38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկկողմանի դադար, չառաջարկված առաջարկներ` ելքի որոնումներում

Երկկողմանի դադար, չառաջարկված առաջարկներ` ելքի որոնումներում
01.03.2013 | 01:25

Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ: Ես գիտեմ` այս բառերի համար ինձ մեղադրելու են շատ շատերը: Հատկապես նրանք, ովքեր նոր են սովորել բարևել և հավատացել են, որ հնարավոր է, ովքեր հավատացել են իրենց ու ուրիշին, նաև նրանք, ովքեր վաղուց ու անդարձ չեն հավատում ոչնչի ու ոչ մեկին ու համարում են, որ անհնար է: Ես մեղավոր չեմ, որ չեմ հավատում ոչ առաջինների ոգևորությանն ու հավատին, ոչ երկրորդների ցինիզմին ու անհավատությանը: Ես մեղավոր չեմ, որ այս ամենը, միևնույն է, անդառնալիորեն թատրոն է հիշեցնում ինձ, նույնիսկ եթե դերասաններն անկեղծանում են: Ես չեմ արդարանում, ոչ էլ մեղադրում եմ: Գուցե ես այնքան եմ շտապում, որ ինձ արդեն բնավ չի հուզում ընթացքը, ես արդյունք եմ ուզում, որովհետև վաղուց ունեմ այդ իրավունքը` ընդամենը նորմալ կյանքի: Որովհետև այդ իրավունքը ունենք բոլորս:

Ի՞նչ է կատարվում հայոց քաղաքական ասպարեզում: Ընտրություններից հետո շարունակվում է քարոզարշավը մարզերում, և սա միակ տարբերությունն է, որ հետընտրական Հայաստանը մատուցում է ինքն իրեն: Նախագահի նախկին թեկնածուներն անգամ հայտարարություններ անելիս ստորագրում են` նախագահի թեկնածու, այնքան հավատում են, որ ընտրությունները շարունակվում են: Ռազմավարական առումով` բարևող Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա տխրությամբ մտահոգ Սերժ Սարգսյանը դադար են վերցրել փոխհարաբերություններում: Տևական դադար: Մարտավարական առումով կողմերից յուրաքանչյուրը հետախուզական ու հակահետախուզական քայլեր է անում` ասպարեզ նետելով գաղափարներ` առաջարկների տեսքով, ու սպասելով ոչ միայն մյուսի, այլև հասարակության արձագանքին: Ոչ մի նորություն: Մենք այս ամենն ապրել ենք: Քանի՞ անգամ: Կախված տարիքից: Ով ինչքան է հիշում իրեն ու իր երկրի պատմությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի նորարարությունը հանգում է «Ես եմ նախագահը ու նախագահի իրավունքով շրջում եմ իմ երկրում, չեմ նստում ոստան քաղաքում, չեմ սպասում, դուք ինձ սպասեք» տարբերակի ընտրությանը: Նա սիրում է բոլորին, նա հարգում է բոլորին, նա իր համար ոչ մեկից ոչինչ չի ուզում: Գրեթե իդեալական կերպար` ցանկացած գործի համար: Նա բոլորից ուզում է ամեն ինչ բոլորի համար: Միֆ: Քանի դեռ ով չի ալարում հարցնում է, թե հետո ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, նա շրջագայում է մարզերում` իր բարևի հեղափոխությամբ: Բայց Հայաստանի Հանրապետությունն առանձնապես մեծ երկիր չէ, և նորմալ արագությունների դեպքում լայնքով մեկ օրում, իսկ երկայնքով երկու օրում հանգիստ կանցնես: Հետո՞: Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, նախապես հիանալի իմանալով արդյունքը, կդիմի Սահմանադրական դատարան (բայց ինչքան հնարավոր է հարցը կքննարկի` դիմել-չդիմել), կսպասի պատասխանին: Մինչև մարտի կես: Բարևի ալիքի վրա կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` անելով երկրորդ նոր քայլը. իշխանությունը վերցնել ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից սկսելով: Ի՞նչ է նա ուզում: Նախագահական ու խորհրդարանական նոր ընտրություններ` ծրագիր մաքսիմում: Ընտրահանցագործների պատիժ և մեղավորների հրաժարականներ` ծրագիր մինիմում: Եվ քանի դեռ նա մարզերում է, ուսանողներին է հանձնարարված նրան հիշել ու հիշեցնելու արդար գործը: Մինչև ո՞ւր է նա գնալ-գալու: Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում է ունենալու փետրվարյան Հայաստանի համար խիստ օրինաչափ այս խնդիրը: Որքան խրթին է խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը, այնքան նրան լավ են հասկանում: Ավելի ճիշտ` ոչինչ էլ չեն հասկանում, բայց վերագրում են իրենց ցանկացածը: Բացի Հայաստանից, նրան բնական դաշնակից է դառնում սփյուռքը, որ լավ հիշում է հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ չըլլալով` կողմ էլ չէր: Փորձը ցույց է տալիս, որ ոչ մաքսիմում, ոչ մինիմում ծրագրերը իրատեսական չեն:

Միակ իրատեսականը, և ամենացավալին, որ ժամանակի մեջ ջուրն անհետանում է ավազի մեջ, եթե մնում է նույն չափերում: Միակ մխիթարականը` բնության մեջ ոչինչ չի կորչում:
Բայց տաղտուկը միայն այնտեղ չէ, որտեղ ընդդիմություն է ձևավորվում, ամենամեծ տաղտուկն այնտեղ է, ուր փորձում են ուղղորդել նորահայտ ընդդիմությանը: Նախագահի հետ հանդիպելուց և իր խոսքով` միայն խորհրդարանին վերաբերող խնդիրներ քննարկելուց հետո (ո՞վ է հավատացողը) Ազգային ժողովի նախագահը ասուլիս է տալիս (նա, ի դեպ, հաճախ չի հանդիպում լրագրողներին այդ ձևաչափով), որպեսզի ասպարեզ նետի փորձնական տարբերակները, որ այս պահին իշխանությունը կարող է իբրև ելք առաջարկել: Եվ ի՞նչ: Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվում են նախարարական պորտֆելներ` ոլորտներն ու թիվը ենթակա են քննարկման: Տեղնուտեղը ճշտվում է, որ իշխանական բուրգում ակնկալված փոփոխությունները չեն լինելու (բայց դա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի ակնկալիքը չէ, այլ ընտրած ու չընտրած հայերի, որ դեռ այստեղ են ու դեռ սպասում են փոփոխությունների): Համենայն դեպս` վարչապետ չի փոխվելու, Ազգային ժողովի նախագահն այլևս չի ուզում վարչապետ դառնալ, մտածել ու հասկացել է, որ իր պաշտոնն էլ ոչինչ` լավն է: ՈՒ` անգամ նախագահ դառնալ մտքով չի անցնում` թեկուզ 2018-ին: Ասուլիսի ամբողջ իմաստը` միևնույն է, ապրիլի 9-ին նորընտիր նախագահի երդմնակալությունն է, ու` հանգիստ եղեք, ամեն ինչ մնալու է նույնը: Իհարկե, հարկավոր պահին կհիշվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները` իրենց իրավական հետևանքներով: Հարկավոր պահին կհիշվեն նաև ընտրատեղամասերի արձանագրությունները, որոնց ո՞վ կհամարձակվի չվստահել, մանավանդ բոլոր ահազանգերը ստուգվել են, գրավոր ու բանավոր, ճշտվել են, իրականությանը չեն համապատասխանել: ՈՒ` բոլորը դա գիտեն: Բոլորը գիտեն ճնշող մեծամասնության կարծիքը, բայց ոչ մեկը չի հարցրել: Հարցնելու մեխանիզմ էլ չկա: Արժեքային տարբեր համակարգերում գտնվող մարդիկ ապրում են ժողովրդավարական բաց հասարակությունում և ունեն բոլոր իրավունքները: Ընտրազանգվածի 40 տոկոսը չի՞ գոհացել իշխանությունների վարած քաղաքականությունից ու կատարած աշխատանքից: Ամեն ինչ առջևում է: Այո, 40 տոկոսը դժգոհ է, բայց ո՞վ ասաց, որ 40 տոկոսն ուզում է փոփոխություններ: Ի՞նչ է տեղի ունեցել` իշխող կուսակցությունը իսկապե՞ս տեղյակ չէր հասարակության տրամադրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ամսում փոխե՞ց այդ տրամադրությունները: Թե՞ ՀՀԿ-ն խորապես անտարբեր է հասարակության վերաբերմունքին, որովհետև զբաղված է պետականաշինությամբ ու ժամանակ չունի պարզելու մարդկանց տրամադրություններն ու ցանկությունները, մարդկանց, ովքեր այդ պետության քաղաքացիներն են: Ընդունեք, որ ամեն ինչ ճիշտ է, բայց սա այն ճշմարտությունն է, որ ինքն իրեն չի հավատում: Կամ` չի ճանաչում: Այո, բացահայտորեն դադար է վերցրել նաև իշխանությունը, և այս դադարը շատ ավելի պետք է իշխանությանը, որքան երկարի, այնքան լավ: Բայց խնդիրը տևողությունը չէ, այլ բովանդակությունը: Այնքան թո՞ւյլ է իշխանությունը, որ անգամ իր պաշտպանության համար ի զորու չէ վճռական քայլերի: Ցավալի է, որ մարդիկ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի «Հնարավոր է»-ին են հավատում, այլ չեն հավատում Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանին»: Այսինքն` որերորդ անգամ ընտրությունների ժամանակ գործում է ոչ թե հանուն գաղափարի, ծրագրի ընտրության սկզբունքը, այլ ընդամենը անձի դեմ քվեարկությունը: Իսկ գուցե հրաժարականների իր շարանը պահանջող Րաֆֆի Հովհաննիսյանը հենց ի շահ իշխանության է գործում, որովհետև խնդիրը ոչ թե ընտրություններում այդ պաշտոնյաների որոշակի տոկոս ապահովել-չապահովելը չէ, այլ ընտրությունից ընտրություն ժամանակամիջոցում նրանց վարած քաղաքականությունը` պետության վարած քաղաքականությունը, որ օտարում է իր քաղաքացուն իրենից: Ողջամտությունը վկայակոչող ու ողջամտությանն ապավինող հաստատումներն այս պարագայում չեն գործում, որովհետև որևէ ողջամտություն չի բացատրում, թե ինչու ողջամիտ միշտ պարտավոր են լինել քաղաքացիները և միայն երբեմն, դեպքից դեպք` իշխանությունները: Հետընտրական զարգացումների քննարկումները ո՞ր շրջագծում են` ողջամտությա՞ն, թե՞ իրատեսության:
Եվ, այնուամենայնիվ, ընդունեք նաև ակնհայտ տարբերությունները նախորդ նախագահական ընտրություններից: Արտակարգ դրությունն ու արտակարգ դրությանը նախորդած իրադարձությունները հիմա համարվում են անհնար:
2008-ի մարտի 1-ը հինգ տարի հետո էլ մնում է բոլոր հարթությունների վրա անավարտ պատմություն: Քաղաքական հարթությունը` Մյասնիկյանի արձանի շուրջը հավաքված ու չհավաքված մարդիկ այդպես էլ պատասխան չստացան իրենց պարզ հարցերին` ինչո՞ւ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ոստիկաններն ուղղակի գրավեցին Ազատության հրապարակը, ինչո՞ւ հենց այդ մեթոդներով, որքանո՞վ իրավական էին նրանց գործողությունները: Որքանո՞վ էին իրավական