38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետք է չշեղվես քո ներքին առանցքից

Պետք է չշեղվես քո  ներքին առանցքից
12.03.2013 | 01:27

Տարօրինակ ժամանակներ ենք ապրում, տարօրինակ:
Զգուշացիր մարտյան իդեններից` ժամանակին ասել էին Հուլիոս Կեսարին, իսկ նա ծիծաղել էր ու անցել առաջ:
Իսկ ժողովուրդը հետո քար քարի վրա չթողեց Սենատից ու նույնիսկ մարմարի բեկորները կրեց-տարավ տուն` հավատալով, որ հզորության ու հավերժության հետ է հաղորդակցվում: Ժողովուրդը, որ հասկանում է ամեն ինչ, բայց ամեն ինչ չի ներում:
Հայաստանի ժողովուրդը, ինքն էլ իրեն չհավատալով վերջնականապես, առանց երկար-բարակ պայմանավորվելու, խորհրդակցելու և որոշելու, իրենց ղեկավար համարող, ընդդիմադիր նշանակած, ընտրանք-այլընտրանքի մեջ առանցքը կորցրած ուժերից առաջ անցավ ու արեց այն քայլը, որ բոլորը ժամանակի մեջ հետաձգում էին: Ժողովուրդն ինքն իրենից առաջ անցավ, ավելի ճիշտ իր այն պատկերացումից, որ ձևավորել էին ուրիշներն իր մասին: Եվ ստացվեց, որ ոչ ոք պատրաստ չէր այդ ժողովրդի հետ հաղորդակցվելուն ու չգիտի` ինչ անել հիմա: Չգիտի ոչ իշխանությունը, չգիտի ոչ ընդդիմությունը, ոչ էլ ինքը` ժողովուրդը:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի և Հայաստանի Հանրապետության իշխանության միջև ձևավորված անջրպետը երկու տարբեր երկրներ է ստեղծել մի պետությունում` երկիր, ուր ապրում է, որը կառուցում է իշխանությունը, և երկիր, ուր ապրում է, որը պաշտպանում է ժողովուրդը: Այդ երկրները միմյանցից չափազանց տարբեր են: Եվ դա այսօրվա խնդիր չէ, ժամանակի մեջ այդ անջրպետը միայն խորացել ու խորացրել է տարբերությունները:
Առաջին ընտրությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահական բոլոր ընտրություններում ժողովուրդը եղել է ընդդիմության հետ` անկախ նույնիսկ ում է ձայն տվել: Իսկ ընդդիմությունը շատ ավելի պետականամետ է եղել իշխանությունից և մշտապես մնացել է սահմանադրական կարգ ու կանոնի պաշտպանության դիրքերում: Եթե նույնիսկ սահմանադրականության խրամատներից մի քիչ դուրս է եկել, անմիջապես վերադարձել է` բանակցելու իշխանության հետ, որ երեկ դեռ կրակում էր իր վրա: Սահմանադրության, կարգ ու կանոնի գերակայության բարձրագույն զգացումով, ավելի ճիշտ` ողջախոհության թելադրանքով, որ ավելին չի լինելու և հնարավոր չէ ավելին մի երկրում, որ իր չորս հարևաններից երկուսի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, մեկի հետ չավարտված պատերազմի մեջ է, մյուսի հետ չսկսվող հարևանության, մյուս երկուսն էլ աշխարհաքաղաքական բարդ խաղերում իր հարևանությունը կարող են և մոռանալ: Ողջախոհության, որ նախ թելադրում է ավարտել պատերազմը, հետո մնացած բոլոր հարցերը: Իսկ մնացած հարցերի մեջ պետության ու իր քաղաքացիների ճակատագիրն է: Փոխադարձ անհանդուրժող հանդուրժողականության մեջ էլ անցել են տարիները:
