Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ինչպե՞ս տեղ զբաղեցնել չինական շուկայում»

«Ինչպե՞ս տեղ զբաղեցնել չինական շուկայում»
16.12.2008 | 00:00

ԱՍԱ՛, ԾԵՐՈՒԿ, ԱՅԴ Ո՞ՆՑ ԵՂԱՎ, ԱԽՐ...
Նպատակ կա, որ հայկական գյուղմթերքները դուրս գան չինական շուկա. անցած չորեքշաբթի լրագրողներիս ահա այսպիսի «աչքալուսանք տվեց» ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, հավելելով, թե հենց այս պահին էլ այդ գործով են զբաղված ու մտմտում են, թե «ինչպե՞ս տեղ զբաղեցնել չինական շուկայում»…
Չէ, պարզ է, չէ՞, թե ինչ է ասում պարոն Գրիգորյանը, և ի՞նչ կպատահի հետո, եթե սույն հայտարարությունն իրողություն դառնա: Թե՞` չէ: Եթե ոչ, նկատենք, որ «հայկական գյուղմթերքների` չինական շուկայում տեղ զբաղեցնելու» հանգամանքը կարող է իրավամբ լուծել մեր գյուղացու և նույնիսկ տեղական արտադրողի առաջ ծառացած շատուշատ հարցեր, իսկ հաշվի առնելով այդ շուկայի ծավալները, նույնիսկ հայերիս կանգնեցնել սեփական գյուղմթերքները «միայն երազում տեսնելու» փաստի առաջ, եթե նույնիսկ խոսվի միայն ալկոհոլային խմիչքների և հատապտուղների վաճառքի մասին, ինչպես նախարարը հայտարարեց: Թե ինչու հատկապես և միայն այս երկուսը, շատ էլ չբացատրվեց, որովհետև «շեշտը հիմնականում դրվեց որակի վրա», բայց, ինչպես ասում են, էդ էլ քյար է: Եթե իրականություն դառնա, իհարկե: Դրանից հետո ալկոհոլային խմիչք արտադրողները, տեղական արտադրողին պաշտպանելու քողի ներքո, գոնե հատուկ օրենք չեն ուզի Ազգային ժողովում և հանգիստ կթողնեն բոլորին, ովքեր, օրինակ, «Արցախ ալկոյի» փոխարեն ուզում են կանաչ թեյի թուրմով պատրաստված ռուսական «Ֆորտունա» խմել և դրա համար «հոր գին չվճարել»: Բայց այս իրողության, ԱԺ-ի, տեղական արտադրողին պաշտպանելու և ակցիզային հարկի հնարավոր ավելացման մասին դեռ կխոսենք: Առայժմ նորից գանք հայկական գյուղմթերքների` «չինական շուկան զավթելու» նախարարական հպարտ հայտարարությանը և հավելենք, որ Արամայիս Գրիգորյանը մեկ այլ` ոչ պակաս խրոխտ հայտարարությամբ էլ հանդես եկավ, նշելով, թե` «մեր ցանկացած ապրանքի որակի մասով հարց չկա», և թե «հայկական գյուղմթերքներն իրենց դիրքերը չեն զիջել նաև ռուսական և ուկրաինական շուկաներում»:
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ, թերևս հենց այդ պատճառով են ռուսներն ու ուկրաինացիները (ինչո՞ւ միայն նրանք…) Սերժ Սարգսյանի հավանած մեր վարունգի թթուն, բիբարն ու մնացած բաները «խելագարված թռցնում»` պատճառ դառնալով, ասենք, «Մապի», «Սարդարապատի» և «Արտֆուդի» աշխատակազմերի կտրուկ աճին:
Էլ չենք խոսում այն մասին, որ հենց այդ պատճառով մենք մեր արտադրած ապրանքի «երեսը չենք տեսնում» խանութներում. ռուսները մեր որակյալը տանում են, իրենց անորակը բերում-էստեղ ավելի էժան «ջուրն են լցնում»: Ստիպված են…
