38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երևան. քաղաք, որ պետք է կառուցել ու պաշտպանել

Երևան. քաղաք, որ պետք է  կառուցել ու պաշտպանել
09.04.2013 | 00:56

Ապրիլի 7-ը կիրակի էր: Տոն: Տոն տղամարդկանց համար, որ ավարտվեց կանանց միամսյակը: Տոն կանանց համար, որ արձանագրված է անգամ պաշտոնական տոնացույցում: Ապրիլի 7-ին սկսվեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: Ապրիլի 7-ին Հանրապետության հրապարակի շատրվանները միացվեցին, և հրապարակը ողողվեց երաժշտությամբ: Աբսուրդ է, բայց Կանանց ու գեղեցկության օրվա բոլոր երգերը նվիրված էին Երևանին: Ես չգիտեի, որ Երևանը կին է: Թեկուզ` մայր: Նախընտրական քարոզչությունն էր սկսվել:

Առաջիկա մեկ ամսում ամենամոդայիկ թեման Երևանը սիրելն է լինելու` սիրելու են համառ ու հետևողական: Համարյա ամբողջ քաղաքական դաշտը սեր է բացատրելու մայրաքաղաքին ու մայրաքաղաքի բնակիչներին: Խոստումների պակաս չի լինելու: Պատմություններ են պատմվելու` սկսած 1913 թվականից մինչև 3013 թվականը: Քաղաքական անբռնազբոս սիրո կարուսելը բռնազբոս պտտվելու է մեր շուրջը, որ մեզ համոզի ձայն տալ: Իսկ Երևանն այդ ընթացքում մնալու է նույնը: Փողոցները` կենտրոնում ու հատուկենտ արվարձաններում, պարտադիր տեսախցիկների ու հիացած լրագրողների մասնակցությամբ, կիսամաքրվելու են, կիսաջրվելու են նորատունկ ու հնատունկ ծառերը: Մի քանի օր: Հետո մաքուր փողոցների, հարթ ասֆալտի, առանց փոսերի ճանապարհների մասին մոռանալու են: Բոլորը: Գուցե մի քանի նոր խաղահրապարակ էլ բացվի, ֆուտբոլի արհեստական խոտածածկույթով դաշտերով` ի սարսափ շրջակա շենքերում ապրողների, որովհետև հայ մեսիներն ու մարադոնաները գոլ չեն խփում, բայց ճչում են ամեն պասի հետ: Բարձրահարկ շենքերի մի քանի մուտք էլ կնորոգվի, գուցե անգամ հրաշք լինի ու վերելակ փոխվի: Գուցե նաև մի քանի ժամով լուսավորվեն փողոցները: Գիշերը: Երթուղայիններին փոխարինած ավտոբուսները հպարտ կհայտնվեն կանգառներում սովորականից մի 10-15 րոպե ուշ ու կայանած տաքսիների, մեքենաների արանքում կանգնելու տեղ կորոնեն, իսկ ուղևորները, երթևեկության բոլոր կանոնները գրողի ծոցը ուղարկած, կվազեն վերջապես հայտնված ավտոբուսի հետևից: Գետնանցումները կշարունակեն խավար, խոնավություն ու միզահոտ սփռել ցերեկ, թե գիշեր` սպասելով, որ գոնե տարածքները կտրամադրվեն կրպակների ու կդադարեն զուգարան լինել: Քաղաքում զուգարանների թեման կմնա գլխավորներից գլխավորը: Ոչ թե ըստ կիրառության, այլ ըստ ձեռքբերման գնի: Եվ, այնուամենայնիվ, շինարարությունը կծավալվի բուռն ընթացքով, թեպետ օգտակարության ու անհրաժեշտության տեսակետից խիստ կասկածելի կմնան շինարարության տեղը, տերը, տեմպերը: Ի զարմանս ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի, առանց իրենց հետ համաձայնեցնելու` արևը կշարունակի ծագել արևելքից ու նույնքան անտրամաբանական մայր կմտնի արևմուտքում: Ի սարսափ նույն այդ քաղաքական ուժերի` ընդհանրապես անկառավարելի կլինեն հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից հետուառաջ փչող քամիները: Տեղ-տեղ անձրև կգա ու անմիջապես կգոլորշիանա բարկ արևի տակ: Քաղաքական սիրո այբուբենը այստեղ կավարտվի` պատմության ռոմանտիզմն ու կյանքի ռեալիզմը քաղաքական կոկտեյլ կդառնան:
Իսկ քաղաքացի՞ն: Երևանը իրոք հրաշալի քաղաք է: Առաջ նույնիսկ ինքնատիպ էր, հիմա նման է հարուստ հյուր ընդունող աղքատ տանտիրոջ, որ ինչ ունի` ցույց է տալիս: Հրաշալի արձաններ կան Երևանում, որ այնքան են ձուլվել քաղաքի հետ, թվում է` միշտ են իրենց տեղում եղել: Ճիշտ է, գերազանցապես կենտրոնում են, բայց ընդունեք, որ մեղք կլիներ, օրինակ, Սարոյանին տանել Զեյթուն, Սարյանին` Մալաթիա կամ Կոմիտասին` Կոնդ:

Թամանյանից հետո էլ հրաշալի ճարտարապետություն է եղել Երևանում, ճիշտ է, բոլոր այն դեպքերում, երբ մեկնակետը փողը չի եղել, այլ տվյալ կառույցի կիրառական նշանակությունը: Եվ, այնուամենայնիվ, հարցը մնում է` իսկ քաղաքացի՞ն: Աշխարհի ամենահավերժական, ամենասքանչելի, ամենափառահեղ քաղաքն էլ քարակույտ է առանց քաղաքացու: Ի՞նչ է ասվելու երևանցուն:
Երևանցուն ասվելո՞ւ է, որ հետայսու ինքն արժանապատիվ կյանքի հնարավորություն է ունենալու, որովհետև այսքան ու այսքան աշխատատեղ է ստեղծվելու, իսկ այսքան ու այսքան էլ բարձրանալու է աշխատավարձը, որ աշխատող մարդը հնարավորություն ունենա նորմալ ապրել: ՈՒ չասեք, որ դա Երևանի ավագանու խնդիրը չէ:
Փոխվելո՞ւ է վերաբերմունքը երևանցու նկատմամբ, փոխվելո՞ւ է մթնոլորտը քաղաքում, թե՞ կերուսուսի, առուփախի, գնում ես` գնա-ի հոգեվիճակը մնալու է ևս 5 տարի: Փոխվելո՞ւ է ընկալումը քաղաքի ու քաղաքացու կարգավիճակի: Համարյա բոլոր պետական պաշտոնները ունեն իրենց անձնագրերը` իրավունքների ու պարտականությունների արձանագրումով: Դա, իհարկե, ճիշտ է: Ճիշտ է, եթե իրավունքների ու պարտականությունների գրանցումը մեխանիկական չէ, եթե կենտրոնում մարդն է իր խնդիրներով, ոչ թե մարդուն վերաբերող որևէ գործառույթ: Ճիշտ է, եթե գոնե այդ ամենը կատարվում է: Ճիշտ է, եթե ընդամենը թղթի վրա գեղեցիկ պատմություն չէ պետական կառավարման համակարգի սկզբունքների ու գործառնության մեխանիզմների մասին:
Հայաստանում ամեն ինչ քաղաքականություն է: Նույնիսկ բարևը քաղաքական կատեգորիա է: Եվ մեր մեծագույն սխալներից մեկն էլ հենց մեր կյանքի գերքաղաքականացումն է: Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է այնքանով, որ ավագանին քաղաքական ուժերից է կազմվում: Բայց ավագանու քաղաքական կառուցվածքի արդյունավետությունը ի ցույց հանեց ՀԱԿ-ը, որ մասնակցեց ավագանու նախորդ ընտրություններին, չհրաժարվեց մանդատներից ու չաշխատեց: Քաղաքացու համար կարևոր չէ, թե ով է լուծում իր կենսապահովման խնդիրները: Քաղաքական ուժերի համար է իրենց ներկայացվածությունը խնդիր: Համարյա դարակազմիկ խնդիր: Երևանը չհանձնելու, Երևանը գրավելու, Երևանը չկորցնելու մասին այնպիսի բոցաշունչ ճառեր են արդեն հնչել, որ թվում է` դարավոր