2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանը շախ և մատ արեց թուրք-անգլո-ամերիկյան դաշինքին և խառնեց նրանց խաղաքարտերը, կիսատ թողնելով վերջիններիս դարավոր նպատակը՝ Ռուսաստանը դուրս մղել Կովկասյան տարածաշրջանից։ Ճիշտ է, ինչպես միշտ այս քաղաքական պատերազմում տուժեց Հայաստանը, բայց ինչպես հայկական ասացվածքն է ասում. «Դուռ-լուսամուտդ պինդ փակիր, ուրիշին գող մի հանիր»։
2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի վրա, որովհետև Հայաստանի դռներն ու լուսամուտները ոչ միայն ամուր փակ չէին, այլև, ինչպես մի շարք զինվորական փորձագետներ են վստահեցնում, նախապես բաց էին թողնվել։ Դիտարկելով կապիտուլյացիոն պայմանագիրը և տեսնելով, թե ինչ ինտենսիվությամբ են հայկական հողերը հանձնվում, կարելի է ենթադրել, որ մեր «դուռն ու լուսամուտը» մինչ օրս բաց են, ոչ բարով տանտերն էլ հակառակորդին «Էստի համեցեք» է անում։
Հասկանալի է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար հայն ու Հայաստանը արժեք չունեն, առաջնայինը նավթային և հակառուսական շահերն են։ Դա շատ պարզորոշ երևում էր նաև սեպտեմբերի 27-ից սկսած։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից հետո էլ պատերազմը չի դադարել, ուղղակի այլ ձևաչափով է ընթանում։ Բնականաբար, Ամերիկան, Անգլիան և, իհարկե, «մեծն» Սորոսը խիստ հիասթափված պետք է լինեն թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի արդյունքներից, սակայն գործնականում ոչինչ չեն կարող անել, քանի որ Ռուսաստանը, շատ լավ տեղեկացված լինելով ՀՀ կառավարության քաղաքականությանը, ժամանակին հասկացավ՝ եթե չես կարող պայմանավորվել դաշնակցիդ հետ, ուրեմն լեզու պետք է գտնես դաշնակցիդ հակառակորդի հետ։ Իհարկե, այս պահին Պուտին-Էրդողան նոր ձևավորված տանդեմը Անգլիայի և Ամերիկայի սրտով չի կարող լինել, միևնույն ժամանակ այս երկրները չեն հրաժարվել Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս մղելու, ԻԻՀ-ին սահմանակից դառնալու, թուրք-անգլո-ամերիկյան դաշինքը այս տարածաշրջանում ամրապնդելու մտքից։
Ի՞նչ եք կարծում, արդյոք պատահականությու՞ն է, որ Ադրբեջանին են հանձնվում նաև Հայաստանի հողերը։ Պատահականությու՞ն է, որ Մեղրիով ճանապարհ է բացվում դեպի Թուրքիա, պատահականությու՞ն է, որ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե խորհրդային ժամանակ այս հողերը եղել են Ադրբեջանինը... Վաղը Ալիևը կարող է ասել, որ Երևանն էլ է Ադրբեջանինը եղել։ Է, հետո՞... Եթե այդպես է, եկեք հիշենք, որ մինչ Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը երբևէ Ադրբեջանինը չի եղել, անգամ Ադրբեջանը չի եղել։ Եկեք Ալիևին հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու ժամանակն է։ Ինչու՞ են Ալիևի ասածները օրենք դառնում Հայաստանի կառավարության համար։ Գուցե այս հարցի պատասխանը պետք է փնտրել թուրք-անգլո-ամերիկյան դաշինքի «հայր» Սորոսի հիմնադրամու՞մ։ Հետևելով այսօր մեկը մյուսի հետևից հողերի հանձնման գործընթացին, պարզ երևում է, որ սորոսական երկրները ձևում են Հայաստանը այնպես, որ Ռուսաստանի «փայը» գնալով պակասի։ Այսինքն, ՌԴ-ի ռազմավարական գործընկեր երկիրը գնալով վերջանա, փոխարենը մեծանա թուրք-անգլո-ամերիկյան դաշինքի «փայը»։ Չի բացառվում, որ այս «առաքելությունը» մինչև վերջ ավարտին հասցնելու գործը հանձնված է ՀՀ գործող կառավարությանը, և հենց այդ պատճառով կառավարությունը հրաժարական չի տալիս։ Բոլոր դեպքերում, «ընթերցելով» արտաքին և ներքին քաղաքական գործընթացների ենթատեքստերը, դժվար չէ հասկանալ, որ Հայաստանի կառավարությունն այսօր ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ հայրենիքը թշնամուն հանձնածին հեշտ է կառավարել և թելադրել սեփական կամքը։ Սակայն ՀՀ կառավարության նկատմամբ այս «բարեհաճ» մոտեցումը երկար չի տևի, և հարկ եղած դեպքում, որպես ժամկետանց ապրանք, մի կողմ կնետեն։
Իսկ ժամանակը շատ թանկ է Հայաստանի համար։ Հնարավոր ամեն ինչ պետք է անել, որպեսզի Մեղրիով դեպի Թուրքիա ճանապարհը չկառուցվի։ Իմքայլական պատգամավորների «թոզը», որ փչում են ժողովրդի աչքերին, ասելով՝ այդպիսով Հայաստանի տնտեսությունը կզարգանա, մեր ապրանքը կվաճառվի Ադրբեջանում, նույնքան դավաճանական է, որքան նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագիրը։ Այո, տնտեսությունը կզարգանա, բայց Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունը։ Թուրքիան իր տնտեսական աճով և առևտրային ծավալներով ուղղակի կուլ կտա Հայաստանը։ Թուրքերը Երևանում ձեռք կբերեն հողատարածքներ, բնակարաններ և, առանց պատերազմի, ինչ մնացել է Հայաստանից, իրենցով կանեն։ Ահա թե ինչպիսի զարգացում է սպասում Հայաստանին։ Դե, իսկ եթե նպատակը Հայաստանն ընդհանրապես աշխարհի քարտեզից վերացնելն է, ապա ընտրված ճանապարհը փայլուն ծրագրի արդյունք է։
Ի դեպ, ըստ տարբեր վերլուծությունների, Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանն իրենով անել՝ զրկելով անկախությունից։ Թերթելով պատմության էջերը՝ նման կանխատեսումը կարող է իրատեսական լինել, սակայն 1918-ից անցել է մեկ դար, ՌԴ-ի ու Թուրքիայի տնտեսաքաղաքական հնարավորություններն ու ազդեցությունները ևս փոփոխության են ենթարկվել, գուցե հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու հարցում Թուրքիան և Ադրբեջանը երաշխիքնե՞ր են տվել Ռուսաստանին... Բայց արդյո՞ք կարելի է վստահել թուրք-անգլո-ամերիկյան դաշինքին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