Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զարգացումների սցենարներ Թուրքիայում

Զարգացումների սցենարներ Թուրքիայում
07.06.2013 | 11:28

Վերջին օրերի թիվ մեկ թեման Թուրքիայում անսպասելի բռնկած հուզումներն են: Թուրքիան մեր հարևանն է, որտեղ ընթացող իրադարձություններն ուղղակիորեն կապված են մեր տնտեսական, արտաքին անվտանգության խնդիրների հետ: Թուրքիան նաև առանցքային պետություն է տարածաշրջանում` իր հավակնոտ դերով: Բնականաբար, Թուրքիայում տիրող իրավիճակով կարող են պայմանավորված լինել նաև ադրբեջանական զարգացումները, մանավանդ որ առաջիկայում այստեղ սպասվում են նախագահական ընտրություններ:
Թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ համաժողովրդական ընդվզումները հարևան երկրի կառավարության դեմ հետևանք են Էրդողանի վերջին մի քանի տարվա քաղաքականության: «Էրդողանը փորձեց իսլամական երկրների համար դառնալ, այսպես ասած, դեմոկրատ իսլամական կառավարության խորհրդանիշ: Այդ ուղղությամբ բավականին մեծ քարոզչություն կատարեցին: Բայց երբ երկրում տեղի ունեցավ այդ ընդվզումը (որն ընդամենը էկոլոգիական էր, և մարդիկ ցանկանում էին այգին պահպանել որպես այգի, ոչ թե այն դարձնել առևտրի կենտրոն), պարզ դարձավ, որ Թուրքիայի ներսի քաղաքական իրավիճակը բավականին անկայուն է: Սա այն խնդիրը չէ, որ կարող էր մեկ-երկու օրվա ընթացքում առաջանալ, կամ ինչ-որ ուժեր հետևում կային: Անշուշտ, կլինեն ուժեր, որ կկարողանան օգտագործել ստեղծված իրավիճակը, բայց հուզումները Թուրքիայում ավելի շուտ ինքնաբուխ էին: Եվ Էրդողանի կառավարության բուռն հակազդեցությունը ցույց տվեց, որ նրանք իրավիճակին չեն տիրապետում»,- ասում է թուրքագետը:
Մեկնաբանելով Թուրքիայում իրադարձությունները` Վազգեն Պետրոսյանը նշում է հնարավոր զարգացման մի քանի սցենար: Առաջինը` «Ալ Քաիդայի» ուժերը հնարավոր է իրավիճակն օգտագործեն և սկսեն Թուրքիայի մեջ աշխատել: «Ալ Քաիդան» իր բնույթով անկայուն տեղ է փնտրում, որպեսզի իր որջը տեղավորի: Եվ սա շատ լավ առիթ է «Ալ Քաիդայի» համար, որպեսզի իրենց ուժերն այստեղ տեղակայեն: Հյուսիսային Պակիստանում կամ Աֆղանստանում զրկվելով ազդեցության ոլորտներից` ակտիվորեն կսկսեն գործել Հյուսիսային Սիրիայի, Հարավային Թուրքիայի, Հյուսիսային Իրաքի հատվածներում և ավելի անկայունացնել իրավիճակը:
Երկրորդ զարգացումը, որ հնարավոր է, ԱՄՆ-ի ճնշման տակ Թուրքիայի կառավարությունը կգնա զիջումների ցուցարարների նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ի դիրքերը չթուլանան: Եգիպտոսը, Հորդանանը ԱՄՆ-ի հիմնական գործընկերներն էին Միջին Արևելքում: Արաբական գարնան պատճառով Միացյալ Նահանգները կորցրեց իր շատ գործընկերների, ուստի Թուրքիայի կորուստը շատ մեծ հարված կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Նման իրավիճակը, բնականաբար, ԱՄՆ-ի շահերից չի բխում, այդ իսկ պատճառով ճնշում կբանեցնեն Էրդողանի կառավարության վրա, որ վերջինս զիջումների գնա: «Բայց դա չի նշանակում, որ բողոքի ալիքը մարելու է Թուրքիայում, գուցե ժամանակավորապես խաղաղվի, սակայն ցանկացած այլ միջադեպի դեպքում հասարակությունը բուռն հակազդեցություն է ցուցաբերելու, որպեսզի իշխանությունը նահանջի: Արդյունքում ունենալու ենք անկայուն Թուրքիա»,- ասում է թուրքագետը:
Երրորդ զարգացումը. որոշ պետություններ, այդ թվում` Իրանը, որ լուրջ մրցակցության մեջ են Թուրքիայի հետ իսլամական աշխարհում, կօգտագործեն լարված իրավիճակը և որոշակի միջամտություն կկատարեն` ավելի հզորացնելով իսլամական որոշ կազմակերպություններ («Հըզբոլլահ» և այլն):
Չորրորդ զարգացումը կապված է քրդերի հետ: Քրդերը, օգտվելով անկայուն իրավիճակից, գուցե իրենց ինքնավարությունը հռչակեն: Ի վերջո, Հյուսիսային Իրաքում կա ինքնավար Քրդստան, Հյուսիսային Սիրիայում կա ոչ պաշտոնական, բայց դեֆակտո գոյություն ունեցող փոքրիկ կառավարություն: Այս բոլորը կարող են միանալ Թուրքիայի հարավում գոյություն ունեցող 14 միլիոնի հասնող քրդական զանգվածին և իրենց համար ստեղծել ինքնավար պետություն:
Ըստ Պետրոսյանի, քանի որ Հայաստանը և Թուրքիան հարաբերություններ գրեթե չունեն, այս ամենի ազդեցությունը մեզ վրա շատ մեծ չի լինի: Միակ շոշափելի ազդեցությունը գուցե առևտրային ոլորտին առնչվի: Բայց մեր հիմնական առևտրական կողմնորոշումն այսօր դեպի Չինաստան է: ՈՒստի այս առումով լուրջ խնդիրներ չեն առաջանա:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