Տպավորություն է ստեղծվում, որ 1937թ. գնդակահարված հայտնի կոմունիստ Կասյան Սարգիսը վերակենդանացել է և Team Telecom Armenia-ի հետ միասին անհաշտ պայքարում է Ավինյան Տիգրանի դեմ:
ՈՒրեմն, Երևանում կար Կասյանի անվան փողոց: Երկար տարիներ և ջանքեր պահանջվեց, որ փողոցն անվանափոխվի:
Անվանափոխվեց:
Դե յուրե:
Իսկ դե ֆակտո փողոցում մինչ վերջերս դեռ առկա էին Կասյանի անունը կրող ցուցանակներ: Ի վերջո, դրանք էլ հանվեցին:
Սակայն, Կասյանին օգնության եկավ Team Telecom Armenia-ն: Վերջինս Կասյանի հոգու հետ «պայմանագիր» կնքեց և ... «Վազգեն 1-ին Վեհափառի անվան փողոց»-ի բակային հատվածներում Կասյանի անունը կրող «Team»-ական նմուշի ցուցանակներ հայտնվեցին:
Այլ կերպ ասած` այժմ Երևանում կա փողոց, որը «փողոցի կողմից» կրում է Վազգեն 1-ին Վեհափառի, իսկ բակերի կողմից` Կասյան Սարգսի անունը:
Սա է Նոր Հայաստանի քաղաքականության համառոտ բնութագիրը:
Եվ, ուրեմն`
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՜ն Վազգեն 1-ին Վեհափառի - Կասյան Սարգսի փողոցի բնակիչները,
Կեցցե՜ն մեր երեխաները, որոնք բնակվելու են Մեսրոպ Մաշտոցի - Զախարովա Մարիայի անվան պողոտայում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