ինքն է մեկ հատ գնում, իհարկե, կես գնով, և որպես հատուցում խոստանում է տեսակցություն դասավորել անձամբ թագավորի հետ, հրավիրելով նրան Վերսալի պալատ։ Ասելն ու անելը մեկ է լինում. հաջորդ օրն իսկ նրան տանում են Վերսալ ու մի պալատականի հետ ման են տալիս Վերսալի սքանչելի ծառուղիներով ու ծանոթացնում նախկին թագավորների շքեղ սենյակների ու ճոխությունների հետ։ Այդ ամենով սքանչանալուց հետո նրան տանում են թագավորի մոտ։
Մինչ այժմ պատմությունը կարդացիք վերաշարադրմամբ, իսկ այժմ կկարդաք այդ հանդիպման ուղղակի գրառությունը։
«Եվ առան տարան ներս՝ պալատ, և Թովմաճանը ներկայանալիս առանց գլխարկը հանելու (ըստ նախարարի տված խորհրդի), թագավորի առջև երկրպագություն արեց երեք խոնարհումով։
Իսկ Լյուդովիկոս թագավորը ժպտալով իր մոտ կանչեց Թովմաճանին և բազում հարցեր տալուց հետո ասաց.
¬Իսկապե՞ս դու Հապեշստան ես գնացել։
Եվ Թովմաճանը ցույց տվեց նրան Հապեշու թագավորի կնիքը։
Թագավորը զարմացած ասաց.
¬Քո Հապեշ թագավորն ինչո՞ւ քեզ տվեց իր կնիքը՝ մաքուր թղթի վրա։
¬Կարծելով թե ամեն թագավորության մեջ ընդունելի է իր կնիքը, որով ես կկարողանամ գրել իմ խնդիրքը և որոշ շնորհներ ստանալ։ Ահա այս պատճառով ինձ տվեց իր կնիքը մաքուր թղթի վրա։
Այդժամ բոլորն սկսեցին ծիծաղել և ուրախանալ։ Բայց թագավորն ասաց.
¬ՈՒրեմն մենք ևս պարտավոր ենք քեզ ինչ¬որ շնորհներ անել։ Շատ լավ, կանենք քո խնդրանքը։
Այնժամ Թովմաճանն սկսեց վերստին երկրպագությամբ խոսել (որի նյութը նախապես պատրաստել էր).
¬Ո՜վ տեր և թագավոր ամենապատիվ, քո բարձրությունը միայն ֆրանսիացիների թագավորը չէ, այլև հայոց ազգինը, և դրա համար մշտապես մեր ժամերգության մեջ օրհնում և աղոթում ենք քեզ համար։ Որովհետև երբեմն¬երբեմն, եթե մեզ զրկանք ու դժբախտություն են պատճառում մահմեդականները Կոստանդնուպոլսում, դիմում ենք քո բարձրության դեսպանին և նրա աջակցությանը։ Ինչպես Երուսաղեմի այն գժտության ժամանակ, երբ հույներն ուզում էին մեր ձեռքից խլել սուրբ Հակոբի վանքը, բայց դեսպանը ձեռք դրեց՝ հույները ամոթահար փախան, և այսպես մեզ փրկեց մեծ վտանգից։ Նույն կերպ և ես, որ գնալու եմ իմ երկիրը՝ Կոստանդնուպոլիս, որ օսմանցոց երկիրն է, խնդրում եմ բարձրությունիցդ ինձ համար հանձնարարագրի դեսպանիդ, որ մեզ իր թևերի հովանու տակ պաշտպանելով պահի։
Թագավորն անմիջապես հրաման տվեց Տյուք Շուեզոյին, որ մի լավ հանձնարարական գրի դեսպանին։
Եվ այսպես սիրով ու խաղաղությամբ ավարտվեց հանդիպումը։
Եվ բոլոր իշխանները հավաքվեցին Թովմաճանի գլխին, նաև ուրիշ, ուրիշ բաներ էին հարցնում։
Իսկ իշխաններից մեկը հարցրեց.
¬Այս Հապեշի գանձապետը ի՞նչ ազգի է։
¬Հա՛յ է։
Հարցնողը ծաղրանքով կամ կատակով հեգնեց.
¬Այո, այո, իմացա, այս ազգը երեկ կամ այսօր նոր է ելել։
Այդժամ Թովմաճանը բորբոքվելով` նախարարին հարցրեց.
