Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Այսօր, ինչպես երբեք, թուրք հանրությունը գաղափարապես պառակտված է

Այսօր, ինչպես երբեք, թուրք հանրությունը գաղափարապես պառակտված է
07.10.2012 | 15:46

Եվ այսպես, ծանր կռանն իջավ թուրքական բանակի վերնախավի գլխին: Ընդ որում, դա քրդերի ահաբեկչական գրոհի հետևանք չէր (թեև ներկա «զոհերից» շատերը ժամանակին իրենց «հիանալի էին դրսևորել» քուրդ ապստամբների դեմ մղվող պայքարում և լիովին կարող էին հատուցում «ակնկալել»): Կորուստները նաև ներկայիս «ոսոխների» դեմ պատերազմի հետևանք չէին, որոնց պակաս Թուրքիան վերջին ամիսներին չի զգում: Ամենակարևորն այն է, որ գեներալակազմին այդ հարվածը հասցրեց «հարազատ իշխանությունը»: 20 ամսից և Ստամբուլի դատարանի 107 նիստից հետո հրապարակվեց երկար սպասված վճիռը: Գործի հիմնական դերակատարները` առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ծովակալ Օզդեն Օռնեկը և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըռթընան, դատապարտվեցին ցմահ բանտարկության: Դա, ճիշտ է, այնուհետև փոխվեց 20 տարի բանտարկության: Մասնավորապես, ինչպես նշեց դատարանի նախագահը, պատիժը մեղմացվել է այն կապակցությամբ, որ «հեղաշրջման փորձը ավարտին չի հասցվել»: Նկատենք նաև թուրքական իրականության համար ոչ պակաս կարևոր մի հանգամանք. առաջին անգամ երկրի պատմության մեջ զինվորականների հանդեպ դատավճիռը կայացրել է ոչ թե տրիբունալը, այլ քաղաքացիական դատարանը: Մեղադրյալի աթոռին, ընդհանուր առմամբ, 365 մարդ էր, որոնցից 250-ը պահվում էին կալանքի տակ: Նրանք մեղադրվում էին «կառավարության տապալման փորձի» և «հեղափոխության նախապատրաստման» մեջ: 18-ական տարվա կալանք ստացան 11 պաշտոնաթող և գործող գեներալներ, այդ թվում` Էնգին Ալանը, որը ներկա գումարման խորհրդարանի պատգամավոր է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից: Տարբեր պատժաչափեր են ստացել, այդ թվում` 16-ական տարի, մյուս զինվորականները: Դատավորը հաղորդեց նաև, որ 34 դատապարտյալ արդարացվել է և կազատվի կալանքից: Գործի ևս 250 մասնակիցների նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալության երկարացման մասին, նաև որոշում է ընդունվել կալանքի տակ վերցնելու մոտ 70 հոգու, որոնց ավելի վաղ բաց էին թողել չբացակայելու ստորագրությամբ: Այսինքն, դժվար չէ հաշվել, որ «կորուստները» թուրքական բանակում արդեն հարյուրների են հասնում, ընդ որում, ամենակրթյալների ու կոփվածների թվից:

Հիշեցնենք, «Կռանի պլանի» գործով դատաքննությունը Ստամբուլի դատախազությունն սկսել էր այն բանից հետո, երբ 2010 թ. հունվարին «Թարաֆ» թերթը մի շարք աղմկոտ նյութեր հրապարակեց: Դրանք պնդում էին, որ Թուրքիայում ազդեցիկ բանակը Ստամբուլի մզկիթներում պայթյուններ կազմակերպելու և արտակարգ դրություն մտցնելու պլան էր նյութում: Մոտ հազար էջ կազմող քրեական գործի նյութերում շեշտվում է, որ խռովության պլանը նախապատրաստվել է Ստամբուլում տեղակայված առաջին դաշտային բանակի շտաբում: Զինվորականներն ի պատասխան հայտարարել են, որ պլանը, որի մասին խոսվում է, սեմինարներից մեկի զորախաղի սցենարն է եղել և իրականության հետ ոչ մի կապ չունի: Թուրքական ընդդիմությունն իշխանություններին քանիցս մեղադրել է «վհուկների որսի» մեջ, սակայն վարչապետ Էրդողանը վճռականորեն մերժել է այդ մեղադրանքները և գործը հասցրել դատարան:
