Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Այս իրավիճակը մեր պատմության մեջ կրկնվել է բազմակի անգամ

Այս իրավիճակը մեր պատմության մեջ կրկնվել է բազմակի անգամ
19.11.2023 | 07:22

Ճգնաժամային պահերին, ստեղծված անցանկալի իրավիճակներից դուրս գալու ճանապարհների փնտրտուքի ժամանակ, հաճախ կարիք է լինում հետ դառնալ ու կասկածի տակ դնել ստեղծված վիճակի սկզբնապատճառների մասին մեր և ուրիշների կարծիքները և, դրա հետ միասին, այդ ամենի, երբեմն ծայրահեղության հասնող, բացատրությունները։

Մարդկային թուլություն է՝ մարդիկ հաճախ այնքան են նույն բանն առանց երկար-բարակ մտածելու ասում, որ որոշ ժամանակ հետո իրենք էլ են սկսում հավատալ իրենց ասածին։

Հիմա, մի խումբ մարդկանց թեթև ձեռքով, ինտենսիվորեն տարածվում է այն տեսանկյունը, որ մենք ընդհանրապես անպիտան ժողովուրդ ենք, որի պատճառով էլ մեր հետագա գոյությունը դրվում է կասկածի տակ։

Այնինչ, պատմությանը հայտնի են բազմաթիվ ժողովուրդներ, որոնք պատմական ասպարեզից հեռացել են միայն մեկ պատճառով՝ նրանք հարևաններից թույլ են եղել, իսկ եթե հզոր հարևանը նաև չափից դուրս վայրագ է եղել, ապա թույլի անհետանալը շատ ավելի արագ է տեղի ունեցել։

Այսինքն, այստեղ կարևորը թույլ լինել կամ չլինելն է, ոչ թե պիտանի կամ անպիտան լինելը, և դեռ հարց է՝ անպիտան թու՞յլն է ուժեղի մեջ ավելի հեշտ ուծացվում ու անհետանում, թե՞ հակառակը։

Հնարավոր է, որ պիտանի թույլը շատ ավելի ձեռնտու է հզոր հարևանին, քան անպիտանը, և նման երևույթի օրինակները պատմության մեջ բազմաթիվ են։

Շահ Աբասի կազմակերպած գաղթի նպատակը ոչ միայն թուրքերի հարձակման հնարավոր ուղղությունները և տարածքները ամայացնելն էր, այլ նաև սեփական երկրի տնտեսական ու առևտրական կյանքի աշխուժացումը հայ վաճառականության հաշվին, որի արդյունքում Իսպահանը դարձավ համաշխարհային տարանցիկ առևտրի կենտրոն։

Ճիշտ նույն նկատառումներով էլ ռուսական ցարերը մեծ առավելություններ տվեցին հայ վաճառականներին, Արևելք-Եվրոպա տարանցիկ առևտուրը Ռուսաստանով իրականացնելու համար։

Նման իրավիճակը մեր պատմության մեջ կրկնվել է բազմակի անգամներ, բայց ինչ-որ մի պահի ռուսների միջամտությունը սկզբունքորեն փոխեց մեր տարածաշրջանի ուժային դաշտի պատկերը և մեզ էլ գցեց թյուրիմացության մեջ՝ մենք սկսեցինք ռուսական ուժը նույնացնել մեր չունեցած ուժի հետ։

Այս պայմաններում զարմանալին այն չէ, որ չենք կարողանում նորմալ պետականություն կառուցել, զարմանալին այն է, թե ինչպես ենք մինչև հիմա գոյատևել, այն էլ այնպիսի վայրագ ու հզոր ժողովուրդների հարևանությամբ, ինչպիսին թուրքերն են։

Մյուս կողմից էլ, ակնհայտորեն թույլ լինելով պետականաշինության ոլորտում, որն ունի իր հստակ բացատրությունը, մենք ունենք բավականին լուրջ զարգացման պոտենցիալ այլ ոլորտներում, որը ևս ունի իր տրամաբանական բացատրությունը։

Այս իմաստով նույնիսկ շատ հզորներին մրցակից լինելու փաստը և այդպիսին դառնալու պոտենցիալը մեր կյանքը չափից դուրս ռիսկային են դարձրել անցյալում՝ ներառյալ գենոցիդը և ռիսկային են դարձնում նաև ներկայում։

Շատերը, նման արգումենտացված ու հիմնավոր բացատրություններից հեշտությամբ ազատվելու համար, դրանք անվանում են դավադրության տեսության արտահայտություն, այնինչ դրանք կյանքում ամեն քայլափոխին հանդիպող փաստեր են, որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