Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կարգավորման գիլիոտինը և մենք 2012-2017 թվականների հաշվարկով

Կարգավորման գիլիոտինը և մենք  2012-2017  թվականների հաշվարկով
22.06.2012 | 15:39

Կյանքը դառնում է հետաքրքիր, բայց միայն որոշակի թվով մարդկանց համար. նորընտիր խորհրդարան և նորանշանակ կառավարություն, առաջին արար` 2012-2017 թթ. գործունեության ծրագրի հաստատում, ամբողջ երկու օր: Ինչ ահավոր ուժ ունի խոսքը, ինչ մատնիչ ու ինչ հմայիչ:

Լոս Կաբոս. Ռավելի «Բոլերոն» և Մեծ 20-ի գագաթնաժողովը Մեքսիկայում: Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի թեթև հրաձգություն վարչապետի ու նախագահի մակարդակով: Ռուսաստանի նախագահ, որ գործող նախագահներից ոչ մեկի հետ հետախուզության չի գնա` արդեն հետախույզ չէ և ավելի կարևոր գործեր ունի:
Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ անարդյունք բանակցություններ: Քեթրին Էշտոն` «Կոշտ և անկեղծ բանակցություններ էին, բայց Իրանին պետք է ժամանակ տալ»:
Եգիպտոս. 84-ամյա, ցմահ բանտարկության դատապարտված նախկին նախագահ Հոսնի Մուբարաք, որ կլինիկական մահ է տարել, և Թահրիր հրապարակ, որ արդեն չգիտի` ինչ է ուզում, երբ նոր նախագահ է ընտրել եղբայր մուսուլմաններից:
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբով, որ երազում է Բաքու վերադառնալ: Հուլիսին: Բայց վախենում է` իր հայրենիքում ընդունված օրենքը, որ նախկին նախագահներին ու նրանց տիկնանց ցմահ օրենքից վեր է դասում, վերաբերում է միայն Ալիևներին: ՈՒ` հրավերի է սպասում:
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալ, ում, պարզվում է, սպանել են թունավորելով: Որոնվում է ադրբեջանաբնակ Հասան Ալիօղլին:
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկո, ում յոթ տարի ազատազրկման դատապարտելուց հետո որոշել են մեղադրել 12 տարի առաջ սպանված մի գործարարի մահվան մեջ: Փաստորեն, Տիմոշենկոն ամբողջ կյանքում փողոցային երթևեկության կանոնները չի խախտել, թե չէ մի հոդված էլ կավելացնեին, բայց զբաղվել է պետության դեմ հանցագործություններով, սպանությունների, կողոպուտի կազմակերպմամբ:
Բայց մոռացեք այս ամենը, վերադարձեք Երևան, Բաղրամյան 19: Չէ, ազնիվ խոսք, 9 տարի ի պաշտոնե այդ ամենը պարտադիր լսելուց հետո, իսկ դրանից առաջ մի այդքան էլ աշխատանքի բերումով լուսաբանելուց հետո ես 2012-ի հունիսի 20-ին ու 21-ին հիացմունքով էի լսում հայոց վարչապետին ու պատգամավորներին: Հիանում էի մտքի թռիչքով, սլացքի գեղեցկությամբ ու տրամաբանության խրոխտությամբ: Անկեղծորեն: Բայց ամեն ելույթի ժամանակ 30 վայրկյանից մինչև 90: Հետո արդեն անգիր գիտեի` ինչ է հետևելու: ՈՒ դա որքան հիասքանչ, նույնքան հրեշավոր էր, որովհետև, փաստորեն, տարիների մեջ նույնիսկ ձևակերպումների փոփոխություն չի լինում` նույն խնդիրների նույն լուծումների առաջադրման մեջ: Համոզված եմ, որ խորհրդարանում մի քանի տարի աշխատած լրագրողներն այդ զգացողությունն ունեցել են: Համենայն դեպս, նրանք էլ են ժողովրդի մաս ու ընտրող, նրանց էլ է ուղղված կառավարության ծրագիրը: Ամենակարևորը, սակայն, 66 կողմ ձայնն է, որ կառավարությունն ունի և ունենալու է հինգ տարի: Նույնիսկ «ավելցուկով», ավելի ճիշտ` պաշտպանական բարձիկով:

