«Իրատեսի» հյուրը գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՆ է:
-Պարոն Վարդումյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հերթական, այս դեպքում արդեն լայնածավալ պատերազմական գործողությունների սանձազերծումը Արցախի և Հայաստանի դեմ:
-Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան: Ես համոզված եմ, որ մեր իշխանությունը, համապատասխան նախարարությունները նախապես գիտեին, որ հարձակում է լինելու: Գիտենք, որ պատերազմի նախօրեին Ամերիկայի դեսպանը զգուշացրել էր, որ ամերիկացիները չգնան Հայաստանի և Արցախի սահմանամերձ գոտիներ:
-Այսինքն՝ այս ռազմական գործողությունների մասին կանխավ գիտեին նաև օտարերկրյա պաշտոնյաները, ոչ միայն մեր երկրի համապատասխան գերատեսչությունները:
-Այո՛, դա գաղտնիք չէր ո՛չ մեզ համար, ո՛չ էլ աշխարհի: Քանի որ նրանք մեծ ուժեր, զինտեխնիկա էին կենտրոնացրել հարձակման գծում, վստահ էին, որ միանգամից անարգել մտնելու են Ստեփանակերտ: Բայց հանդիպեցին իրենց համար անսպասելի հզոր դիմադրության և կրեցին ռազմական տեխնիկայի, կենդանի ուժի կորուստներ: Մերոնք շատ ճիշտ մարտավարություն են ընտրել: Թեև այդ մասին չի բարձրաձայնվում, բայց ես, ծանոթ լինելով գործին, հասկանում եմ, թե իրենք ինչ են ուզում անել:
-Դուք ներսից գիտեք պատերազմը՝ ասել կուզեք:
-Այո՛: Մերոնք պաշտպանական մարտեր են մղում, իսկ պատերազմի օրենքներով՝ հարձակվողը միշտ էլ անհամեմատ ավելի մեծ կորուստներ է ունենում, քան պաշտպանվողը: Իհարկե, լայնածավալ պատերազմ է, և մենք էլ ունենք կորուստներ: Ո՞ր պատերազմում կորուստ չի լինում, բայց նրանց կորուստները մերից մի քանի անգամ շատ են: Չնայած Թուրքիան նրանց ամեն օր զենք-զինամթերք, վարձկաններ է ուղարկում, բայց հո անսահմա՞ն չեն էդ բոլորը: Մի պահ նրանց ուժերը կթուլանան, և այդ ժամանակ մերոնք պարտավոր են կատարել իրենց կիսատ մնացած գործը: Մի քանի անգամ եղել է նման իրավիճակ: 1994 թվին ինքս եմ ներկա ու մասնակից եղել այդ իրավիճակին: Միրբաշիրի պատերի տակ սպասում էինք, որ հրաման տան` մտնենք: Թուրքերն էլ, իրերը կապած, պատրաստվել էին փախչելու: Մենք պատրաստ էինք և՛ տեխնիկապես, և՛ ունեինք բարձր ոգի, որ ամենակարևորն է: Պիտի մտնեինք Միրբաշիր, հետո շարժվեինք առաջ: Բայց մեր ղեկավարները մեզ կանգնեցրին: Իհարկե, միայն մեր ղեկավարներից չէր դա կախված, ավելի վերևից էին գալիս որոշումները, բայց մենք՝ կռվողներս, չպիտի ենթարկվեինք այդ որոշումներին, պիտի անեինք մեր գործն ու փաստի առաջ կանգնեցնեինք էդ որոշումն ընդունածներին: Հիմա ստեղծվելու է նույն իրավիճակը: ՈՒ ես համոզված եմ, որ այս անգամ մեր իշխանությունները, ինչքան էլ մենք դժգոհ ենք նրանցից, նրանց գաղափարական