հետագա գործողությունները: Ո՞վ էր պատասխանատու: Իրավական` ինչո՞ւ ընտրվեց այդ լուծումը, իրավիճակայի՞ն, թե՞ իրավական ելք էին մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած ձերբակալությունները և դատավարությունները, որոնց ժամանակ զավեշտը գերազանցում էր ողբերգականությանը: Ե՞րբ վերջապես կբացահայտվեն տասը զոհերի մահվան հանգամանքներն ու մեղավորները: Բարոյական` որքանո՞վ էին ընդդիմության ու իշխանության գործողությունները հարիր ընդդիմադիրի ու իշխանության պահվածքին: Չի փակվել էջը, քանի դեռ չի տրված գլխավոր հարցերի պատասխանը, քանի դեռ իմաստավորված չէ կատարվածը: Չի փակվել էջը, քանի դեռ հասարակությունն այն փուլում է, որ չի բացառվում այդ էջի այս կամ այն ձևով կրկնությունը: Չի փակվել էջը, քանի դեռ պատմությունը մնում է միակողմանի մեղադրանքների ու անպատասխան հարցերի մակարդակին:
Հասարակության վիթխարի էներգիան նպատակաուղղել է պետք: Ո՞րն է այդ նպատակը: Ընդամենը ուժերի գոյություն ունեցող ստատուս քվոն ամրագրե՞լը: Թե՞ փոփոխություններ պարտադրելը: Երկուսն էլ արդեն, եթե նույնիսկ հնարավոր են, ժամանակի մեջ ուշացած են: Եվ տաղտուկը քայլում է բոլորիս հետքերով, որովհետև այլևս անհնար է արհեստական բառեր ասել-լսելը, արհեստական մտքեր շարել-շարադրելը, ու` հավատալը: Նորի-հնի, լավի-վատի, սխալի ու ճշտի այս կեղծ հակադրումներն ու կեղծ պատկերացումները հանդուրժելն այլևս ընդամենը ձանձրալի է: Ոմանք կարող են հույսեր փայփայել ու ներշնչել, ոմանք կարող են հավատում եմ-չեմ հավատում խաղալ, ոմանք կանխատեսելի ու անկանխատեսելի քայլերի սպասել, ոմանք հոգնած ու ձանձրացած` մի կողմ քաշվել. ընտրության ազատություն է: Ընտրությունից ընտրություն հասարակությունը փոխվում է: Ակնհայտորեն փոխվում է: Իրավիճակ է փոխվում: Եվ` ի՞նչ: Դուք` չգիտեմ, ես կիսատ-պռատությունից զզվել եմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ինձնից շատ ավելի խելամիտներն ու ողջամիտները քաղաքական դաշտի այլ կուսակցությունների ու գործիչների կարծիքները կշարադրեին, նույնիսկ կարձանագրեին տեսակետների ու ընդհանրապես անձնական բացակայությունը, արտաքին աշխարհի գնահատականները կմեջբերեին ու կանխատեսումներ կանեին: Եզրակացություններ: Կկողմնորոշվեին ու կկողմնորոշեին, կասեին` սա է սևը, սա` սպիտակը: Եվ ճիշտ կանեին, և ճիշտ կլինեին: Իսկ ես հիմարաբար մտածում եմ բոլորի մասին` խաբողների ու խաբվողների, ընտրածների ու չընտրածների, ընտրվածների ու չընտրվածների` ընդհանրության մեջ: Ամբողջը հասկանալու համար պե՞տք է մասերի բաժանել ու մաս-մաս ուսումնասիրել: Թե՞ մասերը պիտի միավորել` ամբողջացնելու ու հասկանալու համար: Փոփոխությունների չինական, դասական մեծն գիրքն արձանագրում է. «Եթե ակտիվ գործունեությանը դիմելով և տարաբնույթ փոփոխությունների ենթարկվելով` չես կարողացել պահպանել այդքան կարևոր ներքին հաստատունությունը, արդյունքում ընթացքը խափանվում է` դժբախտություն պատճառելով»: Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ:

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