Ի՞նչ է հիմա կատարվում: Բացահայտորեն Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէր այդքան ձայներ ստանալուն, պատրաստ չէր առաջնորդի դերին ու հիմա չգիտի` ինչ անել: Նրա բոլոր քայլերը, որքան էլ աննախադեպ թվան, իրականում փակուղային են ու ելք են որոնում փակուղուց: Ստացվում է, որ քաղաքական ասպարեզում ունեցած ողջ փորձառությունը աշխատում է անցյալի համար, բայց նոր իրավիճակում նա ևս անփորձ է: Թեպետ անորոշությունը ողջ ուժով ներկայացվում է իբրև որոշակիություն ու անվանվում է նոր մարտավարություն, բայց խիստ որոշակի է, որ այս անորոշությունը ոչ միայն իրական է, այլև վտանգավոր: Փափուկ ուժի ռազմավարությունը համարվում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր խաղաքարտը: Նա ջնջում է իր և ժողովրդի միջև տարբերությունը, նա հարթակը համարում է ընդհանրական ու հարթակ է հրավիրում քաղաքական բոլոր ուժերին` հայտարարելով, որ պայքարը իրենը չէ, «Ժառանգությանը» չէ, որևէ կուսակցությանը չէ` որևէ կուսակցության դեմ, ժողովրդինն է` հանուն Հայաստանի: Ձևակերպումները գեղեցիկ են, բայց` այդքանը:

Քաղաքական դաշտը ևս պատրաստ չէր իրավիճակի այս շրջադարձին: ՀԱԿ-ը որպես կոնգրես դադարել է գոյություն ունենալ, ՀԱԿ-ը որպես կուսակցություն դեռ չի կայացել, բայց ՀԱԿ-ի ամբիցիաները մնացել են նույն` 2007-2008-ի մակարդակում, և այդ հարթության մեջ էլ ՀԱԿ-ը իր քննարկումներն է անցկացնում, ինչը նախ և առաջ անհասկանալի է, նաև իրատեսական չէ: ՀԱԿ-ից առավել արմատական է նույն մոլորության մեջ ԲՀԿ-ն, որ կարծրացել-մնացել է իր խորհրդարանական հաջողության դիրքերում ու շարունակում է իրեն առանցք համարել, բայց ինչի՞ առանցք: Երկուսն էլ հիմք են ընդունում իրենց 300-500 հազար ձայները, որ արդեն իրենցը չեն, որ իրականում երբեք էլ չեն եղել իրենցը, այլ եղել են պարզապես ընդհանրական ձայները մարդկանց, ովքեր ուզում են այլ կյանքով ապրել: Բնականաբար, իրականում այդ ձայները շատ ավելի շատ են և այդ ձայներն ունեն որոշակի տերեր` հասցեատերեր, ու ոչ մի նշանակություն չունի հրապարակում են, թե ոչ, նրանք ուզում են այլ կյանքով ապրել: Այս իրավիճակը, թվում էր, բոլորի համար պարզ ու իր բազմակի կրկնության մեջ` ապացուցված: Այնքան ապացուցված, որ վաղուց եզրակացություններ անելու ժամանակն է: Իսկ եզրակացություններ չեն արվում, միևնույն է:
Քաղաքական մյուս ուժերը շարունակում են գնալ իրենց համար սովոր, նույնության մեջ ամրապնդված ճանապարհով` նրանք մտածում են ինքնապահպանության և ինքնահաստատման մասին հույժ քաղաքական մեթոդներով: Թվում է` բոլորովին դաս չի եղել այն հանգամանքը, որ ընդդիմադիր շարժումները կամ կուսակցությունները սպառել են իրենց ռեսուրսները, հաղթանակի շանսերը փոխել են խիստ կասկածելի ու ժամանակավոր «հաջողություններով», երբ մենակ են թողել ժողովրդին, երբ ժողովրդի անունից հանդես գալով` մոռացել են ժողովրդին ու իր խնդիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե շատ հեռու է այդ սխալից: Բայց այդպե՞ս է արդյոք: Նախագահական ընտրություններից համարյա մեկ ամիս է անցել (վեց