ուղղվածությունից, մեզ չեն կանգնեցնելու, ու մենք առաջ ենք գնալու: Համոզված եմ: Մեր միակ ճանապարհը դա է: Եթե հիմա նորից մեզ ստիպեն զինադադար կնքել, մի քանի տարի հետո կրկին հայտնվելու ենք այս վիճակում, մեր թշնամին էլի լկտիանալու և հարձակվելու է: Զինադադարը պատերազմի ավարտ չէ: Պետք է ստիպել թշնամուն կնքել խաղաղության պայմանագիր, ոչ թե հրադադարի: Միակ փրկությունը դա է, թե չէ այս պատերազմը ձգվելու է հավերժ:
-Որքան էլ խոսենք մեր արդարացի լինելու մասին, միևնույն է, դրսի աշխարհի վերաբերմունքը նույնն է մնում այս հակամարտության երկու կողմերի նկատմամբ: Ամեն անգամ սահմռկեցուցիչ փաստերի են ականատես լինում գերտերությունների ղեկավարները, բայց շարունակում են նույն տափակ-համահարթեցված կոչերը հնչեցնել թե՛ մեր արնախում թշնամու, թե՛ մեր ականջին:
-Ոչ մի բան չի փոխվել ոչ մեկի վարքագծում: Բոլորից շահագրգիռ կողմը մեծ տերություններից Թուրքիան է, որ հետամուտ է, որպեսզի այս պատերազմը չվերջանա, որպեսզի խաղաղության պայմանագիր չկնքվի, որպեսզի մեր հարցն իր ուզած ձևով լուծի: Նա միշտ ձգտում է պանթուրքիզմի ծրագիրն իրականացնելու նպատակին, և միակ խանգարողը մենք ենք: Մենք սպարտացիների նման ենք, որոնք 300 հոգով կանգնեցրին պարսից շահի միլիոնանոց զորքն ու կասեցրին նրա հաղթարշավը: Մենք մեր փոքրաթիվ բանակով, փոքրաչափ երկրով թուրքի կոկորդում փուշ ենք, ամեն ինչ անում է, որ էդ փուշը հանի, բայց ուժը չի պատում:
-Ստացվում է, որ մենք միայն մեզ չենք փրկում, այլ ամբողջ քաղաքակիրթ, քրիստոնյա աշխարհն ենք փրկում՝ կռվելով թուրքի դեմ: ՈՒրեմն ինչու՞ այդ աշխարհը մատը մատին չի տալիս՝ մեզ օգնելու համար:
-Ըստ իս՝ ամեն պետություն ունի իր պետական շահը: Եթե շահերը համընկնեն, կօգնի, եթե ոչ՝ ոչ: Ամեն ինչ սուտ է աշխարհում: Դրա համար մեր խելոք, մտածող մարդիկ ասել են, ես էլ ամեն առիթով գրում եմ, որ մենք հույսներս պիտի դնենք մեզ վրա: Միակ հույսը մեր զենքն է, մեր կռվողը: Դարերով տեսել, համոզվել ենք, որ հույսը Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի վրա դնելը սուտ բան է: Իսրայել Օրին եկավ Հայաստան, գնաց Եվրոպա, Եվրոպայով հասավ Ռուսաստան, բոլորից օգնություն խնդրեց, բայց ոչ մեկն էլ չօգնեց: Ռուսաստանը եկավ օգնության էն ժամանակ, երբ դա պահանջում էր իր շահը, երբ պիտի գրավեր Կովկասը: Ռուսը հո չէ՞ր գալիս մեզ ազատագրելու: Դա բացառված է: Մեր ազատագրումը լինելու է մեր զինվորի ձեռքով, մեր զենքով, մեր ուժով: ՈՒ հիմա հենց էդ պահն է: Ինչպես տեսնում ենք, մեզ ոչ ոք չի օգնում: Բոլոր մեծ տերությունները հավասարության նշան են դնում մեր ու թուրքերի միջև: Ոչ ոք չի ասում, որ հարձակվել է Ադրբեջանը, որ ագրեսոր է, որ սպանում է խաղաղ բնակչությանը: Գիտեն, է՜: Մեզնից լավ գիտեն: Բայց չեն ասում, որովհետև իրենց դա պետք չէ, իրենց շահերից չի բխում:
