Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով»

«Տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով»
02.12.2008 | 00:00

«ԻՐԱՆԸ, ՈՐՊԵՍ ՄԵԶ ՀԱՐԵՎԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿԻՐ, ԵԶԱԿԻ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԳ փոխնախարար ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ
-Պարոն Ղարիբջանյան, օրերս Դուք անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ղեկավարած պատվիրակության հետ մեկնել էիք Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հետաքրքիր է` այցը պլանավորվա՞ծ էր:
-Այո, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար պարոն Ջալիլին եռօրյա այցով հրավիրել էր ՀՀ ԱԽ քարտուղարին: Պետք է ասել` իսկապես լուրջ, գործնական այց էր, ուր հատկապես կարևոր էին եռափուլ բանակցությունները Իրանի և ՀՀ անվտանգության խորհուրդների միջև, որոնց ընթացքում քննարկվեցին ռազմավարական բազմաթիվ կարևոր ծրագրեր, այդ թվում` նավթի վերամշակման, երկաթգծի և միջազգային մակարդակի ավտոճանապարհին առնչվող հարցեր: Եվ եթե այցին մոտենամ որպես Իրանում ՀՀ նախկին դեսպան, ապա պետք է ասեմ` այցը, իսկապես, որակական փոփոխություն մտցրեց Հայաստան-Իրան փոխհարաբերություններում այն առումով, որ ռազմավարական կարևոր ծրագրերի շուրջ տեղի ունեցան պայմանավորվածություններ;
-Կոնկրետ ի՞նչ պայմանավորվածությունների հանգեցիք:
-Կոնկրետությունը նախ այն է, որ երկու երկրների նախագահների զորակցությունը զգացվեց վերը նշված խնդիրներին: Մեր կողմից հայտարարվեց նաև, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագծային աշխատանքներն արդեն իրականացման փուլում են, նախագահ Ահմադինեժադն էլ իր հերթին հանձնարարական տվեց իրանական կողմին` ամեն կերպ զորակցել խնդրին:
-Իսկ ֆինանսական մասնակցության չափաբաժնի մասին խոսք եղա՞վ:
-Ֆինանսական չափաբաժնի խնդիրները քննարկելու համար երկու երկրների անվտանգության խորհուրդները մեկ միասնական աշխատանքային կոմիտե ստեղծեցին, որը երկու շաբաթ հետո Երևանում առաջին հանդիպումը կունենա` քննարկելու այդ հարցերը:
-Գիտեք, երկաթուղու շինարարության ֆինանսավորման խնդրում բավականին լուրջ տարընթերցումներ եղան, գոնե մեզանում. նախ` պարզ չէ, թե, ի վերջո, ով է ֆինանսավորելու այն, և ապա` խոսվեց մեկ միլիարդ, ապա` երկու միլիարդ եվրոյի մասին։ Ի վերջո, ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի այս պայմաններում արդյո՞ք հնարավոր է լինելու կյանքի կոչել այդ նախագիծը:
-Հիշո՞ւմ եք. համանման «իրավիճակ» էր նաև Իրան-Հայաստան գազատարի կառուցման ժամանակ. «ոմանք» դրան քմծիծաղով էին վերաբերվում, բայց, ինչպես տեսնում եք, գազամուղն արդեն իրականություն է դարձել:
-Տեսնելը` տեսնում ենք, դարձելը` դարձել է, սակայն այդ գազատարն այդպես էլ չդարձավ տրանզիտ` «ա»: Եվ «բ». առ այս պահը նրանով գեթ մեկ խորանարդ մետր գազ չի մտել Հայաստան:
-«Ա». տրանզիտ գազամուղի մասին խոսակցություն չի եղել, խոսքը եղել է Հայաստանի կարիքներն ապահովելու մասին, ինչն էլ իրականացվել է: Գազատարը կկարողանա ծածկել Հայաստանի ողջ տարածքը, լուծել ծրագրով նախատեսված խնդիրները: «Բ». ինչ վերաբերում է գազ ստանալուն, ապա հենց այս պահին էլ կարող ենք այն ստանալ, որովհետև բոլոր աշխատանքներն ավարտված են:
-Ի՞նչն է խանգարում, որ գազը Հայաստան «չի մտնում»:
-Ոչինչ չի խանգարում, ուղղակի առաջիկա տասն օրվա ընթացքում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած միջկառավարական հանձնաժողովի հայկական մասը կլինի Թեհրանում, որտեղ վերջնական տեսքի կբերվեն բոլոր խնդիրները, դրան անմիջապես կհետևի Ձեր մտահոգության փարատումը:
-Անցնենք այցի քաղաքական մասին։ Թերթերից մեկն օրերս իր տարակույսն էր հայտնել առ այն, որ արևմտյան «ուղղվածության» ՀՀ ԱԽ քարտուղարը մեկնել է Իրան: Օրինաչափորեն, Իրանը համարվել է դաշնակցության և «մնացյալ»` Չինաստան-Ռուսաստան առանցքի կողմնակից ուժերի «օրրան»:
-Չեմ կարծում, որ այդ կարգի այցերը որևէ քաղաքական ուժի, կոալիցիայի կամ որևէ մեկի տիրույթին են «պատկանում»: Խնդիրն առնչվում է բացառապես Իրան-Հայաստան միջպետական հարաբերություններին: Եթե հիշում եք, նախկինում տեսակետ կար, որ Իրանի հետ փոխհարաբերությունները կարող են Ձեր կողմից նշված և, այսպես ասած, արևմտյան ուղղությանը դուր չգալ կամ «անհանգստությունների» տեղիք տալ: Սակայն Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերությունները եղել և մնում են ամենաբարձր մակարդակում, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, անշուշտ, իր առաջին այցելությունները պետք է սկսեր այն երկրներից, որոնց հետ ռազմավարական ծրագրեր կան, որոնց հետ մենք վաղեմի բարեկամներ ենք:
-Տեղեկատվություն կար, որ այդ այցը հետապնդում էր Սերժ Սարգսյան-Մահմուդ Ահմադինեժադ հանդիպման նախապատրաստման նպատակ:
-Անշուշտ: Այցերի շարքում նախատեսվում է ոչ միայն Սերժ Սարգսյանի գործընկերոջ` պարոն Ահմադինեժադի հրավերով այց Իրանի Իսալամական Հանրապետություն, այլև փոխադարձ այլ այցեր:
-Պարոն Ղարիբջանյան, իսկ հիշո՞ւմ եք` 2007-ի սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում էր, և այն օրը, երբ Պետդեպում հանդիպումն էր Քոնդոլիզա Ռայսի հետ, պարոն Ահմադինեժադը Հայաստանում էր, Դուք էլ ուղեկցում էիք նրան, ու նա խորհրդարան չեկավ, և, կարծեք, դիվանագիտական կազուսի պես մի բան ունեցանք այդ ժամանակ, որովհետև Ահմադինեժադը, ծրագիրը խախտելով, շատ արագ վերադարձավ Իրան:
-Ո՛չ, որևէ կազուս չի եղել: Եթե հիշում եք, ես այն ժամանակ հայտարարեցի, որ պարոն Ահմադինեժադի պաշտոնական այցի երկրորդ օրվա ծրագիրն անակնկալ փոխվել է այն պարզ պատճառով, որ հնարավոր է` Իրանում ինչ-ինչ զարգացումներ լինեն: Ընդ որում, պարոն Ահմադինեժադը ոչ միայն ՀՀ խորհրդարան, այլև Կապույտ մզկիթ չայցելեց: Առաջիկայում պարոն Ահմադինեժադը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան, այնպես որ այդ մոտեցումներն արհեստածին են:
Իհարկե, ես հասկանում եմ, թե Դուք տողատակում ինչ նկատի ունեք. ասեմ միանշանակ` տողատակում եղածը նույնպես չի համապատասխանում իրականությանը, որովհետև Դուք մոռանում եք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկար տարիների աշխատանքային ջերմ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության բարձր ղեկավարության հետ: Եվ Իրան է այցելել թե որպես պաշտպանության նախարար` պաշտոնական այցով, թե որպես Ազգային անվտանգության քարտուղար: Իսկ առաջիկայում, ինչպես ասացի, նա, որպես ՀՀ նախագահ, կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն, և այցի շրջանակներում կստորագրվեն բավականին կարևոր փաստաթղթեր, նաև վերևում իմ նշած ուղղություններին վերաբերող:
-Պարոն Ղարիբջանյան, Իրանում հանդիպում եղավ նաև մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ. ի դեպ, նա պատրաստվում է իր թեկնածությունը դնելու Իրանում մայիսին տեղի ունենալիք նախագահական նտրություններում, այո՞:
-Ընտրությունների խնդիրը մեր քննարկման ծիրից դուրս է, սակայն Լարիջանի-Բաղդասարյան հանդիպումը հետաքրքիր էր նրանով, որ հանդիպել էին նախկին անվտանգության քարտուղարը, որն այժմ խորհրդարանի խոսնակ է, և անվտանգության քարտուղարը, որը նախկինում խորհրդարանի խոսնակ էր:
-Իսկ այցի ընթացքում իրանական կողմի հետ քննարկվե՞ց ղարաբաղյան հիմնախնդիրը, որովհետև այս ընթացքում խնդրո առնչությամբ բավականին սրընթաց զարգացումներ տեղի ունեցան, իսկ Իրանը, կարծես, մի տեսակ պասիվ դիրք էր գրավել:
-Քննարկված հարցերի շրջանակը բավականին լայն էր, քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ. Հարավային Օսիայի, Աբխազիայի հետ կապված զարգացումներ:
-Ինչպիսի՞ն էր Իրանի մոտեցումն այդ խնդիրներին:
-Այն մշտապես անփոփոխ է. տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով, այդ կոնֆլիկտների լուծումները պետք է ունենան այն ձևաչափերը, որոնք մինչ այս գոյություն են ունեցել:
-Հասկանալի է: Իսկ քննարկումները հասա՞ն իրանական առաջարկին, որովհետև բացի նրանից, որ Թուրքիան էր առաջարկել կովկասյան զարգացման իր պլատֆորմը, Իրանը նույնպես նման առաջարկ է արել:
-Իրանական առաջարկի մասին պարոն Բաղդասարյանը հարցրեց իրանական կողմին, բայց կարծես այդ առաջարկը վերջնական ձևավորված չէ, ինչպես որ է թուրքական կողմի առաջարկը: Բայց և ցանկացած առաջարկ, որը կարող է բոլոր կողմերի համար օգտակար լինել, մեզ համար ևս ընդունելի կլինի:
-Քննարկման թեմա է նաև ղարաբաղյան ազատագրված տարածքներում խաղաղապահների տեղակայման խնդիրը։ Ըստ որոշ լրատվամիջոցների` Իրանը ցանկանում է այնտեղ տեսնել իր խաղաղապահներին:
-Նման որևէ հարց չի քննարկվել, և, ընդհանրապես, նման շեշտադրումներով հարցեր չեն քննարկվել մեր այցի ընթացքում:
-Եվ վերջին հարցը. որպես ԻԻՀ-ում ՀՀ նախկին դեսպան, կարոտո՞վ եք այցելում Իրան, եթե նկատի ունենանք, որ այն տաք Արևելք է, մշտապես կանչող:
-Խոսքը կարոտի մասին չէ, պարզապես ուրախանում եմ այն ձեռքբերումներով, որ տեսնում եմ, նաև այն վերաբերմունքով, որ մեր երկու երկրները միմյանց նկատմամբ ունեն, և կարծում եմ, որ Իրանը, որպես մեզ հարևան և բարեկամ, եզակի երկիր է Հայաստանի համար:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3489

Մեկնաբանություններ