38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինաուգուրացիաս ինաուգուրացիայիդ վնաս չի

Ինաուգուրացիաս  ինաուգուրացիայիդ վնաս չի
09.04.2013 | 00:51

Այսօր ՄՀՀ-ում տեղի կունենա Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան: Ճակատագրորեն հեշտ ժամանակ բաժին չընկավ նրան: Երկրորդ ինաուգուրացիան ևս նա անցկացնում է ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար` ազգային միասնականության, միմյանց շնորհավորելու հանձնառության ներքո:
Պատճառներն անթիվ են: Այնուհանդերձ, փոքրիկ հետահայաց կատարենք 2008-ի ու այսօրվա երդմնակալությունների միջև:
2008-ին Հայաստանը ցավից տնքում էր: ՈՒնեինք տասը զոհ: ՈՒ անսփոփ վիշտ: Հասարակությունը երկփեղկված էր` բարիկադների երկու կողմում էլ մերոնք էին: ՈՒ դա ցավը կրկնապատկում էր. հայը հայի դեմ էր դուրս եկել:
Ընդդիմությունն ու իշխանությունները միմյանց նկատմամբ երբևէ չեղած անհարդուրժողականությամբ էին լցված: Կողմերը շատ էին, քաղաքական շահ հետապնդողները` նույնպես, նպատակներն էլ կիսատ էին մնացել, պատրաստվում էին նոր «ձեռնամարտի»` անհանդուրժողականության նոր տեսարաններով:
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան անցավ փակ փողոցներով` դեղին երիզված: Հյուրերն էլ շատ չէին. հիշում եմ միայն Բորդյուժային ու Բրայզային: Այլ նկատելիներ չկային: Ամենատպավորիչը տեր և տիկին Սարգսյանների մուտքն էր նախագահական և այնտեղից տեր և տիկին Քոչարյանների դուրս գալը: Միմյանց հրաժեշտ տալը:
Այսօր, ճիշտ է, կունենանք երկու «ինաուգուրացիա», սակայն մթնոլորտն ու էներգետիկան (չնայած նույն ուժերի առկայության, ինչպես նաև «անհնազանդների» ու «Սիվիլիթասի» ակտիվության պայմաններում) բոլորովին այլ են: Չկա նախկին անհաշտ, սպանիչ ատելությունը (մտքով սպանեցիր, մարմնով սպանեցիր): Հասկանալի է, շատերը գուցե ափսոսանք են ապրում «այդ առնչությամբ»:
Սակայն պետք է գոնե մեկ անգամ Րաֆֆու համար արձանագրել. Րաֆֆին, ինչ-որ տեղ իր կորուստների հաշվին, չգնաց ատելություն սերմանելու, հասարակությանը հոգեխանգարմունքի հասցնելու անընդունելի ուղիով, որն էլ բումերանգի նման հարվածելու էր իր իսկ «ճարտարապետներին»: Րաֆֆին չանցավ թույլատրելիության սահմանը, չխաղաց այլոց կողմից պարտադրվող, նույնիսկ կարելի է ասել` սադրվող խաղերը, ինչ-որ բան կորցրեց, սակայն ժողովրդին չտարավ բախման` ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի արձանագրած ձայների գրեթե կրկնապատիկը:
Արձանագրենք սա Րաֆֆու համար ու կարծենք, որ իր հերթին էլ փակ-կարմայական կապով խաղացող Րաֆֆին, որին այսօր Գյումրուց միանալու համար գալիս է ընդամենը քսան հոգի, որովհետև նրանք, ովքեր նախատեսում էին «միլիոնների երթ» Երևանում, ահավոր «հիասթափված» են Րաֆֆուց, զի իրենց ագրեսիվ, երկիրը «ռասկաչկայի» տանող պրոյեկտներին չհամաձայնեց:
Այնուհանդերձ, եկեք նաև չբացառենք հնարավորությունը, որ Րաֆֆին շատ ավելի կենսունակ խաղացող կդառնա ժամանակի ընթացքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դառնալով Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային` ասենք, որ այս անգամ այն շատ ավելի ներկայացուցչական է նաև հյուրերի մասով. բավականին շատ երկրների ներկայացուցիչներ կան, ինչն էլ ապացույցն է Հայաստանի` տարածաշրջանում կարևոր խաղացող լինելու և կանխատեսելի ղեկավարում ունենալու:
Եվ վերջում` Րաֆֆու «ինաուգուրացիայի» մասով. կարծում ենք` Րաֆֆին կպահի «բարի տոնը»: Ելնելով նախորդ օրը «Ազատություն» ՌԿ-ին տված ընդարձակ հարցազրույցից, կարող ենք եզրակացնել, որ այսօր ժողովրդին կբաժանվի ՀՀ Սահմանադրությունը, նա կընտրի Սահմանադրության որևէ գլուխը, որն ամրագրում է քաղաքացու համար «ամենասահմանադրական» դրույթները և ժողովրդի հետ կերդվի Սահմանադրության վրա:
«Նորմալ» է: Կարծես։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