ոսոխը քաղաքը պաշարել է, ու օրհասը մոտ է: Վեց կուսակցություններ ու մեկ դաշինք Երևանը գրավելու տպավորիչ ծրագրեր են մշակում: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարև, Երևան» դաշինքը: Մինչև մայիսի 3-ը նրանք ապացուցելու են, որ իրենք են նախընտրելին, մայիսի 4-ին բոլորը կլռեն, իսկ մայիսի 5-ի կիրակին երևանցիներին կտրվի իբրև ընտրության օր: ՀՀԿ-ն նախընտրում է ունենալ «Ավելի լավ Երևան», ԲՀԿ-ն որոշել է` «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք», ՀՅԴ-ն ավելի առաջ է գնում` «Երևան, փոխիր Հայաստանը», ՕԵԿ-ը համոզում է իրեն ու մյուսներին` «Մենք կարող ենք ավելին», ՀԱԿ-ը դեռ իշխանություն է ուզում` «Իշխանությունը` քաղաքացուն», «Առաքելությունը» կարգախոս դեռ չունի: Կարգախոս դեռ չունի նաև «Բարև, Երևան» դաշինքը:
Նախագահական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները ճիշտ ժամանակին վրա հասան` քաղաքական դաշտը վերածրագրավորելու համար: Նոր նպատակ հայտնվեց, նվաճելու նոր բնագիծ: Բայց ավանդական որակները վերահաստատվեցին: ՀՀԿ-ն համարում է, որ հաղթելու է ինքը, ամբողջ խնդիրը երկրորդի հարցն է: ԲՀԿ-ն լեթարգիական քնից արթնացել ու հիշել է, որ իր խոսքը գործ է, ու քաղաքական մոռացումը պարտությունից վատ է: ՀՅԴ-ն, ինչպես միշտ, դժգոհ է բոլորից և գոհ է միայն իրենից, ՕԵԿ-ը ռևանշ է որոնում, ՀԱԿ-ը հիշել է, որ խոստացել էր ավազակապետությունը քանդել, բայց ինքը քանդվեց, «Առաքելությունը» ևս հաղթանակ է ուզում, իսկ «Բարև, Երևանը» վստահ է, որ ինքն է հաղթելու: Բայց ավանդույթը մնում է ավանդույթ` ՀՀԿ-ն նորից բախվելու է ԲՀԿ-ի ոչ բարեկամ-ոչ թշնամի կեցվածքին: ԲՀԿ-ն նորից իր ավանդական ռեսուրսները պայքարի մեջ է ներդնելու ու ջանալու է ապացուցել, որ մայրաքաղաքի մակարդակով երկրորդ քաղաքական ուժն ինքն է, այսինքն` քաղաքական դաշտը մնացել է խորհրդարանական ընտրությունների մակարդակին, իսկ նախագահական ընտրությունները պատահականություն էին` իր ընտրազանգվածը իրեն չի դավաճանել ոչ միայն տրակտորակեր մարզերում, այլև բարերարված Երևանում: «Բարև, Երևանը», իմա` «Ժառանգությունը», փորձելու է ընտրողների քվեներով ապացուցել, որ ծիծաղում է նա, ով վերջինն է բարևում: Եվ գուցե չծիծաղի իր ունեցած ռեսուրսներով ու իր ունեցած ռեսուրսները վատնելու փափուկ ուժի քաղաքականությամբ: Այս աղյուսակում որտե՞ղ ձեզ տեսաք: Դուք պատրա՞ստ եք նորից հավատալ ու վստահել նրանց կամ նրանցից որևէ մեկին: Չէ՞ որ նրանք չեն փոխվում ու չեն փոփոխվում: Դուք պարտավոր եք ընտրել, որովհետև այդպիսին է Երևանի մասին օրենքը, որ կարգավորում է ձեր կյանքը: Իսկ դուք ուզում եք նորմալ ապրել ձեր քաղաքում, որը ձեր հայրենիքի մայրաքաղաքն է: Ավանդաբար, ընդդիմությունը չմիավորվեց և Երևանի մակարդակով փորձելու է ապացուցել նաև, թե ով է գլխավորն իր դաշտում: Այսինքն` Երևանի ավագանու ընտրություններում գործելու են ճիշտ նույն սկզբունքներն ու մեխանիզմները, ինչ նախորդ համապետական ընտրություններում: Հենց այդ պատճառով արդյունքն էլ լինելու է խիստ ավանդական: Իսկ Երևանը մնալու է բաց քաղաք իր բաց վերքի պես խնդիրներով` բաց երկնքի տակ, քանի դեռ այս քաղաքում քաղաքացին չի դարձել գլխավոր արժեք: Երևանը մնալու է քաղաք, որ պետք է կառուցել ու պաշտպանել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Բայց չէ որ այսօր ապրիլի 9-ն է: Ի՞նչ ժամանակն է գրել Երևանի ու Երևանի ավագանու ընտրությունների մասին: Այսօր, երբ համայն հայության ուշադրության ծիրում երդմնակալության, երդմնակալության թվի, ձևի, ընթացքի ու հետևանքների հարցերն են: Համոզված եմ, որ համայն հայությունն ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ ունի և այնքան պարապ չէ, որ օրվա առանցք այդ հարցը դարձնի: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ երդմնակալությունն ընդամենը արարողություն է, Ազգային ժողովի հատուկ նիստ, որն արձանագրում ու վավերացնում է տեղի ունեցած փաստը: Չի փոխում: Չի փոփոխում: Չի վերափոխում: Արարողակարգային վավերացումն է կատարվածի: Րաֆֆի Հովհաննիսյանին իբրև առաջնորդ չընդունեց անգամ ընդդիմությունը, կընդունի՞ իշխանությունը, որից նա ոչինչ չի պահանջում. տարբեր պաշտոնների պահանջը ձևակերպում է նոր Հայաստանի ու հաղթանակած ժողովրդի անունից: Իսկ Հայաստանը հին ու նոր չի լինում, Հայաստանը մեկն է ու միակն է, որ չի բաժանվում, չի տրոհվում տարբեր կուսակցությունների ու նրանց տարբեր նպատակների միջև, ինչը ընտրությունից ընտրություն ապացուցում է ընտրողը, ապացուցում է ու մնում չհասկացված, որովհետև բոլոր ապացույցները թե տարբեր տարիների իշխանությունը, թե տարբեր տարիներ հաղթանակների հասած ընդդիմությունը կամ բարեհաջող ոչնչացնում են, կամ օգտագործում կուսակցական նպատակներով: Իսկ ժողովուրդը քանակով, որակով ու բովանդակությամբ վեր է կուսակցական կատեգորիայից ու ընկալումից: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավելագույնը ձեռնարկելու է քայլեր, որոնք փրկելու են իր` իբրև քաղաքական գործչի, և «Ժառանգության»` իբրև քաղաքական ուժի դեմքը, բայց ի՞նչ կապ ունի դա Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Ընդունեք հայրենասիրության ու քաղաքականության տարբերությունը. Գասպար պապի կտակը հրաշալի ուղերձ է, որը տեղ կհասնի, եթե ուժին հակադրվում է ուժ, ոչ թե տասնամյակների միջով անցած ցանկություն` թղթի վրա: Թղթի շերեփի պատմությունը պե՞տք է կրկնել: Չի կարելի անվերջ հետ նայելով ապրել, ուժեղացիր և վերցրու քոնը, իսկ միջակայքում պարտադիր չէ աղմկել: Ռոմանտիզմը, լացուկոծը, պաթետիզմն ու բարձրագոչ հայտարարությունները օդի ապարդյուն տատանումներ են, ոչինչ չի փոխվում: Ոչ մի տեղ: Հայաստանը բացառություն չէ: Պատմականի ու իրականի տարբերությունը նվազեցնելու համար իրականը պետք է տեսնել, հասկանալ, զգալ և ուժի պարտադրանքով պատմականը վերադարձնել: Հաջողությանը հակացուցված են կոկտեյլները:

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