¬Սրան պատասխանելու բան ունեմ, ասե՞մ, թե՞ ոչ։
¬ՈՒի մյուսյո՛ւ,¬ այսինքն՝ պատասխանիր։
Այդ ժամանակ Թովմաճանը մոտեցավ այն իշխանին և ասաց թարգմանությամբ.
¬Որտեղի՞ց իմացար, որ մեր հայոց ազգը երեկվա կամ այսօրվա նորելուկ է։
¬Գիտեմ, որ այդպես է։
¬Դու Աստվածաշունչը կարդացե՞լ ես։
¬ՈՒի մյուսյո՛ւ։
¬Նոյան տապանը ո՞ր լեռան վրա է իջել։
Մյուս իշխանները պատասխանեցին։
¬Արարատ լեռան վրա։
Թովմաճանն ասաց.
¬Արարատ լեռն ո՞ւմ երկրի վրա է։
Բոլորը միաբերան սկսեցին ասել՝ Արմենիոնում (Հայաստանում)։
Թովմաճանը սրանով չբավարարվելով, կրկին հարցրեց նրանց, թե այդ Արարատ լեռը ո՞ր կողմում է` Մեծ Հայքո՞ւմ, թե՞ Փոքր։ Նրանք չկարողացան արագ և ուղիղ պատասխանել։ Իսկ Թովմաճանն ասաց, որ Մեծ Հայքում է։
¬Այժմ իմացիր, ո՜վ գիտուն իշխան, ներիր և տես, թե հայոց ազգը որ ժամանակներից է գալիս, որ Հին կտակարանում է հիշատակվում։ Իսկ քո ազգի անունը Հին կտակարանում չկա։ ՈՒրեմն, տես, մեր հայոց ա՞զգն է երեկ ու այսօր հայտնվել, թե՞ քո ազգը։
Եվ բոլոր իշխաններն սկսեցին ծաղրել հարց տվող իշխանին։ Իսկ նախարարը գնաց, մտավ թագավորի մոտ, պատմեց ամեն ինչ մեկ առ մեկ։ Եվ թագավորը ներս կանչել տվեց հարցնող իշխանին ու Թովմաճանին։
¬Պռա՛վո, մյուսյու, լավ ես ջատագովել քո ազգը։
Ապա հարց տվող իշխանին ասաց.
¬Դու չգիտեի՞ր նրա ազգի հին ու նոր լինելը, ապա ինչպե՞ս ստուգեցիր ու պնդեցիր, թե նոր է նրա ազգը։
Եվ մյուս իշխանները պատասխանեցին, թե հայոց ազգի այդքան հին լինելը նա չգիտեր։ Այնժամ թագավորն ասաց.
¬ՈՒրեմն վերցրու Աստվածաշունչը, տար քո սենյակը և այնքան կարդա, մինչև սովորես ու կարգին գիտենաս, նոր միայն արի։
Եվ այսպես նա արտաքսվեց իր սենյակը։ Իսկ Թովմաճանն իմանալով, որ իր պատճառով աքսորվեց, երեսնիվայր ընկած, թախանձագին աղերսեց թագավորին արձակել նրան, բայց թագավորն ասաց.
¬Ինչպես որ դու ես սովորել քո ազգի պատմությունը, նույնպես նա թող սովորի, և հետո միայն կարձակեմ։ Դու գնա խաղաղությամբ և հոգ մի անի նրա մասին։
Դուրս գնալուց հետո նրան է մոտենում մի իշխան և ասում.
¬Փարիզում` մեր Սան Սելաստան եկեղեցում, քո ազգի մի թագավորի գերեզմանը կա, կուզե՞ս տեսնել։
-Մեծ սիրով ուզում եմ տեսնել,¬ ասաց Թովմաճանը։
Եվ կառք նստած գնացին Սան Սելաստան և գտան գերեզմանը, ուր Փրկչի 1393 թ. թաղվել է Լևոն VI-ը` Հայոց Կիլիկիայի վերջին թագավորը։
Եվ ապա երեք օր անց Թովմաճանը 1769 թ. դեկտեմբերի 4-ին փոստակառքով մեկնեց Փարիզից»։
Մեզ մնում է մաղթել մեր հայորդիներին, որ իրենք էլ Աստվածաշունչը կարդան, որ երբ հարկ լինի տարբեր ազգերի «գիտունների» հետ շփվելու, իմանան ինչ պատասխան տալ, թե ով է հայը։

Քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