Ծիծաղելի չէ, ի՞նչ է, դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ եթե դրսում արտադրված նույն վարունգի թթուն, տարատեսակ հարկերի ու մաքսատուրքերի «բովով անցնելուց հետո անգամ» շատ ավելի էժան է ստացվում (առավելագույնը` համարյա նույն գնի), քան մեր տեղական գյուղմթերքը, ուրեմն, այստեղ ինչ-որ աննորմալ բան կա, որ կառավարությանը պիտի ստիպի մտածել այդ ուղղությամբ. ուրեմն, կամ հարկերն են շատ բարձր, կամ ինչ-որ մարդիկ մեր հաշվին մեծ-մեծ և չվերահսկվող փողեր են աշխատում: Ներմուծելիս, երբ, ասենք, հարկեր չեն վճարում, թե արտադրելիս, որովհետև էդպես են ուզում, կապ չունի: Մի կողմ թողնենք նաև առհասարակ սարսափելի ներմուծում-արտահանում մեր համամասնությունը` 4։1-ի հարաբերակցությամբ: Կարևորն այն է, որ կառավարությունը, դիցուք` գյուղմթերքների օրինակով, հասկացել է իրավիճակի ողջ աննորմալությունը` որոշելով օգնել մեր գյուղացուն և առավել ագրեսիվ քաղաքականություն վարել արտաքին շուկաներում:
Շատ լավ է: Բայց այդ դեպքում պարոն նախարարն ինչպե՞ս է պատկերացնում տեղական գյուղմթերքներով մրցակցելն այն դեպքում, երբ դրանք դեռ երկրից դուրս չեկած արդեն կամ ավելի թանկ են, կամ դրսի նույն գինն ունեն: Մանավանդ որ հենց ինքն է խոստովանում. «Մեր ցանկացած ապրանք շատ բարձր միջազգային գնահատականի է արժանանում, բայց խնդիրներ կան դրանց իրացման հետ կապված` կոմունիկացիաների պատճառով»: Գրիգորյանը վերջապես պատասխանում է վերն առաջադրված մեր հարցին, թե ինչո՞ւ հատկապես խմիչքն ու հատապտուղներն ընտրվեցին: «Որովհետև դրանք են ամենամրցակցայինը` կոնյակը և հատապտուղները, մրգերից` մասնավորապես ծիրանն ու խաղողը, ինչպես նաև այծի պանիրը»,- նշել է Գրիգորյանը:
Իհարկե, մանավանդ այծի պանրից հետո «չար սատանան ինձ հուշում է», որ նախարարի` տվյալ դեպքում վարվող պետական քաղաքականության և նախագահ Սերժ Սարգսյանի «ճաշակները համընկնում են», բայց, ինչպես ասում են, նույնիսկ դա չէ խնդիրը: Նույն Թուրքիան, օրինակ, ողջ աշխարհն է ողողել թե ծիրանով, թե խաղողով և թե կուզեք` դրանցից առաջացող շատ ավելի շահավետ ապրանքներով, որ են չիրն ու չամիչը: Դրանից բացի` այդ երկիրն ինքն է շրջափակում մյուսներին և ծով ունի: Ո՞նց եղավ, որ նրանք չկարողացան Չինաստան հասնել, մենք պիտի «հասնենք ու անցնենք Ամերիկային», չեմ պատկերացնում:
Չէ, Աստված տա` հաջողենք, «չուզողը մենք լինենք», բայց ոնց որ թե իրեն «արտահանող երևակայող» կառավարության այս հերթական հայտը նույնպես հօդս է ցնդում, որովհետև, օրինակ, նույն հայկական խաղողի ու թուրքական չամիչի, հայկական ծիրանի ու թուրքական ծիրանաչրի` վերը նշված պատմության հեղինակն էլ մենք չենք: Եթե ընթերցողն իրեն նեղություն տա ու կարդա ամռան ընթացքում հրապարակված մեր հարցազրույցը նույն գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանի հետ, կտեսնի, որ, ի տարբերություն Գրիգորյանի, Ավետիսյանը, օրինակ, ավելի մտահոգ էր թե՛ մեր մշակման տեխնոլոգիաների արդյունավետության, թե՛ մեր ապրանքի իրացման հարցերում…
Բայց գնանք առաջ` անդրադառնալով արդեն տեղական արտադրողին պաշտպանելու և մանավանդ ճգնաժամի մեր օրերում «նրան ամեն ձև, համակողմանիորեն օժանդակելու» հարցին, ինչպես ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց: Նշենք, որ ինչպես համարյա բոլոր «խելոք հարցերը», տեղական արտադրողին անպատճառ պաշտպանելու այս մի խելոք առաջարկն էլ դաշնակցությունից դուրս եկավ (այսպես ենք ասում, որովհետև այս կուսակցությունը վերջերս «մասնագիտացել