Ստամբուլում զանգվածային անկարգությունները պայմանավորված են Տակսիմ հրապարակը վերակառուցելու իշխանությունների որոշմամբ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված էր կիրառել արցունաքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հրապարակի վերակառուցման դեմ բողոքը վերաճել է վարչապետ Ռեջեպ Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիաների։ «Համախմբվում ենք ֆաշիզմի դեմ», «Կառավարությունը պետք է հրաժարական տա». նման կոչեր էին հնչում ցուցարարների կողմից։
Մայիսի 31-ին Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել դադարեցնել Տակսիմ հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքները։ Սակայն Էրդողանը հայտարարել է, որ պատմական վայրի վերակառուցումը պետք է շարունակվի, իսկ ցուցարարները միայն առիթ են փնտրում անկարգություններ կազմակերպելու համար։
Էրդողանը կոչ է արել ընդդիմության առաջնորդներին ձեռնպահ մնալ չմտածված քայլերից։ «Եթե դուք հավաքել եք 200 հազար մարդ, մենք կարող ենք հրապարակ բերել մեկ միլիոնին»,- զգուշացրել է վարչապետը։
Նշենք, որ հրապարակի վերակառուցումն ուղեկցվել է ծառերի հատումով։ Ցույցերը Թուրքիայում սկսել են մայիսի 31-ին։ Մոտ 900 մարդ ձերբակալվել է։ Բողոքի ալիքը տարածվել է նաև Անկարայում և Իզմիրում։