-Վրաստանի մասին ի՞նչ կասեք: Այդքան կարճատես կարելի՞ է լինել ու չհասկանալ, որ եթե ինչ-որ դժբախտ հանգամանքների բերումով մենք զոհ դառնանք թուրքերին, թիրախում իսկույն հայտնվելու են իրենք՝ որպես երկու թուրքական պետությունների լիակատար հաղթարշավը խոչընդոտող քրիստոնյա երկիր: Որևէ տրամաբանություն կարելի՞ է տեսնել Ջավախքից Հայաստան հումանիտար օգնություն ուղարկելն արգելելու մեջ, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող ռազմամթերքի հետ կապված ինչ-որ իմաստազուրկ հայտարարություններ շաղ տալու մեջ, սեփական երկրից վտարված Սաակաշվիլու հակահայկական ելույթներում (լավ է՝ առիթ եղավ չեղարկելու այդ խելագարի՝ ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչումը):
-Վրացիների վարքագիծը սխալ է նախ իրենց համար, հետո նոր՝ մեզ համար: Բայց վրացիների վարքագիծը միշտ էլ ընդդեմ մեզ է եղել: Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ մեզ հետ համախոհ, համերաշխ են եղել, բայց վերջին շրջանում միշտ էլ հակադրվել են մեզ: Իրենք երկար ժամանակ եղել են մեր տիրապետության տակ և անընդհատ այն բարդույթն ունեն, թե մենք ճնշել ենք իրենց, իրենց հանդեպ առավելություններ ենք ունեցել: Սա է պատճառը, որ չեն ուզում՝ մենք հզորանանք: Փաստորեն, մեր հզորանալը ոչ մեկին ձեռք չի տալիս. ո՛չ վրացուն, ո՛չ ռուսին, ո՛չ մեկ ուրիշի:
-Իսկ Թուրքիայի հզորացումը ձե՞ռք է տալիս: Այն Թուրքիայի, որ հենց այսօր է արդեն նվաճում Վրաստանն ու բացահայտ հայտարարում, թե Բաթումն իրենցն է:
-Միայն Բաթումը չէ: Իմ կարծիքով վրացիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ, իրենց երկրում: Ես վրացի մտավորականների հետ հանդիպել եմ, խոսել եմ, ասել եմ. «Չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվում: Արևելքից, Արևմուտքից թուրքերը լցվում են ձեր երկիր, բազմանում են, իրենց թվով սկսելու են գերազանցել ձեզ: Դուք չգիտե՞ք, թե ով է թուրքը: Վերջում գլխներիդ խփելու եք, ուշ է լինելու»: Որոշ վրացիներ համաձայնել են ինձ հետ, բայց, ընդհանուր առմամբ, նրանք համաձայն չեն այս տեսակետներին: Ես, որքան մտածում եմ, չեմ կարողանում սա հասկանալ: Նույն վիճակում Եվրոպան է: Մուսուլմանները եկել-լցվել են Գերմանիայի, Ֆրանսիայի նման երկրները, էդ երկրները սուտ մարդասիրական խաղեր են խաղում, բայց մուսուլմանները մի օր անհաղթահարելի մեծ խնդիր են դառնալու նրանց համար: Զարմանում եմ՝ ո՞նց չեն հասկանում սա: Կարծես ուղեղները հանած լինեն, դատելու ունակությունից զրկված լինեն:
