Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հաստա՞տ «սառը գլխով» և «մաքուր ձեռքերով»

Հաստա՞տ «սառը գլխով» և «մաքուր ձեռքերով»
05.08.2008 | 00:00

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉՊԱՏԿԵՐԱՑՐԵՑ, ՍԱԿԱՅՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Անցած հինգշաբթի ՀՀ կառավարության հերթական նիստն ընթանում էր առանց հարցերի, միօրինակ, այդ նույն ընթացքում գործադիրի շենքից դուրս հարցերը շատ էին։ Մի խումբ մարդիկ պահանջում էին ՀՀ վարչապետի հրաժարականը, ինչպես նաև արդարացի փոխհատուցում իրացվող տարածքների դիմաց, Թեղուտի հանքավայրի շինարարության դադարեցում, զոհված ազատամարտիկների հիմնահարցերի լուծում։ Այլ կերպ ասած, վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարության շենքը պաշարող նույն մարդիկ էին, նույն պահանջները։ Խնդիրները շատ են, իսկ թե ինչ լուծումներ կստանան դրանք, թողնենք ժամանակին։ Թեև պարզ ճշմարտություն է՝ ցանկացած խնդիր ցանկության դեպքում իր լուծումն ունի։
Կառավարության նիստում քննարկվող հարցերը ևս բազմաթիվ էին։ Նկատենք, որ նիստում առաջնահերթ կարևորություն ստացավ անձնագրերի վավերացման ժամկետների խնդիրը, որը լրագրողներին ներկայացրեց ՀՀ գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը հավաստիացրեց, թե իր ղեկավարած համակարգի բոլոր կառույցներում փորձում են փակել կոռուպցիոն սողանցքները։ Եվ քանի որ կառավարության նիստում վարչապետը հանձնարարել էր գլխավոր ոստիկանապետին լայնորեն լուսաբանել մինչև 16 տարեկան երեխաների անձնագրերի տրամադրման կարգում կատարված փոփոխությունները, Ալիկ Սարգսյանն էլ հետևյալ պարզաբանումը ներկայացրեց. «Այսուհետ մինչև 16 տարեկան քաղաքացիների պարագայում անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու ընթացակարգ չի նախատեսվում։ Անձնագրերի տրամադրման կարգը հեշտացվել է։ Մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա անձնագիր կտրամադրվի երեք տարի ժամկետով, որը ցանկացած ժամանակ կարող է փոխանակվել մինչև այդ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը, կրկին ծնողի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կարևորն այն է, որ անձնագրերը կտրամադրվեն ոչ թե կենտրոնացված կարգով՝ վիզաների և անձնագրերի վարչությունից, այլ տարածքային ստորաբաժանումներից՝ մեկ օրվա ընթացքում, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում»։
Ի դեպ, լրագրողների բազմաթիվ հարցերին՝ կապված կոռուպցիոն ռիսկերի կանխման հետ, գլխավոր ոստիկանապետը պաշտոնապես հայտարարեց. «Շատ կարճ ժամանակահատվածում բոլորս կզգանք ոլորտում կատարվող բարեփոխումների դրական արդյունքները»։ Իսկ եթե քաղաքացին, այնուամենայնիվ, չզգա այդ փոփոխությունը, այդ դեպքում ինչպիսի՞ հայտարարություն է անելու գլխավոր ոստիկանապետը։ Մեր այս հարցին ի պատասխան՝ բանախոսը խորհուրդ տվեց. «Այս պահին ուղղակի հավատանք իրար»։ Նաև հիշեցրեց, որ ճանապարհատրանսպորտային խախտումների հարցում ոստիկանությունն իր խոսքը պահեց և պահելու է։ «Կարմիր լույսի տակով ոչ մի պաշտոնյա, սկսած ինձնից, չի անցնում»,- ընդգծեց գլխավոր ոստիկանապետը։ Կարելի՞ է, արդյոք, այս պատասխանից ենթադրել, որ մինչ այս Ալիկ Սարգսյանը կարմիր լույսն անտեսում էր։ Մեր այս դիտարկումը գլխավոր ոստիկանապետը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, այլ կարծես թե հպանցիկ նկատեց, որ մարդն առանց սխալի չի լինում։ Սակայն, միևնույն ժամանակ, բանախոսը հիշատակեց, որ երբ սկսում էին ճանապարհատրանսպորտային խախտումների դեմ պայքարը, ոչ ոք չէր հավատում, որ գործող պաշտոնյաների մեքենաները տուգանային հրապարակ կտարվեն։
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչի հաշվին (աշխատավարձերի բարձրացմա՞ն արդյունքում, թե՞ աշխատանքից հեռացվելու վախից) անձնագրային սեղանի աշխատակիցները հազարից 5 հազար դրամ ապօրինաբար չեն պահանջի անձնագիրը փոխելու համար, Ալիկ Սարգսյանը չպատկերացրեց, թե ինչ հազար կամ 5 հազար դրամի մասին է խոսքը, սակայն նշեց. «Հասկանում եմ ձեր հարցի իմաստը։ Ցավոք, ոստիկանության աշխատողների աշխատավարձը ուսուցչի աշխատավարձից էլ ցածր է։ 2009-ին նախատեսվում է աշխատավարձերի մոտ 50 տոկոսով բարձրացում։ Սակայն հույս ունեմ, որ մեր համակարգի աշխատակիցները գիտակցում են ՀՀ նախագահի կողմից առաջադրված քաղաքականությունը և կաշխատեն սառը գլխով ու մաքուր ձեռքերով»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9387

Մեկնաբանություններ