է», օրինակ, քաղաքի և նրա կանաչ տարածքների համար ընդդեմ քաղաքապետի դոշ տալու հարցում, բայց լռում է, երբ հարցնում ես, թե էդ ո՞նց եղավ, ախր, որ մի գիշերում մոնումենտում կանաչ-գյոզալ ծառերը հանկարծ մեկեն հրդեհեցին ու էդ տարածքը ձեզ տրամադրեցին` Դրոյի անվան ինչ-որ դաշնակցական ուսումնական կենտրոն ստեղծելու)։ ՈՒ երևի նրանց թվաց, թե մենք չհասկացանք, որ մի քանի հոգի ընդամենը Ամանորի նախաշեմին ուզում են պետությանն ավելի քիչ հարկ տալ, իսկ ազգաբնակչությանը ստիպել հատկապես իրենց արաղ-մարաղն առնել…
Բան չունենք ասելու. նախ` միշտ մենք ենք խոսել տեղական արտադրության զարգացման անհրաժեշտության, թմրամոլի պես ասեղի վրա նստած լինելու-ներկրումներից կախյալ տնտեսություն ունենալու անթույլատրելիության մասին, հետևաբար այս որոշումը ոնց որ թե պիտի նաև մեր սրտով լիներ: Եվ հետո` գիտակցում ենք նաև, որ չնայած Առևտրի համաշխարհային կազմակերպության մշակած կանոններին, հնար ունենան` անգամ ամենազարգացած երկրները կգնան պրոտեկցիոնիզմի, տեղական արտադրողի համար անհամեմատ լավ պայմաններ ստեղծելու ճանապարհով: Նորմալ է: Բայց աննորմալ է, երբ առաջին հայացքից խելքը գլխին մարդիկ երկրի ամենակարևոր ատյանում նստած քննարկում են, թե ոնց անեն, որ տեղական արտադրողն էլ չէ, կոնկրետ խմիչք արտադրող մարդիկ կոնկրետ օղու պարագայում ընդամենը 380 դրամ ակցիզային հարկ վճարեն, իսկ ներմուծողները` 1000 դրամ: Կամ` տեղական գարեջուրը հարկվի 70 դրամով, ներմուծվածը` 200-ով:
Խնդիրն իրականում շատ պարզ է (ի դեպ, այսպիսի մի քննարկում էլ տարիներ առաջ ընթացավ` կապված «Գրանդ Տոբակոյի» արտադրության և ներմուծվող ծխախոտի հետ): Հարկավոր է ոչ թե ասել` պաշտպանում ենք գյուղացուն, և ոչ մի ռեֆորմ չանել համակարգում (ինչի պատճառով մարդը հիմա ոչ վարկ է կարողանում ստանալ, ոչ ոռոգման ջուր ունի, ոչ կարողանում է ապրանք իրացնել, ոչ էլ պարարտանյութ ճարել ու վառելիք գնել), այլ գնալ նորմալ բարեփոխումների ճանապարհով, և ոչ թե դեռ մի բան էլ գաղտնի որոշում ընդունել, թե 2009-ից սկսած` գյուղացին արդեն հարկվելու է: Հարկավոր է հասկանալ, թե ոնց է լինում, որ դրսի ու ներսի օղիները համարյա նույն միջին գինն են ունենում, անհրաժեշտ է բացատրություն պահանջել ԿԲ-ից, թե ոնց է լինում, որ «չվերահսկվող-լողացող փոխարժեքի» պարագայում մեր դրամը շարունակ այնքան է կայունանում, որ ներմուծումը մշտապես ավելի ձեռնտու է դառնում, քան արտահանումը:
Եվ վերջապես, մեր կարճ խելքով, հարկ է պատասխանել այն հարցին, թե, այնուամենայնիվ, էդ ո՞նց եղավ, որ «տեղական հայրենասիրությունը կանգ առավ միայն առանձին վերցված մի ոլորտի վրա» և բնավ հաշվի չառավ այս ամսվա` դեկտեմբերի 19-ին աճուրդի դրված «Բջնի» հանքային ջրերի գործարանի և այդտեղ աշխատող մոտ 300 մարդկանց շահերը: Հեչ վատ չէր լինի, որ դաշնակցությունը, օրինակ, էս հարցն էլ բարձրացներ, իսկ ժամանակին Խաչատուր Սուքիասյանի հետ պատգամավորական-օրենսդրական բուռն գործունեություն ծավալած ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ իր հերթին իր պահվածքը «ամեն ձև մեկնաբաներ»…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9329

Մեկնաբանություններ