Թեև ամբաստանյալները չընդունեցին իրենց մեղքը, Ստամբուլի դատարանի վճիռն էլ վերջնական չէ (այն պետք է հաստատի Թուրքիայի բարձրագույն վճռաբեկ դատարանը, բացի այդ, դատավճիռը կարելի է բողոքարկել վերադաս դատական ատյանում), այդուամենայնիվ, ակնհայտ է, որ այդ դատավճռի հրապարակումից հետո երկիրը չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Չէ՞ որ Թուրքական Հանրապետության բանակին, որն իրեն վաղուց հռչակել է աշխարհիկ պետության և Աթաթուրքի ժառանգության պահապան, և մինչև ներկա դատավարությունը մնում էր անձեռնմխելի, անկասկած, անշտկելի վնաս է հասցվել: «Մենք պետք է սևեռուն հետևենք վճռաբեկ բողոքների ընթացքին: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ճիշտ որոշում ընդունվի»,- նշել է վարչապետ Էրդողանը: Բայց ինչ «ճիշտ որոշում» էլ ընդունվի, այդ աղմկոտ գործի մի արդյունքը ակնհայտ է. այսօր, ինչպես երբեք, թուրք հանրությունը գաղափարապես և անգամ աշխարհայացորեն պառակտված է:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, դատարանի շենքի մոտ արտահայտվող ցնծությունն ու վրդովմունքը արտացոլում են թուրք հասարակության շրջանում տիրող բևեռային տրամադրությունները, իսկ գործի առթիվ կայացված վճիռը դարձել է ամենաքննարկվող թեման: Այսպես, սոցիալական ցանցերի օգտատերերի մեծամասնությունը, որպես առավել զարգացած «արևմտյան» մաս, բավական կոշտ ձևով քննադատում է դատարանին, դատավարությունն անվանելով «պատվիրված», համարում է, որ դա «սև բիծ է Թուրքիայի պատմության դեմքին», իսկ կալանավորներին անվանում է «թուրքական մեծ բանակի վերջին մոհիկաններ»: «Թուրքական Հանրապետությունը և մեր ապագան ոչնչացվեցին այդ դատավճռով»,- հայտարարել է դատապարտվածների փաստաբաններից մեկը: Սակայն նրա հետ համաձայն չէ հանրության մյուս, ոչ պակաս նշանակալի մասը, որը պնդում է, որ «այն մարդկանց դատապարտումը, ովքեր բանակ էին ղեկավարում, իսկ հիմա մեղավոր են ճանաչվել հեղաշրջում նախապատրաստելու մեջ, Թուրքիայում առաջընթաց քայլ է ժողովրդավարացման ճանապարհին»: Ընդ որում, «Կռանի պլանի» մասին գործը պատահական չէ, այն շատ է հիշեցնում վերջերս կայացած մեկ այլ դատավարություն` «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործով, որի քննության շրջանակներում ձերբակալվեցին տասնյակ լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ: Նրանց ևս մեղադրեցին կառավարող կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պլանի նախապատրաստման մեջ: Իշխանությունների վարկածով, նրանք էլ էին արմատական ազգայնականների ինչ-որ գաղտնի կազմակերպության անդամներ, պետք է երկիրը հետ պահեին «սողացող իսլամացումից» և, իբր, ծրագրում էին նոր աշխարհիկ պետություն կառուցել Թուրքիայում:
Թե արդյունքում ով ճիշտ դուրս կգա, իհարկե, պատմության և հենց թուրքերի իմանալիքն է, բայց մեկ կարծիքի կարելի է միանշանակ համաձայնել. ամբողջ դատավարությունը, ինչպես և դատարանի որոշումը, անկասկած, «քաղաքական» էին: Ավելին, բանակի հեռացումը քաղաքականությունից Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար ներկայացված պահանջներից մեկն է (ի դեպ, վերջին ժամանակներս Անկարան հայտարարում է, որ այդ թեման իր համար այլևս առաջնային չէ): Եվ ինչ էլ պնդեն իշխանությունները, այդ դատը լիովին անցնում էր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների տրամաբանությամբ: Չէ՞ որ վաղուց գաղտնիք չէ, որ բանակը Թուրքիայում երկար ժամանակ եղել է, առաջին հերթին, քաղաքական մարմին: Հիշենք, որ ոչ հեռու անցյալում բանակը երեք անգամ պետական հեղաշրջում է արել 1960, 1971 և 1980 թվականներին, իսկ 1997-ին կարողացավ խաղաղ ճանապարհով փոխել իսլամականների կողմից օրինակարգ ձևով կազմավորված առաջին կառավարությունը: Ավելորդ չենք համարում նշել, որ թուրքերի այդ «ազգային հարստությունը», որն անփառունակ պարտություն կրեց Առաջին համաշխարհայինում և որպես «հողմացույց» մասնակցեց Երկրորդ աշխարհամարտին, վաղուց հմտացել է հենց ներքին վեճերին միջամտելու գործում: ՈՒ չի կարելի, չէ՞, քրդերի հետ դատաստան տեսնելը ռազմավարության ու մարտավարության բարձունք համարել աշխարհի ամենամեծաթիվ բանակներից մեկի համար: Այնպես որ, ինչպես գրել են արևմտյան շատ պարբերականներ, «թուրքական բանակը պարտություն կրեց Էրդողանից», և այս ամենը բանակի` որպես Թուրքիայի քաղաքական դաշտում ազդեցիկ խաղացողի, չեզոքացման եզրափակիչ փուլն է: Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունները, երբ բանակում «զտումներ» ու կադրային փոխատեղումներ էին կատարում, առաջնորդվում էին բացառապես քաղաքական դրդապատճառներով: Խիստ հատկանշական է, որ բոլոր նոր զինվորական պաշտոնյաները բարձրագույն զինվորական կրթություն ստացել են ոչ թե Եվրոպայում կամ օվկիանոսի մյուս ափին, այլ հայրենիքում: Եվ դա այն վճռորոշ գործոնն է, որով առաջնորդվել են վարչապետն ու նախագահը. ներկա վերնախավի կարծիքով, ծայրաստիճան էական է, որ նրանց կերպարը ձևավորվել է տեղական հողի վրա, և նրանք լիովին բարեհաճ են իշխանությունների նկատմամբ:
Նկատենք, սակայն, ևս մեկ հանգամանք: Ինչպես հայտնի է, Էրդողանն սկսեց բանակի վերահսկողությունից հանել նաև երկրի տնտեսությունը, ընկերությունների ղեկավարման գործում զինվորականներին փոխարինելով իր հետ իշխանության եկած անձանցով, այսինքն` «իսլամիստ գործարարների» միավորմամբ: Նրանք հանդես են գալիս ԱՄՀ-ի, դոլարից ու արևմտյան տեխնոլոգիաներից կախման քաղաքականության դեմ: Բացի այդ, որոշ տվյալների համաձայն, մինչև վերջերս գեներալակազմը լայն ու ոչ անշահախնդիր կապեր ուներ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետ, որը խաղում էր ՆԱՏՕ-ի կանոններով: Իսկ դրանք թե՛ միլիարդներ էին, թե՛ արևմտյան տեխնոլոգիաներ: Ժամանակի գեներալները, ոչ առանց հիմքի, երկյուղում էին, որ հակումը դեպի իսլամականացում իրենց համար ոչ ձեռնտու փոփոխությունների կհանգեցնի ռազմարդյունաբերական քաղաքականության և տնտեսության մեջ, մասնավորապես, բանակային հրամանատարության փոփոխությունը կոչնչացնի իսրայելա-թուրքական ռազմական համագործակցության աշխուժացման ամեն մի հույս: Այնպես որ, տնտեսության մեջ սեփականության վերաբաժանումը ևս լուրջ պատճառ է ներկա դիմակայության համար: Եվ Էրդողանի գործողությունները լիովին համահունչ են ժամանակի քննությունը բռնած ու փորձով ստուգված իշխանության տրամաբանությանը, ուր բոլոր միջոցներն էլ նախընտրելի են:
Սակայն, քաղաքական պայքարի այս ամբողջ «ռացիոնալիզմով» հանդերձ, շոշափվեցին խորքային գործընթացներ, որոնք անխուսափելիորեն վաղ թե ուշ իրենց զգալ կտան: Չէ՞ որ, երբ ամբողջ զինվորական վերնախավը, որը միարժեքորեն ձևավորում էր ազգի աշխարհայացքը, հերոսության ու ընդօրինակման առարկա էր, մի գլուխ մեղադրվում է հանցագործության և դավաճանության մեջ, նկարագրի ու պատկառանքի կորուստն անխուսափելի էր: Իսկ դեռ վերջերս Թուրքիայում ամեն պատանի մանուկ հասակից ոչ միայն ապրում էր «Հայրենիք, մենք մատաղացու ենք քեզ համար» կարգախոսով, այլև դաստիարակվում էր զինվորական դառնալու թուրքական գլխավոր երազանքով։ Եվ ահա հիմա, պարզվում է, ազգի փառքն ու պատիվը ոչ այլ ինչ են, եթե ոչ «դավադիրների մի կեղտոտ կույտ»: Իսկ ի՞նչ կլինի, երբ բանակի ու ազգի ամբողջ ծաղիկը իրական պատիժ ստանա: Այստեղ, երևում է, բանակի համար մի ռումբ էլ է նախապատրաստվում. Անկարայի դատախազությունը որոշում է ընդունել արտաշիրմել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դին, որը հանկարծամահ եղավ 1993-ին: Որոշ փորձագետներ կարծում են, որ մեղավորները վերստին ի հայտ կգան բանակում: Չէ՞ որ արդեն մատնանշվում է, որ նրա առեղծվածային մահվան հավանական պատճառն այն է, որ ցամաքային զորքերի հրամանատար Քեման Յամակը խոչընդոտել է նախագահի նստավայրը բժշկական տեխնիկայի վերջին խոսքով հանդերձավորելու մտադրությանը։ Թեև Օզալի այրու հայտարարությունները Ադրիատիկից մինչև Չինական մեծ պարիսպ թուրքական մեծ տերություն ստեղծելու Օզալի ծրագրերի և Թուրքական Մեծ Հանրապետություն` Չինաստանում նախատեսված հռչակման մասին, որի դեմ ոչ մի պետություն ի վիճակի չի լինի կանգնելու, և որտեղ գտնվում են բոլոր բնական պաշարներն ու հարստությունները, հետաքրքիր շրջադարձ են հաղորդում գործին: Չինաստանում այդ որտե՞ղ էր նա լրջորեն հռչակելու դա: Միգուցե նա մտադիր էր դա անել ՈՒրումչիո՞ւմ` ույղուրների հե՞տ: Եվ Չինաստանին բացարձակորեն ոչ ձեռնտու այդ արկածախնդրությանը ինչպե՞ս կվերաբերվեր Պեկինը: Բայց դե, ներեցեք, այդ ֆանտաստիկ պատմությունը, հարկավ, այս հոդվածի շրջանակներից դուրս է:
Եվ վերջում: Անգամ վանդակաճաղերի հետևում գտնվող գեներալների կապերն ու ազդեցությունն առայժմ պահպանվում են: Այնպես որ, թեև Էրդողանը, առաջին հայացքից, վճռական հաղթանակ է տարել գեներալների նկատմամբ, Թուրքիայի վարչապետը չի կարող չգիտակցել, որ եթե ուղղակի դիմակայության շրջանն անցել է, ապա հակառակորդն ընդհատակ է անցել, և պետք է թիկունքի՛ց կրակոց սպասել: Այսինքն, հիմա պետք է ուղիներ որոնել ևս մեկ ծագող լարվածություն տեղայնացնելու, բանակային «ավգյան ախոռները» վերջնականորեն մաքրելու և հանրության շրջանում շոշափուկների տարածում թույլ չտալու համար:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 6587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