-Մուսուլմանական աշխարհում դիվապաշտական ծեսերը, թուղթուգրի մոգությունը լայն տարածում ունեն անգամ պետական կառույցների մակարդակով: Գուցե մի բան արե՞լ են այդ երկրների ուղղությամբ:
-Երևի: Նույնն էլ վրացիների դեպքում է: Նույնիսկ Թբիլիսիում, որքան գիտեմ, Հեյդարի արձանն են դրել:
-Ճիշտ գիտեք: Ես մի անգամ նույնիսկ ականատես եմ եղել, թե ինչպես է վրացի գիտնականը վրդովված հարց տալիս՝ ինչու՞ չի կանգնեցվում Շևարդնաձեի արձանը իրենց մայրաքաղաքում, եթե կանգնեցված է Հեյդար Ալիևինը:
-Դե, ես դրան ի՞նչ անուն տամ: Եվ մեզ վախեցնելու համար Ջավախքն են բացել թուրքերի առաջ: Թուրքերով գյուղեր են բնակեցրել Ջավախքում, չեն հասկանում, որ դա առաջին հերթին իրենց է վնասում: Ինչպես ժողովուրդն է ասում նման դեպքերում՝ տեղը չեն բերում: Գուցե և Վրաստանում՝ վերին օղակներում, ինչ-որ ուժեր են նստած, որոնց դեմն առնել չի կարողանում վրաց ժողովուրդը:
-Մեր թշնամին վարձկաններով է կռվում: Վարձկանը, որպես կանոն, գալիս է մարտադաշտ՝ փող աշխատելու, ոչ թե զոհվելու: Այդպես չէ՞: Իսկ մենք այս կռվում մեր գոյության իրավունքն ենք պաշտպանում, մեր երկիրը: Այս հոգեբանական առավելությու՞նն է, որ օգնում է դիմակայելու թվաքանակով, զինտեխնիկայով գերազանցող թշամուն:
-Հենց այդպես է: Մենք զոհվելու-չզոհվելու խնդիրը չենք կարևորում, դա չէ մեզ համար առաջնայինը, այլ հայրենիքի շահը, հայ ժողովրդի գոյատևման հարցը: Իսկ վարձկանների խնդիրն այլ է: Ես ինքս տեսել եմ էդ վարձկաններին 1994 թվականին: Հասարակ մի դրվագ պատմեմ իմ պատերազմական կյանքից: Ադրբեջանցիք էնքան ապաշնորհ, անգրագետ ազգ են, որ նույնիսկ իրենց ունեցած զինտեխնիկան չեն կարողանում գործածել: Մենք չունեինք ինքնաթիռներ, իրենք ունեին, բայց դրանք վարում էին ուկրաինացի վարձկան օդաչուները: Մի անգամ չորս էդպիսի ինքնաթիռ հայտնվեց՝ մեր դիրքերը ռմբակոծելու: Երկու ինքնաթիռը ռումբերը գցեցին խրամատների մոտակայքում՝ ինչ-որ պատահական տեղում, մեկ մարդ զոհվեց մերոնցից, մյուս երկուսը մեր վրայով թռան-անցան, մեզանից հեռու՝ դաշտում՝ աննպատակ թափեցին ռումբերն ու հեռացան: Էդ մարդիկ վարձկան են, իրենց միայն փողն է հետաքրքրում: Եղել են նաև դեպքեր, որ երբ հասել է վարձկաններին վճարելու ժամանակը, ինչ-որ ինտրիգներ են լարել ազերիները, ձգձգել են, չեն վճարել, անգամ վարձկանի գլուխն են կերել, որ փողը չտան: Էս է իրականությունը: ՈՒրիշ է կրոնական մոլեռանդների պարագայում. էս տեսակը, իրոք, կռվում է, բայց վարձկանները՝ ոչ: Էնպես որ վարձկաններով մեր անձնազոհության պատրաստ զինվորների դեմ կռվելը անիմաստ է, մենք ոչ թե փողի համար ենք կռվում, այլ մեր հողի ու ժողովրդի գոյության իրավունքի:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