Հունիսի 20-ին «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգ օրենքով, հայտարարեցին իրենց ընդդիմադիր լինելը: Չարդարացան նրանց սպասումները, ովքեր նման հայտարարություն սպասում էին ԲՀԿ-ից: ԲՀԿ-ն խփում է ինքնատիպության իր ռեկորդները. պառլամենտական հնարամտություն է հայտարարել` կանոնակարգի պահանջը իմպերատիվ չէ: Իհարկե, կանոնակարգում, օրինակ, գրված չէ, որ խորհրդարանի պատերին գրել չի կարելի, բայց նույնիսկ ԲՀԿ-ն չի գրում: Ինչո՞ւ: Իմպերատիվ չէ: Օրենքների կամայական մեկնաբանության փոխարեն ավելի ազնիվ չէ՞ պարզ ու շիտակ ասել` մենք չենք հայտարարում, որ ընդդիմություն ենք, որովհետև ընդդիմություն չենք: ՈՒ չենք լինելու երբեք: Ինչ ելույթներ էլ ունենանք, ինչ քվեարկություն էլ ունենանք: Մենք մեզ համարում ենք իշխանություն, մենք հույս ունենք մեզնից խլված մեր իշխանությունը վերադարձնել: 2013-ին: Կամ` հետո: Մեր բոլոր քայլերն ուղղված են լինելու այդ նպատակին: Օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները` մեր և ուրիշների: Մինչև 2013-ը մկների մեջ` չղջիկ, չղջիկների մեջ մուկ լինելու հնարքն օգտագործելու ենք անընդհատ: Եվ դա կոչվելու է ժողովրդավարություն: Եթե հիմա վտանգավոր ենք ինքներս մեզ համար (համենայն դեպս, մեր նախկին ու ներկա անդամներից ոմանց, հարցնե՞մ, թե Արևիկ Պետրոսյանը, Վարդան Բոստանջյանը, Արամ Սաֆարյանը և էլի ոմանք ինչպե՞ս են, ո՞ւր են, ինչո՞ւ), հետո վտանգավոր կլինենք նրանց համար, ովքեր մեզ չեն հասկանում: Պետք չէ քաղաքական դաշտի դասավորության-վերադասավորության մեջ մեզ փնտրել, կամ արևի տակ տեղ ունենալու համար մեր ստվերը փնտրել, մենք ուղենիշ չենք, իսկ եթե ուղենիշ ենք, միայն մեզ համար: Ավելի ճիշտ, ուղենիշ ինքներս ենք որոնում: Դա արդեն կոչվում է «Ով ինչ կտա»-ի ու «Ով ինչ կվերցնի»-ի միջև հավասարակշռության պահպանում: Դժվար, բայց պատվավոր զբաղմունք հայոց քաղաքական դաշտերում: Չի ասվելու այս ամենը, բայց հասկացվում է, չէ՞: Թե՞ մյուսներն էլ ԲՀԿ-ի նման սիրում են ջայլամներին, որ վտանգի ժամին...
Կառավարության ծրագրի երկօրյա քննարկումներն աղոտ հույսեր արթնացրին, որ դեմքով դեպի ժողովուրդը շրջվելու նախընտրական ժամանակի մեջ սահմանափակ փորձը կարող է շարունակվել: Ամբողջ խնդիրը մնում է ժողովրդին գտնելը: Համենայն դեպս 2012-2017 թվականներին: Օրինակ` զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը ՀՆԱ-ի 5-7 տոկոս աճով ինչպե՞ս են ապահովվելու, ներմուծման համեմատ ի՞նչ ենք արտահանելու ավելի, նվազագույն աշխատավարձը ավելացնելիս հաշվի առնվելո՞ւ է ծառայությունների և գների աճի մակարդակը, աղքատությունն ինչպե՞ս է կրճատվելու` աղքատներին վերացնելո՞վ, թե՞ նրանց կյանքը փոխելով, և արդեն ընդհանրապես ֆանտաստիկ 100000-ից ավելի նոր աշխատատեղ ստեղծելը ո՞ւմ համար է նախատեսված: Նրանց, որ արտագաղթ-ներգաղթ շփոթե՞լ են, թե՞ որ ծնելիության գումարային գործակցի մինչև 1,8 աճի շնորհիվ ժողովրդագրական հարց են լուծել:
Սա էլ մոռացեք, միևնույն է, համաշխարհային, ֆինանսատնտեսական, հիմա էլ եվրոպական ճգնաժամ և համանման տասնյակ պատրվակները պատճառ են դառնալու, և այս ամենը 2017-ին վերաներկայացվելու է իբրև 2017-2022 թթ. ծրագիր: Եվ` ուրախացեք, որ չիրականացվի, որովհետև պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե կառավարությունը, օրինակ, 100-տոկոսանոց հաջողության հասնի մշակութային քաղաքականության ոլորտում: Մեջբերեմ. «Մշակութային քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու նոր` հասարակության կողմից պահանջված, ազգային տիպարների ձևավորմանն ու լայն տարածմանը, որոնք օգնելու են մեզ ձերբազատվել կեղծ արժեքներից և հայի նկարագրին ոչ բնորոշ հատկանիշներից: Պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստասերիալների միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը»: Պատկերացրի՞ք ողջ սարսափը: Փաստորեն, պարզվում է, որ մշակութային քաղաքականություն եղել է և հիմա «փոփոխվելու է» հասարակության պահանջով: Իսկ ո՞վ է այդ պահանջն ուսումնասիրել, ո՞վ է պատասխանել «Ազգային «տիպարը» (և որտեղի՞ց է այս բառը սպրդել) ո՞րն է» հարցին, որ ձևավորման ու «լայն» տարածման ենք հասել: Այդ որո՞նք են «կեղծ արժեքներն» ու «հայի նկարագրին ոչ բնորոշ հատկանիշները», ո՞վ է դրանք ներդրել մեր հասարակության լայն շերտերում: Շարունակե՞մ, թե այս ոչինչ չասող ու ոչինչ չնշանակող բառակուտակումն այնքան խոսուն է, որ ընդամենը սպասում է կատարման: Թեև չկատարումն է մշակույթի գոյության պայմանը:
Խոստովանեմ ևս մի անկեղծ հիացմունքս առ «Կարգավորման գիլիոտին» ծրագիրը, բայց ոչ այնքան կոնկրետ դրսևորումը, որքան գաղափարը:
ՈՒ` ամենամռայլ եզրակացությունը, որ կապ չունի կառավարության ծրագրի հետ, բայց կապ ունի ծրագրի քննարկումների հետ, այս ծրագիրն անմահ է, սա հավերժության միտված լավագույն մտադրությունների հավաստագիր է, որ սպանիչ ու հմայիչ անկեղծությամբ միանգամից վերհանում է հասարակության իրական վիճակն ու իրական վիճակը նրանց, ովքեր այդ վիճակը փոխելու են կոչված` սա մեկ: Եվ երկու` առանց բացառության բոլորը երջանկություն ու պատիվ կհամարեին այս ծրագիրն անձամբ իրականացնելը, որևէ ծրագիր, որովհետև մեր երկրում ձևը գերիշխում է բովանդակությանը, որովհետև կարևորը գործընթացն է, իսկ արդյունք կամ կլինի, կամ կլինի հետևանք: Կարևորը` ոչ ոք պատասխանատու չէ: Եվ երեք` իրենց ընդդիմություն հայտարարած կամ չհայտարարած ուժերը, որ այդպես իրենց պատկերացնում են ՀՀԿ-ի դերում, իրենց ուղղակի ՀՀԿ են պատկերացնում, որ նշանակում է` շարունակողը նույն քաղաքականության, նույն ավանդույթների, նույն ծրագրի: Բայց բնավ` համակարգի, մթնոլորտի, մտածողության, արժեհամակարգի փոփոխության: Եվ, ուրեմն, պատահաբար չէր Լոս Կաբոսում հնչում Ռավելի «Բոլերոն», որ նույնի կրկնության կատարելությունն է, մեր օրերում Էնիո Մորիկոնեի «Պրոֆեսիոնալի» տեսքով, ում համանուն ֆիլմում սպանում են: Բայց դա, իհարկե, օրինաչափություն չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Որ կարգավորման գիլիոտինն անհրաժեշտաբար պիտի աշխատի, վերջին ապացույցը «Հարսնաքարն» է` ոչ միայն ծեծուջարդի փաստով, այլև հնարավորությամբ: Տարբեր հասցեներում ու պարբերաբար կրկնվող:
Եվ չհարցնեք, թե տարբեր երկրների, տարբեր նախագահների անցյալին ու ներկային նվիրված անկապ մեջբերումն ինչի՞ համար էր: Համենայն դեպս: Մեծ աշխարհ է` չիմանա՞նք` ով ինչ է անում, ով ուր է գնում, ում հետ և ինչու:
Եվ` Լոս Կաբոսն ավելացրեք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման աշխարհագրական հասցեներին ու լավ հիշեք անվանումը, մի կես տարի, գուցե ավելի շատ պետք է լինելու: Տարածաշրջանում: ՈՒ` շուրջբոլորը:

Դիտվել է՝ 7177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