օրից մեկ ամիսը կլրանա), բայց իրադարձությունները սկսվել են ու մնում են նույն կետում` արդյունքի տեսակետից: Փափուկ ուժի իր ռազմավարության շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ «հրաժարական» բառը փոխարինել է «ինքնաբացարկ»-ով և Բաղրամյան 26 գնալը համարում է անթույլատրելի: Ընդունենք, որ նա ճիշտ է: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ հաղթել է ինքը, իսկ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներով հաղթող է անվանել Սերժ Սարգսյանին, ի՞նչ է մնում անել: Նա չի պահանջում հրաժարական, նա չի ցանկանում վտանգել ժողովրդին, բայց նա պահանջում է ճանաչել իր հաղթանակը: Ինչպե՞ս: Այս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր, որքանո՞վ է իրավական կամ իրական նախագահական նոր ընտրությունների անցկացումը: Առավել ևս` խորհրդարանական: Ի՞նչ հիմքով պիտի խորհրդարանը ցրվի, 131 պատգամավորները մի առավոտ պիտի արթնանան ու որոշեն մանդատը վա՞յր դնել: Մանդատը վայր պիտի դնեն ընդդիմադիր խմբակցություննե՞րը, թե՞ իշխանական: Թե՞ պիտի միակամ գործադուլ անեն, որ սահմանադրական հիմք ստեղծվի: Րաֆֆի Հովհաննիսյանը իր բոլոր հանրահավաքներում ասում է հրաշալի բառեր, բայց հետո՞: Որևէ մեխանիզմ գոյություն ունի՞ իրագործելու համար նրա ծրագրերից որևէ մեկը: Ակնհայտորեն` ոչ, որովհետև մարտի 10-ի հանրահավաքում հացադուլի նրա հայտարարությունը հենց ելքի փնտրտուքի մեջ սեփական անզորության խոստովանություն է: Ազնվորեն, առանց նահանջելու և իր պատկերացրած ճանապարհներով նա արել է բոլոր քայլերը, բայց իր պատկերացրած քայլերը իր ակնկալած արդյունքը չեն բերում, մարդը դիմում է հացադուլի` քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցի, որի մասին ինքն էր ասում` վերջ, այլևս այս հրապարակում միայն ուրախություն է լինելու: Փակվե՞ց շրջանակը: Արդյո՞ք ելք է հացադուլը, ի՞նչ պայմաններով է նա դադարեցնելու հացադուլը, որ իր տարիքում (ճիշտ է, նա 68 տարեկան չէ) չի կարող անհետևանք լինել: Գլխավորը` ինչի՞ է ցանկանում հացադուլով հասնել Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանն անմիջապես կհետաձգի Մոսկվա այցն ու կշտապի հրապարակ` ինքնաբացարկ տալո՞ւ: Ո՞Ւմ: Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն: ՀՅԴ-ի՞ն: Ժողովրդի՞ն: Ինչպե՞ս: Ի՞նչ հիմքով և գլխավորը` ինչո՞ւ: Վերջապես որևէ մեկը հիշելո՞ւ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է` Սահմանադրությամբ, օրենքներով, որոնք որևէ ընտրություն անվավեր չի դարձնում: Ո՞ր օրենքներն են ինքնաբացարկի հիմք տալիս Ազատության հրապարակում: Կամ` ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ սկսում Սահմանադրական դատարանում իր հայցի քննարկումից առաջ: Վստա՞հ է մերժմանը, թե՞ դա միակ հնարավոր տարբերակն է համարում Սահմանադրական դատարանի վրա իրապես ճնշում գործադրելու: Ապրիլի 23-ին 70 տարին բոլորող Գագիկ Հարությունյանն իր տարիքն ու պաշտոնավարման ժամկետը լրանա՞լը, թե՞ հացադուլն է իրավական հիմք համարելու ընտրությունների արդյունքները բեկանելու համար: Բնականաբար` ոչ: Առավել ևս` Գագիկ Հարությունյանը, որ Սահմանադրական դատարանի նախագահի իր կյանքում ծավալով ու որակով շատ ավելի ծանրակշիռ փաստարկներ մերժելու վարպետությունն ունի: Համարյա դպրոց: Իսկ ապրիլի 9-ին նախագահի պաշտոնակալության արարողությունը «միայն իմ դիակի վրայով» կատարելու Րաֆֆի Հովհաննիսյանի վճռականությունն այս ամենը թատերական ներկայացումից դարձնում է վատ վոդևիլ: Խարակիրին քաղաքական զինանոցում նոր կատեգորիա չէ, բայց առանձնապես արդյունավետ չէ: Ժողովուրդը նորից մենակ է մնալու իր խնդիրների հետ` անցյալում ունենալով խորհրդանի՞շ, թե ինչպես իր համար զոհվում են նախագահի թեկնածունե՞րը: Աբսուրդ է, չէ՞: Բայց այսօր այդ աբսուրդը մեր բոլորի իրականությունն է: Հուսահատությո՞ւն է սա, թե՞ պայքարի նորահայտ մեթոդ հայ իրականության մեջ: Մի քանի օրից հացադուլին միանալու է «Ժառանգությո՞ւնը», ապա ժողովո՞ւրդը: Եվ սա փափուկ ուժն է գործողության մե՞ջ:
Իշխանության ռազմամարտավարությունը մեկն է` թողնել մինչև շարժումն ինքն իրեն մարի, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը կշարունակի հանդարտ սպասել: Եվ արդեն բոլորովին չի նշանակում, որ այս իրավիճակում իշխանությունն անելիք չունի: Իսկապես այս գերմրցակցային ընտրություններում Սերժ Սարգսյանի ամենամեծ մրցակիցը ինքը` Սերժ Սարգսյանն էր, ապրիլի 9-ից հետո վերջապես հայտնի պիտի դառնա` ո՞վ է հաղթել ընտրություններում, ո՞ր Սերժ Սարգսյանը: Պատրա՞ստ է նա իր իսկ խոստում-ծրագրերի կատարմանը, թե՞ ունենալու ենք` ինչ ունեինք` իշխանություն մի երկրում, ժողովուրդ` մի երկրում, և երկու տարբեր երկրներ` մի երկրում, որոնք միմյանց չեն հանդիպում: ՈՒ` ժողովուրդ, որ ինքն իրենից առաջ է անցել, բայց չի կարողանում իր հետևից տանել իր քաղաքական ուժերին ու նրանց առաջնորդներին: ՈՒ` հեռանում է ավելի ու ավելի շատ ու արագ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Փոփոխությունների չինական դասական մեծ գիրքը չի պարտադրում, բայց զգուշացնում է. «Առավելությունները և արժանիքները, բնավորությունը պետք է հաստատուն լինեն, որպեսզի ընթացքը հնարավոր դառնա: Եթե արտաքին դաշտում գործելու ժամանակ խախտվում է ներքին հաստատունությունը, անգամ լավագույն որակները կարող են աղավաղվել, և սպասելիքները չեն համապատասխանի իրողությանը, ինչի պատճառով էլ անհարմար վիճակում կհայտնվես: Դեռ ավելին, քո որակների փոփոխական կամ սխալ գործածումը կարող է նվազեցնել առավելություններդ, և նման համառության համար միայն կզղջաս: Այդ իսկ պատճառով պետք է չշեղվես քո ներքին առանցքից` կարողանալով հաշվի առնել արտաքին գործոնները ևս»:
Տարօրինակ ժամանակներ ենք ապրում, տարօրինակ:
Զգուշացիր մարտյան իդեններից` ժամանակին ասել էին Հուլիոս Կեսարին, իսկ նա ծիծաղել էր ու անցել առաջ: Եվ ինչի՞ հասավ:

Դիտվել է՝ 2999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